Հասմիկ Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

*
և հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների
և ծնողները ուշացած կողբան օրերի հեռվում
և օրերի հեռվում աշուն կլինի
2009 թ.

*
երկու րոպե հետո աշունը կվերջանա
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն
ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր
իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները
2009 թ. հունվար

*
Այս աշունը մեր տան ամենացուրտ եղանակն էր.
լվացքի պարանին շորերը չէին չորանում,
ու ստիպված մենք էինք չորանում
հագուստների մեջ…
— ծեծից մարդիկ տաքանում են, —
գլուխս ձեռքերով պաշտպանած մտածում էի ես
ու թերթում Աստվածաշունչը,
որտեղ տաքանալու մասին ոչինչ չկար գրված…
— կյանքում հերդ ինձ մատով չի կպել, —
կրկնեց մայրս
ու ավլեց արցունքները,
որ անխնա թափել էինք բոլորս…
…և երաժշտության հետ կտրատված կանաչին
աղցան չէր դառնում,
իսկ աշունը բնավ էլ դեղին չէր,
և արև կար, որ անհասանելի էր
դոլարների պես ու կապի…
հայրս ծխում էր…
մտովի ստացած ապտակներից
տաքացած գլուխս չբարձրացրեցի…
— անցեք քնելու, — ասաց հայրս,
և դժվար էր հասկանալ`
նա էր ծխախոտ ծխում, թե ծխախոտը` նրան…
…և աշունը բնավ էլ դեղին չէր,
կանաչը ամենուր էր և շատ, մեր գրպաններից բացի,
ու աշունը, գլուխը ձեռքերով պաշտպանած,
թերթվում էր Աստվածաշնչի պես
ապտակներից տաքացած ու նյարդային դողով…
2006 թ.

*
— կմրսես, — հիշեցրեց մայրս,
ու գիշերը նրա հետ հեռացավ
քնելու,
իսկ սենյակում մնացին
ծուխն ու
լացի մի տեսակը,
որի անունը չգիտեի…
…ծխապատ բիբերիս միջից
մորս հիշեցումը երբեմն-երբեմն
մրսում էր,
ու ջարդված ապակիների`
գլխի պես ցավոտ
ձայնը թարթում էր աչքերը,
հարևան հիվանդ ու միայնակ կնոջ պես,
որին շտապ օգնության մեքենան
հեռացրեց,
ու փողոցում նրանց ետևից
ձգվեց գիշերը`
ավելի սև ու ավելի երկար…
— Աիդա տատիկին տարան, —
ասաց մայրս` փակելով դուռը,
և օրերը դատարկ մանիկյուրների նման
խոսում էին սեղանի մյուս անկյունից.
հեռացող մարդկանց չուն
ձգվում էր երկնքի
բացված պատուհանից…
— կկարոտեմ, — հողի ձայնը տաք էր…
…ու ես մրսում էի,
միջիս մենակությունը ոռնում էր,
և գիշերվա ատամների մեջ
զսպված քրքիջ կար,
ես այն քաշքշում էի սանձի պես,
ու ծխապատ բիբերիս մեջ
լացի մի տեսակ կար,
որի անունը չգիտեի…
2006 թ.

«հրաժեշտ բառին» շարքից
1.
օրերս չեն անցնում այլ վիժում են ինձ
ես մենակ եմ ինչպես առաջ
ինպես հետո
ինչպես միշտ
հայրս ծխում է
ես հայրս եմ
անասուններ գոռում եմ աղջկաս վրա
աղջիկս լացում է
սրիկա հայելի ինչ կեղծ ես դու
կփշրեի քեզ եթե իմը լինեիր
դու իմն ես ասում է հայելին ու փշրում ինձ
փշուրներս վազում են վազում են վազում եմ
բոլոր հայրերը չգնահատված փշուրներ են
հորդ հետ չես խոսում
ասում ես որ նրա համար մեռած ես
պատմեցիր որ երբ քո սենյակում փակված Մոցարտի ”Ռեքվիեմ”ն էիր լսում
դուռը կոտրելով հայրդ կատաղած մտել էր ներս
իսկ դու ընդամենը և միայն Մոցարտի ”Ռեքվիեմ”ն էիր լսում…
դու ամեն օր սպանում ես հորդ իր իսկ փրկության համար
հայրդ նախ շրջիկ դրամապանակ էր քեզ համար
հետո պատճառ որ խուսափեիր բանակից իբրև միակ խնամակալ
մորդ հետ ծանոթացա Սուրբ Սարգսի օրը
գերեզմանոցում
Ժաննա գրված էր գերեզմանաքարին
մորաքույրդ նայեց մեզ ու խոստացավ պահել մեր երեխաներին
սուր-սուր փշուրները խրվում են մարմնիդ մեջ ու խմում արյունդ
երջանկացած շոյում ես փշուրների ծայրերը ու լիզում մատներիդ արյունը
փշուրները քո երեխաներն են
դու փշուրիկ ես միշտ միշտ միշտ
պուճուր անպաշտպան փշուրիկ
երբ ծանոթացանք հայրդ ապրում էր իր սենյակում
ձեր վարձով տան մեջ
իր գրքերի հետ
հիշողությանդ մեջ մնացել է տանիքին բարձրացած հայրդ
քեզ գրկում պահած որ հանկարծ չընկնես
արնաքամ հայրդ փորձում է ժպտալ
քաղաքի որովայնին
վիրահատությունից մնացած հետքի պես
քիչ-քիչ բարակող
ձյուն
բոլոր հայրերը ժպտում են մեզ
2010 թ.

2.
այս անվերջանալի անձրևներից հետո
այս կայքէջերի շփոթեցնող մարդկանցից հետո
այս ջութակների հրաշալի համերգից հետո
գրադարանում գոռացող գրքերի լեշահոտից
ամպամած երկնքի սրտխառնուքից հետո
ձրիակերի պես ուտելուց
ծխելուց
խմելուց
հայհոյելուց հետո
ես բախվում եմ սիրո բորբոսնած պատին
իմ չսիրած տղա, ոնց կսիրեի քեզ
բառ,
իմ միակ ճշմարտություն,
ես կորցնում եմ քեզ
թուղթ, կուլ մի տուր բառս, ինչպես հողը հարազատներիս
այլապես ես գիտեմ մկնդեղի տեղը
և դեղահաբերի, որ կարող են լուծել հաշիվները սրտիս հետ
և ուր է իմ վերջին հիստերիաների ձյունը
բարձրաձայն իջնող ձյունը
որ խցանվեր կոկորդիս մեջ
հայրական ապտակի պես կամ չմարսված կերակուրի
ուր ես, բառ
հայտնվիր իմ հերթական սիրեցյալի պես ու անհետացիր`
հայտնվելու համար լուսավոր ապագայում`
բազմազավակ և ոչ երբեք ինձ հետ
ուր ես, բառ, արի ամուսնանանք, ի սեր հարազատներիս,
ես սիրում եմ քեզ, ինչպես գլխատվածը իր գլուխը
սիրում եմ քեզ, ինչպես երբեք
սիրում եմ քեզ, ինչպես հիմա
հիմա,
երբ չգիտեմ ինչ բառերով զանգել քանաքարային
ու հարցնել` ոնց է հիվանդ մայրդ
երբ չգիտեմ ինչպես ցավակցել խանջյանին
ով կորցրեց հորը ու խմում է նորից
հիմա
երբ ինքս էլ բառերի կարիք ունեմ
և գաղափար չունեմ, թե որն է ճիշտ բառերի տեղը
և մեկն էլ իմ ներսում բաժակ բաժակի ետևից դատարկում է մաղձը
և միակ հարազատս հուսահատությունն է,
էն էլ մենակ ագռավի պես նստել ծառին ու կռռում է
այլ ելք չկա, բառ, հայտնվիր
ինչպես գնդակահարության պատի տակ կանգնածի
գանգը փշրող փամփուշտը
2010 թ.

3.
տարվա վերջին օրվա պես`
ոտաբոբիկ ու անսեր
ես վազում եմ քաղաքում այս երևան
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա
ես
մենակ եմ
ինչպես
հասմիկ սիմոնյանը
և ավելի դժբախտ,
քան գրական հայերենով գրված
բառը
բառը, ահա թագուհին, որ չունի թագավոր
նա չունի թագավոր
նա կիթառ ունի
և նվագում է
նա գլուխ ունի և թափահարում է
թագուհին ոտքեր ունի և վազում է
բոլոր թագուհիները վազում են նրա ետևից
բոլոր կանայք թագուհի են ու վազում են
օ, աստված իմ, մայրս էլ է վազում,
ոնց չէի նկատել, որ նա էլ է թագուհի
ես ուզում եմ կանգնել տեղում ու
ոտքով խփում եմ գետնին
չեմ ուզում լինել թագուհի
չեմ ուզում լինել կին
չեմ ուզում լինել մայր
ես տղամարդ եմ և սիրում եմ կանանց
բայց հարբած եմ ու
գլուխս կորցրած
սլանում եմ
-անասուններ…,- հարբած գոռում է բակը մաքրող կինը
ու քարշ տալիս անձրևից լխկած տերևներն ու զիբիլը
-անասուննեեեեեր…
օղու շիշը դատարկել են գետնին…
հարբած լիզում է գետինը
իսկ ոտքերը վազում են
նա էլ է թագուհի
վազում եմ խակ նյարդալարերիս վրայով
Սարտր պապիկը հուշում է
մեզ վիճակված է այս պատերազմը
և ես այն մղելու եմ
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա
2010 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.