Մարո Խաչատրյան | Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով…

Վերնագրի համար ընտրված տողը Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից է. շահնուրյան ցավագին ահազանգն էլ ի զորու չեղավ փոխելու «պատկերազարդ հայոց պատմության» ընթացքը. ձուլման, նահանջի վտանգը նոր սրությամբ է հառնում մեր օրերում, և այսօր Թեհրանում ստեղծագործող մեր հայրենակիցը՝ Կոլյա Տեր-Հովհաննիսյանը, ներկայացնելով 2008 թ.-ին Երևանում հրատարակված «Ինեսսա» վիպակի գրության շարժառիթը, այսպես է գրում.«Ինեսսայի եւ Ժորայի, նաև մյուս կերպարների կյանքի պատմությունը կաղապար է՝ ասելու իմ խոսքը սփյուռքահայության մասին, ուծացման վտանգի, ազգային դոգմաների խորտակման մասին: Ինեսսան «իսկական» հայուհի է, սակայն ավելի «հեշտությամբ» է կապվում օտարազգի երիտասարդի հետ: Այս խնդիրը շատ է զբաղեցնում մեր միտքը…»: Ձուլում, նահանջ, արտագաղթ…Բառեր, որոնք ուրվականի նման «հետապնդում են» մեզ և դարձել են մեր գրականության ուղեկիցները: Կործանարար պատերազմների, ցեղասպան հարվածի, բռնագաղթերի, բնության ահեղ տարերքի (երկրաշարժ) հետևանքով հայը ստիպված է եղել լքել իր տունը: Իսկ ինչո՞ւ է արտագաղթը շարունակվում մեր օրերում: Անկախ հայրենիքը ինչո՞ւ ենք լքում: Ի՞նչ է սա՝ ինքնակամ ձուլում օտարի՞ն, ունեցածը չգնահատելու անմտությո՞ւն, «ոսկյա դղյակների» ձեռքբերման մոլո՞ւցք… Կ. Տեր-Հովհաննիսյանի «Ինեսսա» վիպակը ազգային սուր ցավի արձագանքն է:
Խոհերով հարուստ այս գործի մեջ հիմնական խորհողը Ժորան է՝ գլխավոր հերոսներից մեկը՝ ազգայինի ջահակիր համակրելի հայը: Ժորան հայ մնալու «մոլուցք» ունի և տառապում է՝ տեսնելով զավակների և հայ երիտասարդների նահանջը. «….Մի օր էլ կամաչեն հայերեն խոսելուց…»: Շահնուրը «կը պոռար…ցնցելու համար»՝ «կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն…»:«Սփյուռքահայերը կամ բոլոր ազգային փոքրամասնությունները, ուր էլ ապրելիս լինեն, նույնիսկ դրախտում, էլի լիարժեք անհատականություններ չեն դառնա…»,-ասում է Ժորան՝ ի պատասխան Ինեսսայի խոսքի՝ «զուր է խոսել «անհայրենիք» մարդկանց դժբախտության մասին, որովհետև միայն սոցիալական ապահովությունն ու ազատությունը ինչ ասես արժեն…»: Հետո Ժորան շվեդական ճեպընթացի մեջ տխուր կժպտա օտարազգի անծանոթուհուն.«Մեզ նախանձում են, որ էստեղ ենք ապրում…Մարդ չի իմանում՝ լաց լինի, թե ծիծաղի, ես էլ նախանձում եմ ձեզ, որ ծնվել ու ապրում եք ձեր երկրում, որ մեզ պես աշխարհը ոտի տակ չեք տալիս…»:
Մեր ազգային կենսագրությունը լի է հակասություններով. մինչ Ինեսսան և շատերը, նորանոր ձևեր «մոգոնելով», փորձում են հեռանալ ծննդավայրից, աշխարհի չորս ծագերում սփռված հայերը Հայաստան են գալիս՝ հայրենի երկրում սեփական տուն ունենալու իղձը հոգիներում: Ժորան և եղբայրները Երևանում բնակարան են ձեռք բերում, պայմաններ ստեղծում՝ հայրենիքում բնակվելու: Ժորան խորհում է.«Ինքդ էլ չգիտես, թե ով ես: Վերցնենք հենց ինձ, չգիտեմ առաջին անգամ ով է ինձ ասել, որ հայ եմ… Իսկ իրո՞ք հայ եմ… Ծնվել եմ թրքական քաղաքում, հետո հաստատվել Թեհրանում, հետո՝ Շվեդիա….Հողը, ահա թե ես ինչ կասեմ, հողն է կարեւոր…»: Թվում է՝ Ինեսսայի հանդեպ ջերմ զգացմունքները Ժորայի հոգում ծնվում են Հայաստանի կարոտից, սիրուց. «Ինքը չէր ցանկանում բաց թողնել նրա փոքրիկ ափը. ասես դա իրեն Հայաստանին կապող շղթայի վերջին օղակը լիներ…»
Ինեսսայի խոհերի միջոցով հեղինակը բացահայտում է երկրում տիրող իրավիճակը. Ինեսսան իրականության «մշտարթուն» աչքն է, հայաստանաբնակ երիտասարդների հավաքական կերպար: Անկախության հետ «նորն» էլ է ներխուժել Հայաստան: Ինեսսան հարգում է ծնողների ավանդապաշտությունը, սակայն չի ուզում ավանդույթների «գերին» դառնալ. սա նույնպես հայրենիքը լքելու պատրվակ է նրա համար: Ժորան պատմում է եվրոպական մի համերգասրահում տեսած «մազերը բիզ-բիզ հարդարած, մերկ թևերի վրա դաջվածքներով ու կարճ անդրավարտիքով մի տիպի» մասին, որը «վերացած Ռախմանինով էր լսում»: Նա խոսում է հնի ու նորի, դասականի ու ժամանակակիցի զուգադրման մասին, որը հնարավոր է նաև հայրենիքում: Աղջիկն ուզում է ազատ ու բարեկեցիկ ապրել, բայց շատ երիտասարդների նման մտածում է, որ դա հնարավոր է միայն հայրենիքից դուրս: Ահա Ժորայի պատասխանը.«պիտի մնան ու պայքարեն նոր բարքերի, ազատության, հավասարության համար …»: Նա հա՛յ մնալու, հայորե՛ն ապրելու ծրագիր է առաջարկում: Իսկ Շվեդիայում տխրությամբ պիտի մտածի.«Ես ձգտում եմ գնալ էնտեղ, իսկ նրանք, Ինեսսան՝ էստեղ, նորից հեռու իրարից, ինչպես այժմ»:
Եթե Ինեսսան իրականությունը գնահատողի դերում է, ապա Սյուզին՝ Ժորայի նախկին կինը՝ զավակների մայրը, «վարակված է» օտարամոլության «մանրէներով»: Նա բարձր է պահում կանացի արժանապատվությունը, սակայն վաղուց կորցրել է ազգային դիմագիծը: Ժորայի դուստրը՝ Էմման, «հիմա ավելի շատ շվեդուհի է, քան հայ… միշտ մի բան կորցրածի նման է, որոնում է ու չի գտնում…», որդին՝ Էրիկը, անտարբեր է ամեն ինչի նկատմամբ. նույնիսկ թվում է՝ հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Եթե որոշ կերպարներ հեշտությամբ ձուլվում են, ապա անվերջ տխուր այդ երիտասարդը «խճճվել է» իրականության բավիղներում, թմբիրի մեջ է. ոչ հայ է, ոչ եվրոպացի.«ինչ իմանաս՝ ինչ է անցնում-դառնում արտաքուստ չափված-ձևված տղայի ներաշխարհում…»: Վիպակի հերոսներից շատերը, իրենց մեջ մարդո՛ւն փրկելու մոլությամբ տարված, կորցնում են հայի՛ն, սպանում են ազգայինը: Սյուզին և Ինեսսան «ինքնակամ ձուլվողներն» են. նրանց հակադրությունն է Ալիսը՝ պայծառ անհատականություն, որի շվեդացի ամուսինը, խառնածին զավակները «խոսում էին հայերեն, ծանոթ էին հայոց պատմությանը, հայկական կոտորածին»: Ազգային ոգու կրող է Ալիսը. նա Ժորային հոգեհարազատ սակավաթիվ մարդկանցից մեկն է, նրա ջերմ զրուցակիցը:
«Չէի կարող հաշվի չնստել երկի հոգեբանական կողմի հետ, որովհետև հակառակ դեպքում ամեն բան կդառնար անբնական, շինծու կամ մտացածին»,- ասում է գրողը և գրիչն ազգային վերքի վրա դնելով՝ չի մոռանում մարդկային բնավորություններ կերտել: Գրողին հաջողվել է տեսանելի կերպարներ ստեղծել անգամ մի քանի բառի, մակդիրի օգնությամբ: Վիպակի հերոսները թախծում են, մտածում, ժպտում, սիրում, տառապում, երազում…Ապրում են: Հեղինակային խոսքը հմտորեն ներհյուսված է հերոսների խոհերին. հերոսների խոսքը ոճավորված է. վիպակի հերոսներից յուրաքանչյուրն ունի իր մտածելու և խոսելու կերպը, յուրաքանչյուրն ապրում է՝ համաձայն երջանկության սեփական բանաձևի: Արտաքուստ ամեն ինչ խաղաղ է…Իսկ ի՞նչ էր պատահել: Եվրոպայից Հայաստան ժամանած տարեց հայը սիրահարվում է երիտասարդ աղջկան՝ Ինեսսային: Հետաքրքրական է, որ նորաբողբոջ «սերը» աղջկա հարազատների կողմից ոչ մի արգելքի չի հանդիպում, մինչդեռ Ժորայի՝ Պարսկաստանում բնակվող եղբայրները «սրերով» են ընդունում ընտանիքից հեռացած, միայնակ մնացած եղբոր սիրահարության լուրը: Եթե հրապուրանքը «կուրացրել էր» կանանց հետ հարաբերություններում երկարամյա փորձ ունեցող Ժորային, և նա ընդամենը անհասկանալի բռնկումներ էր նկատում Ինեսսայի աչքերի մեջ, խորհրդավոր կայծեր, ապա եղբայրներն անմիջապես սկսում են կասկածել. ի՞նչ շահ կարող է ունենալ երիտասարդ աղջիկը՝ կապվելով մի տղամարդու հետ, որն իրենից մեծ է քառասուն տարով: Ցավոք, Ժորայի հարազատները չէին սխալվել. աղջիկը ծրագրեր է «մշակում»՝ երկրից հեռանալու: Ինեսսան բժշկուհի է, մտավորական, գիտակցում է իր արած քայլերը: Հետո նա Ժորայի օգնությամբ հասնում է Շվեդիա՝ կատարելագործելու մասնագիտական գիտելիքները: Ըստ գործող օրենքի՝ ուսումն ավարտելուց հետո նա պետք է վերադառնա հայրենիք. չվերադառնալու միակ ելքը տեղացու հետ ամուսնությունն է: Ինեսսայի հաջորդ «զոհը» օտարազգի Բյորնն է, որն ավելի անկեղծ է մարդկային հարաբերություններում…Մարդիկ քննություն են հանձնում, մարդկայնության, խղճի, բարոյականության, կամքի, զգացմունքների քննություն, իսկ ազնվության չափորոշիչները դարերով նույնն են: Մարդկային արարքները չեն տեղավորվում ազնվության գրված ու չգրված օրենքների ներսում: Ամենուր առկա է Նորին Ամենազորություն Շահը…Աղջիկն զգում է Ժորայի սիրո տառապանքի մեծությունը, սակայն «նպատակի» իրագործման համար անհրաժեշտ ուժ է գտնում…կեղծելու: Ցավոք, Ինեսսան խիստ ռեալիստական կերպար է, շատ հանդիպող մարդկային տեսակ մեր հասարակության մեջ, մեր օրերում:
Կ. Տեր-Հովհաննիսյանի «Ինեսսա» վիպակը կարելի է համարել Սփյուռքի մերօրյա գրականության ձեռքբերումներից մեկը՝ իբրև նահանջի… գեղարվեստական հակառակորդ, իբրև հայության կորստյան ցավի ճշմարիտ պատկերում: Կյանքը ինչպես որ է. զոհրապյան սկզբունքով է գրողը կերտում իր ստեղծագործությունը: Ոսկերչի նրբաճաշակությամբ իրականության մեջ նա տեսնում է այն ամենը, ինչը կարելի է տանել գրականություն: Հեղինակն այս սկզբունքներով է կերտում նաև փոքրածավալ արձակը («Պղպջակ», պատմվածքների ժողովածու, Երևան, 2009թ.): Հիրավի, ճշմարիտ արվեստագետը չի կարող հեռու մնալ իր ժամանակից, այն էլ այն դեպքում, երբ ժամանակը …վիրավոր է կեցության և գիտակցության պայքարի անհատնում տառապանքով:
Դարձյալ զոհրապյան մոտեցումներով Կ. Տեր-Հովհաննիսյանն անդրադառնում է կնոջ հոգեբանության ներկայացմանը: Հետաքրքրական է, որ վիպակի տղամարդ հերոսները լռությամբ տանում են իրականության հարվածները, իսկ հերոսուհիներն ավելի «ուժեղ» են, ուզում են լինել դրության տերը, գնահատվել, նկատվել, կարողանում են սառնորեն նայել իրականությանը, ընդունակ են «դաժան» որոշումներ կայացնելու. գրողը, այնուամենայնիվ, կանգնած է կնոջ իրավունքների պաշտպանության դիրքերում:
Կոլյա Տեր-Հովհաննիսյանի գեղարվեստի աշխարհը համակրելի է, լուսավոր, հուզիչ: Նրա՝ արդիականության թարմությամբ տոգորված վիպակն ու պատմվածքներն ընթերցվում են մեկ շնչով, կլանում են ընթերցողին. ասվածը ստեղծագործական ակնհայտ ուժի առհավատչյան է:

«Գրական Թերթ», 25 հունիս, 2010 թ. Երևան

1 comment

    • Armine on 17 Օգոստոսի, 2010 at 10:22 ա.
    • Reply

    Inqs el qajacanot em Hovhannisyani stexcagorcutyunnerin u karcum em
    hodvacagrin hajoxvel e tapancel groxi u nra herosneri nerashxarh ev
    haskanal u chisht gnahatel merorya ereveli arcakagrin.

Թողնել պատասխան

Your email address will not be published.