Սուրեն Դավթյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *

Մի օր կճչամ, ինչ էր ուզածս, որն էր գտածս,
Ինքնոգոր մտքիս տքնանքը,
Տառապանքն ու սերը թղթին հանձնելը,
Անպարուրելի սիրուց լցվելը,
Ամեն փոփոխվող պտտախաղին կյանք վերագրելը,
Մենության գրկի հայելադարձում պատրանք փնտրելը,
Երբ սնախոսները ցայգամկան պես ծվծվում էին խղճի քարանձավներում…
Եվ երբ արհամարանքը շատ էր ցանկալի,
Քան չհասկացվածին տրվելիք վարձքը…
Թե, ամենքին հասկանալու կարողությունը,
Որը շատ քիչ է չսայթաքելու
Ու դիմանալու համար մինչև լուսաբաց…
* * *
Ես չեմ հավակնում Պառնասը ելնել Հայ նոր քերթության,
Բայց տեսիլքներս մեկնության կարոտ
Երկվության դողից տողեր են հագնում
Ու ես հյուսում եմ իմ շշուկներից
Խոստովանանքը վերնախորանիս…
* * *
Մի սարդ է ապրում տանս անկյունում,
Ու անդուլ գործում հեքիաթն իր հուզիչ,
Նրա բնազդից ես սարսափում եմ
Եվ անհույս կախվում հուշաթելերից`
Լուռ սպասելով բուժիչ խայթոցին այդ հրեշտակի…
* * *
Իմ սեր, հագեցրու ծարավդ
Սպունգի պես ըմպելով քաղցրությունը ժայթքող տենչերիս,
Սիրահամ պտուկներից կարոտիս դատարկիր ստինքները սիրագինով լի,
Ու շուրթերով ու շոշափուկներով համբույրի
Հանդարտվիր ահագնացող մակընթացության հևքում…
Առաջ…
Եռաչափ էր ժամանակը ու տարածությունն էլ սահմանելի էր,
Եռավարագույր էր բեմը ու եռարար խաղը դիմակի,
Եռածալ էր հպարտությունս ու եռասուտ էին տեսիլքներս,
Եռախինդ էր երջանկությունն ու եռանկյունված էր տունս,
Եռագաղտնիք էր հողը ու եռացցին էր մեղքը խաչվածի…
Ու կաղապարված էր հավատս սուրբ երրորդության պսակով.
Ամեն ինչ փոխվեց,եկավ բազմաչափ հասնելիության նոր մի հանգրվան,
Անհասկանալի, բազմախևության մի նոր մոլություն`
Ինչպես քաոսին հասկանալու մրջնայի երազն
Ու եռածանակ մտքի նոր փայլատակումը`
Երեք մատների ծիծաղաշարժում….
* * *
Մեկ է անանուն սերը հոսում է,
Ու ճախրում բառերի թևերով,
Եվ երկրագունդ պտտողը նա է…
Նա չի քննարկվում, չի բացահայտվում,
Նա միշտ առկա է, նա ի վերուստ է,
Եվ ավելին է քան կավն ու գինին…
Կհասկանան, կիմանան բոլորը մի օր,
Չեն փորփրի, կափսոսեն, կսիրեն յուրովի,
Նորովի կնկալեն հինը…
Այնժամ կդառնամ հաղորդիչն
Ու թորգմանն անծանոթ թրթիռի`
Պատրանքի նման անընբռնելի գոյության ,
Եվ անբարբառելի կանչով կփոխանցեմ ծիծաղը լույսի
Ու նրա հետ էլ կանցնեմ այլ ափեր կարոտի…
* * *
Ինչպես սև մարմին լույսը կլանող,
Եվ անհագ սպունգ` ըմպում եմ անհասկանալին,
Հետո խառնում եմ մոխրին անցյալի
Ու մանում թելը բառերի…
Եվ վերջ չունի խենթությունս
Ու նորից գրիչն ավիշս է խմում,
Ստվարացնելով շարքերն ափսոսանքներիս`
Պարզեցնելով մութս…
* * *
Քամին է սփոփում խանձված երազները դաշտերի,
Ու շիկացած ճակատները քարերի ծեծում ասեղներով…
Հողն է թեթևացած շնչում , աշու՜ն է,
Իսկ նա գույներ է քամում արևի հալչող փեշերից,
Եվ ես այրելով իղձերս, մենությունս եմ հանձնում չիչխանի փշերին
Ու ցավից ծիծաղում`սիրաշու՜նն է ճեմում…
* * *
Ձայնը անծանոթ ալիք, ճչում է ակաջներիս,
Պատկերներն անգույն ելնում են
Ու լցվում մտակտավիս մաշկին,
Ու շարժվում են ձայներն ու ստվերները
Ու խլանում է լսողությունս…
Ու ես փնտրում եմ դատարկության մեջ նոտաները մոռացումի,
Իսկ նա ցիրուցան գույների երամ է`
Լոկ երազ է, երազ անապակ…
Օտարացածը
Նա չեկավ մոր թաղմանը ու, չհեռագրեց հորը: Գտավ իր նոր աստծուն և որոշեց էլ չդավաճանել: Ջնջեց հիշողությունը, որ ուրիշների պես ապրի:
Բայց նա չգիտեր ծերության մասին` չէր պահել հորը, չէր նայել նրա աչքերին,
չէր բռնել ձեռքը դողդոջ, չէր շոյել խորշոմաճաք երեսն ու մատները բարակած:
Չէր լսել կանչերը մոր ու խորհուրդները հոր ու քարացել էր, փակվել պատյանում:
Աշխատում էր, հաց ուտում, քնում, հեռուստացույց նայում ու զավակներին դաստիարակում, որպես օրինավոր հայր :
Իսկ զավակներն անհաղորդ էին անցյալին, նրանց լեզուն ուրիշ էր և հավատը, և ապագան:
Եվ չգիտեր, մի օր երկնքում, հորն ու մորը տեսնելուց ինչ էր ասելու`
նրանց մեղք որն էր…
Իր մեջ չփնտրեց կորսված պատասխանները, իսկ կեսօրն անցել էր, ու վերջում, ոչ ներումը և ոչ էլ զղջումը փրկություն չէին, գիտեր այդ մասին:
Բայց ոչինչ փոխել էլ անկարող էր և մեղանչման հույսը զավակների ապագան էր ազատագրված` իրենից, հայրենիքից ու կարոտից…

1 մեկնաբանություն

  1. Ete kardum em ays banastercutyunner@, sksvum e mi ptuyt husheri- manktyun, eritasardutyun ev arden Hasun tariq:)Hianali e….

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի