ՄԵՆԱՆՎԱԳՈՎ ՔՈ ԹԵԹԵՎԱՍԱՀ
Փոթորկված հոգուս
հանգիստ բեր նորեն
մենանվագով քո թեթևասահ
որին ձայնակցի
հրեշտակների
երգչախումբ
թովիչ…
Պետք չէ էլ
ոչինչ.
պատուհանից ծիկրակող
աստղառատ երկինք
երկնքից իջած
հրեշտակների
երգչախումբ
թովիչ…
Եվ ամենակարևորը`
ես ու դու`
որպես
մենակատարներ
դրախտային
այդ
համերգի:
ԱՆՈւՆԴ
Ազատ թեմայով շարադրությունը
որ գրում էի տարիներ շարունակ
«Երազներիս աղջիկը» վերնագրով
դարձավ
անլուծելի հավասարում
որտեղ անհայտը
միայն անունն էր քո…
Այն լուծելու համար
պահանջվեցին տարիներ:
* * *
Մի չտեսնված
հրեշտակի պատկերով
հայտնվեցիր իմ դիմաց
ու տարար ինձ
աշխարհը քո…
Եկվորի աչքերով
ուսումնասիրեցի արագ
տվյալներդ բոլոր
և պարզեցի, որ
Սերը
պարտադիր նախապայման է
աշխարհներիդ
ծակուծուկերում անգամ:
* * *
Մեր երկխոսությունները
(նաև` լատինատառ)
բանաստեղծություններ են սիրային…
ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Կարծես երազում էր
տեսա քեզ ձմռան մի օր…
Պատմեցի ամենատարբեր
թիթեռների կյանքից ու
մասին, որոնց օգնությամբ էլ
նկարս մտար հեշտորեն և
տարար ինձ քեզ հետ
աստղապատ գիշերները քո…
…Նույն աղջիկն ես հիմա էլ
ում հեքիաթի պես գտա մի օր:
* * *
Փարոսները
հայտնի և անհայտ
անպետքացել էին…
Բայց դեռ չտեսածս
հայացքդ
տեսնելու համար
Դարձա
Ֆեռնան Մագելան
և
քեզնով շրջանակվեցին
թափառումներս:
* * *
Մինչ արթնանալս
ասեղնագործել էիր հայացքդ
ճերմակ շապիկիդ:
Մեկնումիցս առաջ
պիտի
վերանայեմ
ուղեբեռս`
ժպիտդ,
ինձ նվիրած,
տեղավորելու համար…
* * *
Աղավնիները,
(ի տարբերություն` ագռավների),
մեր հյուրերն են մշտական.
մեզ միացնող լարերը
հանգստատեղի են
նրանց համար:
Վերջին մեկնաբանություններ