Ժյուլ Սյուպերվիել | ԳԱԶԱՆՆԵՐԻ ԱՐԱՐՈՒՄԸ

download (1)

 

 

Ֆրանս. Թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

 

Գազաններն  ընկնում  էին երկնքից`մեկ առ մեկ, առանց իրար ցավ պատճառելու: Նրանց մեծը մասը վերջնամշակված էր: Ոմանք մի քիչ էլ պիտի սպասեին մինչև վերջնական տեսք ստանալը:

-Երևում  է, կնճիթ պիտի ունենամ, -ասաց փիղը,  որը  հենց նոր էր հայտնվել:  -Դա կսկսվի ճակատիցս ու գրեթե կկպնի գետնին:

-Քթի համար շատ չեղա՞վ, -ասաց աղվեսը:

-Ինձ հենց այդպիսին է հարկավոր, -վրա բերեց փիղը:

Հազիվ էր ավարտել իր խոսքը, երբ կնճիթը երկնքի մեջտեղից եկավ ու զբաղեցրեց  այն տեղը, որ պիտի լիներ այսուհետև բոլոր փղերի մոտ:

-Հաչե՞մ, թե չհաչեմ ,-ասաց շունը, որն  օժտվել էր  իրեն   հատուկ ձայնով:  -Չէ, կլռեմ,այդպես ընդունված է:

Ձիուն պակասում էին  միայն ականջները, բայց այդ մասին նա ոչինչ չգիտեր, քանզի շատ էր տարված`վարգելու պահին  ինքն  իր ստվերից ազատվելու մտահոգությամբ: Նրա ականջները բուսնեցին  գլխի վրա  հենց վազքի պահին, ու մինչև հիմա ուշքի չեն եկել զարմանքից ու չեն դադարում անընդհատ աջ ու ձախ պտտվելուց:

-Ասում են, -ասաց  ձին, -թե ոչ ոք ինձ չի հասնի վազքի  մեջ. դեռ լավ չեմ հասկանում ինչ է դա նշանակում, բայց կռահում եմ, որ շատ հպարտ պիտի լինեմ դրանով:

Հանկարծ, բոլորն իրենց վատ զգացին….Էշը սկսել էր զռալ…Իր զռոցը  նա դրել էր բոլորի առաջ ու շատ գոհ էր թվում իր արածից:

Արարիչն անցնում  էր մի գազանից  մյուսը, ավելացնելով այս, շտկելով  այն: Վագերաձիուն նա զոլերով նախշել էր, ու վերջինս, հիացած,  դա ցույց էր տալիս  բոլորին:

-Գոռոզանալու ի՞նչ կա, չեմ հասկանում -ասաց էշը: -Քո բոլոր այդ գծերը ստից բան են:

-Հնարավոր է, բայց ես հո ստիպված չեմ լինում զռալ, որպեսզի ինձ չմոռանան:

Գետաձին , ռնգեղջյուրը, ուղտն ու դրոմադերը ապրում էին խմբերով: Դոդոշը, բուն ու մարաբուն ամենուրեք նրանց էին հետևում համակրանքով, չգիտես ինչու:

Հասկացան միայն ավելի ուշ, որ դրա պատճառը գեղագիտական  իրողություններն էին, ու դա ասացին նրանց. նրանք պատասխանեցին, թե իրենք դեռևս սևագիր վիճակում են, և թե հետո կտեսնեն, երբ Արարիչը  վերստին անդրադառնա իրենց դեպքին:

Արջը չգիտեր` իր տեսքն ավարտված էր, թե ոչ,  բայց այդ մասին ոչ ոքի բան չէր ասում: Այս ու այնտեղ նա վայրի մուրաբայի պես մի բան էր փնտրում: Ի վերջո գտավ այն ու անվանեց մեղր:

Օձն ասաց,  որ իր թաթերը ուր որ է աճելու են, որ ինքը սպասում է դրանց  րոպե առ րոպե:

-Ես դեռ ցույց կտամ ձեզ, թե ինչպես եմ թույնս ցայտեցնելու երկրի մի ծայրից մյուսը:

-Հապա լռեցե°ք ,-ասաց մի բամբ ձայն ամպերի ետևից: -Նախ, ո՞վ ձեզ ասաց, թե թաթեր եք  ունենալու:

-Տրամաբանությունը, -հանդգնորեն պատասխանեց  օձերից մեկը:

-Դե լավ,դուք կզրկվեք թույնից ու ձեզ կանվանեն լորտու: Դա ձեր պատիժը կլինի:

Մինչև հիմա  էլ նրանք կրում են այդ պատիժը:

Մեկ այլ տեսակի օձ, որը չէր արտահայտվել, պահպանեց իր թույնը:

Լորտուն դիմեց աստվածային վճռին`պնդելով, որ եթե ինքը գանգատվել էր, ապա այն պատճառով, որ դեռևս լավ չգիտեր օգտվել այն մտքերից , որոնք  ծագում էին իր գլխում:

-Տարատատա°, -գոհացավ ասել  ձայնը`ամպերի ետևից:

Օ՜, ձանձրանալու ժամանակ չկար: Ամեն պահ ինչ-որ մի անսպասելի բան էր տեղի ունենում;

-Հլա մի սրան նայե°ք, -ասաց թռչունը,- այն  ավելի բարձր է, քան փիղը, ու հենց որ քամին փչում է, շարժում է այդ փոքրիկ բաները,  որ թեթևակիորեն կպած են իր ճյուղերին:

-Ես դա անվանում եմ ծառ, -ասաց ձայնը ամպերի ետևից, -կարող եք օգտվել դրանից:

-Ինչպե՞ս  օգտվենք,-հարցրեց կապիկը:

Ձայնը չպատասխանեց, բայց մի անտեսանելի ու ձիգ ցուցամատ կովին  հրեց մինչև ծառի ստվերը, ուր նա պառկեց: Ու անմիջապես, մյուս գազաններն էլ նմանակեցին նրան: Քանի որ այդ օրը շատ շոգ էր, բոլորն էլ հասկացան:

Նաև ծաղիկներ կային այս ու այնտեղ: Կենդանիները դրանց նայում էին կասկածանքով: Նրանք չէին հասկանում դրանց գործածության նպատակը:

-Դրանք ոչ մի բան պետք չեն, բայց գեղեցիկ են, -ասաց ձայնը ամպերի ետևից:

Գեղեցի՞կ: Չէին հասկանում, թե դա ինչ կարող էր նշանակել:

Հանկարծ նրանց դեմ հայտնվեց մի գազան, ով նման էր  ձեզ շփոթելու աստիճան. քանի որ բոլորն էլ իրենց եզակի էին համարում իրենց տեսակի մեջ, սկսեցին բարկանալ նրա վրա: Չէին  վստահում, խուսափում էին նրանից, բայց  հեռվից ուշադիր զննում էին:

-Մոտեցե՛ք մեկդ մյուսին,-ասաց  ձայնը ամպերիր ետևից: Աճեցե՛ք ու բազմացե՛ք:

-Կապ չեմ տեսնում, -ասաց ինչ-որ մեկը, ով իրեն շատ խելացի էր  կարծում:

-Պտտվե՛ք մեկդ մյուսի շուրջը` մինչև կհասկանաք:

Կայծակի արագությամբ  լ ուր տարածվեց , թե արուներ ու էգեր կան, և թե  տարբեր սեռի գազանները հաճույք են ստանում իրարից:

Սկսեցին ձագեր ունենալ: Էգերին դա շատ էր դուր գալիս, արուները այնքան էլ  չէին հասկանում, թե ինչ մտածել այդ պստլիկ արարածների մասին, որոնց  անհրաժեշտությունն այդքան ակնհայտ չէր:

-Ճի՞շտ է, որ ասում են, թե  իրար պիտի ուտենք:

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչպես վարվեմ,- ասաց գայլը  գառնուկին մի ձայնով, որը կեղծ համեստության արդյունք էր. նա  գառնուկին այնպիսի հափշտակությամբ էր նայում, որն, ավելի շուտ,  նման էր ստամոքսի, քան թե սրտի  զեղման:

-Տեսնենք, թե այս ամենից ինչ է դուրս գալու: Բայց չշտապենք եզրակացություն անել:

Մի գեղեցիկ օր էլ, գազանները շրջապատեցին իրենցից  մեկին…դա մի շուն էր, որը սատկել էր նախորդ օրը:Որքան էլ դիպան նրան, կծոտեցին, չշարժվեց: Էգ շունն ասաց.

-Հանգի՜ստ թողեք նրան: Դուք լավ գիտեք, որ նա երբեք չի սիրել շուտ վեր կենալ:

Հաջորդ օրը, շունը,  հերիք չէ, որ  չէր շարժվում, սկսեց գարշահոտել, ինչը, ճիշտ է, նույնպես շարժման  մի ձև է, գոնե հոտի առումով:

Էգ շունն ասաց, որ ուրիշներն էլ կան, ինչպես առյուծն օրինակ,  որի վրայից ավելի վատ հոտ է գալիս, բայց ոչ ոքի մտքով չի անցնում  դա ասել նրան:  Բայց ամպերի ետևի ձայնը (նրան այդպես էին անվանում անգամ արևոտ եղանակին) բացականչեց.<<Մոռացե°ք այդ շանը: Նա  այլևս բանի պետք չէ: Ես դա անվանում եմ լեշ>>:

-Ուրեմն էդպես են, հա՞, ձերբազատվում  մարդկանցից, որոնց էլ առիթ չկա հանդիմանելու,-տնքաց էգ շունը: Ինչպե՜ս:  Այդ կենդանին, որ հազիվ երկու օր առաջ վայելում  էր բոլորի հարգանքը, հիմա կազմալուծվում է գարշահոտության  մեջ, և որպես մխիթարանք  մեզ ասում են , որ մոռանա՞նք նրան:

-Աճեցե՛ք ու բազմացե՛ք,-պատասխանեց ձայնը ամպերի ետևից:

-Չե՜ նք ուզում, -միաբերան ասացին գազանները:

-Կուզենա՛ք, կուզենա՛ք, -ասաց ձայնը ամպերի ետևից:

Ու նորից սկսեցին բազմանալ, բայց արդեն ոչ առանց տխրության:

Արդեն որոշ ժամանակ է, ինչ խոսում  էին մի գազանի մասին , որն ասում էին,  օժտված էր   շատ ճարպիկ առջևի թաթերով,  և որի գլուխը լիքն էր հնարամիտ բաներով:

 

Մարդը դրվեց գազանների մեջ իր ծաղկուն հասակում, ու անմիջապես սկսեց նայել  իր շուրջը,  ասես միշտ աչքեր էր  ունեցել:

Իրեն  նեղություն էլ չտալով բարևել ներկաներին, նա իր բազուկներով ու ձեռքերով սկսեց շարժումներ  անել;  Ցատկեց երկու ոտքերը միացրած, վազեց, ետ  եկավ, պառկեց, ծնկի իջավ, ցատկեց մի ոտքով, կանգնեց չորեքթաթ, մի ոստյունով ուղղվեց, ծառս եղավ ըմբիշի նման,  սուլեց, թքեց իր ձեռքերի մեջ:

-Ես ուտում եմ` չլինելով քաղցած,- ասաց նա, -խմում եմ` չլինելով ծարավ, լաց եմ լինում առանց դառնության  ու քնում առանց ցանկության:

Եվ, գոհ ինքն իրենից` քահ քահ ծիծաղեց ու պտտվեց իր կրուկների վրա:

Առյուծն առաջինը ուշքի  եկավ.

-Թշվա՜ռ կենդանի,-ասաց , -նա խորամանկ է ու ճարպիկ, բայց նրա օրերը հաշված են: Ու ձմռան  սառնամանիքն իր նետերն անարգել կմխրճի  նրա անպաշտպան մորթու մեջ:

Զարմացան, որ Արարիչը, ով, ընդհանուր առմամբ, խելոք բաներ էր անում, իրեն նեղություն էր տվել ստեղծելու այդքան  տկար մի էակի ու այդքան քիչ մորթածածկ: Զավեշտի համար օրանգուտանը իրենից մի բուռ մազ պոկեց ու տվեց մարդուն:

Վերջինս վերցրեց այն,  փչեց  դրա վրա  ու նորից հռհռաց: Նա քարեր հավաքեց ու շպրտեց հեռու՝ ոչ մեկին չվիրավորելով, բայց  այն  բոլորին  կպավ, հետո , հաջորդաբար  ու շատ հաջող, նմանակեց  կատվի, ան, ձիու, վագրի, առյուծի, փղի, և ի վերջո, օրանգուտանի շարժումներն ու ձայները:

Հետո սուլեց իր էգին, որը մանր քայլերով մոտ վազեց. շոյեց նրան, համբուրեց  ու պառկեց նրա հետ: Որից  հետո երկուսն էլ քնեցին ու սկսեցին խռմփացնել`բոլոր գազաններին ի տես:

Հաջորդ օրը, նա հանպատրաստից գյուղական փոքրիկ մի արհեստանոց  սարքեց  ու մի կայծքարից` կացին ու դանակ, իրեն ու կնոջը պատեց մորթիներով: Փայտ  ժողովեց, հետո քարերն իրար քսելով` մի մեծ կրակ սարքեց ու մուխը կապեց:  Բացահայտ ինքնագոհությամբ հրճվեց իր արածից, հայհոյեց  ու բարձրաձայն երգեց;

Դա առաջին տենորն էր, առաջին կրակ վառողը,  առաջին  ճոնը, առաջին աճպարարը,  առաջին քարտաշը, առաջին անպատկառը, առաջին սրբապիղծը:

Նա սպանեց մի իժի այն պատրվալով, թե այն թունավոր էր, հետո մի լորտուի, քանի որ այն թունավոր չէր: Նա ձեռնածում էր մահվան ու տրամաբանության հետ, ինչպես նաև սենտիմենտալ երգի: Այնքան ճարպկորեն էր ձեռնածում, որ գազանները, ապշահար` կորցերեցին խոսելու իրենց  ընդունակությունը… բայց դա լիակատար խոսելազրկություն չեղավ: Ինչպես հայտնի է, նրանք  պահպանել են  մռնչալու, հաչելու, բառաչելու, խրխնջալու  ու զռալու իրավունքը, որը  չեն կորցրել մինչև այսօր:

 

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.