Ղադա ալ-Սաման | ԵԹԵ ԳԱՍ ՄԵՐ ՏՈՒՆ

Ղադա ալ-Սաման

Ղադա ալ-Սաման

Բանաստեղծության հեղինակը սիրիացի հանրաճանաչ գրող
Ղադա ալ-Սամանն է: Բնագիրը արաբերեն է, թարգմանությունը կատարվել է պարսկերեն տեքստից:

 

Եթե գաս մեր տուն

Ինձ սև մատիտ բեր,

Ուզում եմ խզբզեմ դեմքս,

Որ գեղեցկության մեղքով վանդակ չընկնեմ,

Մի հատ էլ խաչ քաշեմ սրտիս վրա,

Որ չգայթակղվեմ:

Մի ռետին տուր ջնջեմ շրթունքներս,

Չեմ ուզում մեկը դրանց կարմրության համար ինձ սևացնի…

Մի բահ՝ որ արմատից հանեմ կանացի բնազդներս,

Վարեմ էությունս,

Առանց որի կարծես ավելի հեշտ է դրախտ ընկնելը…

Մի ածելի տուր մազերս լրիվ խուզեմ, գլխիս քամի դիպչի,

Որ մի քիչ խորհեմ առանց լաչակի.

Ասեղ ու թել տուր կարեմ լեզուս քիմքիս,

Այսպիսով կխլանա ճիչս.

Մկրատը չմոռանաս,

Ուզում եմ ամեն օր մտքերս գրաքննեմ:

Լվացքի փոշի էլ պետք ունեմ,

Ուղեղի լվացման համար,

Ուղեղս որ լվանամ կփռեմ պարանին,

Որ քամին իր հետ տանի տենչերս՝ Աստված գիտի թե ուր…

Գիտես էլի… պիտի իրատես լինել…

Խլացուցիչ էլ եթե գտնես, ա՛ռ,

Ուզում եմ, երբ սիրո և ընտրության համար

Ինձ պոռնիկի պիտակ կպցնեն,

Լռեցնեմ սրտիս ողջ մաղձը:

Բեր նաև մեկ օրինակ

Ինքնությանս պատճենից,

Որ երբ կրոնական քույրերն ու եղբայրները

Ինձ ուղղորդելու նպատակով հայհոյում ու վարկաբեկում են

Հիշեմ, թե ով եմ:

Դու քո Աստվածը,

Եթե տեսար մի տեղ իրավունք են ծախում, առ՛,

Որ փռեմ տան շեմին.

Գերադասում եմ ուրիշներից առաջ ինքս ոտնակոխեմ իրավունքս:

Ի վերջո, եթե փող մնաց,

Մի ցուցանակ էլ գնիր վզնոցի նման,

Որ կախեմ վզիցս ու խոշոր տառերով վրան գրեմ՝

Ես մարդ եմ,

Ես դեռ մարդ եմ,

Ես ամեն օր մարդ եմ…

 

Պարսկերենից թարգմանեց Կոլյա Տեր-Հովհաննիսյանը

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.