Արմենուհի Սիսյան

Գրել եմ  դեռ պատանի հասակից, բայց գրականության հանդեպ խորին ակնածանքն ու պատասխանատվությունը թույլ չեն տվել, որ շուտ տպագրության հանձնեմ ստեղծագործություններս: Տպագրվելուց հետո գրական մամուլը բարեհաճ գտնվեց գրիս հանդեպ և ստեղծագործություններիս տպագրությունը պարբերական ընթացք ստացավ ինչպես հայաստանյան գրական մամուլում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ներկայումս ՀԳՄ-ի անդամ եմ:
I գիրքս` «Մի բուռ լույս», ամփոփում է արձակ բանաստեղծություններ և կարճ նովելներ:
II գրքում` «Հարահոս», պատվածքներ են:
III գիրքս` «Հե~յ, Նո’յ», շատ շուտով լույս կտեսնի:
Գրական գործունեությունս ուղեկցվում է  աշխատանքային ռիթմով` դասավանդելով Երևանի պետական բժշկական համալսարանում: Սիրում եմ դիտարկել կյանքը հեղինակի աչքերով և ամեն ինչի մեջ տեսնել խորքայինը, այն, ինչ թաքնված է, բայց խիստ կարևոր: Ահա այդ ժամանակ է, որ վերցնում եմ գրիչս. արդյունքում գրվում է և’ արձակ, և’ բանաստեղծություն. առաջնորդողը թեման է և նրա հանդեպ մոտեցման վերաբերմունքը.
«Կապույտ-կանաչ ծաղիկներ ունի երկինքն աչքերիս համար պահած.
-Նայե’ք,-գոչեցի,-տեսե’ք` ինչ սքանչելի են…
Հանդիպեցի լոկ տարակուսած աչքերի…
-Շնորհակալ եմ, երկի’նք, որ աչքերիս համար ունես կապույտ-կանաչ ծաղիկներ պահած…»
Իսկ ընդհանրապես` « Խոսքս ճերմակ է սիրում. ահա թե ինչու եմ թուղթ վերցնում` գրելու…»