Ռազմիկ Գրիգորյան | ՆԱՏԱԼԻ

Բարի ու կատակասեր մարդ էր քեռիս։ Սկզբում նրա ընտանիքում չորս հոգի էին՝ ինքը, կինը, աղջիկը և տատս։ Պապս զոհվել էր Մեծ Հայրենականի ժամանակ։ Քեռին միշտ հպարտությամբ էր հիշում հորը, իրեն համարելով հոր արժանի զավակը, քեռին էլ մասնակցել էր Արցախյան ազատամարտին։ Քեռին մի թութակ ուներ, որի անունը չգիտես ինչու դրել էր Նատալի։ Նատալիի հետ խաղալու համար հաճախ էի գնում նրանց տուն։ Թութակը կրկնում էր յուրաքանչյուր բառս։ Քեռին նրան նույնիսկ հայոյել էր սովորեցրել։ Թութակը հաճախ էր հայոյում քեռուս կնոջը, և դա էր պատճառը գուցե որ նա թութակին տանել չէր կարողանում։ Եթե քեռիս կամ աղջիկը տանը չէին մնում այդ օրը թութակը սոված էր մնում, կինը երբեք չէր կերակրում նրան։ Նրանց վեճը սկսվում էր այն պահից, երբ քեռիս մոտենում էր թութակի վանդակին և ասում.

-Նատալի՛, կյանքս, արի մոտս,-բացում էր վադակի դուռը և գիրկն առնելով համբուրում թութակին։
-Քսան տարվա մարդ ու կին ենք, մի օր ինձ տենց չասեցիր,- վրդովվում էր կինը,- ես գիտեմ էդ Նատալին էլ խոպանից մնաց, ուշք ու միտքդ էդ Նատալիներն են։
Չնայած կնոջ անընդմեջ փնթփնթոցին քեռին հանգիստ լսում էր և քիչ դեպքերում էր պատասխանում.
-Պրծա՞ր, կոֆե դիր խմեմ, դու խոսելուց հեչ չե՞ս հոգնում։
Իսկ կինը խոսում էր անգամ սուրճ կամ հաց պատրաստելիս։ Տատս չէր խառնվում նրանց վեճերին։ Օրվա մեծ մասը իր սենյակում էր լինում, հեռուստացույց էր դիտում կամ գիրք կարդում։ Տատս Մուշից էր։ Փախեփախի ժամանակ, եղբոր հետ հասել էր Հայաստան, ճանապարհին կորցրել էր մորն ու քրոջը։ Տարիներ անց, քույրը գտել էր տատիս, սակայն այդպես էլ նրանք չհանդիպեցին։ Քույրն ու մայրը հասել էին Ամերիկա, որտեղ երեք տարի անց, մայրը մահացել էր։ Նրանք միմյանց հետ խոսում էին հեռախոսով, և ամեն անգամ մի քանի բառ փոխանակելուց հետո երկուսն էլ արտասվում էին։ Նրանց զրույցը մնում էր կիսատ, ինչպես սեփական հայրենիքում ընտանեկան խաղաղ կյանքը, որն այդպես էլ երազ մնաց միլիոնավոր հայերի համար։ Հաճախ տատին ձայն էր տալիս սենյակից.
-Եկե՛ք, մեկդ էն դիսկը դրեք, էլի: Մեզանից մեկը գնում և միացնում էր Արևմտյան Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմը։ Տատին մոտենում էր հեռուստացույցին ու արցունքների միջից փարվում հայրենի հողին։ Հաճախ էր պատմում, թե ինչպե՞ս էին փախել, թե ինչպե՞ս էին թուրքերը սպանել իր հորը, հորեղբորը։ Նա պահում էր մի քարտեզ, որտեղ մայրը թաղել էի իրենց ոսկիները։ Տատին հավատում էր, որ կբացվեն ճամփաները և ինքը կբերի այդ ոսկիները, կբաժանի թոռների մեջ։ Նա այդպես էլ չհասկացավ, որ այսօրվա աշխարհում արդարությունը պահվում է մեծ ամբիոններում և հանվում է այն ժամանակ միայն, երբ հզորները ուզում են միմյանց մեջ կիսել ինչ-որ բան… Դեմոկրատիան երևաց մեզ սպիտակ ձեռնոցներով, ու ոչ ոք չկարողացավ տեսնել նրա ձեռքերի արյունը։
Տասը տարեկան էի երբ քեռուս ընտանիքը երեք դարձավ։ Նստում էինք, զրուցում, սենյակիս այլևս մեզ կանչող չկար։ Մարդիկ աշխար են գալիս, որ նորից գնան։ Յուրաքանչյուրն իր հետ տանում է անավարտ մնացած ինչ-որ երազանք։ Այդ առավոտ տատին երազում ամուսնուն էր տեսել։ Պատմեց երազը։ Պապը կանչել էր իրեն…
Վիրահատությունից հետո քեռին այլևս խոպան չգնաց։ Տաքսի էր վարում։ Չնայած ցածր աշխատավարձին, նա թութակին երբեք չէր մոռանում, որը կնոջն ավելի էր բարկացնում.
-Դրան ավելի լավ ես նայում քան մեզ, ծախիր թող գնա, էլի:- Երբ քեռին տուն էր մտնում թութակի կերը ձեռքին, կինը նրան այս խոսքերով էր դիմավորում։
Մի երեկո խաղում էի թութակի հետ։ Լսվեց դռան զանգը։ Քեռին վեր կացավ, բացեց դուռը։ Ներս մտավ էլեկտրիկը որը քեռուս հարևանն էր.
-Բարի երեկո Աշոտ։
-Բարև Ավագ ջան, ես վաղը կամ մյուս օրը կհանդիպեմ քեզ:- Պարզ էր Ավագի գալու պատճառը։
-Չէ՛, անջատում եմ լույսը, ամեն օր նույն բանն ես ասում։
-Երկու օր էլ համբերիր՝ կտամ։
-Չէ մի նեղացիր, անջատում եմ։
-Անջատի՛ր։
-Բարի գիշեր։
-Բարի գիշեր։
Էլեկտրիկի գնալուց մի քանի րոպե հետո բնակարանի լույսն անջատվեց։ Քեռուս աղջիկը որ պատրաստվում էր ընդունելության քննություններին, դուրս եկավ իր սենյակից։
-Մամ գոնե մոմ ունե՞նք։
-Հա,-քեռակինս երկու մոմ բերեց, վառեց, մեկը դրեց սեղանին, մյուսը Անին տարավ իր սենյակը,-Մութ տեղը մի կարդա՛, աչքերին լավ չի։
-Օ՜ֆ, մամ բա ի՞նչ անեմ մի շաբաթ ա մնացել։
Քեռին ծխախոտ վառեց ու սկսեց բարձր-բարձր հայոյել Ավագին։
-Սպասիր Ավագ տղա, գործդ կընկնի ինձ, ես քեզ մարդ ասողի տիրոջ մերը, մարդ չդարձար էլի։
-Ավագն ի՞նչ անի էդ էլ իր գործն ա։ Լույսի փող չունենք դու թութակ ես պահում, դրան կեր առնելու փոխարեն՝ փողը կտայիր լուսերը չէին անջատի,-վրդովված խոսեց քեռակինս։
-Ավագն ի՞նչ անի էդ էլ իր գործն ա։ Լուսի փող չունենք դու թութակ ես պահում,-Վանդակի միջից խոսեց թութակը։
-Սուս մնա Նատալի ջան,- ժպտաց քեռին։
-Սուս մնա Նատալի ջան,- կրնեց թութակը։
-Սրա ձայնը կտրի, էն երեխին խանգարում ա,- քեռակինս դիմեց քեռուն։
-Սրա ձենը կտրի, էն երեխին խանգարում ա,- թութակը վանդակում անհանգիստ շարժումներ էր անում։
Քեռակինս չդիմացավ, վեր կացավ, շորը գցեց թութակի վրա։ Դա միակ միջոցն էր, որ կարողանում էր կտրել թութակի ձայնը։
Տատիս մահվանից հետո, քեռուս տանը հյուրընկալվելիս՝ ես նրա սենյակում էի քնում, որը կպած էր քեռուս սենյակին։ Այդ օրը ես լսեցի նրանց վեճը։ Կինը բարձր-բարձր խոսում էր, երբեմն թվում էր, թե արտասվում է.
-Սուս մնա քնենք առավոտը լույսը կմիացնեն։
-Նենց անեիր թող չկտրեին, դիպլոմն առել տաքսի ես քշում։
-Ի՞նչ անեմ։
-Ի՞նձ ես հարցնում։ Ոչ մի բան էլ մի արա, անողն արել ա արդեն։ Մարդիկ իրենց ամեն տեղ գցելով փող են աշխատում, իսկ դու լույսի փողն էլ չես կարողանում տալ։
-Ո՞նց են աշխատում էդ փողը։
-Չգիտեմ։ Մեր շենքից քանի հոգի կան, սրա նրա հետ գործ բռնելով մարդիկ միլիոնատեր դարձան…
-Սրան, նրան քծնելով դարձան։
-Պահ, դու սուրբ ես, դե գնա թութակ պահիր, թող աղջիկդ մոմի լույսի տակ կարդա, աչք կուրացնի։
-Քո լեզուն մեխանիկական ա, չի հոգնում,-քեռին դուրս եկավ սենյակից, պառկեց հյուրասրահում՝ բազմոցին։ Կինը ինքն իրեն երկար շարունակեց խոսել։ Քունը չթողեց, որ միչև վերջ լսեի նրան։
Անին բոլոր քննությունները գերազանց հանձնեց։ Ընդունվեց համալսարան։ Սովորելու էր անվճար համակարգում։ Տատիս մահվանից հետո դա քեռուս ընտանիքում միակ ուրախությունն էր։ Քեռին որոշեց նշել այդ օրը։ Հրավիրված էինք մենք, մորաքույրս իր ընտանիքով, հարևանները՝ որոնց մեջ էր նաև Ավագը և Անիի համադասարանցիները։ Բոլորն ուրախ էին, խմում էին, պարում, շնորհավորում Անիին։ Միակ օրն էր որ քեռակինս նույնպես ուրախ էր, չեր վիճում ոչ ոքի հետ, չեր դժգոհում ոչ ոքից, պարում էր, ուրախանում։ Քեռին վեր կացավ բաժակը ձեռքին.
-Էս բաժակով էլ խմում եմ հարևաններից կենացը, Սոս ջան, Արսեն ջան, Ավագ ջան, ողջ լինեք:
Քեռին դեռ չէր ավարտել, հանկարծ լսվեց մի ձայն, թվաց թե մարդ մտավ տուն, բոլորը նայեցին միջանցքի կողմը։
-Սպասիր Ավագ տղա, գործդ կնկնի ինձ, ես քեզ մարդ ասողի տիրոջ մերը, մարդ չդարձար էլի…
Բոլորը ապշած իրար նայեցին։ Քեռին կախեց գլուխը, Ավագը նայեց թութակին։ Թութակը կշարունակեր, բայց քեռակինս շորը գցեց նրա վրա և տարավ խահանոց։
Լռությունը ցրեց Ավագը.
-Իմացա իմ մասին ի՞նչ եք մտածում, թութակը լավ կենդանի ա,-կատակեց նա։
Քեռին ոչինչ չասաց։ Հյուրերը գնացին։ Մնացինք հարազատներով։
-Էդ թաղվածը մեզ խայտառակ արեց,-լսվեց խոհանոցում սուրճ պատրաստող քեռակնոջս ձայնը։
Քեռին երկար ժամանակ չէր խոսում, թվում էր թե չի կարողանում հասկանալ կատարվածը…

Թողնել պատասխան

Your email address will not be published.