Սիրանույշ Օհանյան | ԳՈՐԾԱԶՈՒՐԿԸ

Հագուստի աշխարհը մեծ էր, և այնտեղ կային հագուստներ կյանքի բոլոր դեպքերի ու տարվա բոլոր եղանակների համար։

Մանեկեններն աշխատանքի էին գալիս ամեն առավոտ։ Նրանք ավելի վաղ էին ներկայանում տեսուչներին, որովհետև պետք է խնամքով նախապատրաստվեին ցուցադրության համար։

Զին չէր սպասում, որ այդքան հեշտությամբ կընդունվի աշխատանքի։ Հավանաբար, վճռորոշ դեր խաղաց օտար լեզուների իմացությունը, որովհետև իրենից ոչ պակաս գեղեցիկ մրցակցուհիներ կային։ Աշխատանքային առաջին օրը Զիի համար շատ հետաքրքիր էր ու հոգնեցուցիչ։ Ձևավորող նկարիչը խնամքով չափագրեց մարմնի բոլոր գրավիչ մասերը։ Կրկին կշռեցին, չափեցին  հասակը, համեմատեցին կենսագրության հավելվածում նշված բոլոր տվյալներն իրենց գրանցումների հետ։ Հետո որոշեցին, որ նա ավելի հարմար է ներքնազգեստների բաժնի համար։ Զին այդքան մեծ հույսեր չէր կապում իր արտաքին տվյալների հետ և հաճելիորեն զարմացավ՝ իմանալով, որ իր գեղեցիկ իրանն արժանանալու է կիսամերկ ցուցադրության։ Վարձատրությունը, փաստորեն, ավելին էր, քան նա ակնկալում էր, և ամբողջ հոգով շնորհակալ եղավ ջահել նկարչին, որն ակնհայտորեն հիացած էր իր մարմնով։ «Այսպիսի տվյալներով դուք կարող էիք նույնիսկ «Դրախտի փերի» աշխատել»,- համարձակվեց ակնարկել նա։

Զին գործի անցավ։ Ամեն օր հագնում էր լավագույն ֆիրմաների արտադրած առաջնակարգ լաթերը և ցուցադրում իրեն։ Զգոն տեսախցիկները հսկում էին օրուգիշեր, չնայած ինքն էլ գիտեր, որ խստիվ արգելված է անգամ աչքերի աննշան շարժումը։  Ընդմիջումը տևում էր մի ժամ. հասցնում էր ուտել և միաժամանակ զգալ ընդարմացած մկանների շարժման պարգևած հաճույքը։ Հաճախորդներն առանձնապես երկար էին պտտվում իր չորսբոլորը։ Սկզբի մի քանի օրերը հաճելի էր մարդկանց անկեղծ հիացմունքը, բայց անտանելի պահեր էր ապրում, երբ իբր թե ապրանքի որակն ավելի լավ զգալու համար շոշափում էին իրեն։ Չնայած շատ էր ջանում, սակայն ջահել մարմինը չէր կարողանում չարձագանքել  տարբեր տարիքի ու սեռի մարդկանց ձեռքերի հաղորդած տհաճ գրգիռներին։ Երրորդ օրը զդեստափոխվելուց առաջ տեսուչը նախապես հրավիրեց իր մոտ և ժպտալով ասաց, որ չնայած հասկանում է անփորձ աշխատակցուհուն, սակայն նա պարտավոր է բացարձակապես անտարբեր մնալ։ «Դա է մանեկենների կոչումը,- հպարտությամբ ազդարարեց նա,- մեր կազմակերպությունը հայտնի դարձավ ու հզորացավ այս հանճարեղ նորամուծությունից հետո։ Մենք  չենք կարող թույլ տալ, որ մեր հաճախորդներն իրենց խաբված զգան։ Նրանք պետք է ոչ միայն հավատան, այլև համոզվեն, որ մարդը լավագույն մանեկենն է։ Ձգտե՛ք արժանի լինել ձեր կոչումին և մեր վստահությանը»։ Զին շատ էր ցանկանում ասել, որ հաճախորդներն ավելի շատ հետաքրքրված են իր մարմնով, քան ցուցադրվող հագուստով, սակայն հիշեց կանոնադրության առաջին կետն ու լռեց։

Առանձնապես անտանելի էին տարասեռ զույգերով հաճախորդները։ Հազիվ էր կինը կամ աղջիկը շրջվում դեպի հարևան մանեկենը, և նրա ընկերակիցն արդեն հասցնում էր մի քանի անգամ կմսթել կամ շոյել Զիի անպաշտպան մարմինը։ Եթե հանկարծ գեղեցիկ սեռի հաճախորդուհին նկատում էր ամուսնու կամ ընկերոջ, կամ էլ սիրեկանի (Աստված գիտի, թե որքան բազմազան են տղամարդու տեսակները) գայթակղությունը, նա  առանց հապաղելու բարկությունը Զիի վրա էր թափում։ Պատիժները տարբեր էին. ոչնչացնող հայացքներից ու «խրտվիլակ» անվանումից մինչև քորոցով ծակծկելը։ Չնայած անախորժություններին՝ Զին ուրախ էր, որ արդեն անհանգստանալու ոչինչ չունի. աշխատավարձը թույլ էր տալիս չմտահոգվել սովամահ լինելուց խուսափելու համար ավելի վատ աշխատանքի անցնելու հեռանկարով։

Միապաղաղությունը խախտվեց սիրահարների մեկամսյակի առթիվ հայտարարված անակնկալների իրագործումից։ Հագուստի աշխարհի գեղարվեստական խորհրդատուները նպատակահարմար գտան որոշ ժամանակով միավորել տղամարդկանց ու կանանց երիտասարդական բաժինները։ Հայտարարված զեղչերից բացի՝ նրանք առաջարկեցին կազմակերպել «Ես սիրում եմ քեզ» անկյուն, որտեղ ցուցադրության պետք է կանգնեին սիրահար մանեկեններ։ Փակ գեղեցկության մրցույթ կազմակերպեցին երկու սեռերի մանեկենների միջև։ Ի զարմանս իրեն՝ Զին հաղթող ճանաչվեց։ Զուգընկերը գեղեցիկ էր, ինչպես հագուստի աշխարհի բոլոր մանեկենները, և Զին նրան հենց այդպես էլ ընկալեց՝ գեղեցիկ մանեկեն։

Ամեն առավոտ նրանք հագնում էին խորհրդատուների որոշած զգեստներն ու կանգնում նախապես որոշված դիրքերով։ “Մուտքը միայն զույգերով” վառվռուն պաստառով զարդարված սրահում նրանք երկուսով էին։ Հագուստի աշխարհի գեղարվեստական անձնակազմն, իսկապես, մեծ երևակայություն և ճաշակ ուներ. հաճախ էին հաճախորդ-զույգերն ընտրում հենց իրենց ներկայացրած զգեստները՝ ամենաննշան մանրուքներով կրկնելով իրենց։ Զին նույնիսկ չէր էլ մտածում այն մասին, որ ինքն ու իր սիրահար զույգը ներկայացնող մանեկենը խորհրդանիշ են դարձել։ Նրան չէր հետաքրքրում, թե ինչ էր մտածում զուգընկեր մանեկենը, սակայն ինքը հաստատ համոզված էր, որ իրենք  ընդամենը մանեկեններ են։

Այդ ամսվա հաճախորդներն իսկապես հիացած էին առաջնակարգ սպասարկումով։ Հաճախ օրվա մեջ մի քանի անգամ սիրահար մանեկենները վիճում էին. դա երևում էր նրանց հագուստների աղաղակող աններդաշնակությունից։ Պատահում էր, որ հերթական հաճախորդ-զույգը նրանց գտնում էր թիկունք-թիկունքի կանգնած, Զիին՝ պճնված էլիտար կոստյումով և օրվա նորաձև սանրվածքով, հպարտ և անշարժ հայացքով նայելիս, մինչդեռ զուգընկերը միայն վարտիքով (որի գինը հավասար էր Զիի մի քանի տարվա աշխատավարձին) և փողկապով, կրկնակոշիկները հագին, գլխիկոր մտորում էր։ Նրանց ներկայացրած մոդելները սպառվում էին ժամերի ընթացքում՝ անկախ այն բանից, որ շոգ ամռանը հազիվ թե որևէ մեկին պետք գար տղայի կամ աղջկա հագի, մեղմ ասած, ոչ-սեզոնային զգեստները։ Սիրահար մանեկենների հռչակը տարածվեց ողջ քաղաքում, իսկ նրանք միմյանց անունն անգամ չգիտեին։ Տեսուչներն աչալուրջ հետևում էին, որ հանկարծ նրանք չթերանան իրանց պարտականություններում և չմոռանան, որ ընդամենը մեծ տիկնիկներ են։

Ակցիայի ավարտից հետո Զին տեղափոխվեց իր նախկին բաժանմունքը՝ ներքնազգեստների մանեկենուհիների կողքին։ Մեկ ամիս տևող միապաղաղությամբ ընդհատված ներքնազգեստային միապաղաղությունը կրկին կլանեց նրա կյանքը։

Ժամանակն անցնում էր։ Ամեն օր Զին պարտաճանաչ ներկայանում էր աշխատանքի, հագնում էր առաջարկված պարտադրանքն ու մանեկենի պես կանգնում ցուցափեղկում։ Օրվա կեսը կլանող ցուցադրությունից հետո նա հազիվ ուժեր էր քամում իր հոգնատանջ էությունից՝ զգեստափոխվելու և իր աղքատիկ սենյակը հասնելու համար։ Ստիպած պետք է քայլեր մոտ մեկ ժամ, քանի որ աշխատավարձը չէր բավարարի տրանսպորտից օգտվելուն։ Չնայած դժվարություններին՝ առաջին մի տարին Զին տոկունությամբ տարավ, ինքն իրեն մխիթարելով, որ ավելի վատ կարող էր լինել։ Միամյա շրջանը փակելուց հետո նա սկսեց նկատել մարմնի հետ կատարվող անցանկալի փոփոխությունները։ Ամեն առավոտ և երեկո ոտքով աշխատանքի գնալու և տուն վերադառնալու անհրաժեշտությունը նրան ներշնչել էր այն միտքը, որ ինքն օրվա ընթացքում բավականաչափ շարժվում է՝ վաղաժամ ծերությունից խուսափելու համար։ Սակայն երբ անհամար կսմիթներից, գնդասեղի ծակոցներից, անշարժությունից և երբեք իրենը չեղած զգեստներից հոգնած մաշկը ցույց տվեց թորշոմելու առաջին նշանները, Զին խուճապահար եղավ։ Դեռ լավ է՝ տեսուչները չէին կասկածում։

Անցավ երաշխիքային մեկուկես տարին։ Համատարած ստուգումներ սկսվեցին, և բժիշկներն ու գեղագետները չզլացան  Զիի վաղեմի տվյալները թարմացնել նոր դիտողություններով. «Պիտանի է արտահագուստների ցուցադրման համար»։ Զիին տեղափոխեցին նոր բաժանմունք, և դրան համեմատ՝ նվազեց աշխատավարձը։

Նոր սրահում ավելի հանգիստ էր։ Հաճախորդուհիները որևէ հետաքրքրություն չէին ցուցաբերում իր հանդեպ, և Զին իրեն լավ էր զգում դրանից։ Պատահում էր, որ ինչ-որ մեկի նախանձոտ հայացքը զննում էր իր կազմվածքն ու թռուցիկ արհամարհանքի կայծ շպրտում աչքերին, սակայն Զին չէր նեղվում։ Նրան գալիքն էր մտահոգում։

Երաշխիքային ևս մեկուկես տարի։ Անշարժ օրեր՝ կանգնած, օրերն իրար միացնող է¢լ ավելի անշարժ գիշերներ՝ նվաճված մեռելային քնով։  Կարճատև մի պահ, մի քանի երջանիկ շաբաթներ Զիին թվաց, թե գտել է հենարան, գտել է ապավեն, բայց երբ հերթական հանդիպմանը (որը տարածության մեջ ձգվում էր հագուստի աշխարհից մինչև Զիի ապրելատեղին) տղան պատմեց, որ մանեկեն է աշխատում հագուստի աշխարհներից մեկում, Զին խնդրեց էլ երբեք չգալ իր հետևից։ Չկարողացավ (գուցե չուզե՞ց) բացատրել, որ քայլող մանեկեններն իրեն անբացատրելի վախ են ներշնչում։

Ստուգումներ։ «Պիտանի չէ հետագա ծառայության համար»։ Զին ինքն էլ գիտեր՝ վերջին կես տարում անմարդկային ճիգեր էր գործադրել՝ աշխատավայրում ձգված պահելու համար ծալվող ծնկերն ու կախ ընկնող թիկունքը։

Անհուսության ճանապարհով գլխիկոր քայլող Զին լսեց կողքով անցնող զույգի կարեկցական փսփսոցը։ «Ի՜նչ կարող ես անել,- առարկեց տղան,- մանեկենները շատ են էժանացել»։

 

3 մեկնաբանություն

  1. It’s so real….

  2. Dajan er,…irakanutyun@

  3. I liked it ssssssooooooooooooo much!!!!!!!!!! you are a very talanted girl.I wish you the best!!!!!

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի