-խփի՛ր, մի՛ խփիր: Չէ, խփի՛ր, չէ՛, մի՛ խփիր,-ծիծաղում էր բռնցքամարտի փոքրիկ, կաշվե տանձը:
Արմենն էլ էր ծիծաղում:
-Չի ստացվում, ինչու՞ չի ստացվում:
-Որովհետև՝ ես երգում եմ, իսկ դու՝ չես երգում,-քրքջում էր տանձը: -Մի՞թե չես լսում: Ապա կրկնի՛ր ինձ հետ՝ խփի՛ր, մի՛ խփիր…խփի՛ր, մի՛ խփիր…
-Չի լինում, էլի չի լինում,-ծղրտում էր Արմենը:
-Որովհետև՝ ես պարում եմ, իսկ դու՝ չես պարում,-իրենն էր պնդում տանձը:-Չեղավ, չեղավ չէ՞: Դու բռունցքո՛վ խփիր, ինչու՞ ես քացի գցում: Հոգնեցի՞ր, ինչ է:
-Չէ, չհոգնեցի, կատաղեցի պարզապես,-քիթը քաշեց Արմենը:
-Ո՞նց թե՝ կատաղեցիր: Դու հո շուն չես, որ կատաղես:
-Շուն չեմ,-կանգ առավ Արմենը,-դա ես եմ այդպես ասում՝կատաղեցի: Իրականում՝ես բարկանում եմ ինքս ինձ վրա, երբ ոչ մի բան չի ստացվում:
-Իսկ դու համոզվա՞ծ ես, որ միայն քե՛զ վրա ես բարկանում,-կասկածանքով նայեց կաշվե տանձը:
-Միմիայն ինձ,-գլուխը տմբտմբացրեց Արմենը:
-Բա ինչու՞ ես ի՛նձ խփում, եթե միայն քե՛զ վրա ես բարկանում,-շունչը վերջնականապես տեղը բերելով հարցրեց տանձը:
-Դե, երբ չափազանց շատ եմ բարկանում՝ «արմենությունս» բռնում է:
-Ի՞նչդ է բռնում,-զարմացավ կաշվե տանձը:
-Արմենությու՛նս,-կրկնեց Արմենը:-Մուկուչն այդպես է ասում, երբ սկսում եմ գժություններ անել: Իսկ դու կարո՞ղ ես ինձ նման գժություններ անել,-դարձավ նա տանձին:
-Դեռ չգիտեմ: Ինձ ընդամենը մի քանի ժամ է, ինչ ամրացրել են այստեղ: Ես դեռ ոչինչ չգիտեմ:
-Մի քանի ժամ,- երազկոտ ծոր տվեց Արմենը,-Ես ինչեր ասես, որ չէի անի մի քանի ժամվա մեջ:
-Ճի՞շտ:
-Իհարկե…
-Ափսոս, որ ես դեռ չեմ կարող գժություններ անել,-աչքերը խոնարհեց տանձը:
-Դա շատ հեշտ է,-վրա տվեց Արմենը,-հարկավոր է ընդամենը անուն տալ քո արածներին: Մնացածն ինքն իրեն կստացվի:
-Ի՞նչ անուն:
-Ասենք՝ «տանձություն»:
-Ես համաձայն եմ,-ասաց տանձը,- իսկ դու գիտե՞ս, թե ինչպես են դա անում:
-Շատ հասարակ: Պարզապես, մարզանքի ժամանակ, դու էլ ինձ ես սկսում խփել: Ես՝ քեզ, դու՝ ինձ: ՈՒ ես ասում եմ քեզ,-էս ի՞նչ ես անում, չէ՞ որ ե՛ս եմ բռնցքամարտիկը, իսկ դու՝ տանձն ես, տանձը: Ի՞նչ է, էլի՞ տանձությունդ բռնեց:
-ՈՒռա,-ծափ տվեց տանձը,-լսիր, էս ինչ լավ բան ասացիր:
Արմենը նորից կոճկեց ձեռնոցները:
Տանձը նորից կուրծքն առաջ ցցեց:
-Խփի՛ր, մի՛ խփիր: Խփի՛ր, մի՛ խփիր: Ի՞նչ ես աչքիս խփում, դնչի՛ս, դնչի՛ս խփիր, ասում եմ…
-Լսիր,-կանգ առավ Արմենը հևալով,- էդ որտեղի՞ց ես դու այդպես խոսել սովորել:
-Ոչ մի տեղից:
-Բա ինչպե՞ս ես այդքան խոսքեր գտնում ասելու:
-Չգիտեմ,-ասաց տանձը,-բայց երբ ինձ սկսում են աջ ու ձախից հարվածել, խոսքերն իրենք են դուրս թռչում բերանիցս:
-Ծամոնների պե՞ս:
-Այ, լավ ասացիր՝ ծամոնների պես,-նորից ծիծաղեց տանձը:
Արմենի վրա բոլորովին ուժ չէր մնացել:
-Հը, ինչու՞ կանգ առար, այդպես երբեք չեմպիոն չենք դառնա, ասաց կաշվե տանձը:
-Դու չե՞ս լսում:
-Ի՞նչը:
-Խրթխրթոցը: Երբ ես խփում եմ, քո միջից խրթխրթոց է դուրս գալիս:
-Դու մտածում ես, որ ես թեփ ու տաշեղո՞վ եմ լցված,-փքվեց տանձը:
-Չէ, չեմ կարծում…կմկմաց Արմենը:
-Ճի՛շտն ասա,- համառում էր տանձը:
-Մի քիչ,-խոստովանեց Արմենը:
-Դե լավ,- հաշտարար տոնով ասաց տանձը,-ոչ ոքի չեմ ասել, բայց քեզ կասեմ: Դա ոչ թե թեփ ու տաշեղներն են, այլ նապաստակն է իմ ներսում խրթխրթացնում, երբ գազար է կրծում:
-Ի՞նչ նապաստակ:
-Սովորական, վախկոտ նապաստակ:
Արմենի աչքերը զարմանքից կլորացան:
-ՈՒրեմն, բանից պարզվում է, դու վախենու՞մ ես իմ հարվածներից: Մի՞թե բռնցքամարտիկները վախենում են:
-Էն էլ ոնց են վախենում:
-Չեմպիոնները նու՞յնպես:
-Բոլորը: Հասկանու՞մ ես, ամեն մեկի ներսում մի նապաստակ կա նստած: հենց նրա համար էլ վախենում են:
-Բա ինչու՞ իմ ներսից խրթխրթոց չի գալիս:
-Երբ դու էլ ուզենաս քո վախկոտ նապաստակն ունենալ,այն ժամանակ էլ կլսես նրան:
Արմենը մտքերի մեջ ընկավ:
-Ճիշտն ասած՝ ես շուն էի ուզում ունենալ, կամ առյուծ:
Հետո նա պտույտ արեց կաշվե տանձի բոլորն ու անսպասելիորեն հարցրեց՝
-Լսիր,- ասաց նա,-ես մինչև հիմա չգիտեմ քո անունը: Դու անուն ունե՞ս:
-Հա, «Քաջ» է իմ անունը:
-Այդպես չի լինում, դա մարդու անուն է,-հակառակվեց Արմենը:
-Իհարկե, մարդու անուն է: Հենց մարդիկ էլ տվել են ինձ այդ անունը:
-Հետաքրքիր է, ինչու՞ համար են անունները,- հարցրեց Արմենը: -Ես շատ փոքր եմ եղել, երբ ինձ անուն են տվել, ոչինչ չեմ հիշում:
-Իսկ ես մեծ էի: Ճիշտ այնքան, ինչքան հիմա եմ, ու գիտեմ, որ անունները նրա համար են, որպեսզի իմանաս, թե հետո ի՞նչ ես անելու:
-ՈՒրեմն ե՞ս էլ պետք է իմանամ, թե ի՞նչ եմ անելու:
-Դա այդպես է,- լրջացավ կաշվե տանձը,-բոլորն էլ պիտի իմանան իրենց անելիքը:
-Իսկ եթե իմ անելիքն ավելի շատ ոչ թե ինձ, այլ մեկ ուրիշին է վերաբերու՞մ:
-Միևնույն է:
-Որ այդպես է,-ասաց Արմենը,-վաղվանից ես այլևս չեմ ասի քեզ, թե «տանձությունդ» բռնեց: Կասեմ՝« քաջությունդ» բռնեց:
-Իսկ ի՞նչ տարբերություն, մի՞թե դա ինչ որ մեկի համար կարևոր է,-զարմացավ տանձը:
-Կարևոր է,-ասաց Արմենը,- ու ես կարծում եմ, որ վախկոտ նապաստակներին դա շատ դուր կգա:
Փտր 14 2012
Վերջին մեկնաբանություններ