«

»

Ապր 12 2018

Տպել Գրառում

Գարմար | ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Գարմար

Գարմար

Երազանքի հետքերով

Ես, խռով

Բախտից

Շռայլ,

Կյանքից գոհ,

Գնում եմ միշտ

Անխոնարհ`

Ափերումս

գարուններ

Ու գետաքար

Ու գոհար։

Ջրի տարած

Հասկերը

Տարիներն են

Իմ կիսատ,

Ժամանակի

Սղության

Ու հոգսի

տակ

Մնացած

Իմ օրերն են,

որոնց ես

Փոշուց

Շուտով

Կմաքրեմ,

Որ չմնան

Օրերն իմ

Ստի,

վախի,

Գորշության

Ծանրոցի տակ

Ամբոխի։

Ազատ

Խոսքի

Նեղ օրում

Ես քչախոս կդառնամ,

Արդարության նկուղում,

Ուր գինի է արնագույն,

Ես կենացներ չեմ ասի

Ու չեմ ապրի սին հույսով։

Պատերազմի

Շներին

Ես անոսկոր կպահեմ,

Սոված ու կուշտ օրերում

Թող գերեզման չփորեն։

Ես, խռով

Բախտից

Շռայլ,

Կյանքից գոհ,

Ուր էլ գնամ

Աշխարհում,

Բանաստեղծի

Հավատով,

Եվ վհատված,

Եվ պարտված

Հաղթանակի

Եզերքով

Դեպի լույսը

Կքայլեմ,

Որ հաշտություն

Լինի միշտ,

Լինի ներում,

Լինի սեր։
 

Դասական իմ սեր

Սենյակում դողում են մոմերը,

Իմ հեռվում քո հայացքն է լույս,

Ամենից դժվարը հենց մերն է`

Այս բախտը` շռայլ ու անհույս։

 

Թե լիներ գծագիր մի քարտեզ

Ճամփուղում մնացող երազին,

Նպատակ դարձներ, հասներ քեզ,

Քեզ պատմեր ու լռեր իմ մասին։

 

Հավատ լիներ կամքիս չափ,

Ջինջ ակունքի նման պարզ,

Կպարտվեր և դև ու չարք…

Իմանամ, որ իմն ես, կաս։

 

Լույսի մեջ եմ հիմա արևի,

Իմ շուրջն են բոլորել խինդ ու սեր,

Իմ կեսն եմ մոռացել կարևոր.

Դու եկար, չտեսա ես քեզ։

 

 

ՔԵԶ

Մրրիկ է հոգու,

Սիրո ճգնաժամ,

Դու ինձ մի լուր բեր,

Թե երբ ես գալու։

Իմ քաղաքում մարդիկ

Հեռախոսում են ապրում…

Ես քեզ չգտա հեռախոսներում։

Ուրիշ ձայներ են իմ ունկը շոյում,

Հիմա իմ սիրտը կտանեն կանայք,

Ովքեր չգիտեն, թե ինչ եմ խոսում։

Ունեմ մի մեծ ծով, նավըս ունի կայմ:

Առանց քեզ, ինչպես առանց առագաստ,

Իմ առանցքի շուրջ անջուր եմ լողում:

Դու ինձ մի լուր բեր,

Թե երբ ես գալու…

 

Օտարի

Նման եմ,

Վտարիր

Ինձ հոգուց.

Ես քիչ եմ

Սիրել քեզ,

Ես քիչ եմ

Ապրել…

Վարար

Գետի

Նման եմ.

Իմ դեմ

Պատեր

Են պատել…

Օտարի

Նման եմ.

խոսում ես,

Քեզ չեմ հասկանում …

Թե կուզես,

Վտարիր

Ինձ հյուսիս,

Թող ինձ միայնակ ու անհույս:

Երբ բացվեն դռները սրտիս,

Ներս արի, որ հանկարծ չմրսես։

 

Երգ նավագնացի մասին

Երդիկից կարոտ է կաթում.

Դու ճեմում ես օրվա միջով,

Քեզ ըմպում եմ կում-կում,

Ու բացվում է իմ դեմ զղջանքի ծով:

 

Խարսխի պակաս կա իմ անսանձ նավում…

Արգելիր ինձ լողալ, ու ես դեռ կքայլեմ:

Դու երկար ես գալիս ու արագ ես հանվում,

Որ չբախվեմ քարին ու սովորեմ ապրել։

Սառույցը

Հալվեց,

Գարուն

Չի գալիս։

Մեր միջով

Անցան

Ցավերի

Գետեր,

Դու հեռու,

Հեռու,

Ու ես ավելի։

Մենք ո՞ւմ ենք փնտրել,

Որ օտար մարդիկ

Մեր աչքերում ջինջ,

Սիրել են մեկին`

Ուրիշին մեր մեջ։

Սառույցը

Հալվեց,

Գարուն

Չի գալիս։

 

Ուրիշ երկնքում

Դռների վրա՝ անուններ օտար,

Ինձանում ուրիշ հավքեր են թռչում,

Քեզանից բացի իմ սրտում ո՞վ կար,

Փակ դռներից ներս դու ո՞ւր ես թռչում։

 

Բաց վանդակներում, իմ սրտում նաև

Ապրեցիր երկար, մատնեցիր սուսիկ,

Քեզանից հետո՝ ասես անարև,

Թվում է, թե ես անգամ սիրտ չունեմ։
 

Սավառնողի երկնքից

Ես`հողեղեն, դու`երկնապաշտ,

Միշտ ձգտում եմ վեր բարձրանալ։

Դու ինչու՞ ես ամենում ճիշտ,

Ես ինչո՞ւ եմ միշտ անսխալ։

 

Ճանապարհներ կան հանդիպման,

Որ հատվում են խաչմերուկում,

Քեզ տեսնելու համար եկա,

Մեր ճամփեքը ե՞րբ կհատվեն։

 

Ես`հողեղեն, դու`երկնապաշտ,

Կանաչ գարուն լինի մի տեղ,

Դու իմ այգում կշրջես հաշտ

Որպես հոգու փրկության դեղ։

 

 

Ես`հողեղեն, դու` երկնապաշտ,

Թռչուններիդ չուն կտեսնեմ,

Կծվարեն տանիքին տան

Ու կթռչեն մի օր քեզ հետ։

 

 

Զղջանք

Թե իմանայի, որ սիրտն է ցավում,

Երբ այնտեղ ուրիշ մարդիկ են ապրում,

Իսկ ցանկալիին տեղ չկա վաղուց.

Նա բնակվում է ուրիշի սրտում,

Թե իմանայի, որ հեռանալիս

Բաժանում ես քեզ հազար մասերի,

Կմնայի միշտ լույսի մեջ անլույս,

Իզուր չէի հուսա, երբեք չէի սիրի։

 

 

Երջանիկ մարդկանց երամից ես դու,

Իմ նեղ փողոցով անցնում ես փութով,

Քեզ հետ խոսում եմ, ինչպես աղոթքում…

Զգույշ,որ հանկարծ չլսես դու ինձ:

 

Երկչոտ չեմ եղել, ու թռիչքներիդ

Հեռվից նայելը բարու ու չարի

Պայքար է, ու դու չես ներելու ինձ,

Ինչպես չեն ներում սիրածին անխիղճ:

 

Ես արգելում եմ ապագան տեսնել

Եվ կանխավ գիտեմ ինչ է լինելու:

Երբ ես սովորեմ ձևը թռչելու,

Երջանիկները կքայլեն քեզ հետ:

 

 

Թե բանաստեղծությունը

Բառերից է,

Բառերը ուժ են առել,

Բառերը խարույկ են վառել,

Ու հնազանդվել են հողմերը,

Ու պատերազմն է ավարտվել։

Թե բանաստեղծությունը

Հույզերից է,

Հույզերն ասուպներ են դարձել,

Ցանել ենք արտերում ուրիշ,

Հնձել ենք, նորից ենք ցանել…

Աստղեր հնձողն էլ է գիժ։

Թե բանաստեղծությունը

Տառապանքից է,

Գրելը վնաս է մարդկանց.

Թվում է  գրում ես թղթին,

Բացում ես ցավերի խցանը,

Մենակ ես խմում գինին։

Թե բանաստեղծությունը

Սիրուց է,

Հարկ է սիրել սովորել։

 

 

Քար մի՛  նետեք` ասացին,

Ու մի շուն, որ մարդկային հայացքով

հաց էր փնտրում ամենուր,

Հիմա ոչինչ չի ուզում.

Քար մի՛ նետեք`ասացին։

 

 

Դաշտերում

Կապույտ մշուշ է թեթև,

Դաշտերում

Երգ է ապրող հասկերի:

Երբ դու ապրում ես լեռների երկրում,

Ես շեկ դաշտերում քարեր եմ փնտրում ։

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>