Վարդինե Իսահակյան | ՍԻՐԱՆՈՒՅՇԸ

Վարդինե Իսահակյան

 Երկրի ծայր հյուսիսում՝ բարձր լեռներից  ու ոլորապտույտ ճանապարհներից անդին, անտառի փեշին ծվարած, ողջ աշխարհից մեկուսացած մի փոքրիկ գյուղում էր ապրում տիկին Սիրանույշը՝ ազնվական ծագում ունեցող կանանց  բնորոշ ճերմակ մորթով, գարնան մանուշակների կապույտն ունեցող աչքերով, փոքր համաչափ քթով, կարճ սանրվածքով ու նրբագեղ շարժուձևով: Նրան նայելիս ակամա հասկանում էիր, որ տեղացի չէր, նման չէր տեղաբնակ հասակակակից տատիկներին՝ ճերմակ մազափունջը ծոծրակին հավաքած, արևից այրված թուխ դեմքով:

Սիրանույշը  համագյուղացի Հովհաննես պապիկի երրորդ կինն էր: Ապրում էին գյուղի սկզբում գտնվող մի կիսակառույց փոքր տնակում: Երբ մութն ընկնում էր, նրանց հեքիաթային տնակի բոլոր պատուհաններից լուսամփոփի մեղմ լույս էր երևում: Կարծես մի ուրիշ՝ ոչ գյուղական կենցաղ էր նրանց տանը, և եղավ այնպես, որ ինձ բախտ վիճակվեց ամառային արձակուրդներին, մեկ օր բացահայտել այդ խորհրդավոր աշխարհը:

Ինձ գիրք էր հարկավոր, որոշեցի դիմել տիկին Սիրանույշին: Մոտեցա նրանց գեղեցիկ բակին, բացեցի փայտե դռնակն ու հայտնվեցի երփներանգ ծաղիկներով լի մի  դրախտային աշխարհում, ուր կարճահասակ խնձորենիների՝ կարմրին տվող ճյուղերը կքել էին բերքի ծանրությունից, իսկ հավերն ու աքլորը այնպիսի գեղեցիկ տեսք ունեին, ասես նրանց խնամքով ևս առանձնահատուկ էին զբաղվում այստեղ: Լվացքի ցածր պարանին փռած սպիտակեղենը փայլում էր ճերմակությամբ, ինչպիսին ես երբևէ չէի հանդիպել այլ տնտեսուհիների մոտ: Ինձ նկատելով՝ այգու խորքից ժպտալով  մոտեցավ տիկին Սիրանույշը՝ արևապաշտպան գլխարկով, ձեռնոցներով, քաղհան էր անում իր մարգերը: Ես հիացական ժպիտը դեմքիս ողջունեցի նրան, հարցրեցի որպիսությունը  և մի փոքր ամոթխած ասացի.

-Այս ինչո՞վ եք լվանում, որ ձեր լվացքն այսքան սպիտակ է:

Մենք նստեցինք խաղողի թարփամ որթերի թառմայի վրա բարձրացած տերևների հովին դրված փոքրիկ սեղանի շուրջ՝ փայտե աթոռների վրա, և  տիկին Սիրանույշն  ինձ պատմեց ճերմակաթույր լվացքի գաղտնիքը:

-Թանկագինս, Աստված չանի ձեր սերունդը երբևէ տեսնի էդ օրերը: Երկրորդ աշխարհամարտի  տարիներին սով էր, չքավորություն: Մենք ութ քույր էինք, հայրս մեկնել էր ռազմաճակատ, մայրս ու մեծ քույրս՝ Աշխենն էին հոգ տանում մեր մասին: Մեծ քույրս ինձանից տասնչորս տարի մեծ էր, օղորմի, երկու տարի առաջ մահացավ: Մենք լվացքի պարագաներ չունեինք և օգտագործում էինք մոխրաջուր: Ես այսօր էլ հավաքում եմ վառարանի մոխիրն ու սպիտակեղենս այդպես եմ լվանում: Թոշակը չի բավականացնում կենցաղային ամեն բան գնելու…

Տտարակուսած նայում էի այդ փափկասուն կնոջը և ուզում էի հարցնել՝  միթե երեխաներ չունեն, որ օգնեն ծնողներին, բայց ակամայից այլ հարց տվեցի:

-Իսկ ինչպե՞ս եք հայտնվել այս հեռավոր գյուղում, տիկին Սիրանույշ:

— Ռուսաստանի  հարավում՝ մի գեղեցիկ քաղաքում էր գտնվում հորական տունս՝ ծովի ափին, ծաղիկներով շրջապատված: Հայրս ավանդապաշտ մարդ էր և օտար հողում ապրելով՝ մեզ բոլորից հայկական անուններ էր տվել՝ Աշխեն, Սիրանույշ, Իմաստուհի…Ես վաղ տարիքում ամուսնացա տեղացի մեկի հետ, լավ մարդ էր, օղորմի, ունեցա ավագ որդուս: Ամուսինս մեկնեց ռազմաճակատ ու էլ չվերադարձավ… Շատ հայրենադարձ հայերի նման պատերազմից հետո մենք էլ վերադարձանք հայրենիք, ես ապրում էի որդուս հետ՝ քաղաքի բարձրահարկ շենքի տասնչորսերորդ հարկում գտնվող  իմ մեկսենյականոց բնակարանում: Մի օր ընկերուհուս տանը ինձ ծանոթացրեցին Հովհաննեսի հետ ու այդպես ամուսնացանք…,-ասաց ու ժպտաց,-նա արդեն հասցրել էր երկու անգամ ամուսնալուծվել: Երրորդ ամուսնությունն ավելի երկարատև եղավ, միասին երկու զավակ ունեցանք, միասին ծերանում ենք…Չնայած ծանր բնավորությանը, նա ինձ, երեխաներին միշտ լավ է պահել, չեմ դժգոհում…Արի ես քեզ ուղեկցեմ մեր փոքրիկ գրադարան, տեսնենք ինչ գիրք է քեզ հարկավոր:

    -Րաֆու «Գեղեցիկ Վարթիկ»-ն եմ ուզում կարդալ,-պատասխանեցի ես ու ներս մտանք տուն: Ամեն ինչ այնքան մաքուր էր տան ներսում: Թեպետ թանկարժեք ոչինչ չկար, բայց ամեն բան նրբաճաշակ ու կոկիկ էր դասավորված:

   Մի փոքրիկ սենյակում գտնվող մեծ գրապահարանի մեջ  ես գտա իմ փնտրած գիրքն ու ինքնամոռաց սկսեցի կարդալ. «Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով միհայ մարդ: Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր:Արշալույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով: Թռչունները դեռ նոր վեր հնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին:Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ….»:

Տիկին Սիրանույշն ինձ առաջարկեց թեյ խմել  իր պատրաստած հոնի մուրաբայով, ես սիրով համաձայնեցի: Թեյի սեղանի շուրջ նա ինձ ցույց տվեց ընտանեկան հաստափոր ալբոմի տարբեր էջերում հանգրվանած լուսանկարները, որոնցում նրա ծնողները, քույրերը, երեխաներն ու թոռներն այնքան գեղեցիկ էին:

-Որքան բարեկեցիկ կյանք եք ունեցել, ձեր երեխաներն անշուշտ  լավ կրթություն են ստացել, գեղեցիկ ընտանիքներ կազմել,-ասացի ես ու մի միտք ինձ, այնուամենայնիվ,  հանգիստ չէր թողնում.  անհասկանալի էր նրանց ներկայիս միայնակ, ժուժկալ կյանքն ու կենցաղը:

-Աղջիկս ամուսնացավ ատամնաբույժի հետ, երեք զավակ ունի և ապահովված կյանք: Մեծ տղաս նույնպես գեղեցիկ երեխաներ ունի…

-Իսկ ձեր կրտսեր որդի՞ն: Նա շատ հմայիչ տեսք ունի, ինձ շատ դուր եկավ…

Տիկին Սիրանույշի  դեմքին տխուրության մի անանց ալիք հայտնվեց:

-Փոքր տղաս նախընտրեց ամուսնանալ այլազգի մի աղջկա հետ, որքան էլ դեմ էինք… Եվ ահա նա երեխաներին վերցրեց ու հեռացավ: Արդեն քանի տարի՝ չեմ տեսել թոռներիս…

Անտառից տուն դարձավ Հովհաննես պապիկն ու հեռվից կնոջը դիմեց.

-Սիրանույշ, սոված եմ, հաց դիր ուտեմ:

Կինը, ներողություն խնդրելով, վեր կացավ, շտապեց խոհանոց լոբիով ապուրը  տաքացնելու: Իսկ ես ծանոթացա բարձրահասակ, խստադեմ, բարեհոգի Հովհաննես պապիկի հետ, ով շատ ուրախացավ, որ ես այցելել եմ իր կնոջն ու «կտրել նրան տխուր մտքերից»…Ես օգնեցի հավաքել թեյի բաժակներն ու վերցնելով գիրքը՝  դուրս եկա այդ «ամրոցից», որի բնակիչների աչքերում ամբարված լուռ տխրությունն ինձ համար առեղծվածային էր…

Ամառային օրերն անցնում էին արագ, ես ավարտելով մի գրքի ընթերցանությունը, խորամուխ էի լինում հաջորդ գիրքը կարդալուն: Եվ այդ ընթացքում իմ այցերը տիկին Սիրանույշի  տուն  հաճախակի դարձան: Մի անգամ նա ինձ հյուրասիրեց իր պատրաստած ապուրը, որի անզուգական համը ես այլ տեղ երբեք չգտա: Օրեցօր համոզվում էի՝ որքան  բարի ու բազմաշնորհ է այդ կինը, մի այլ աշխարհ էր նա իր մեջ ներառում և այնքան հագեցած աշխարհ, որտեղ երբեք չէի հոգնում, չէի ձանձրանում, որտեղ ամեն բան ինձ համար նոր էր ու ուսուցողական: Ես ողջ կյանքում պետք է հիշեի այդ ամռան իմ անմոռանալի ծանոթուհուն:

Մի անգամ  ելակի մարգերում ելակ էինք հավաքում, երբ տիկին Սիրանույշը պահաբար ինձ ասաց, որ կրտսեր որդին այստեղ չէ, արտերկրում է: Իսկ ավագ որդին հաճախ չի այցելում իրենց, քանի որ Հովհաննեսն այդպես էլ չընդունեց առաջին ամուսնուց  ծնված այդ տղային: Իսկ դուստրը շուտով կգա ծնողներին այցի իր երեք զավակների ու ամուսնու հետ:

Երեք օր անց նրանց բակը լի էր երեխաների աղմուկով, հաճելի իրարանցմամբ, ես ուրախացա ներքուստ, որ տիկին Սիրանույշը տխուր չէ: Երբ ծանոթացա դստեր և երեխաների հետ, հիացմունքով էի նայում այդ բարձրաշխարհիկ, կարգապահ, միմյանց առանց խոսքի հասկացող ընտանիքին: Սուրճի սեղանի շուրջ տիկին Սիրանույշը շշուկով աղջկան խնդրեց տեղեկություն իմանալ թոռների՝ կրտսեր որդու երեխաների գտնվելու վայրի մասին, թե որտեղ է տարել հարսը նրանց: Աղջիկը մորը հանգստացնում էր ու ձեռքի ճերմակաթույր թաշկինակով սրբում նրա արցունքները: Ես կրկին ինձ տանջող մտածմունքների գիրկն ընկա, այդպես էլ չկարողանալով հասկանալ՝ ինչ վիշտ է տանջում իմ սիրելի տիկին Սիրանույշին:

Աղջկա մեկնելուց մեկ շաբաթ անց, ես հերթական գիրքը ձեռքիս մտա նրանց բակ ու բարձր ձայն լսեցի: Վախեցած քայլերս արագացրի ու տիկին Սիրանույշին գտա հյուրասենյակի հատակին ծնկաչոք, բարձր ձայնով  լացելիս: Ամուսինը, խոհանոցի մութ անկյունում նստած, նույնպես արտասվում էր, նրա դեմքին դաջված անամոք վիշտ  նկատեցի: Ես ժամեր շարունակ նստած էի բազմոցին ու չէի հասկանում՝ ինչ է կատարվել ու ինչպես մխիթարել աշխարհից մեկուսացած ու իրենց վշտի հետ այդ տնակում փակված ամուսիններին:

Այդ օրվանից հետո  նրանց լույսը վառ էր մնում ողջ գիշեր, նրանք ավելի էին պարփակվել իրենք իրենց մեջ ու ոչինչ չէին խոսում: Փոքրիկ գրադարանն իմ տիրապետության տակ էր, ես երբեմն գնում էի նոր գիրք վերցնելու պատրվակով ու թեյ պատրաստում նրանց համար, մի փոքր նստում՝ չիմանալով ինչի մասին խոսել և ինչպես հարցնել…Ամառն ավարտվեց, ես հրաժեշտ տվեցի այդ արտասովոր ամուսիններին ու վերադարձա քաղաք: Ողջ ճանապարհին մտածում էի տեղ հասնելուն պես զանգահարել ու մի օր այցելել քաղաքաբնակ նրանց դստեր տուն…

*****

Ամառը թողնելով անտառով շրջապատված հեռավոր գյուղում, ես ինձ հետ միայն տպավորություններ էի բերել քաղաք, որտեղ արդեն զով աշուն էր ու ես փորձում էի վերստին հարմարվել ուսանողական աղմկոտ առօրյային: Օրերի հետ իմ մեջ ավելի էր բորբոքվում սրտացավությունից ծնված  հետաքրքրասիրությունը բացահայտել տիկին Սիրանույշի կապտաթույր աչքերի անհատակ խորքում ծվարած տխրության, նրա  աղիողորմ լացելու պատճառը: Ես որոշել էի առաջիկա կիրակին զանգահարել նրա դստերը՝ Մարիային: Մարիան շատ ուրախացավ՝ լսելով իմ ձայնը և հրավիրեց իրենց առանձնատուն: Ես հապշտապ հագնվեցի, մոտական խանութից քաղցրավենիք գնեցի ու շտապեցի նրանց տուն: Մեծ դարպասի մոտ կանգնած այնպես սրտատրոփ էի սպասում դրա բացվելուն: Ինձ դիմավորեց ինքը՝ Մարիան, նրբագեղ, ժպտադեմ, տնային հագուստով: Մենք նստեցինք հյուրասենյակում, թեյ խմեցինք  և մինչ ամուսնու տուն գալը երկար խոսեցինք՝ ասես վաղեմի ծանոթներ լինեինք: Ես հարցրեցի տիկին Սիրանույշի մասին, Մարիան հառաչեց ու պատասխանեց.

-Դե ոնց պետք է լինի, եղբորիցս հետո նա լիովին ջախջախված է…

Ես զգուշությամբ հարցրեցի եղբոր ու նրա երեխաների մասին:

-Եղբայրս արձակուրդին արտերկիր էր մեկնել ու այնտեղ էլ հանդիպել էր ապագա կնոջը: Նրանց ամուսնությունը մի տեսակ հապճեպ ստացվեց, հարսս երեխայի էր սպասում արդեն: Եվ եղբայրս այլազգի կնոջը բերեց մորս տուն: Չնայած համատեղ կենցաղում ի հայտ եկած բազում խնդիրներին, նրանք երջանիկ էին, ծնվեցին եղբորս երկու հրաշալի բալիկները: Ամեն բան լավ էր: Տարիներ անց  որոշեցին մեկնել  հարսիս  ծննդավայր, որպեսզի երեխաները տեսնեին տատիկ պապիկին: Ամառն անցավ, նրանք չեկան: Եվ մենք այլևս չտեսանք եղբորս: Ավելի ուշ հարսս երեխաների հետ վերադարձավ և ասաց, որ եղբորս ձերբակալել են: 

Օրեր անց հեռախոսազանգ ստացանք, որ եղբայրս  նախնական կալանքի տակ է մարդիկ սպանելու մեղադրանքով: Ի հայտ եկան ծանրացուցիչ հանգամանքներ և հայրս տարիների իր խնայողությունները վատնեց լավ փաստաբանի փնտրտուքով..

-Բայց, ի վերջո ի՞նչ էր արել այդպիսի օրինակելի մոր զավակը…

-Դա այնքան անհավանական պատմություն էր, ոչ ոք չէր հավատում, որ եղբայրս մարդասպան է: Նա այնքան կիրթ ու մեղմ բնավորություն ուներ, ախր նա ինչպես կարող էր մարդիկ սպանել, այն էլ այդպիսի դաժանությամբ…Այնտեղ հասակակից մի տղայի հետ էր ընկերացել: Ըստ դատավճռի ՝ երկու ընկեր մեքենայի գնման գործարք էին ցանկացել կնքել մի տեղաբնակի  հետ ու ընդհանուր համաձայնության չգալով գնի շուրջ, դանակով առանձնակի դաժանությամբ սպանել էին այդ մարդուն ու նրա կնոջը: Դատարանը վճռել էր ծանրագույն պատիժը՝ մահապատիժ…

Ես ողջ մարմնով դողում էի այդ սահմռկեցուցիչ պատմությունը լսելով …

-Մայրս ոչ մի կերպ չի համակերպվում որդու չլինելու փաստի հետ, հաճախ  մեղադրում է հարսին, որը եղբորս այդ չարաբաստիկ քաղաքին կապեց: Մենք այդպես էլ չիմացանք՝ իրականում ինչ էր տեղի ունեցել, որքան մեծ էր եղբորս մեղքի բաժինը, որ  արդարադատությունն այդպիսի  դաժան պատիժ սահմանեց նրա համար…

-Իսկ նրա կինը, երեխաները որտե՞ղ են, ինչպե՞ս են ապրում…

-Դեպքից հետո եղբորս կինը ծնողներիս հետ մշտական վեճերի մեջ էր, ի վերջո քաղաքի բնակարանը թողեցին նրան, որ երեխաներին չտանի երկրից, իսկ իրենք հաստատվեցին հորս պապական գյուղի այդ կիսակառույց տնակում: Հայրս վաղուց էր եղբորս հետ նախաձեռնել այդ գյուղում ամառանոց կառուցել, հիմքերը դրել էին եռահարկ առանձնատան, ցավոք, անավարտ մնաց, իսկ իրենք ստիպված եղան հանգրվանել քիչ հեռու գտնվող փոքրիկ կիսակառույց տնակում:

-Բայց ձեր մայրը թոռների մասին կարոտով էր հիշում, մի՞թե Հայաստանում չեն:

— Չգիտենք եղբորս կինն ինչ արեց քաղաքի՝ ծնողներիս պատկանող բնակարանը, երեխաներին վերցրեց ու անդարձ հեռացավ երկրից, բոլոր կապերը մեզ հետ խզեց: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա նորից ամուսնացել է, իսկ երեխաներին թողել իր ծնողների խնամքին: Մայրս շատ է կարոտում իր մեծացրած թոռներին: Ես ցավոք դեռ ոչ մի տեղեկություն չունեմ նրանցից, որ մորս ուրախացնեմ գոնե …

Անցան ամիսներ, մի օր զանգ ստացա Մարիայից, ասաց, որ հայրը շատ վատ է, շաքարն է բարձրացել, գանգրենա է սկսվել ու տեղափոխել են հիվանդանոց, պատրաստվում են վիրահատության: Երկու շաբաթ անց ես արդեն միջքաղաքային ավտոբուսի պատուհանի տակ նստած մեկնում էի: Դասերն ավարտվել էին և ես որոշել էի գնալ տիկին Սիրանույշին և Հովհաննես պապիկին տեսության: Երբ մոտեցա նրանց բակին, տեսա հեռվից եկող Հովհաննես  պապիկին՝ որսորդական հրացանն ուսին: Հուզմունքից ճամպրուկը ձեռքիցս ընկավ ցած. նրա մի ոտքը չկար… Նա  հենակների օգնությամբ դժվարությամբ առաջ էր շարժվում… Ծերացել էր տիկին Սիրանույշը, աչքերի տակ խորը կնճիռներ էին հայտնվել: Նրա համար շատ դժվար էր միայնակ խնամել ամուսնուն: Ես գրկեցի նրան ու արդեն նրա վիշտն իմանալով՝ սկսեցի անզուսպ հեկեկալ: Մեկ շաբաթ անցկացրի ես նրանց հետ ու առաջվա նման ամռան օրերն այլևս  անհոգ չէին թվում: Տիկին Սիրանույշի հատուկենտ սև մազերն անհետացել էին, Հովհաննես պապիկը դյուրագրգիռ էր դարձել, շաքարի պատճառով հաճախ քաղցի զգացում էր ունենում ու եթե  կերակուրը մի փոքր ուշանում էր, բղավում էր կնոջ վրա ու ամեն անգամ կրկնում.

-Մարդ մեռներ պրծներ էլի, սենց ապրելն ում է պետք…

Իմ մեկնելու առավոտյան տիկին Սիրանույշն ինձ ուղեկցեց մինչ դարպասի մոտ ու արցունքները աչքերին ականջիս շշնջաց.

-Բժիշկն ասաց, որ եթե նման արագությամբ զարգանա Հովհաննեսի հիվանդությունը, հնարավոր է մյուս ոտքն էլ հեռացնեն: Ես կկորեմ, չեմ դիմանա…

Ես վերադարձա քաղաք ավելի ծանր զգացողությամբ: Երկար  ժամանակ պահանջվեց մինչ կարողացա կենտրոնանալ դասերիս վրա ու նորից ինտեգրվել ուսանողական կյանքին: Երբեմն զանգահարում էի Մարիային, երբեմն նա էր զանգում ինձ, ծնողների մասին պատմում:

Հոկտեմբերի վերջն էր արդեն, ես պատրաստվում էի ստուգարքներ հանձնել և ինձ զանգահարեց Մարիայի աղջիկը: Ես անհանգստացա, հարցրեցի որտեղ է մայրիկն, ինչ է պատահել…Մարիային զանգահարել էին գյուղամեջյան հեռախոսակայանից  ու հայտնել ցավալի լուր: Նրանք շտապ մեկնել էին գյուղ…

*****

Աշնան գույնզգույն տերևները ծածկել էին Մարիայի  տան արահետը: Ինձ դիմավորեց Մարիան՝ կարմրած աչքերով  և պատմեց եղելությունը.

-Հայրս կրկին վատացել էր, հասցրել էին շրջկենտրոնի հիվանդանոց: Բժիշկը հայտնել էր, որ փտախտը տարածվում է հարկավոր է շտապ  մյուս ոտքն էլ հեռացնել:  Հայրս ցանկացել էր տուն վերադառնալ: Տխուր մտքերի մեջ  մորս ասել էր՝ ում է պետք իմ ապրելը: Մայրս հաճախ ասվող այս խոսքերին ուշադրություն չէր դարձրել: Երկու օր անց, երբ մայրս մեկնում է գյուղամեջյան կայան ինձ հեռազանգելու, հայրս վերցնում է իր որսորդական հրացանն ու գնում  անտառ, որտեղ սիրում էր երկար նստել: Վերադարձին  հարևանը մորս ասում է, թե անտառից հրացանի կրակոց լսվեց: Մայրս,  տանը չգտնելով հորս, խուճապահար շտապում է դեպի անտառ: Ու հայտնաբերում է սոսկալին. հայրս որսորդական հրացանով ծնոտի ներքևից  կրակել էր ինքն իրեն…Օրեր անց խոհանոցի մութ անկյունում դրված  սեղանի սփռոցի տակ գտանք մի գրություն.«Իմ սիրելի Սիրանույշ, դու շատ ես տանջվել, չուզեցի քեզ ավելի տանջել: Ավելի լավ է մեռնեմ քան թույլ տամ մյուս ոտքս էլ հեռացնեն ու բեռ դառնամ քեզ համար…»

Տուն մտանք, տիկին Սիրանույշը բազմոցի ծայրին նստած լուռ արտասվում էր: Դուստրը նրան բերել էր քաղաք իրենց հետ բնակվելու: Որքան մեծ եղավ ուրախությունը, երբ տեսավ ինձ…

Տիկին Սիրանույշն ապրեց քաղաքում՝ դստեր տանը: Մինչ կյանքի վերջին շաբաթը  նա ամեն կիրակի զանգահարում էր ինձ ու խնդրում այցելել իրեն: Ես ոչ միշտ էի կարողանում նրան տեսության գնալ, ինչի համար անասելի զղջում եմ:

Բարի, հեզ, մաքրակենցաղ այդ կինն ապրեց 92 տարի: Նա շատ էր կարոտում գյուղը, այն տունը, որտեղ կյանքի վերջին տարիներն ապրեց ամուսինը: Մի անգամ խնդրել էր աղջկան իրեն տանել քաղաքի հին թաղամասերից մեկը, որտեղ քարե շենքի երրորդ հարկում իրենց հին բնակարանն էր: Բնակարանի սեփականատերերն արդեն այլ մարդիկ էին, որոնց համար խորթ էր ու զարմանալի իրենց պատշգամբին նայող ծեր կնոջ դառնաղի արցունքները… Նա ցանկացել էր գոնե հեռվից նայել  իրենց երջանիկ օրերի պատշգամբին…

-Մայրս քնի մեջ հաճախ էր թոռան անունը տալիս…Ես խնդրեցի  արտերկրում բնակվող մորաքրոջս որդիներին անպայման գտնել եղբորս որդուն: Նրանք մեծ դժվարությամբ գտել էին: Ես համացանցով կապ հաստատեցի նրա հետ ու հրավիրեցի մեզ մոտ՝  տատիկին տեսնելու: Նա եկավ, մեծ տղա էր արդեն՝ բարձրահասակ, գեղեցկադեմ: Հինգ տարեկան էր, երբ հեռացավ մեզանից: Գրեթե չէր հիշում մեզ, միայն տատիկին էր հիշում… Աննկարագրելի էր մորս հուզմունքն ու լացը: Իմացանք, որ քույրն ամուսնացել է արդեն, իսկ ինքը ուսանող է: Հայերեն գրեթե չէր խոսում,-մոր հուղարկավորության ժամանակ  պատմեց ինձ Մարիան:

-Թոռանը ճանապարհելուց երեք օր անց մայրս  մահացավ, նա քնեց ու էլ չարթնացավ: Իրականացել էր նրա վերջին փափագը, շտապեց ամուսնուն լուր տանի Հովհաննես անունը կրող թոռան մասին…

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի