Բանաստեղծ Հայկ Հրայրին
I.
Ահա և ես…
Դյուրախոց թիրախ,
Որին շարունակ պիտի խոցոտեն
Եվ աստվածները հզոր ու չարկամ
Եվ մարդուկները ճճվային գանգով…
Ահա տեգերը
Իմ կրծքին ուղղված,
Բայց ես հերոս չեմ
Եվ ոչ էլ Ռազմիկ՝
Պարտված ու շվար,
Միայնակ կանգնած
Այս փորձարարական կյանքի հարթակին…
Ուրիշ արյուն է իմ հոգում հոսում,
Ուրիշ ձայներ են ինձ առաջնորդում
Բայց ահա եկել
Խրտվիլակի պես խրվել եմ այստեղ,
Այս քավարանում,
Որ հազար տեղից քրքրված հոգիս՝
Դոն Քիշոտյան խենթ միամտությամբ,
Առագաստ դարձնեմ հողմերի դիմաց,
Իսկ հողմերը կույր փչում են անտես՝
Մաս-մաս տանելով
Իմ ժամանակի ծվենները լույս…
II.
Եվ ժամանակը հոսեց առանց ինձ…
Ոչինչ իմը չէր
Ու ես ոչնչի…
Անձրև էր ու արև
Ինչ-որ տեղ շատ մոտիկ
Գորշ գայլը ծնում էր գայլուկներ…
Վազում էր երեխան՝
Շուրթերին ավետիսը գարնան,
Վազում էի ես՝ տագնապած,
Դեպի մութ ոհմակը գայլերի…
Ոչինչ իմը չէր
Ու ես ոչնչի…
Անձրև էր ու արև
Եվ ընթացք կորուսյալ…
III.
Ես այստեղ
Ենթադրում էի, որ
Դեռևս բանաստեղծ եմ
Բայց ամեն առավոտ,
5:30-ին,
Բոլոր երազներս ավերած,
Մահվան freeway-ներով
Նետվում եմ քաղաքակրթության խորխորատը
Որթեսզի ձեռքս դրած կրծքիս
Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
This site is full…
This site is full…
Իսկ մահը այստեղ
Գիտակցություն չէ,
Ոչ էլ վիթխարի ցուլ վրաս հարձակւող,
Այլ փսլնքոտ,
Առօրյա երևույթ,
Որի դեմ անիմաստ է կարմիր պաստառ ճոճելը:
VI.
Ես այստեղ
Փորձարկում եմ խաչելություն՝ առանց խաչի,
Ցեղասպանպւթյուն՝ առանց արյան,
Գաղթ՝ առանց թշվառության,
Թռիչք՝ առանց բարձրունքի,
Սեր՝ առանց կնոջ,
Կյանք՝ առանց ապրելու
Մահ՝ առանց մեռնելու:
Ես այստեղ փորձարկում եմ
Ճամբորդությունը Դանտէի՝
Քավարանից downtown,
Downtown-ից քավարան,
Որպեսզի անտերունչ շան նման
Անտարբեր ու անհոգի,
Ձեռքս դրած կրծքիս,
Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
$10
$5
$1
V.
Ես այտեղ
Չնչին գումարով «վայելում» եմ՝
Խոյահարող արհեստական կրծքերով,
Զարդարուն պորտիկներով,
Տիկնիկային աչքերով,
Շքեղաշուք կանանց
Կրքագրգիռ, նրբագույն վարպետությունը
Եվ սեփական հոգու
Դառնատտիպ ձախորդությունները ծամծմելով
Կում-կում ըմպում եմ
Կաստանեդայան թունդ թքիլան,
Որպեսզի
Խրոխտ
Իմ կապույտ լեռան
Ճերմակ կեցվածքով
Երկիրն իմ պագնեմ՝
Երազային մտացնծությամբ:
VI.
Ես այստեղ
Տեսնում եմ
Մարդկային մտքի
Աստվածային փայլատակումը,
Անխորտակ,
Հզոր ու հաստատակամ թռիչքը՝
Տիեզերական նվաճումների…
Ես այստեղ,
Հենց այստեղ
Ջղաձիգ սրտով
Վերհիշում եմ՝
Ամեմաանարյուն,
Ամենախաղաղ մահերը՝
Ճերմակ տագնապի սև հովանավորությամբ
Եվ մարդկային միաբջիջ ցեղի
Անսահման լկտիությունը,
Որ ինձ մղում է
Ամենաշքեղ գաղթականության
Որպեսզի
Պայթող սրտով
Վայրագորեն գոռամ.
Իմ սիրտը լեռներում չէ…
Լեռներն են իմ սրտում…
VII.
Կարող էի ոչինչ չասել,
Եվ բեռան տակ
Կքած գնալ մինչև ՈՉԻՆՉ…
Բայց շառաչյուն մտրակի պես
Հարվածում էր անձրևը դեմքիս,
Եվ արևը կատաղած շուն
Այս հրավառ անապատում՝
Հոշոտում էր նեխող հոգիս:
Կարող էի ոչինչ չասել
Բայց օտար էր իմ պատկերը
Եվ իմ բույրը այս հողին,
Եվ ընթացքը այս ուղիով
Դեպի ՈՉԻՆՉ
Չէր խոստանում ոչինչ-ոչինչ…
Glendale-Downtown L.A.
394 ավտոբուսային երթուղի
Վերջին մեկնաբանություններ