Tag: Վոլֆգանգ Բորխերթ

Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ

Թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյանը
Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը տեսնել, համարձակվեց ու նայեց իր դիմացը կանգնած մարդու դեմքին։