Գարուշ Հարյանց | ՆԵՐՇՆՉԱՆՔԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Արդեն երկու տարի է, որ hամակարգչային «Facebook» ընկերային ցանցի շնորհիվ քաջատեղյակ եմ հայրենիքում եւ հայ Սփյուռքում բնակվող տակավին երիտասարդ արձակագիրների ու բանաստեղծների հեռանկարային հայտերին, ժամանակակից գրական բանիմաց, աշխույժ անցուդարձերին: Ճանաչում եմ լավերին անուն առ անուն: Նրանք հետերկրաշարժյան եւ հետպատերազմյան սերնդի մի խումբ շնորհալի հայ բանաստեղծներ եւ բանաստեղծուհիներ են, ովքեր ժառանգելով արհավիրքներին դիմագրավելու տոկունություն եւ ըմբոստություն, կարծես ապացուցելու են եկել երկրաշարժից եւ Արցախյան պատերազմից թրծված հայոց մեծ գենաֆոնդի ներկա շարունակականի հաղթարշավը՝ արդի հայ գեղարվեստական գրականության հավաքական տիրույթում… Պարզվում է, որ աղետներն ու համաշխարհայնացման փորձանքները մեզանում տաղանդներ են ծնում: Անթաքույց մի հրճվանք է պատում ինձ: Հպարտությունն է պարուրում ու բարուրում հոգիս, երբ հնարավորինս ընթերցում եմ նրանց իմաստալից, ասելիքով բեռնավորված տողերը: Սեւակյան ըմբռնումով՝ «գալիս են նրանք ճիշտ ժամանակին», այսօր եւ պիտի կռվեն հասարակական-պետական, քաղաքական-մշակութային բութ անտարբերության խուլուհամր պատի ու պատնեշի դեմ, ճիշտ այնպես, ինչպես մենք… Իմ սերունդն էլ ի՛ր անբարո ժամանակի դեմ հանդիման հայտնվեց, լուրջ ըմբոստացավ , ծառս եղավ՝ հաստատելու համար ստեղծագործական ի՛ր իրավունքը: Գրական ազատությունն ու անկախությունը, որոնց խախուտ հիմքերը մեզանով էլ են ամրացել, իրոք այսօր հանգիստ փռում են դեպի բարձունք տանող իրենց մեծ ողնաշար-ճանապարհը գրական նոր միջավայր ստեղծող, 20-25 ամյա նորեկների՝ Լուսին Ամարայի, Ծովինար Բանուչյանի, Տաթեւիկ Ոսկանյանի, Հասմիկ Սիմոնյանի, Նելլի Ռումելյանի, Նանե Արծրունու, Արմինե Պետրոսյանի, Գոհար Մեժլումյանի եւ այլոց ինքնատիպ, ճկնակամ ու թարմ մտածողության առաջ: Փառք ու պատիվ մեր երիտասարդ, ուշիմ, գրագետ, շնորհքով նորեկներին, ի շարս որոնց՝ գրական ինքնուրույն ձեռագրի որոնման համարձակությամբ, արձակ եւ չափածո իր վճիռներով այսպես է արդեն առանձնանում Ռի-Ման (Խաչատրյան).
Թիթեռները անտառներ են հրդեհում,
Կաչաղակները սեր են երգում երկնքին,
Իսկ ես ինձ երկնքի տեղ դրած՝
Սպասում եմ, որ հրդեհներն հասնեն նաեւ ինձ…

Ներշնչանքի ակունքը զուլալ է եւ հորդաբուխ: Բնավ էլ չի խանգարում չափածո կամ արձակ համարձակությունը: Հառաչանքն անգամ նրա երիտասարդ հոգու պայծառ տրամադտությունից է սերում եւ այնքա՜ն ինքնավստահ, որ ինքնատիպությունը կասկած չի հարուցում:
Ռի-Մայի ներաշխարհի հավակշռությունն ու ստեղծագործական
ռիսկն արդեն իսկ չեն ընկրկում, նրա օր-օրի աճող վարպետությանը հակադարձ համեմատական՝ անորակ տողերի նահանջը պակասում է, որ մի սիրուն օր էլ, գրքից գիրք լրիվ վերանա: Խիստ կարեւոր մի բան եմ նկատում նաեւ, որ ուսանողուհու կարգավիճակում քսանամյա այս աղջնակի դասագրքային կարդացածությունը չի զգացվում, ասես նրա ինքնաբուխ տողերում ահնար է բացարձակ ազդեցություն փնտրելը, նմանության ծուռ եզրեր նկատելը… Եւ դա առաջին խրախուսանքն է, որ թեւ է տալիս պայծառ երիտասարդությամբ ու հայրենի հոգսերով տվայտող այս բանաստեղծ պարմանուհուն: Այո, հիրավի, ստույգ մեկնույթ է, թե՝ «ով շարունակում է գրել, նա չի սկսում», զրո չի որոնում, այլ՝ միավորի ընտրություն է կատարում, որ որակի երկանիշ թիվը դարձնի եռանիշ, քառանիշ ու… յոթանիշ: Տաղաչափության բավարար իմացությամբ, սպիտակ ու կանոնիկ բանաստեղծական ձեւերն ու ոճերը խառնելով միմյանց՝ Ռ. Խաչատրյանին հաջողվում է հասնել միաձույլ տրամադրության, որը վարակիչ է, հիշարժան, կանացի.
Դու հենց արդպիսին ես՝
Լույսից ջոկված մեկը,
Շողերից շեղվածն
Ու ամենաթեքը…

Էլ ի՞նչ երիտասարդություն՝ առանց սիրո տվայտանքների: Չափազանց կիրթ է եւ ազնվաբարո քնարական հերոսուհին: Այլաբանություններում անգամ, որոնք ներաշխարհի սեփական գոյաձեւեր են, Ռիման բնավ չի սայթաքում, ընդհակառակը՝ ձեռք է մեկնում իր ընթերցողին, չափածո խաչմերուկն իր նման անսայթաք անցնելու համար էլ գործադրում իր առանձնակի սերն ու հոգածությունը.
Վաղը խոստանում եմ քեզ նորից սիրել,
Բայց այսօր դրա համար ուժերս սպառվել են,
Վաղը կլինեմ նույնը, ինչ երեկ,
Բայց այսօր մեզ կապող թելերը վառվել են…

Թել առ թել, ջիղ առ ջիղ՝ լավ իմաստով փաստի առաջ են կանգնած հայրենի գրասեր հրատարակիչներն ու Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժինը: Ինչպես պատգամավորության թեկնածուների համար են սահմանվում հավասար պայմաններ, այնպես էլ պետք է վերաբերվեն ամենաերիտասարդ գրողներին: Թեեւ անտաղանդներն ու «ապաշնորհներն իրենք են սողոսկում», բայց, այսուամենայնիվ, անգամ շնորհալիներից մեկի պարագային էլ
«մաղաթը պարկում չես թաքցնի», կծակի, ազատաբաղձ դուրս կգա արեւկողի՝ ճիշտ այնպես, ինչպես ներքոհիշյալ քառատողում է.
Գուցե ցավի լճի համար ես այն սնող թախծոտ գետ եմ,
Գուցե ուղիղ ճամփաների համար ծռված արահետ եմ,
Գուցե կյանքս կետադրելիս ես աշխարհի անգրագետն եմ,
Բայց քո կյանքում, անգին հոգի՛ս, ես դեռ կախյալ բազմակետ եմ:

Ռի-Մայի հավասարակշռված, ճոխ բառապաշարով, գրագետ հայերենով շարադրված բանաստեղծություններում հեշտ է գտնել ու դրվատել այն առաջընթացայինը, որով էլ պայմանավորված է հայ արդի ողջ ամենաերիտասարդական գրականությունը: Պոեզիան հատկապես, իր բոլոր դրսեւորումներով, ինքնահաստատման, թրծման, շարունակելի մաքառման, մաքրման, վարպետության պարտադրած գիտակցությամբ, սեփական քայլերգով է առանձնանում: Հիրավի, մեր նորեկների կենսագրականներում աչքի ընկնող հատկանիշներից մեկն էլ բարձրագույն կրթության ձգտող, բացահայտ եռանդով, ճիգով ու համառությամբ տոգորուն փնտրտուքի առկայությունն է, մերօրյա համաշխարհային առաջադեմ գրականությանը ծանոթ լինելն ու տեղեկացված առաջանալն է… Բերրի են հայոց այսօրվա հայրենիքի ազատության եւ անկախության ընձեռած հնարավորությունները: Լրիվ հաղթահարելի են ազատ խոսելու եւ գործելու, սեփական խղճից, իրավունքից ճշգրիտ օգտվելու մարտահրավերները, որոնք պիտի լինեն ուղեցույց, ուղենիշ, որ նորեկների գրական պայքարը անցնի ոչ թե «կյանքի սենյակում», այլ արարչի անապական, կենսական սիրո կանաչ տարածություններում, արթնության պահապան հրեշտակների հարեւանությամբ, հայտնության բազմաշնորհ առաքելության հանձնարարականով: Թող հենց այնպես էլ լինի, ինչպես նախանշված է մարգարեական բարեգութ Մուսաների կողմից…
Փա՜ռք Աստծո, մեզանում արդեն վստահաբար ներկայացող եւ գրական սեփական ձեռագիր ունեցող, տաղանդով զինված մի սերունդ էլ է գալիս, որի առաջատարներից է մեր սույն գրախոսության խնդրո թիրախ՝ Ռիմա Խաչատրյան բանաստեղծուհին: Ի դեմս նրա, կեցցե՛ն բոլոր հայ ամենաերիտասարդ, ինքնահաստատման վազքուղի ելած, մեր գրող նորեկները: Թող օրհնվի նրանց եռագույն ճանապարհը, ովքեր հասակակիցն են 21-րդ հարյուրամյակում հաստատվող հայոց նորոգ ազատության եւ անկախության: Պարտավոր ենք սիրել, հոգալ, խրախուսել այսօրվա ինքնատիպ, աստվածատուր շնորհով օժտյալ, երիտասարդ հայ գրչավորներին: Քանզի նրանք են՝ Աբուլից մինչեւ Արագած, Մռավից մինչեւ Արարատ եւ Արարատներից մինչեւ Նեմրութ եւ ներշնչանքից այն կողմ թագադրվող մեր վաղվա գեղարվեստական խոսքի, գրական ազատաշունչ հերթափոխի ազգային ջահակիրները:

2 comments

  1. Շնորհակալություն մեր ավագներին, որ նկատում և գնահատում են երիտասարդներին: Շատ բովանդակալից հոդված է:

  2. Շնորհակալություն հարգելի Կոլյա Տեր Հովհաննիսյան, հույժ հետաքրքիր եւ հրատապ հոդված-գրախոսությունս հրատարակելուդ համար: Այո,Դու նույնպես ավագ գրչակցի սիրով եւ արժանապատվությամբ ես մոտեցել նյութին եւ կարեւոր-կենսական հարցադրմանը:Արժեն մեր ազգի ամենաերիտասարդ գողները՝ մեծավ ուշադրության եւ գուրգուրանքի:

Թողնել պատասխան

Your email address will not be published.