Ու – ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԳԱՅԼԵՐ
Քեզ չեմ տեսել ես բնավ,
Բայց այսպես եմ ես կարծում՝
Քո ձայնն է ինձ հալածում:
Կթողնես ու կգնաս,
Բայց քո սիրած տեղերում,
Արյունը միշտ կմնա:
Քեզ չեմ կանչել ես բնավ,
Բայց այսպես եմ ես կարծում՝
Քեզնից, չունեմ ես պրծում:
ՓՅՈւՐ – ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ
Դու իմ սրտից ելար դուրս ,
Փ Յ ՈւՐ — քեզ աստղերը տարան ,
Անօթևան , անվրան ,
Դու իմ սրտից ելար դուրս :
Թևերդ թափ տվեցիր ,
Ու երկնքից էլ թռար ,
Փ Յ Ու Ր — ու՞մ թևերը առար ,
Ու երկնքից ելար դուրս :
Հիմա իջել ես մի պահ ,
Իմ երկնքին , իմ սրտին ,
Բայց ապրում ես որպես հյուր ,
Փ Յ ՈւՐ — մինչև լույս , մինչև լույս …
ՔԵ — ՇՈՂԱԿԱԹ
Ք Ե — ն չքնաղ է , քելե , քելե ,
Երգ ու խաղ է , քելե , քելե :
Քերծեց , անցավ ,
Կրակ ու ցավ ,
Քեզ է գալիս ու քոնը չի ,
Շունչը պահի ու չշնչի …
Ք Ե — ն չքնաղ է ,
Ք Ե — ն ՝ գեղանի,
Ք Ե — ն քեզ կառնի ու կտանի :
Եվ – ԱՆԿՐԿՆԵԼԻՆԵՐԸ
Չեմ նեղանա ես Եվ-ից,
Թե ինձ նայի վերևից,
Թե ներքևից ինձ նայի,
Չեմ նեղանա ես Եվ-ից:
Իմ կեսն է նա, ձեզ ասեմ,
Բայց ուրիշ կես է փնտրում,
Ուրիշներին է ընտրում,
Ու դա ինձ չի խանգարի:
Չեմ փոխելու ես Եվ-ին,
Եվ-ին ես միշտ կսպասեմ,
Ու, ասեմ ձեզ՝ դա նրա,
Ու իմ կյանքն է երևի:
Օ – ԵՐԱՆԵԼԻ
Օ-ն շատերին կփրկի,
Ու շատերին կսուզի,
Ու կմնա այդպիսին,
Եթե թողնեք իմ հույսին:
Բայց սուզվողները, անշուշտ,
Մեզ չեն սիրի, կանիծեն,
Նոր օղակներ կգծեն,
Ջրից կուշտ են նրանք, կուշտ:
Փրկվածներն էլ, արի տես,
Իրենց օղակն են գտել,
Ու վզներին փաթաթել,
Նրա՛նք էլ մեզ կդատեն:
Իսկ օ-ն նորից կփրկի,
Իսկ օ-ն նորից կսուզի,
Ու կմնա այդպիսին,
Եթե թողնեք իմ հույսին:
ՖԵ – ԱՆԱՎԱՐՏ
Խորհուրդներ ունի իր մեջ ՖԵ-ն,
Ու խորհուրդն այսպիսին է նրա՝
-Ցավերը դեռ պիտի ցավեն,
Եվ ծիծաղը դեռ պիտի ծիծաղի
Լացի ու ծիծաղի վրա:
Գաղտնիքներ ունի իր մեջ ՖԵ-ն,
Եվ գաղտնիքն այսպիսին է նրա՝
-Ես այլևս չունեմ անելիք,
Բայց դեռ նոր գաղտնիքներ կծնվեն,
Որոնք չեն տարբերվի հներից:
Երազներ ունի իր մեջ ՖԵ-ն,
Ու երազանքն այսպիսին է նրա՝
Որ սկիզբն ու վերջը չչափվեն,
Չդրվեն նժարի վրա:
Վերջին մեկնաբանություններ