Երանուհի Ղանդիլյան | ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏՔ

Եվ դարից երկար ձգվում է օրը

Հրդեհ է։
Հիացեք, այրվում է երկինքը մայրամուտի մեջ։ Արեգակի ուշացած շողերը կաթկթում են ցած,երկինք ու երկիր դատարկության մեջ հյուսելով մեղրաոսկեգույն ծիածան…
Արևը գնաց։ Երանի նրան, նորից է գալու…

«»«»«»«»«»«»«»«»
Պատուհանիս դիմաց՝ այգում, մեկը կանգնած անհանգիստ շուրջն է նայում, հավանաբար սպասում է ինչ-որ մեկին։ Շփոթված է երևում։ Ես վարագույրի ետևից թաքուն նայում եմ Նրան ու հիանում։ Կատարյալ է՝ սլացիկ հասակ, երկար վարսեր, որ ալիք-ալիք իջնում են թիկունքին, խոնավ ու կիսաբաց շուրթեր՝ նռան պես կարմիր ու հյութեղ։ Մետաքսե վերնաշապիկը անկանոն ցած է թափվում, մերկացնելով մի ուսը։ Բազմաթիվ ծալքերով կիսաշրջազգեստը գրկելով կոնքերը, իջնում է մինչև սրունքները…
…Սարերից եկող մեղմ քամին շարժեց վարագույրս: Այգում կանգնածը կարոտով ժպտաց, կրակի լեզվակների պես թեթև ու նազանքով գալարվելով խոնարհվեց առաջ։ Քամին շոյեց Նրա կանաչ տերևները, համբուրեց կնճռոտ պարանոցն ու անհանգիստ մատները թաղեց նրա ճյուղերի մեջ, հետո կրքից այրվելով թեքվեց ու ինչ-որ բան շշնջաց, որից Ծառը խշշաց, երանությամբ փակեց աչքերը։ Երկու կաթիլ արև կար նրանց սրտերում…
«»«»«»«»«»«»«»«»
Ահա այսպես
Այգու վերջին ծիրանենին ու խենթ քամին
Հանդիպում են ճիշտ նույն ժամին
Գրկում իրար մինչ առավոտ…
Մահվան Հմայքը
…Օրը մեռավ։ Այս էլ որերորդ անգամ։ Լռությունը ծանր բեռի պես ճնշում է։ Խաղաղ կանգնած են ծառերը, չեն խշշում, հանդիսավորությամբ շարված հրաժեշտ են տալիս հանգուցյալին… Արևածաղիկը վերջին անգամ նայեց արեգակին ու գլուխը կախ սկսեց արտասվել։
-Սըսս՜,- անմիջապես սաստեցին նրան ծառերը, բայց ծաղկի վիշտը խորն էր։
…Լսվեց մի ուժգին դղրդոց։ Գետինը գալարվեց երկունքի ցավից, քրտինքի կաթիլները ծածկեցին կնճռոտ ճակատը։ Երկինքը վշտից արտասվեց, անձրև կաթեց երկրի վրա, հողը փխրեց, փափկացավ ու երկինք բարձրացավ նրա բույրը, թաց հողի բույրը…
…Դաշտում արածում էր ձին։ Ձյութի պես սև բաշը կարծես այրվում էր մայրամուտի ցոլքերից։ Ձին մի պահ դադարեց ծամելը, հայացքը վեր բարձրացրեց, լայնացրեց ռունգերն ու սկսեց հոտոտել. ինչ-որ տեղից տարածվում էր խնկածաղկի անուշ բույրը…
Ամեն ինչ լուռ էր։ Մահանում էր Արեգակը։ «Մահվան թափորը» շարժվում էր Հարդագողի
ճանապարհով և պտտվում առաջ։
Ախր ինչու՞ եք տխրել, ինչու՞ եք լալիս, չէ՞ որ հանգուցյալն արդեն մյուս կողմում ծնվել է…
Սեր… Հույս… Հավատ…
…Հեղուկը հոսեց խողովակով և թափվեց կաղապարի մեջ։
Անցավ ժամանակ։ Միգուցե շատ, միգուցե քիչ. Տիեզերքում ծավալվող ժամանակի նկատմամբ` ակնթարթ։
…Եվ ծնվեց նա։ Ծնվեց ինչպես բոլորը՝ թաց, լպրծուն և ինչ-որ երկար թել էր կապում նրան մյուսների հետ։ Նրան մաքրեցին, կշռեցին, չափեցին երկարությունը և այդ ամենը գրանցեցին մատյանում: Ո՞ր անվան դիմաց, հայտնի չէ, նրան դեռ անուն չէին տվել։ Նա փակեց աչքերն ու հիշեց իր անցած ուղին.
…Կիսախավար սենյակ, մե՜ղմ երաժշտություն, մեղրաոսկեգույն ծաղկաբույր և սեր, սեր,
անսահման սեր…
Մի քանի օրից եկան մի խումբ մարդիկ, վերցրեցին նրան և մեքենայով ինչ-որ տեղ տարան.
«Ո՞ւր եք ինձ տանում, ինչու՞, ու՞ր է նա, ով ինձ ծնեց»,- բղավում էր, բայց ոչ-ոք նրան չէր
հասկանում։
Մարդիկ դեռ չէին սովորել իր լեզուն։
Վերջապես մեքենան կանգ առավ։ Վարորդը մեքենայից իջավ, վառեց ծխախոտը, անփութորեն դրեց բերանի անկյունում և մոտեցավ նրան, զգուշորեն գրկեց, տարավ ինչ-որ կիսախավար սենյակ, հետո պատվիրատուից վերցրեց պահանջվելիք գումարը և դուրս եկավ։ Լսվեց մեքենայի շարժիչի ձայնը, որը հետզհետե խլանալով մարեց փոշոտ ճանապարհի վրա….
…Մի որոշ ժամանակ անց, երբ աչքերը վարժվեցին խավարին, նա ուշադրությամբ սկսեց զննել շրջապատը։ Պատերին փակցված էին տարօրինակ պատկերներով նկարներ, օդում թրթռում էին մեղմ երաժշտության հնչյուններ, անկյունում դրված թասից տարածվում էր անուշ խնկաբույր։ Այս ամենը ծանոթ էր նրան, մահու չափ ծանոթ։ Նա ճիգեր էր գործադրում որպեսզի հիշեր, սակայն ապարդյուն։ Ի՞նչ էր սա՝ գենետիկ հիշողությու՞ն թե՞ վերածնունդ…
Այդտեղ նա մնաց 3 օր։
Առաջին օրը սովորեց տեսնել։ Տեսավ մարդկանց, առարկաներ։ Տեսավ և Սիրեց։
Երկրորդ օրը սովորեց լսել։ Լսեց մարդկանց մտքերը և Հուսաց, որ դրանք չեն պղտորվի այդտեղից դուրս գալուց հետո։
Երրորդ օրը…
Երրորդ օրը նրան մոտեցավ մի աղջիկ, երկնքի պես կապույտ աչքերով։ Վերցրեց նրան,
վառեց, դրեց հողի մեջ ու սկսեց աղոթել. աղոթել սիրով, հույսով, Հավատով։
Աղջիկը հավատում էր, և Մոմը նույնպես։ Նա հավատում էր, որ ի զորու է աղջկա աղոթքը իր ծուխի հետ երկինք բարձրացնել, տալ Աստծուն

 

5 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. kardalu @ndacqum tvum e te krahel es patmvacq@ inchi masin e u aveli hacheli e darnum erb verchum anaknkal e matucvum hexinaki koxmic mtqi revakajutjan shnorhiv

  2. Спасибо за рассказы. Давно не читал ничего такого необычного.

  3. Безумно красиво! Жизнь действительно нечто больше, чем наше представление о нем.Твое видение очень богато и многогранно, в нем много страсти и цветов… Спасибо за красоту, которую даришь нам !

  4. Խնդրում ենք Ձեր կարծիքները թողնել հայերեն լեզվով:
    Ռուսերեն կարծիքների թարգմանությունը ստորև՝
    Շնորհակալություն պատմվածքների համար: Վաղուց այսպիսի արտասովոր բան չէի կարդացել:
    Սերգե
    Անչափ գեղեցիկ է: Կյանքն իսկապես ավելին է, քան մեր պատկերացումները նրա մասին: Քո տեսիլքները շատ հարուստ են և անսահման, դրանցում շատ կիրք ու ծաղիկներ կան…
    Շնորհակալություն գեղեցկության համար, որ նվիրում ես մեզ:
    Ռուբեն
    Խմբագրություն

  5. Shat qnqush ev geghecik steghcagorcutyunner en, shnorhakalutyun vor aydqan geghecik e kyanq@ qo gorcerum!!!!!

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի