* * *
Դու փորձության այս բաժակը քո շուրթերից հեռու պահիր.
Ի՛նձ տուր, երկի՛ր, դու հայր մնա քո բարձունքում,
Հազար զրկանք ու արնածոր վերքերն ամեն մարմնիս հեղիր,
Դու հայր մնա գենիս համառ ճիգ ու խորքում:
Եվ քայլ առ քայլ ինձ մոտեցրու քո անաղարտ մաքրությանը:
Հայր-Հայրենիք՝ դարեր զարկված գոյի հանուն,
Ես լուսաշող կանցնեմ պատնեշ ու սահմանը,
Ուր իմ մա՛հն էլ քեզ կբերի միայն շենշող խաղաղություն…
* * *
Գարնան կանաչ գույների մեջ՝
Բաց երակներ, արյուն սառած,
Արշալույսը շառագունեց
Անուններով երկինք ճեպած:
Քանի աստղեր ասուպվեցին՝
Թողած դատարկ երկինքը մով,
Բայց քանիսն էլ վեր թևեցին
Պոկված սրտից մեր արնածոր:
Ի՜նչ կպատմի գարունն արդեն
Ջարդված շիվից ողջ աշխարհին,
Հայոց սերմերն Աստծո մոտ են՝
Տրված երկնի սերմնացանին:
Գարունները արդեն բեկված
Ի՜նչ գույնով էլ որ դեռ բացվեն,
Հայոց հողից դարեր զարկված
Սասնա ծռեր դեռ կհառնեն…
* * *
Եվ պայթում են հողի կրծքին
Հրթիռները հույժ արնահեղ,
Եվ պայթում են մերկ ճյուղերին
Բողբոջների ժպիտն անմեղ,
Աստծո եզերքն են արշավում
Հոխորտումով ամպրոպաձայն,
Վահագներս երկինք մտան
Պահած հողը մեր սրբազան:
… Եվ որքան էլ խոր հառաչեն
Վերքերն արնոտ ցավով հայոց,
Նրանց լույով կպսակվեն
Մեր ամրակուռ վանք ու ամրոց…
* * *
Առնեմ կրծքիս տակ մինչև զորանաս.
Հղիությունս Տե՛րն ապավինի,
Բազկիդ զորությամբ ծովերն իրար տաս
Նույն համառումով որդուդ Տիգրանի:
Առնեմ կրծքիս տակ՝ քեզ սի՛րտս վահան,
Գոցվեն երախները պատերազմների,
Սնեմ փառքերով վե՜հ, աստվածահա՜մ
Ճերմա՛կ ստինքից իմ Արարատի:
Առնեմ կրծքիս տակ՝ անխո՜ս թափառեմ,
Օրհասներն անցնեն, աշխարհը խնդա,
Հետո մսուրում քեզ անա՛հ ծնեմ՝
Աշխարհը քո դեմ ծնկաչո՛ք որ գա…
Վերջին մեկնաբանություններ