Նարինե Կռոյան | ՄՈՐՍ

1.

Սիրտս ցավում է քո լռությունից,
ու քո կարոտից աչքերս ցողված`
այս ցուրտ քաղաքի ցուրտ փողոցներում
ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն տեսնում:
Սիրտս է ցավում քո լռությունից,
ու քո կարոտից մտքերս են ծռվում,
այս ցուրտ քաղաքի ցուրտ փողոցներում
խելագարվում են:
Կարոտում եմ քեզ անիծվածի պես,
անիծվածի պես հոգիս եմ բանտում,
որ հեռու եմ ես,
որ քեզ եմ տեսնում թե քուն, թե` արթուն:
որ գողանում եմ իմաստը կյանքիս
ինքս ինձանից, ինքս ինձանից…
Սիրտս է ցավում քո լռությունից:

2.
Քանի տարի է, որ մայրս չկա,
իմ առավոտվա արևը չկա
ու լույսս չկա գիշերակեսի…
Բայց իմ լինելու ժամանակը կա
ու դեռ հոսում է:
Իսկ ես լավ գիտեմ այդ ժամանակը`
թմրադեղի պես,
որ բթացնում է, սակայն չի բուժում,
որ քիչ է, միշտ քիչ…

3.
Տառապանքիս բեռնակիրը` մայրս չկա,
ու գնում է, գլորվում է կյանքն անիմաստ:
Դարն է իջնում սրտիս վրա քարի նման,
ու վեր հանող, ավաղ, չկա.
տառապանքիս բեռնակիրը` մայրս չկա:

4.
Երբ չկաս վաղուց աչքերիս համար,
ես քեզ տեսնում եմ ինֆրակարմիրով.
ափերս են կպչում ոստրեի նման
քո ձեռքերի մեջ ու տաքանում են…
Տարիների հետ ես քեզ եմ փնտրում`
ափերիս ոստրեն վերև պարզելով
աղոթախորհուրդ…
Երբ չկաս վաղուց աչքերիս համար,
ես քեզ գտնում եմ ինֆրակարմիրով:

2 մեկնաբանություն

    • Աշոտ on Փետրվարի 26, 2015 at 1:49 ե.
    • Reply

    Նարինեի գրածը կարդալը ժամանակի անիմաստ , անվերադարձ կորուստ է…

      • Սուսաննա on Օգոստոսի 13, 2017 at 6:58 ե.
      • Reply

      Աշոտ անունով մի անկապ մարդ մի անհեթեթություն է գրել։ Տեսնես ինքն ինչ ունի գրած կամ կատարած այս կյանքում, որն արժեքավոր է համարում։ Սպասում եմ, ներկայացրու քո՛ գլուխգործոցներից, ընթերցողը կորոշի արժեքը։

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի