Իոսիֆ Բրոդսկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց Ավագ Եփրեմյանը

Ծննդյան ռոմանս
Լողում թախծի մեջ անմեկնելի`
պարպելով պրկումն աղյուսակուռ
գիշերվա նավակն անհագչելի
շողում է Ալեքսանդրյան այգուց:
Գլխավերևում` ով ում սիրեց.
անտարբեր ոտքի տակ` անցորդի-
դեղին նավակը անմարդամերձ —
նման վարդի:
Լողում թախծի մեջ անմեկնելի`
«հարբեցող-լուսնոտ» պարսն է ճխում,
մայրաքաղաքի հյուրը էլի
մի լուսանկար արեց տխուր.
և Օրդինկա է տաքսին բերում
ուղևորներին հիվանդ ու ծեր.
և գիրկընդխառն են մեռյալներ ու
մենատներ:
Լողում թախծի մեջ անմեկնելի`
երգիչն է շրջում մայրքաղաքով,
կրպակի կողքին է կերոսինի`
տխուր պահակն է կլոր դեմքով.
շտապում է բանով անբարեկարգ
սիրեկանը ծեր ու գեղեցիկ:
Կեսգիշերային նորասան
գնացքն է լողում ծիրում թախծի:
Լողում` դեպ չարիք պատահական,
Լողում` անդրմոսգետյան ծխում`
հածում եմ շեշտերն հրեական դեղին սանդուղքի վրա տխուր,
ու մինչև սերը ցավ նորոգի.
Նոր տարվա տոնի նախօրյակին
լողում է մի թունդ գեղեցկուհի`
չբացատրելով թախիծը իր:
Աչքերում ցուրտն է այս ուշ ժամի,
վագոնի վրա` դողդոջ փաթիլք,
սառցակալ քամին, գունատ քամին.
կարմիր ափերը պրկում է ձիգ.
բույսերի մեղրը`ծորում. հալվան
բույրով բռնում է ուշ երեկոն.
ճրագալույցն է — իր գիշերվա կարկանդակով:
Քո Ամանորն է — արմունկների
մուգ կապույտ ծովում մայր քաղաքի —
լողում թախծի մեջ անմեկնելի.
կարծես թե կյանքը աջ կթեքվի`
կարծես թե սա դեռ սկիզբն է կյանքի,
կարծես թե լույս ու փառք կլինի,
հաջողակ օր ու լիառատ հաց.
կարծես թե կյանքը աջ կթեքվի`
թեքվելով ձախ:

28 դեկտեմբերի, 1961

Ոդիսևսը Տելեմաքոսին
Իմ Տելեմաքոս, Տրոյան չկա:
Թե ով է հաղթել — արդեն չեմ հիշում:
Երեւի հույներն. այդքան նահատակ
տուն-տեղից հեռու հույնը կթողնի…
եւ այդուհանդերձ, տուն բերող ճամփան
շատ երկար եղավ: Պոսեյդոնն, ասես,
տարածություն է ձգել, մինչ այնտեղ
ժամանակն էինք վատնում: Հայտնի չէ,
թե որտեղ եմ ես. մի կեղտոտ կղզի,
կառույցներ, թփեր, խոզի խռխռոց,
ճոխ այգի, ինչ-որ արքայադուստր,
խոտեր են ու քար… Իմ Տելեմաքոս,
կղզիներն իրար նման են թվում,
եթե երկար ես ճանապարհորդում,
այնքան ալիք եմ հաշվել, ուղեղս
խախտվել է արդեն , եւ հորիզոնով
խցված իմ աչքում արտասուքներ են,
ջրային միսը փակել է ունկս:
Ինչո՞վ ավարտվեց այդ պատերազմը,
Քանի՞ տարեկան դարձար` չեմ հիշում:
Աճիր, հասակ առ, իմ Տելեմաքոս:
Դիցե՛րը գիտեն` մենք կտեսնըվե՞նք:
Դու հիմա արդեն այն մանուկը չես,
ում առջև ցուլերն ահեղ զսպեցի:
Պալամեդոսը չլիներ — քեզ հետ
կլինեի, բայց… նա ճիշտ էր գուցե.
առանց ինձ զերծ ես Էդիպի կրքից,
եւ երազներդ, որդիս, անպիղծ են:

1972

Քսան սոնետ Մարի Ստյուարտին
1
Մարի՛, վանդակավոր Ալբան կարգին
անկիրթ եղավ: Ո՞ր մի ծունկը նրա
կանխատեսեց` էկրանների վրա
կենդանանաս, ինչպես արձան, այգի:
Մասամբ` սա, անունով Լյուքսեմբուրգի:
Ինչ-որ ռեստորանից եկա — սրա
լճակներին նայեմ: Եվ ո՜վ հրաշք,
հանդիպեցի այստեղ ես Ձեզ, Տիկին:
Եվ այդ հանդիպումի ահա ուժից,
և զի «հարյավ անցած ողջն իմ սրտում»`
ես դասական կոտորակ եմ բրդում
հին փողաբերանն ու բխում եմ ժիր`
ինչ դեռ մնաց ռուսաց խոսքին բաժին —
ընծա Ձեզ, Ձեր ուսի կաթնամուժին:
5
Քո սիրեցյալների թիվը, Մարի,
նախանձողդ թող շատ չհամարի,
երեք էր, ութ, քսան, քսանինը:
Թագը չունի ավելի մեծ կորուստ,
քան թե պատահական անկողինը:
(Հեգ դատապարտյալ է թագն ի վերուստ.
հանրապետությունը պի՜նդ կաղին է,
անտիկ սյան պես): Այս կարծիքից բեր ու
Մարիա Սոցաննի և Բրոդսկի
շոտլանդական կոմսին (հաստ կողի՛ն իր)
փորձիր շարժել թեկուզ կես քայլ հեռու:
Քո ալբացոց ի~նչ մի ուղեղին էր`
ինչ կա անկողնու մեջ, ինչ` գահերում:
Ճերմակ ագռավ եղար դու քո դարում,
ուստի վճարեցիր բոզի գինը:
6
Ես ձեզ սիրում էի: Սերը (գուցե
ցավ է), դեռ ուղեղն է իմ շաղափում:
Ողջն ի դերև ելավ, ցնդեց օդում:
Փորձեցի ինձ խփել, զենքի հարց էր`
բարդ է: Քունքերն էլ են լավ շփոթում`
որի՞ն: Բանը դողով չէր փչացել,
այլ` մտածմամբ: Թու՛, չարք, ի՞նչ եմ բրդում:
Այնպես անհույս, ուժգին սիրեցի ձեզ,
որ, տա Աստված, այլոք… երբեք չի տա:
Նա` լինելով կարող, բազմագիտակ,
կրկին չի արարի — ըստ Պարմենիդեսի —
լայնոսկր ճռթոցը, արյան ջերմն այս հուռթի,
որ ատամնալիցքին տենչը բերնում կիզի`
ուզի քսվել — «կուրծքը» ջնջենք — շուրթին:
9
Հարթավայր է: Շեփոր: Մարտի շառաչ:
Մտան երկու հոգի: «Ո՞վ ես, կանգ առ»:
«Իսկ դո՞ւ»:«Ի՞նքս»: «Այո՛»: «Բողոքական»:
«Մենք` կաթոլիկ»: «Այդպե՜ս»: Ճռթոց: Հառաչ:
Հետո ամենուրեք դիակներ կան:
Ագռավականչ: Հետո ձյուն է առատ:
Շալ են փորձում կառքում նախշանկար:
«Դամասկո՞ս — որտեղ է»… «Ուր սիրառատ
սիրամարգի արուն սիրուն է, քան
էգը»: «Բայց չի անցնի այնտեղ անգամ
դամա (երբ տամա է զարկում): Շառատ
գիշեր մի դղյակում խիստ հոլիվուդական:
Նորից հարթ տեղ: Ձայներ երկու հոգու քայլի:
Նորից մարտ, ու նրանց ոռնոցները գայլի:
12
Ի՞նչ է պատմությունը: — Մարմին: Միս ու
արյուն: Արվե՞ստ: — Գլխատվա՛ծ մարմինը:
Շիլլեր. Պատմությունը հենց նրա վարմին էլ
դեմ է առել: Մարի, չէիր սպասում,
որ այդ գերմանացին անզուսպ
կփորփրի հինը,
և, իսկն ասած, ախր, իր ինչի՜ն էր`
ում ես տվել, եւ է՜լ ով էր ուզում:
Բայց գուցե թե, ինչպես ամեն նեմեց,
մեր Ֆրիդրիխի վախը կացինն էր հենց:
Ապա, ասում եմ քեզ, երբեք ոչինչ
(երևակայիր սա), նույն Արվեստն էլ վրան,
հասու չէ մարմընիդ, շուքին նրա:
Ելիզավետային Պատմությունը զիջիր:
20
Պարզ, անվրդով գրչի խոսք եք կարդում
այգու, մի հանդիպման, նրա՛ մասին,
ով քառասնութ թվին, դարձած կինոպատում`
ինձ աշակերտ արեց սիրո դասի:
Ձեր կարծիքի հերթն է, դուք եք դատում.
ա) արդյո՞ք, եղել է սանն անբասիր,
բ) ռուսաց մեջ նո՞ր է ոճն այս, աթու,
գ) դասական ունկին չի՞ հակասի:
Նեպալ — քաղաքամայրն է Կատմանդուն:
Թե պատահականը վստահ խոսի,
միայն օգուտ կտա: Ապրում անդուլ
կյանքը, որ ապրում եմ, պարտ եմ այդու
ես էջերին նախկին ձնատեսիլ
թղթի — փաթաթ արված, դարձած դուդուկ:

1974
Հղումը՝ http://hs-poetry.blogspot.com -ից

Թողնել պատասխան

Your email address will not be published.