Լիդա Նալբանդյան | ՇԱՐԺԱԿԱՆ ՎԵՐՆԱՀԱՐԿ

Նվիրվում է Ելենային

Եվ այդպես ամեն կեսօրին նա անձրևանոցով կանգնում էր սրճարանի դիմաց և սպասում: Շատ անգամներ էր արցունքոտ աչքերով հեռացել: Եվ ամեն անգամ միևնույն ծանոթ դեմքը դուրս էր գալիս սրճարանից: Թևատակին միշտ ունենում էր մի նոր օրիորդ:
Անկուշտ տարիներ: Փորձում ես արտաքին աշխարհի նորություններով, որոնք կարող են լինել նաև մարդկանց տեսքով, կոծկել սեփական ոչնչությունը: Նոր մարդիկ, քո հին պատմություններով: Դրանք կարող ես դարերով էլ պատմել: Քո՛նը կլսվի:
Եվ ամեն անգամ նա բանալին թողնում էր դռան շորի տակ, ինչպես որոշ պարզ ու միամիտ գյուղի բնակիչներ սովորություն ունեն անելու: Տանից դուրս գալուց առաջ միշտ անջատում էր գազօջախը և էլեկտրականությունը: Սպասում էր երթուղայինի և իջնում ութերորդ կանգառում, նախապես զգուշացնելով՝ որ կանգառում կանգնեն: Եվ միշտ միևնույն վախվորած քայլերով մոտենում էր սրճարանին, բացում անձրևանոցը և սպասում երիտասարդին: Իսկ երիտասարդը միշտ դուրս էր գալիս նոր օրիորդ թևատակին:
Անկուշտ տարիներ, անգամ վշտերի առումով: Կառչում ես ամեն մի քարից, ծանրությունները կուտակում մեջքիդ, վիրավորանքները կուլ չես տալիս և չես մոռանում, այլ հավաքելով դարձնում ես սապատ: Էլ արևը չի ավետում, այլ բոթում է նոր օր: Էլ աստղերը չեն զմայլում, այլ ահ են պատճառում նմանվելով ասեղի ծակոցից դուրս եկող կայծի: Բայց նա գալիս էր ու գալիս`ոտնահարելով սեփական ինքնությունը, կուզիկ ու սապատավոր: Գալիս էր ու կգա, մինչև դողդոջուն ձեռքերը էլ չկարողանան բացել ծանոթ անձրևանոցը: Կգա մինչև արևը ցույց կտա իր կնճռոտված երեսը, տառապանքի դրոշմն ու ապացույցը բոլորին: Կգա մինչև երիտասարդի և նրա հայացքները չհանդիպեն: Դա կնմանվի հազարավոր աստղերի ասեղային ծակոցի: Բայց ո՞վ գիտե, միգուցե հայացքի էլ չարժանեցնի կուզիկին:
Ինչքա՜ն դեռ պետք է քարկոծեմ ինքս ինձ, մինչև հասկանամ, որ ես, ոչ թե դու էիր ինձ պետք: Ես էի ինձ պետք, երբ համոզում էիր, թե իմ նմանը չկա: Ես էի ինձ պետք, երբ մուրում էի հայացք, իսկ փոխարենը ստանում էի սապատավոր մեջք, որը սպառնում էր դառնալ բռունցք իմ գլխին: Ես էի ինձ պետք, երբ անգամ հայելին չէր թողնում մտնել հոգուս մեջ և սրսկել նրա բացը, վերքն առողջացնել:
Հիմա շինարարական աղբ է գոյացել տան առաջին հարկում: Ընկերներով որոշել ենք կառուցել վերնահարկ`արվեստանոց, կամ օդում կախված այգի: Մի խոսքով դեռ չենք որոշել: Որոշեցինք կապույտ գույնն օգտագործել: Երբ արևի շողերը գալարվեն պատերին, կստեղծվի երկինք: Արևը և կապույտը խենթ սիրահարներ են: Ներդաշնակ են ու ձուլվող, իսկ ես սիրում եմ սիրո դաշտը: Այնտեղ անսահման է և ապահով: Հատակը սպիտակել է գաջից, ներկից և քայլելուց ոտնամանների հետքը հստակ մնում է գետնին: Երբ պարապ ենք լինում, հաշվում ենք: Աստիճանները դեպի վերնահարկ ութն են: Ինտերվալը մի աստիճանից մյուսը մեծ է: Հիշում եմ, որ դեռ փոքրուց վախենում էի նման աստիճաններից: Առաջացնում էր գլխապտույտ: Վերնահարկի պատուհանները մեծ-մեծ են, ինչպես հին արիստոկրատների բնակարաններում: Պատուհանագոգին դրվելու են Թանթառնիկի սիրելիները`բույսերը, վարդի թփերը, անհայտ անվանումով մանուշակագույն ծաղիկները: Սիրո մթնոլորտ կստեղծենք վերևում և այնտեղից էլ կհաշվենք ոտնահետքերը: Արդեն ու՜շ է …անձրևանոցը փակել եմ և դրել պահարանում: Հիմա հնչում է Գարուն ա-ն և հյուսում է նոր կյանք:
Հետաքրքիր է, կարող է մարդ վերածնվել ապրելիս, կյանքում: Դա հնարավո՞ր է: Ապրել մեկով, իսկ հետո արթնանալ առանց այդ մեկի: Ապրել մեկի հետ կապված հուշերով, հետո լիովին բավարարվել գտած ներկայով: Դողալ մեկի ափերի հպումից, հետո անտարբեր մնալ ամենահոգատար ափի շոյանքից: Ռունգերս օդ են հավաքում, բացվում են և աչքերս փշաքաղվում են արցունքներով: Ափսո՜ս, որ ես միայն կդիտեմ արևի ու կապույտի ֆիլմը և չեմ ձուլվի նրանց էներգիային, կիսատ կլինեմ ես նրանց կողքին: Նրանք էլ ինձ չեն ընդունի:
Վերնահարկում կհորինենք շարժական տանիք: Ամռանը, հատկապես գիշերները տանիքը կբացվի և մենք կքնենք քամու շոյանքներից: Նա վարսերս մտրակողի հարվածով կպառկեցնի բարձին, իսկ երեսիս կթափի բազմերանգ վարդերի թերթիկներ, բերված աշխարհի բոլոր բուրաստաններից: Դրսում խաղողուտը կխշշա, ավելի հեռվում կլսվի ծառերի խշշոցը և անգամ քո տան դիմացի ծառերի տերևների խուլ երգը կհասնի ականջիս, հուշելով, որ դու էլ ես լսում: Եվ անհավատալի է, բայց ես կապրեմ միայն այն մտքից, որ դու էլ ես լսում: Քո ներկայությունը անգամ գծերից այն կողմ, կզարկեցնի սիրտս, կկենդանացնի արյան շրջանառությունը երակներումս: Թակ-թակ, ու ես ապրում եմ միայն այն մտքից, որ ես ու դու անում ենք միևնույն անիմաստությունը: Հասկանու՞մ ես: Հեռավորության վրա տենչալ ու կեղծել զգացմունք շատ էի սիրում: Քեզ հետ սիրեցի զգացմունքը քո գրկում, սիրեցի սերը քո գրկում: Էլ ոնց թաքնվեմ հեռավորություն բառի տառերի ինտերվալում: Մատիտի գծերի խորության մեջ խեղդվում եմ, չի ստացվում: Կողքի՛ն բառը շատ սիրեցի,այլ ոչ թե հեռուն:
Շարժական տանիք մի օր կգնեմ ու կհարմարեցնեմ վերնահարկին: Այնտեղ կապրեմ, այնտեղ էլ կանէանամ: Որովհետև տաքուկ տեղում եմ սիրում արարել ու երազել: Այնտեղ է միայն ստացվում: Իսկ մտրակվելիս ոչ մեկը չի հորինում տողեր: Երանի թե մտրակվելուց երազեի ու արարեի: Այդ ժամանակ կկանգնեի երիտասարդի դիմաց և հաղթական ժպիտով կասեի`իզուր չեմ ապրել:

9 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. ay xelaci axchnak

  2. Reading this amazing piece of literature gave me goose bumps… I love this, Lida !!!

  3. APRES SHAT APRES SIROV @NTERTETI !

  4. Մեծ սիրով եւ ուրախութեամբ բարի գալուստ կը մաղթեմ Լիդային, գրականութեան փշոտ անդաստանէն ներս: Պինդ մնա՛, ականջ մի՛ կախեր գովեստներուն եւ
    քալէ քու ինքնուրոյն ուղիով:
    Շատ ապրի՛ս:

  5. Միայն կասեմ որ Մեծ Հաճոյքով եմ կարդում գրություններդ:
    Ինչպես Մարուշն է գրել “քալէ քու ինքնուրոյն ուղիով”:

  6. Zarmanali e,te inchqan zgacmunqayin es,hogid liqn e geghecikov,mez het el kisvi…:) Shaghik

  7. Sa im masin e ev es huzvac em

  8. Kasem shat lav kyanqi uxiov ancaneli barer en
    Hianali e

  9. sirun axjik ed inch xorn es

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի