«

»

Հուն 18 2012

Տպել Գրառում

Սամվել Մարտիրոսյան | ՊՈՉԸ «ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ» շարքից

Շատ վաղուց է եղել:
Ինչքա՞ն, ոչ ոք չգիտի:
Բայց մինչև հիմա էլ մարդիկ հիշում են ու ծիծաղում:
Հիշում են, որովհետև սա մի սովորական դեպք չի: Այսպիսի բաները մարդու հետ կյանքում մի անգամ են պատահում, կամ էլ բոլորովին չեն պատահում:
Իսկ ծիծաղում են, որովհետև դա հենց իրենց հետ է պատահել:
ՈՒրեմն լսեք, թե բանն ինչպես է եղել:
Օրերից մի օր, մեծ, շատ մեծ երկրի մի թագավոր սովորականից շուտ է արթնանում քնից: Վեր կենալուն պես, թիկնոցն ուսերին է գցում, ու հապշտապ մոտենում պալատական գլխավոր հայելուն:
Շուտ է վեր կենում, որովհետև ողջ գիշեր շուռումուռ էր եկել անկողնու մեջ, ու այդպես էլ չէր կարողացել քնել: Ինչ որ բան խանգարում էր նրան, անհանգստացնում:
Նայում է հայելու մեջ, ու սարսափով հայտնաբերում, որ իր հետևից մի երկար պոչ է քարշ գալիս: Այնքան երկար, որ մինչև գետին է հասնում:
Թագավորը վախենում է, իրար խառնվում, չգիտի՝ ի՞նչ անի:
Այս կողմ է վազում, այն կողմ է վազում, բայց արի ու տես, որ պոչն էլ նրա ետևից է այս ու այն կողմ վազում, պոկ չի գալիս:
Մեկ մտածում է՝ ձեռքը գցի, քաշի ու պոկի նրան իրենից, բայց քաջությունը չի հերիքում, ու այդպես շվար կանգնում, մնում է դահլիճի մեջտեղում, ընկնում ծանր, արքայական մտքերի մեջ:
Քիչ անց, երբ մի կերպ ուշքի է գալիս, կեռիկի վրայից զգուշորեն իջեցնում է ոսկե զանգն ու մի երկու անգամ թափահարում:
Ձայնի վրա ներս է վազում առաջին խորհրդատուն:
-Տեսնու՞մ ես,- խոժոռ հարցնում է թագավորը:
-Տեսնում եմ, տեր արքա,- հնազանդորեն կմկմում է առաջին խորհրդատուն:
-Եթե մինչև արևի մայր մտնելը չպարզես, թե ի՞նչ բան է սա, ապա, լավ իմացիր՝ իրիկունը գլխիդ հետ հրաժեշտ ես տալու:
-Ո՞րն է իմ մեղքը,- ծնկներին է ընկնում առաջին խորհրդատուն,- ո՞րն է իմ մեղքն, ի՞նչ եմ արել…
-Այս վայրկյանից, քո մեղքն այն է,- ասում է թագավորը,- որ դու տեսնում ես իմ պոչը: Իսկ դա, իմացած եղիր, մեծ մեղք է, շատ մեծ մեղք:
Խեղճ խորհրդատուն մորուքը բռնած դուրս է վազում:
Թագավորը մի անգամ էլ է թափահարում զանգը: Ձայնի վրա ներս է ընկնում երկրորդ խորհրդատուն:
Նույնն էլ երկրորդ ու երրորդ խոհրդականներին է արքան պատվիրում ու սպառնում:
Այստեղ պետք է ասել, որ նույնիսկ այն հին ժամանակներում, թագավորներն առանց խորհրդականների չէին կարող ոչ մի որոշում ընդունել:
Բայց քանի որ հենց սկզբից էլ պարզ էր, որ նրանցից ոչ մի օգուտ չկա, դրա համար էլ երեք հոգուց ավել չէին պահում:
Երեք հատ ու՝ վերջ:
Ահա խորհրդականները գնացին, ու թագավորը նորից մենակ մնաց:
-Էս ի՞նչ բան էր,- կրկնեց նա, ինքն իրեն ուսումնասիրելով հայելու մեջ,- երկնային պատի՞ժ է, թե՝ պարգև:
Եթե սա պատիժ է, ապա կարելի է հրաման տալ, և դահիճը նույն վայրկյանին կկտրի այդ անիծյալ պոչը:
-Կտրել, կտրել է պետք,- տեղնուտեղն արձագանքեց անկյունում պատրաստ կանգնած դահիճը և մի քայլ առաջ եկավ:
Թագավորը ետ-ետ գնաց ու հենվեց պատին:
-Իսկ եթե պարգև՞ է,- չէր հանգստանում նա,- լսվա՞ծ բան է, որ թագավորը բաց աչքով իր ունեցածը կտրի, գցի մի կողմ: Թե այսօր այդպես հեշտությամբ թույլ տաս, որ պոչդ կտրեն, ապա վաղն էլ, մեկ էլ տեսար՝ գլուխդ կտրեցին: Չէ, չի կարելի արքայի գործերը դահճին վստահել:
Իսկ միգուցե տերտերի՞ն է հարկավոր դիմել: Ի՞նչ կա որ: Թող աղոթք կարդա, թող օրհնած ջուր ցանի: Նրա օրհնանքից հետո, ուզած-չուզած, բոլորն էլ կհամակերպվեն եղածի հետ:
-Աղոթել, աղոթել է պետք,- առաջ եկավ մյուս անկյունում պատրաստ կանգնած տիրացուն:
-Մեռոնաջրելն, իհարկե, ավելի լավ միտք է, քան թե կտրել, դեն շպրտելը,- մտքերի մեջ ընկավ արքան: Բայց ի՞նչ կասեն մարդիկ, եթե իմանան, որ եկեղեցին օրհնել է իմ պոչը: Անշուշտ կուզենան, որ իրենց մեղք ու արատներն էլ օրհնվի, ներվի: Քաոս, իրարանցում կսկսվի երկրիս մեջ: Վախ ու հավատ կկորչի:
Իսկ մարդկանց վախ է պետք, հավատ է պետք ապրելու համար:
Իսկ պոչավո՞ր է արքան, թե՝ ոչ, դա այսքան տարի ոչ ոքի չի էլ հետաքրքրել:
Նա այնքան էր հոգնել ետ ու առաջ քայլելուց, որ վերցրեց ու նստեց դահլիճի մեջտեղում, սալահատակի վրա:
-Ինչ լավ կլիներ, եթե այս բոլորը երազ լիներ:
Այդ ժամանակ նա ծափ կտար ու բարձրաձայն կկանչեր,- երազահանին իսկույն ինձ մոտ բերեք:
Վախից կուչ եկած ներս կմտներ պալատական երազահանն ու խոնարհ կկանգներ, կսպասեր հրամանին:Նա շատ երազներ էր բացել իր համար, և անշուշտ, այս մեկն էլ կբացեր: Երկար-բարակ կզրուցեր, ու վերջիվերջո կիմանար, թե ի՞նչ է ուզում իրենից լսել իր արքան:
Բայց, ափսոս, սա երազ չէր, այլ՝ իրողություն:
Մի խոսքով, իրիկունը բոլորը գալիս, հավաքվում են պալատական ընդունարանում:
Առաջին խորհրդականն ասում է՝
-Տեր թագավոր, ես ամբողջ կյանքս աստղերի հետ եմ խոսել, և աստղերն ինձ ասում են, որ առյուծի է այդ պոչը: Դու երկար տարիներ առյուծի պես կռիվ ես տվել մեր երկրի թշնամիների դեմ, ու դրա համար էլ, վերջ ի վերջո, ինքդ էլ առյուծ ես դարձել:
-Ես արեգակի հետ եմ զրուցել երկար,- ասում է երկրորդ խորհրդականը:
-Արեգակն ինձ ասում է, որ քեզ օձի կերպարանք է տրված՝ կրելու: Որովհետև դու միշտ աչքի ես ընկել քո իմաստնությամբ ու հմտությամբ: Օձի է այդ պոչը, տեր թագավոր:
-Իմ երկար տարիների զրույցները լուսնի հետ են եղել, և ոչ մի անգամ դեռ չի սխալվել իմ զրուցակիցը,- առաջ է գալիս երրորդ խորհրդականը:
-Լուսնյակն ինձ ասում է, որ համառ ու աշխատասեր ավանակի է այդ պոչը: Քո երկարամյա քրտնաջան աշխատանքի ու մեծ գործերի համար է դա քեզ շնորհված:
Դուր չէին գալիս նրանց ասածներն արքային:
Նրանց ամեն մի խոսքից հետո ավելի էր նա մռայլվում ու մթնում:
Չէր հավատում նա իմաստուններին: Չէր հավատում, բայց ճար չկար: Հարկավոր էր մի որոշում ընդունել:
-Ձեր պատասխաններն ինձ չհամոզեցին,- վրդովված բացականչեց արքան,- բայց ես ձեզ չեմ գլխատի:
Ես հրաման կտամ, որ իմ պալատում բոլորը պոչեր կրեն, և չբաժանվեն այդ պոչերից այնքան ժամանակ, քանի դեռ մեկնումեկը չի գտել իմ հարցի իսկակա՛ն պատասխանը:
Պալատականներն ամբողջ օրվա մեջ առաջին անգամ թեթևացած շունչ քաշեցին:
Շատ ուրախացան, որ այս անգամ բոլորի գլուխներն իրենց տեղերում մնացին: Գլուխները մնացին, դեռ մի բան էլ՝ պոչեր ավելացան:
Բայց ասում են, որ այդ օրվանից, մեր թագավորին միայն պալատական կապիկներն էին շրջապատում:
Ինչու՞ էին այդպես ասում՝ չգիտեմ:
Գուցե այդ երկրում մարդիկ ավելի շատ կապիկների՞ էին նմանվում, երբ պոչեր էին կպցնում իրենց: Միգուցե:
Բայց այդ երկրի բնակիչներին, արի ու տես, դա դուր էր գալիս և նույնիսկ զվարճացնում էր:
ԵՎ իրոք, ի՞նչ կար տխրելու:
Չէ՞ որ այդ դեպքը պատահել է ոչ թե իրենց, այլ իրենց թագավորի հետ միայն,- ծիծաղում էին անցորդները:
Շատ էին զվարճանում:
Բայց ինձ, չգիտես ինչու, մինչև հիմա էլ թվում է, որ սխալվում էին նրանք:
Սխալվում էին, որովհետև նույնիսկ այն հին ժամանակներից էլ դեռ ընդունված էր աշխարհում, որ մարդիկ միայն մարդկա՛նց մեջ պետք է ապրեն, իսկ կապիկները՝ կապիկների:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>