Գուրգեն Միքայելյան | Բանաստեղծություններ:

GM11

ԵՎ ՔԵԶՆՈՎ ԿՐԿԻՆ ԵՍ ԳՏՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ

 

Քո լույսը, լույսը…

Գիտե՞ս, կարող է

Նա ոչ թե միայն խավարը ցրել,

Ոչ միայն շողալ,

Այլ նաև… մաքրել:

Մաքրել ոչ միայն պղտորված աչքեր,

Այլ նաև` սրտեր,

Այլ նաև` հոգի…

 

 

Ու մաքրվում եմ ես այդպես անվերջ:

Քեզանով այդպես ես գտնում եմ ինձ:

 

Քո մասին լուսե մի կաթիլ հուշը

Մակարդում է գորշ սրտիս մեջ լցված

Պղտոր տաղտուկը…

Ու սև թանձրուկը իջնում է հատակ:

Ու մաքրագործող քո լույսն է իջնում

Իմ հոգու վրա:

 

Եվ լուսե, զուլալ,

Եվ արևաշող,

Եվ արևային

Անձրև է նորից սրտիս մեջ տեղում:

Եվ կրկին, կրկին ես քեզնով լցվում,

Եվ քեզնով կրկին ես գտնում եմ ինձ:

 

***

Քեզ տեսնելիս,

Քեզ տեսնելիս

Իմ սրտի մեջ

Ցող է կաթում ծիածանից…

 

Եվ հրդեհվում,

Այրվում եմ ես յոթ երանգով:

Սեր եմ դառնում

Ես յոթ գույնով ու յոթ բույրով…

 

Սերն այդ հերքել

Ասել է թե շողից լույսի

Երանգները նրա քերել,

Ծիածանը նորից ներկել…

 

Սերն այդ բեկել

Ասել է թե կարգով մի այլ

Յոթ գույներով գծել կամար…

 

Հեռու մնանք մտքից հիմար:

Կուզեմ պարզել միայն մեկ հարց,

Միայն մեկ հարց.

Քեզ տեսնելիս ինչո՞ւ է միշտ

Արցունք կաթում ծիածանից…

 

***

 

Դու միշտ էլ այդպես,

Ընկե՛ր հանճարեղ,

Կապրես քո այդ հին, ավեր խրճիթում,

Քանի չգիտես,

Ի՜բր չգիտես ու չես ընդունում,

Որ տուն շինելու համար նորօրյա,

Երկի՛նք հասնելու,

Հասնելու համար Լուսնին, աստղերին,

Հասնելու համար մեր ժամանակի՛ն,

Ոչ թե բախտ, սին փառք,

Մեծամտության պաշա՛ր անսպառ,

Այլ նախ և առաջ,

Այլ նախ և առաջ

Հարկավոր է… խելք:

 

Ուրեմն գիտցի՛ր,

Ընդունիր գոնե հանուն նոր եկող

Մատաղ սերնդի,

Որ նորոգելուց առաջ կիսաքանդ

Խրճիթը քո մութ,

Պիտի նորոգես ու բարեփոխես

Դու նախ և առաջ,

Դու նախ և առաջ

Քո խելքը խարխուլ:

 

***

 

Ձյունե թագուհին

Այսօր մերկացել,

Եվ… ձյուն է տեղում:

 

Շղարշ է հագել,

Մշուշ է հագել

Ձյունե թագուհին:

 

Շղարշի տակից,

Մշուշի տակից

Լուսե տարերքն է

Հորդում թագուհու:

 

Ձյունե թագուհին

Այսօր մերկացել,

Եվ լույսն է նրա

Ծփում աշխարհում:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի