Սոնա Սերոբյան | ԿՈՐԱԾ ԱՐԵԳԱԿ

Իմ հեքիաթը

…Լիներ հեռու մի երկիր,
Կապույտ երկինք, մի խրճիթ,
Ու խրճիթում այդ փոքրիկ
Լինեինք ես ու մի տիկնիկ:
Լիներ անուշ այգաբաց՝
Ծաղիկներով զարդարված,
Կանաչ ծառեր ու թփեր
Ու ժպտացող մի արև…
Սակայն հիմա էլ չկան
Երազներում իմ խամրած՝
Ո’չ երկիրը հեռավոր,
Ո’չ հեքիաթը գունավոր,
Որ դարձնում էր զարդարուն
Մանկությունս ամեն օր:
Ո՞ւ ր ես, արդյոք, ի’մ հեքիաթ,
Տարիների երազանք,
Խճճվե՞լ ես, մի գուցե,
Իմ մտքերում ալեկոծ
Կամ սրտում իմ տրտմագին:
Հավատում եմ ես այնպես,
Որ կգտնեմ վերստին,
Իմ լավ հեքիա’թ,
Քեզ մի օր,
Չեմ բաժանվի քեզանից,
Նույնիսկ, եթե հեռանամ
Այս իրական, այս ցավոտ,
Հետաքրքիր աշխարհից…

Իմ երկիրը

Ես ապրում էի մի երկրում,
Ուր ծաղիկներ էին ժպտում,
Ուր ջրվեժներն արծաթե՝
Արևից էին սկիզբ առնում.
Ուր ամեն մի հարկի տակ
Ճնճղուկները ծլվլում,
Բույն էին հյուսում ու երգում.
Ուր ամեն մի ծառի տակ
Երեխաներ էին խաղում,
Ուրախանում ու պարում:
Սակայն մի Չար ներխուժեց,
Իմ երկիրը ավերեց,
Ջինջ լազուրում իմ երկրի
Սև-սև ամպեր կուտակեց.
Ծաղիկները չորացան,
Լռեց երգը պարտեզում,
Արևը է’լ չի փայլում,
Ճնճղուկները հեռացան…
Չի մեռել հույսն իմ սրտում.
Գիտեմ հաստատ՝ այդ Չարը
Մի օր անցյալ կդառնա,
Եվ իմ երկրում արևոտ,
Նորից, անսուտ բերկրությամբ
Կբացվի նոր առավոտ,
Սև ամպերը կցրվեն,
Եվ երկրնքում կապուտակ
Խաղաղության աղավնին
Կսավառնի անարգել…

Մանկություն
Խավարտչին ու սև ամպերի միջից
Երևաց հանկարծ չքնաղ մի լուսին.
Չքնաղ, բայց տխուր,
Նայում էր մարդկանց զարմացած ու լուռ…
Երեկ չէր մի՞թե, որ անհոգ, զվարթ՝
Սարերից եկած հովիկն էր փարվում
Նրա անաղարտ ու անցավ սրտին:
Դեռ չէ’ր հասկանում,
Փոքրիկ էր դեռ շա՜տ,
Երգում էր, պարում ու զվարճանում…
Ու դեռ չգիտեր,
Որ այս աշխարհում կգա ժամանակ,
Որ ինքն էլ հանկարծ
Կդառնա թաղված…
Կամա-ակամա կդառնա բռունցք`
Դիմակայելու մարդկանց մթագնած…
Դեռ չէր հասկանում,
Փոքրիկ էր դեռ շա՜տ
Եվ հոգով անբիծ կարծում էր՝ միայն
Գոյություն ունի խաղաղ մանկություն…
Իսկ երբ մեծացավ,
Չքվեց ամեն բան մի երկվայրկյանում,
«Ափսոս» ասել էլ նա չհասցրեց՝
Օրհասը դաժան իր դուռը թակեց.
— Դո՞ւ, այստե՞ղ, հիմա՞,- բացականչեց նա,
-Չքվի’ր, հեռացի’ր,
գնա’, տա’ր, չարին, ոչ թե այն մեկին,
Որ սեր է բաշխում սրտով անմենքին…
Եվ հենց այդ պահին,
Իր սրտի խորքում, արթնացավ նորից
Մանուկն այն ժիր
Խնդուն ժպիտով, կարոտով անհուն,
Որ երգել գիտեր և ուրախ պարել,
Որ հավատում էր,
Թե այս աշխարհում
Լինում են նաև ինչ-որ հրաշքներ…
Կորած արեգակ
Փողոցով լայն ու աղմկոտ
քայլում եմ գլխիկոր
ու որոնում քեզ.
Ո՞ւր ես դու…
Տեսնում եմ դեմքդ
ամեն ճյուղի ու տերևի մեջ,
ծաղիկների թերթերին,
Եվ անցորդների աչքերում թախծոտ…
Ի՞նքդ, չկաս…
Եվ տանջվում եմ
քո ջերմության կարոտից…
պատրաստ եմ ծնկաչոք
երգրպագել քեզ ու
տաղեր ասել…
Չկա’ս, չկա’ս…
Չգիտեի,
որ մի կտոր սև ամպ
կարող է ծածկել քեզ,
Քո մեծությունը…

2 մեկնաբանություն

  1. Sona jan, shat mi tkhrir, misht espes e yeghel, misht sev amper en koutakvel, yerp irar mis enk kerel, ou es orin hasel!

  2. sireli sona lav es groom

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի