Սիրանույշ Օհանյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

* * *

Մարմնովս ծածկեմ մարմինդ,
Տանիքդ լինեմ,
Պաշտպանեմ անձրևից, քամուց, արևից…
Օտար հայացքից:

Մարմնովդ մտիր մարմնիս մեջ.
Տնակդ եմ`
Հարմարավետ, տաքուկ
Ապաստարան աշխարհից:

Մարմնովս փաթաթեմ մարմինդ,
Ամփոփեմ քեզ իմ մեջ,
Ձուլվեմ քեզ,
Ներծծվեմ մաշկիդ մեջ…

Մարմնովս ապրում եմ մարմինդ:
Մինչդեռ հոգիս…
Մեռնում է հոգիս:

 

* * *

Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս,
Մեկնում:

Մարմինս ընտելացել է հոգուս,
Ինչպես ոտքը՝ կոշիկին:
Տրտնջում է կոշտուկներից:
Ասում եմ՝ դիմացի՛ր,
Ուրիշինով չենք փոխարինի,
Թանկ է,
Համ էլ՝
Անհամատեղելի:

Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս:
Ես նրանց միջև
Ցմահ միջնորդ՝
Ո՛չ մարմին եմ, ո՛չ հոգի
Թափառումներիս ճամփին:

Թողնել պատասխան Էդուարդ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի