Ալբերտո Սավինիո | ՀԻՆ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Alberto Savinio,1891-1952

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Կավալյերե Պուտինյանին, տիկին Պուտինյանին և օրիորդ Պուտինյանին դուրս եկան Ռիպետտա* փողոց: Այստեղ ընտանիքի հայրը թողեց, որ Իլդան առաջնորդի, ով, նման տեղերի քաջատեղյակը լինելով` հայրիկին ու մայրիկին բերեց ֆիլհարմոնիայի մուտքի մոտ: Պահակը երկար-բարակ հարցեր չտվեց, և ուղղակի, առանց ժամանակ կորցնելու հարցրեց.
-Դաշնամուրի համար ե՞ք եկել:
-Ճի՛շտ այդպես,- պատասխանեց սինյոր Պուտինյանին` զարմանալով նրա խորաթափանցության վրա:
Այդ ուսադիրներով գուշակին հետևելով, երեք այցելուներն անցան անպաճույճ, վանքերին բնորոշ երկար մի միջանցքով ու մտան երաժիշտների սրահը: Քառանկյունի մի գորգի վրա մի կարմիր բազկաթոռ ու մի բազմոց իրար էին սեղմվել ջրում խեղդվողների նման, նոտակալների մի փոքրիկ անտառ դեպի առաստաղն էր պարզել իր մերկ ճյուղերը: Մի կոնտրաբասիստ մեջքը պատին հենած` քնել էր: Դաշնակահարները կռացել էին ստեղնաշարերի վրա, ինչպես հեծանվորդները վերընթաց վազքուղով ելնելիս, ջութակահարներն այտերը ջութակներին հպած, թավջութակահարները թավջութակները ոտքերի արանքում, նստած էին մի պատի երկայնքով: Դեկորատիվ մի դափնի իր դեղնած տերևները խոնարհել էր բազմոցի վրա:
-Ահա՛ գործիքը,- ասաց պահակն ու գիտակի իր ձեռքով բացեց դաշնամուրի ստեղնաշարը: Հոյակապ ստեղնաշարը հիացրեց պարոն Պուտինյանիին:
-Գերմանական արտադրանք է,- ասաց պահակը,- խաչաձև ֆետրե մուրճերը նոփ-նոր են: Կարգին ապրանք է:
-Մի հատ փորձե՛նք,- ասաց պարոն Պուտինյանին ու կանչեց.
-Ի՛լդա:
Իլդան սենյակի մյուս ծայրում էր ու մի մորեգույն դռնակի արանքից համերգասրահն էր դիտում: Միայնակ, վերևից ճառագող թույլ լուսվորվածության մեջ, պաշտոնազրկված դաշնամուրի իրավահաջորդը հանգստանում էր մոխրագույն շորով մի նստարանի վրա:
-Իլդա՛,- կրկնեց սինյոր Պուտինյանին,- Ùի բա՛ն նվագիր»:
Իլդան թաքնվում էր. «Չգիտեմ…չգիտեմ», ու կզակը հակում լղարիկ կրծքին, իրեն ոջիլներից մաքրող հավի պես:
-Ինչպե՞ս թե, չգիտես: Իսկ «Սիրո թրթի՞ռը», «Հիշողություններ Կապրիի՞ց», «Հրաձիգներն են անցնում»**, որ միշտ նվագում ես մորաքույր Կլոտիլդեյի տանը:
Իլդան ձեռքերը ծալում էր մեջքին:
-Լա՛վ, հանգի՛ստ թողեք նրան,- վեհանձնորեն միջմատեց պահակը՝ բութ մատը սահեցնելով ստեղնաշարի մի ծայրից մյուսն` նոտաների կարկաչ հարուցելով, որ սրահում երկար արձագանք տվեց ու հեռացավ, ի վերջո, մարեց:
Պուտինյանիները լուռ էին ու հիացիկ: Այդ պահին նոտաների մի ուրիշ կարկաչ, բայց ավելի խուլ ու խորհրդավոր, արձագանքվեց համերգասրահի կից սենյակում. դա երիտասարդ դաշնամուրի մնաս բարովն էր հեռացող վետերանին:
Հաջորդ օրը, Պուտինյանիների տան աստիճանների վրա սոսկալի հայհոյանքներ էին լսվում: Բեռնակիրների մի խմբի համատեղ ջանքերով, հին դաշնամուրը խխունջի քայլերով վեր էր բարձրանում: Չորրորդ հարկի աստիճանավանդակում հայհոյաբերան խումբը կանգ առավ. աստիճանները նեղանում էին, այնպես որ, ոչ միայն այդ հսկա գործիքն իր պոչի հետ միասին, այլև ամենանեղ սպինետն անգամ չէր կարող այդտեղով անցնել:
-Ի՞նչ ենք անելու,- ասաց խմբի ղեկավարը, վախեցած` բնակիչներից, որ հայտնվում էին դռների մեջ: Պարոն Պուտինյանին առատ թեյափող տվեց նրան: Բեռնակիրների ղեկավարը փափկեց, և թոկերի ու տափօղակների օգնությամբ հին դաշնամուրը դուրս ելավ պատուհանից, երերաց օդի մեջ, իջավ խորդենիներով պատշգամբի հարթակի վրա ու մտավ Պուտինյանիի տան սենյակներից մեկը:
Տեր և տիկին Պուտինյանիների գորովալից հայացքի ներքո փոքրիկ Իլդան գամմաներ էր նվագում:
Ի՜նչ մաքառում:
Մաժոր և մինոր գամմաներ, մեղեդային և հարմոնիկ, տերցա և սեքստա, օկտավային և քրոմատիկ գամմաներ:
Ի՜նչ տառապանք:
Գամմաներից հետո, փոքրիկ Իլդան անցնում էր Պիխնայի*** վարժություններին, որ պարտադիր խորհուրդ էր տրվում մատները բացելու համար:
Ի՜նչ չարչարանք:
Պիխնայի վարժություններից հետո, անփորձ դաշնակահարուհին անցնում էր Կուլլակի*** սոնատին:
Ի՜նչ խոշտանգում:
Հին դաշնամուրը ցնցվում էր զայրույթից: Նա, ում իր փառավոր կարիերայի ընթացքում դիպել էին Պադերևսկու և Բուզոնիի մատները, այժմ, իր առաջացած տարիքում, կրում էր այդ անվարժ ու թույլ մատիկների հպումը: Ու գիշերային մենության մեջ, թավշյա փափկաթոռի, թղթե ծաղիկների, բրոնզե շան, (որի բերանը ժամացույց էր) և Գոֆրեդո Պուտինյանիի խոշորացված լուսանկարի միջև, հին դաշնամուրն իր անցյալն էր վերհիշում: Շատ դաշնակահարների թվում, ում նա ճանաչել էր, կմախքային կազմվածքով մեկը կար, ստույգ հայտնի չէր, լե±հ էր, թե՞ բոհեմացի, բայց նա ամենքից լավ էր տիրապետում նրան: Նրա այդ ոսկրոտ մատների հարվածների տակ գործիքը, որն այն ժամանակ երիտասարդ էր և ուժերի ծաղկուն շրջանում, թրթռում էր կենդանի էակի պես:
Ի՜նչ պահեր էին դրանք:Ու երբ դաշնակահարը քրտինքի մեջ կորած ու հևասպառ` ելնում էր տեղից, լարերը շարունակում էին թրթռալ, այս անգամ՝ ծափահարությունների դղրդյունից:
Այդ հուշերն էին արթնանում հին դաշնամուրի մեջ, ու դեղնած ստեղնաշարին այն փառահեղ մատների հպումը վերագտնելու կարոտից, նրա փայտամածը ճռճռում էր ինչպես կաղնին փոթորկի ժամանակ, ու մի հեռավոր, խորհրդավոր երաժշտություն էր անցնում մետաղե երկարավուն լարերի միջով:
Կոմանդոր Կորպասը, որն ապրում էր վերևի հարկում, պարոն Պուտինյանիին հանդիպեց աստիճանների վրա:
-Գիտե՞ք կավալյերե, ձեր աղջնակը սովորական դաշնակահարուհի չէ:
-Դեռ նոր է սկսում,- պատասխանեց Պուտինյանին երախտալից ժպիտով,- բայց կամքից ուժեղ է, կարծում եմ, առաջ կգնա:
-Իհա՛րկե, առաջ կգնա: Հանճա՜ր է, ուղղակի հրաշամանուկ:Ես ու կինս երեկ կանգնել ու լսում էինք նրան: Ի՜նչ թափ, ի՜նչ արագություն, ի՜նչ զզգացմունքայնություն:
-Երե՞կ,- ասաց Պուտինյանին կասկածանքով: Ու ավելացրեց.
-Բայց երեկ մենք Ֆրասկատիում էինք:
Կորպասի գովասանքներին հետևեցին երրորդ հարկի տիկին Ստրուայի, երկրորդ հարկի նոտարի, առաջին հարկի հաշվապահի, ներքնահարկի մանկաբարձուհու, հետո՝ դռնապանի գովասանքները: Պուտինյանին այլևս չէր կասկածում. հաջողությունը թակում էր իր դուռը: Ու ինքը, որ հարկային վարչության ծառայող էր, մտքի մեջ իր հրաժարականի մասին էր գրում, որն ուղարկելու էր իր տմարդի շեֆին:
Կիրակի է: Պուտինյանիների ընտանիքը վերադառնում է պատարագից:
Երկրորդ հարկում պարոնի սիրտը կասկած ընկավ: Երրորդ հարկում կասկածը փոխվեց համոզվածության: Չորրորդում կնոջն ու դստերը սեղմեց իրեն: Տան շեմի վրա շշնջաց.«Եկե՛ք իմ հետևից, ոտներիդ թաթերի վրա», ու լայն բացեց հյուրասրահի դուռը:
Պուտինյանիների ընտանիքի երեք ապշած անդամների առջև հին դաշնամուրը հին օրերի երգն է երգում: Ստեղները վեր են ցատկում, դաշնամուրի արկղը դխկդխկում է` ասես կաթսայատուն, իսկ պոչը ելնում, իջնում` ինչպես կետաձուկը լողալիս:
Ու հետզհետե երաժշտությունը թափ է առնում, սոսկալի ճարճատյունով բասերը կոտրվում են, լարերը ծռմռվում են օձերի նման, մուրճերը դուրս են թռնում հարմոնիայի արկղից, ֆետրերը՝ սավառնում հյուրասրահի մեջ:
Մի գերագույն ճիգով հին դաշնամուրը ծառս է լինում օդի մեջ, երերում ու ջարդուփշուր անելով ապակիները՝ շրխկոցով իրեն գցում է պատշգամբ:
Այդպիսով, աշնանային մի մեղմ ետմիջօրե, հին դաշնամուրի փառավոր կարիերան ավարտվեց մի պատշգամբի հարթակի վրա, աստվածուհու աչքի պես վճիտ երկնքի ներքո:

*Հռոմի կենտրոնական փողոցներից
**Երաժշտական պիեսներ սկսնակ դաշնակահարների համար
***Վարժություններ դաշնամուրի համար, մեթոդական ձեռնարկից

Թողնել պատասխան

Your email address will not be published.