«

»

Հուն 07 2012

Տպել Գրառում

Ռազմիկ Գրիգորյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈւՇԱՑԱԾ ՃԱՄՓՈՐԴ

Կողքիս պար եկող քամին
նազանքով կռանում է
վերցնում՝ մայթերին թափված
չոր, դեղին տերևները
քշում է հեռու,
գիտե՞ս տերևները
կարապի պես են,
մեռնելուց առաջ
նրանց խշշոցը
երգի է նման։
Ճամփեզրին ընկած
անշուք քարերի խռպոտ երեսին,
փայլում են մանկությանս կտորտանքները,
աշնան համբույրից շուրջս պտույտ գործող
ժամանակի փոշին բարձրանում է վե՜ր-վե՜ր,
լեռներից անդին,
եկեղեցու գմբեթին նստած
պատարագ է մատուցում
սպիտակաթև աղավնին,
տատիս շնչառությունը
ծնունդ է առել իր շիմաթմբին
աճած խոտի մեջ,
հին տան, անշուք պատերին թառած
կտուրը իրենց ուսերին պահող
գերաններից կաթում է
մի բուռ մանկություն,
նրա մեջ՝
օրորոց,
հեքիաթ,
գրքեր,
հովվություն…
Վերջում՝
այդ օրերին երանի տվող
ուշացած ճամփորդ,
որ դարձել եմ ես…

ՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Այդ օրը
իմ գնդակից ընկած
զինվորի մայրը երկար արտասվեց,
իմ մեջ,
իմ միջոցով,
մինչ սառեց մարմինը նրա,
մոր աղեկտուր հեկեկոցի հետ
Աստված նույնպես լքեց ինձ,
երեևի սպանողը ընկնում է ավելի շուտ
քան սպանվողը…

<><><>
Ես չեմ հանում ճշմարտության աչքերը
որ կարողանամ ճանաչել
նրա անսահմանությունը…

<><><>
Երբ լեռներից մութը գլորվում էր գյուղ
նստում էինք սեղանի շուրջ,
մայրս բացում էր Աստվածաշունչը,
Աստված կրկին այցելու էր մեզ,
չէինք վռնդում,
նա չէր հեռանում,
Աստծո հետ ապրում էինք համերաշխ
մեր կտուրի տակ…
Այսօր էլ Աստծուն հանդիպելու համար
ես նայում եմ մորս…

<><><>
Օրորոցում քնած մանկան դեմքին
հահնգիստ առած սիրո մեջ
ես տեսնում եմ քեզ,
ու հասկանում մեր սիրո անսահմանությունը…

<><><>
Երկա՜ր կանգնեցի մահվան գլխավերևում,
հետո հասկացա՝
քչերն են ժպտում մահվան անդունդում,
քո մեջ ժպտում էր
մուրացիկ տղան՝
ով առաջինն էր քո հուրը լինում
լավաշ թխելիս…
Նոր հագուստի մեջ
հին ես ավելի, այն չի սազում քեզ,
մաշված գոգնոցդ պատմություն ուներ,
կյանք կար նրա մեջ,
հիմա… Էլ ոչինչ…
Չկա գոգնոցդ, չկաս նաև դու,
սպասում եմ դեռ,
կոնֆետներ սակայն դու բաժանում ես
դրախտում արդեն…

<><><>
Սառցակալած պատուհանից
ներս սահեց մեկ կաթիլ լուսին,
ու գլորվեց բաժակիս մեջ,
դրսում ոռնում էր բուքը,
իր ետևից քարշ տալով
ձնախառն փոթորիկը,
թեյից բարձրացող տաք գոլորշին
լուծվում էր դատարկ գրապահարանի մեջ,
խառնում էի թեյը
գդալի հետ պտտելով
իմ բաժին լուսինը,
ինձ թվաց թե խմում եմ
աշխարհի ամենից քաղցր շաքարով թեյը,
իսկ հայրս խորհում էր դեռ,
վաճառե՞լ պահարանում մնացած
վերջին գիրքը թե՞ ոչ,
նա չէր ուզում
որ մենք ապրեինք առանց ՆԱՐԵԿԻ…

<><><>
Տատիս թոշակը վերջացավ
մեկ տուփ սուրճի մեջ
«Կոնֆետ եմ ուզում,
այս շոկոլադը տատի»,
«Տանը կա, արի»,
ձեռքս բռնած համոզում էր
ամոթից կարմրած խեղճ կինը…

<><><>
Շնչի՛ր ինձ այս գիշեր
աղոթքներիդ մեջ,
աղոթքներիդ պես,
ու պարի՛ր, պարի՛ր
պարի՛ր ինձ համար։
Խենթ պտույտներդ
թող անցնեն սրտիս վրայով
որ մարսեմ քեզ
սիրո անհունում,
պարի՛ր, պարի՛ր,
պարի՛ր ինձ համար։
Մահվան թմբիրից
մռայլություն է որսում գիշերը,
ես ժպտում եմ դեռ,
ուրեմն իմ մեջ վաղուց մեռել են
հուդաները բյուր,
դու պարի՛ր, պարի՛ր
պարի՛ր այս գիշեր։
Ահա կանգառը
հասկացա՝
մահից առաջ պոետները
գրում են Քեզ.
չեմ հասցնում դուրս բերել
վերջին բառերս…
ողջը` լռություն….
Մի՛ մոռացիր ինձ
աղոթքներիդ մեջ,
պարի՛ր, պարի՛ր,
պարի՛ր ինձ համար,
մինչև առավոտ,

Share Button

1 կարծիք

  1. Արմինե Պետրոսյան

    Ասելիք ունեցող բանաստեղծություններ են: Շնորհավորում եմ հեղինակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>