Մելինա Նազարյան (Մելանի)

Ծնվել է 1977 թվին Թեհրանում: Փոքր տարիքում ընտանիքի հետ փոխադրվել ու մինչ օրս հաստատվել է Թավրիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Թամարյան (Ասադի) հայոց ազգային դպրոցի, ըստ բանաստեղծուհու՝ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Ապա ավարտելով բարձրագույնը՝ մասնագիտացել է անգլերեն լեզվի մեջ:
Սկսել է գրել պատանի հասակից: 2002 թվին, մասնակցել է Պոեզիայի Համաշխարհային Գրադարանի (The International Library of Poetry) կողմից կազմակերպված մրցություններին՝ անգլերեն լեզվով գրած մի բանաստեղծությամբ, որը արժանանալով հիշատակության՝ տպագրվել է ԱՄՆ-ում` նույն կազմակերպության 2002 թվի տարեգրքի մեջ: Իսկ 2007 թվին հրատարկվել է իր՝ «Ախ, այս ճամբան թող վերջ չգա» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն (Նայիրի Հրատարակչություն, Թեհրան):
Կարոտավառ սիրո ու կորսված երջանկության, լույսի ու հավատքի, մարդկայնության ու անկեղծության, արդարատենչության ու հայրենասիրության թրթիռներով են տոգորված երիտասարդ բանաստեղծուհու յուրաքանչյուր տողը։