Վահե Արմեն | ՃԻՉ

Տաճարում աղոթքի չոքած
պոռնիկի պես,
Կամ պոռնկատան մեջ շրջող
ճգնավորի՝
Ես, վառվելով պա’ղ
հայացքների բոցերում,
Տարիներ չբացված
բռունցքներս բացում
Եվ ափերիս հայելու մեջ
Իմ փոթորկուն ներսն եմ տեսնում,
Որտեղ տարիներ անհաշտ
Էգիս ու արուիս սառնությունը
փոխվում է տարփանքի:
Ու նրանք, նայելով աստվածների
աչքերի մեջ,
Պատռում են իրենց շապիկները,
Շպրտում ինձ շրջապատած պա’ղ
հայացքների բոցերի մեջ,
Եվ հագուրդ են տալիս իրենց
մոլեգնած կրքերին:
Երկարատև երկունքից հետո
Իմ ներսում ապրող պոռնիկի
ծծերը դառնում են ստինք,
Ճգնավորի ստվերը՝ շվա՜ք,
Իսկ նորածնի հեծեծանքը
կոկորդիս մեջ
Փոխվում է ըմբոստացման
աղաղակի:
Դրսում ինձ շրջապատած
հայացքների պես,
Սառչում է ամեն բան:
Արևելք, արևե՜լք
Ճչում է նորածինը:
Տաքանում է ներսս:
Ապա, կանգնելով տարիներ չքայլած
Եվ անշարժությունից
մոռացվա’ծ ոտքերիս,
Քայլում եմ շուրջբոլորս
բուսնած տաճարների ու
պոռնկատների միջով,
Անցնում մարմինները հոգո’ւ,
Իսկ հոգիները մարմնի’ մեջ թաղող
Ճգնավորների ու պոռնիկների կողքով,
Հեռանում եմ, հեռանում…

1 մեկնաբանություն

  1. Հրաշալի է:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի