Արմինե Պետրոսյան | Երկու խոսք «Երիտասարդ գրողների անթոլոգիա»-ի մասին

Արմինե Պետրոսյան

Արմինե Պետրոսյան

 

Ինչ էլ լինի, ես կգրեմ իմ գիրքը.

…քանզի ես չգիտեմ՝

էլեկտրականությունը մեզ

դեռ որքան կպահի՝

գիրքս համակարգչին միայն

վստահելու համար.

…ինչպես նկարները երբեք

շունչ չեն առնում,

այդպես էլ էլեկտրոնային գրքեր չկան…

Մհեր Դավթյան

Հին ժամանակներում ծնվում և անհայտության մեջ մեռնում էին բազում հանճարեղ գրողներ: Ժամանակակից աշխարհում ամեն գրիչ վերցնող, ավելի ճիշտ՝ համակարգչային ստեղնաշարին տիրապետող կարող է իրեն գրող հռչակել և ունենալ ընթերցողների խումբ:

Գրական այս քաոսում անթոլոգիաները կատարում են նշանակալի դեր. ի մի են հավաքում գրական աշխարհի քիչ թե շատ արժեքավոր ստեղծագործությունները ու ընդհանրության մեջ ներկայացնում ընթերցողին:

2014 թվականին արձակագիր, «Կայարան» արձակագիրների ակումբի նախագահ Սուսաննա Հարությունյանի ջանքերով Էդիթ Պրինտ հրատարակչությունը լույս ընծայեց «Երիտասարդ գրողների անթոլոգիան»:

Ժողովածուն բաղկացած է երեք բաժիններից՝ «Պոեզիա», «Արձակ», «Թատերգություն»: Ներառված են 35 երիտասարդ հեղինակների տարբեր տարիներին ստեղծված գործերը:

Ի՞նչն է համախմբել այս հեղինակներին մի ժողովածուում, գրական ո՞ր ուղղություններին կամ մեթոդներին են հետևում, ի՞նչ թեմաների շուրջ են մտածում ժամանակիս ստեղծագործողները, սյուժետային ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան: Այս և այլ հարցերի պատասխանները կփորձենք տալ սույն հոդվածի սահմաններում:

Անթոլոգիայում եղած հեղինակները գրական տարբեր խմբավորումների անդամներ են և կամ առանձին ստեղծագործողներ, ունեն տարբեր գրելաոճեր, նրանց ստեղծագործությունների մեջ շատ չեն նաև թեմատիկ ընդհանրությունները, սակայն նրանց բոլորին միացնում է երիտասարդ տարիքը և գրական դաշտում մեծ կամ փոքր չափով հանդես եկած լինելու հանգամանքը:

Այսինքն՝ չնայած անթոլոգիայի հեղինակներից ոմանք արդեն մեկից ավելի գրքերի հեղինակներ են, իսկ մի մասն էլ դեռ առանձին հեղինակած գրքեր չունեն, սակայն  հիմնականում չկան շատ փորձառուներ և լիովին անփորձներ. նրանք բոլորն էլ երիտասարդներ են, որ օժտված են գրելու շնորհով (այո՛, կարևոր է նշել, որ անթոլոգիայում եղած գրեթե բոլոր հեղինակներն էլ ունեն ստեղծագործելու պոտենցիալ, սակայն, իհարկե, տարբեր են նրանց օժտվածության աստիճանները, ստեղծագործությունների գրական արժեքները: Ի դեպ, նշեմ, որ ստեղծագործությունների մասին խոսելիս չեմ անդրադառնալու իմ՝ Արմինե Պետրոսյանիս «Խատուտիկներ», «Պայթյուն» պատվածքներին՝ հաշվի առնելով սուբյեկտիվության գործոնը):

Պետք է նշել նաև, որ անգամ նույն հեղինակի տարբեր ստեղծագործություններ, ինչպես և սպասելի էր, ունեն գրական տարբեր արժեքներ: Օրինակ՝ Գրիգի «Մակինտոշը», մեր կարծիքով, բավական զիջում է նույն հեղինակի «Մի մարդու քաղաքը» և հատկապես՝  «Ագռավներ» պատմվածքներին:  Խոսքը ձգձգված է. նկարագրությունները երբեմն պարզաբանումներ են հիշեցնում, ինտրիգը թույլ է, սյուժեի զարգացումը՝ ոչ դինամիկ: Նույն հեղինակի «Ագռավներ» պատմվածքը արագ զարգացող սյուժեի, միստիկական խորհուրդների, դիպուկ նկարագրությունների և կենդանի խոսքի շնորհիվ ձեռք է բերում ավելի բարձր գրական արժեք: Իսկ եթե համեմատելու լինենք «Մակինտոշ»-ի ու «Մի մարդու քաղաք»-ի կերպարներին, ապա, կարող ենք ասել, որ երկրորդի հերոսներն ավելի հաջող ու կոլորիտային են ստացվել, իսկ պատմվածքի ասելիքն ու հաղորդելիքն էլ գերազանցում է առաջինին:

Նույնը կարող ենք ասել նաև Հովհաննես Իշխանյանի երեք պատմվածքների մասին. թեկուզև դրանք կարծես մեկը մյուսի փոխլրացումը լինեն՝ նույն ընդհանուր միջավայրի, հեղինակի մտորումների առումով, սակայն գեղարվեստական արժեքով «Մրցացամաքում կորսված փառքը» և «Երեք իդիոտներն ու ծաղիկը», ըստ իս, զիջում են «Վերջին ժամերը Թիֆլիսում» պատմվածքին, որտեղ, չնայած ասելիքի շատությանը, հեղինակը կարողացել է դինամիկ զարգացող ու հարուստ սյուժե, հետաքրքիր, բնական կերպարներ  ստեղծել և ունենալ նովելային եզրափակում:

«Հաշիվը բերում են, չորս ժամ առաջ ծանոթացած չորս վրացուց հաշիվը խլում եմ, տեղները ստանում, ասում են՝ հըլը նայի, է, փորձում ա չհայավարի պահի իրան: Ոչինչ, 31 լարիով, իրեք էլ չայեվոյ, գնեցի հայ տեսնելու իրանց արձագանքը, մյուս հանդիպած հայի առաջ ժպիտը չեն վերացնի »/ «Երիտասարդ գրողների անթոլոգիա», Էդիթ Պրինտ, 2014, էջ 174 /

Եթե վերցնենք Անի Մաղաքյանի և Լուսինե Պետրոսյանի ստեղծագործությունները, ապա երկուսի մոտ էլ   երկու ստեղծագործություններից միայն մեկն է պատմվածք (Ա. Մաղաքյանի մոտ՝ «Առաջնեկը», Լ. Պետրոսյանի մոտ՝ «Ըստ օրացույցի»), երկրորդները տատանվում են օրագիր-էսսե-շարադրություն ժանրաձևերի միջև:

Արմինե Սարգսյանի ներկայացրած երեք պատմվածքներից ավելի բարձրարժեք է «Ֆրանսիական շոկոլադը», որը հոգեբանական հետաքրքիր և նուրբ նյուանսներով, մտորումներով և մտորումների տեղիք տվող ստեղծագործություն է:

Այս դիտանկյունից նայելով՝ նույնը չենք կարող ասել Անրի Գրիգորյանի երկու պատմվածքների մասին. ի տարբերություն վերը նշված հեղինակների՝ Ա. Գրիգորյանի մոտ երկու պատմվածքներն էլ ունեն հավասար բարձր արժեք, կշռույթով լեցուն, նուրբ, զգացմունքային ստեղծագործություններ են՝ արևմտյան գրական ճաշակին համահունչ:

Բանաստեղծներից շատերը ևս ներկայացրել են շատ հաջողված գործեր և ոչ այդքան ստացվածները՝ մի շարքում, օրինակ՝ Լուսին Ամարա, Հրաչյա Մելիք-Սարգսյան, Ռիմա Խաչատրյան, Գոռ Հարությունյան: Որպես առավել հաջողված շարքեր կնշեի Մհեր Դավթյանի, Էդուարդ Հարենցի, Նարեկ Կիրակոսյանի, Արամ Մամիկոնյանի, Նշան Աբասյանի, Արա Ալոյանի բանաստեղծական շարքերը:

«Թատերգություն» բաժինը ներկայացնող միակ գործը՝ Էլֆիք Զոհրաբյանի «Թեթև տարեք» պիեսը, չնայած որոշ ձգձգվածությանը, հաջողված է: Գործող անձանց կողմից ասված շատ արտահայտություններ բավական դիպուկ են ստացվել ու համահունչ են ժամանակակից մտածողությանը:

«Պետք է տեղյակ լինել՝ որտեղ ինչ կա, որպեսզի դարից հետ չմնաս: Լավ է փոսն ընկնել, քան անտարբեր հարևան լինել»: /«Երիտասարդ գրողների անթոլոգիա», Էդիթ Պրինտ, 2014, էջ 292/

«Լուրերով ասացին, որ անխնա ծաղրել է մարդկային թերությունները: Օրինակ՝ կաշառքի մասին գրել է «մարդիկ փոխադարձ լավություն են անում, ինչո՞ւ եք բարի գործ անելու համար բանտ տանում»: Բայց ճիշտ է գրել, եթե հայրիկդ փող չուղարկեր, ո՞նց էիր համալսարան ընդունվելու»: / «Երիտասարդ գրողների անթոլոգիա», Էդիթ Պրինտ, 2014, էջ 292/

Եթե քննարկենք հեղինակների օգտագործած գրական մեթոդները, նրանց գրելաոճերը, գրական ուղղություններին հարելու հանգամանքները, ապա բավական խառնիճաղանճ պատկեր կստանանք: Ինչպես Միխայիլ Էպշտեյնն է նշում իր «Պոստմոդեռնիզմը Ռուսաստանում» գրականագիտական աշխատության մեջ, «մենք ապրում ենք պոստմոդեռն դարաշրջանի առաջին ժամանակաշրջանում, ուր դեռ պոստոմոդեռնիզմն է /գիրքը հրատարակվել է 2000 թվականին/ (պետք չէ խառնել պոստմոդեռնը պոստմոդեռիզմի հետ, ինչպես մոդեռնը՝ մոդեռիզմի. մեկը դարաշրջան է, մյուսը՝ ժամանակաշրջան: Չնայած կարող է պատահել, որ նույն տերմինը վերաբերի երկուսին միաժամանակ), կարող են գալ նոր ժամանակաշրջաններ, բայց դարաշրջանը պոստոմոդեռնին է»: /М. Епштейн, Постмодерн в Росии, издание Р. Элиника 2000 /

Օսվալդ Շպենգլերի խոսքով՝ ռուսական մշակույթը, այս դեպքում՝ նաև հայկականը, «պսևդոմորֆոզ է, որովհետև զարգանում է այլ՝ արևմուտքի մշակույթի ձևերի ու նշանների հաշվին: Այն սիմուլյակր է»: /Освальда Шпенглер, «Закат Европы», издание  Мысль, 1993/

Սակայն սովետական երկաթե վարագույրը իր ներսում ստեղծել էր մի այլ միջավայր, մշակույթ, որը «մինչև այժմ էլ եվրոպացի տարբեր ոլորտների տեսաբանների կողմից որպես ավանգարդային է ընկալվում»: /М. Епштейн, Постмодерн в Росии, издание Р. Элиника 2000 /

Այսպիսով՝ եթե հակադրում ենք մեր և արևմուտքի պոստմոդեռն դարաշրջանները, ապա այն «զարմանալի դինամիկա է՝ փոխադարձ առաջընթացների և հետընթացների»: /М. Епштейн, Постмодерн в Росии, издание Р. Элиника 2000 /

Եթե քննության դնենք վերոհիշյալ անթոլոգիայի հեղինակների ստեղծագործությունների ուղղությունները, ապա, ինչքանով էլ որ նրանք պատկանում են պոստմոդեռնի դարաշրջանին, սակայն պոստմոդեռնիզմին դասվող հեղինակները այնքան էլ մեծ թիվ չեն կազմում՝ Մհեր Դավթյան, Էդուարդ Հարենց, Արամ Մամիկոնյան, Նարեկ Կիրակոսյան, Ռուզաննա Ոսկանյան, Անրի Գրիգորյան, Նորայր Սարգսյան:

Մյուս հեղինակները ավելի շատ ռեալիզմի ներկա գեղարվեստական մեթոդների՝ հիպերռեալիզմի, միստիկական ռեալիզմի, մոգական ռեալիզմի, ինչպես նաև տրանս-ռեալիզմի, պրոտոիզմի հետևորդներ են:

«Հիմա շատ կարևոր է ակտուալ դարձնել ունիվերսալի խնդիրը: Ես հասկանում եմ, որ դա ուտոպիա է, սակայն այն արվում է գիտակցաբար: Այո՛, ուտոպիան մահացել է, սակայն բարի գալուստ, ուտոպիա՛ /Le roi est mort, vive le roi/: Ուտոպիան տալիս է անհատականությանը ավելի իմաստալից, ավելի մասշտաբային հորիզոն»: / слова-Виктор Мизиано, Прото-, или Конец постмодернизма. М. Епштейн, “Знамя”, #3, 1996, сс. 196-209/:

Խոսքը վերաբերում է ուտոպիայի մահից հետո ուտոպիայի ծննդին, արդեն ոչ որպես սոցիալական նախագիծ՝ աշխարհը փոխել փորձող, այլ որպես գիտակցության նոր, ավելի մասշտաբային հորիզոն:

Եթե մտածենք նոր ժամանակաշրջանի անվանումների շուրջ, որ գալիս են պոսմոդեռնիզմից հետո, ապա պետք է կարևորել «տրանս» և «պրոտո»  նախածանցների իմաստը: / М. Епштейн, Постмодерн в Росии, издание Р. Элиника 2000, сс. 279/

20-րդ դարի վերջին տասնամյակները անցել են «պոստ» նախածանցի  օգտագործմամբ՝ հետ մղելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ճշմարտություն», «օբյեկտիվություն», «հոգի», «սուբյեկտիվություն», «ուտոպիա», «իդեալիզմ», «սկզբնաստեղծություն», «յուրօրինակություն», «անկեղծություն» և «սենտիմենտալություն»: Այժմ դրանք վերածնվում են արդեն որպես «տրանս-ճշմարտություն», «տրանս-անհատականություն», «տրանս-ուտոպիզմ», «տրանս-իդեալիզմ» և այսպես շարունակ: Դա արդեն իդեալիզմը չէ` հպարտորեն երկնքով ճախրող, կամ ուտոպիզմը չէ՝ աշխարհը ագրեսիվորեն վերահարմարեցնող, այլ  նոր իմաստակիր տերմին, որն արդեն գիտի իր պարտությունները, թերությունները, երկրորդական լինելը, բայց և ցանկանում է հենց այդ կրկնվող ձևում էլ արտահայտվել: Որքան էլ պարադոքսալ լինի, հենց կրկնության միջոցով են նրանք ցույց տալիս իրենց ճշմարտացի լինելը: «Պրոտո»-ն և «տրանս»-ը երկու լրացնող օրիենտացիաներն են, որ եկել են մշակույթ՝ փոխարինելու «պոստ»-ին: /Фредрик Джеймисон, Постмодернизм и общество потребления, Логос. 2000, № 4, С. 63-77/.

Սակայն հավելենք, որ «դեռևս պոսմոդեռնիզմն է շարունակում մնալ քիչ թե շատ ընդունելի համընդհանուր կոնցեպցիան՝ ինչ-որ չափով որոշակիացնող մեր ժամանակի տեղը պատմական ժամանակաշրջանների հերթականության համակարգի մեջ»: / М. Епштейн, Постмодерн в Росии, издание Р. Элиника 2000/

Իհարկե, պետք  է նշել, որ վերոնշյալ անթոլոգիայի հեղինակների մեջ չկան որևէ մեթոդի անմիջական կրողներ, այլ բոլոր հեղինակներն էլ օգտագործում են տարբեր մեթոդների «գործիքները»՝ ստեղծելով իրենց էությանը, աշխարհայացքին, գրական ճաշակին համահունչ գործեր: Բացի այդ, «պրոտո»  և «տրանս» -իզմերը մանավանդ, հայ գրականության մեջ, դեռ հստակ ձևակերպումներ չեն կարող ունենալ: Չնայած պարզ է, որ գրողները այդքան էլ չեն մտածում, թե որ մեթոդին են հետևում գրելիս: Իրենք կարդում են, աշխարհայացք ձևավորում ու գրում, իսկ թե վերջում որ մեթոդի գործեր են ստացվում, դա արդեն իրենց այդքան էլ չի հուզում:

 

Օրինակ՝ Արեգ Ազատյանն, ինչ-որ չափով օգտագործելով էքզիստենցիալիզմի, պոստմոդեռնիզմի և հիպերռեալիզմի «գործիքները» ներկայացրել է հայկական բանակում տիրող անմխիթար վիճակը:

Անի Հովհաննիսյանը միստիկական ռեալիզմի ու կոնցեպտուալիզմի միջոցով փորձել է պատմել իր ներքին թշնամական ձայնի մասին, որին միայն ինքը կարող էր վանել՝ հեռացնելով, սպանելով, որ լռեցնի հավետ իրեն տանջողին ու գիշերային քնից զրկողին:

Արթուր Միկոյանն էլ իր «Լակտացիա»-ում ներկայացրել է մայրական գրկի խաղարար ու երջանկավետ ապահովության և հետագա կյանքի քաոսի հակադրությունը՝ որոշակիորեն օգտվելով ֆանտաստիկայի ժանրի ընձեռած հնարավորություններից:

Որոշ չափով օգտագործելով հիպերռեալիզմի և տրանս-ռեալիզմի մեթոդները՝ հասարակական և քաղաքական խնդիրներին են անդրադարձել Մհեր Բեյլերյանը, Նարեկ Թոփուզյանը, Գրիգը, Հովհաննես Իշխանյանը, Անի Մաղաքյանը, Արմեն Մխեյանը, Լուսինե Պետրոսյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Արմինե Սարգսյանը, Մանուշակ Քոչարյանը՝ անտուն մարդիկ, պատերազմ, արտագաղթ, դատարկվող շեներ, մարդկանց վարքագծի հարմարվողականություն ներկա անբարո պայմաններին, ինչպես և հակառակը՝ ընդվզում՝ բռնապետության, անազատության դեմ:

Պոեզիայի ներկայացուցիչներից շատերն էլ դասական համարվող մեթոդների ու ձևերի՝ ազատ և հանգավոր, նորօրյա շարունակողներն են՝ Արա Ալոյան, Գոռ Հարությունյան, Լուսին Ամարա, Ռիմա Խաչատրյան, Հերմինե Բաբուռյան, Մարինե Թաթոյան, Քրիստինե Հովսեփյան, Տաթև Ոսկանյան, Դավիթ Մշեցի:

Հրանտ Մաթևոսյանն ասել է. «Բանաստեղծություն, նույնիսկ լավ բանաստեղծություն շատերն են գրում, բայց պոեզիա են մտնում քչերը՝ նրանք, ովքեր գալիս են խորհրդանիշների, պատկերների, բառի, շեշտի իրենց համալիրով, իրենց այբուբենով, և այս քչերից պոեզիայի մեջ մեծ են դառնում և մեծ են կոչվում այն եզակիները, ում համալիրը, ում այբուբենը հնարավոր ճշգրտությամբ և հնարավոր լրիվությամբ է վերածնում սեփական հոգու, այո, հենց բևեռագիրը»: / «Բանաստեղծը», Հրանտ Մաթևոսյան, ©1958-2015 http://hrantmatevossian.org/hy/works/id/banastexcy#tabcontent/

(Քանի որ,  սեփական նախասիրություններից ելնելով, ավելի շատ անդրադարձ կատարեցի արձակին, քան պոեզիային, ապա թող ներեն բանաստեղծները, կարծում եմ, որ հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ նաև իրենց ստեղծագործություններին):

Այսպիսով՝ անթոլոգիայում ներառված հեղինակներն իրենց ստեղծագործությունների տարբեր արժեքներով, թեմատիկ նմանություններով և զանազանություններով հանդերձ՝ ունեն ստեղծագործելու աներկբա շնորհ և ներկայացնում են նոր ստեղծվող գրական դաշտը:

 

Օգտագործված գրականություն

  1. «Երիտասարդ գրողների անթոլոգիա», Էդիթ Պրինտ, 2014
  2. «Բանաստեղծը», Հրանտ Մաթևոսյան, ©1958-2015,
  1. Фредрик Джеймисон, Постмодернизм и общество потребления, Логос. 2000, № 4
  2. М. Епштейн, Постмодерн в Росии, издание Р. Элиника 2000
  3. М. Епштейн, Прото-, или Конец постмодернизма. “Знамя”, #3, 1996
  4. Освальда Шпенглер, «Закат Европы», издание Мысль, 1993

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.