«

»

Սեպ 07 2009

Տպել Գրառում

Աշոտ Գաբրիելյան | ԳԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

***
Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ,
Ու մերկացած բառերդ քեզ հետ տարար,
Որ քեզ արտասվելու ժամանակ լինի…
Ծիածանից այն կողմ իմ գույներն են քո աչքերի մեջ.
Մեզ իրար կապող բոլոր կամարները
Աշխարհից այն կողմ են…

***
Կամակատար շուրթերս
Մաշել են քեզ ծանոթ բոլոր բառերը…
ժամանակը միշտ վերադառնում է քեզ մոտ,
Իսկ օրերիս ստվերները
Երկարում ու ձգվում են՝
Փորձելով գտնել այն,
Ինչ չկար ինձանից առաջ…
Ես քո աչքերի մեջ
Կանգնեցնում եմ ժամանակը,
Իսկ բառե մոլորակները
Շարունակվում են պտտվել
Եվ կործանել
Քո շուրթերին հասնող
Համբույրիս շշուկները…

***
Անտառելի տողն իր ռիթմով ելևեջում է իր ներսում.
Խոսքեր չեմ գտնում,
Որովհետև նայում եմ Աստծու աչքերի մեջ…
Ու թվում է, թե Նրա տաք աչքերի բուրվառում
Առաջին բառն է ծնվում,
Որի մեջ ահագնանում է սարսուռը՝
Չարարված հնչյունների թախիծով ակնամոմված…
Ու հիմա առաջին մարդու նման
Ուզում եմ սիրուց պոկվել ու ճչալ,
Բայց կոկորդս անարձագանք է մնում…
Եվ ցավս երեսս շրջում է,
Իսկ ես հեռանում եմ՝
Թիկունքիցս լսելով Աստծու անբառ աղոթքները,
Որոնք որոնել ու չեմ գտել…

***
Ես միշտ խոսում եմ քեզ հետ.
Դու չկաս…
Սերը եղունգներիս տակ է,
Որոնք պատսպարում եմ հայացքներից
Որ սրբորեն հավատամ
Իմ երազներին…
Ես միշտ լիաբառ եմ խոսում քեզ հետ,
Երբ չես մերկացել…

***
Չեմ գրում՝
Քեզ եմ տեղավորում ասված տողերի մեջ,
Եվ խոսքս դառնում է չլսված պատմություն…
Սիրո մասին այլևս չեմ գրում,
Գրում եմ հանուն սիրո…
Նկատել եմ արցունքներ թաքցրած աչքերդ,
Որոնք իմ սրտում են արտասվում…
Սիրուց պոկվելը
Նման է կիսատ բանաստեղծության,
Որը ոչինչ չարժե,
Բացի նրանում եղած
ՍԵՐ բառից…
Ես այլևս չեմ գրում սիրո մասին…
Ներիր,
Չեմ գրում, քանզի անավարտ է մևում,
Չեմ գրում, ու սերը չի ավարտվի…

***
Անունդ եմ այրում թղթի վրա
Եվ բառանախշ եմ փորձում կտել կոնքիդ…
Արևը ծիածան է հորինում
Եվ վայրկյան առ վայրկյան
Կերպարանափոխում բառը,
Որն իր լի շուրթերին էր…
Եվ մեկ հնչյուն իսկ չդաջած՝
Հեռանում է բառն ու արտասվում կրծքերիդ,
Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս…

***
Ծովի ու ցամաքի եզրին
Աստծո մատն է աղակալում…
Քո երկունքի ու իմ միջև
Ծովի ու ցամաքի երազն է պտղավորվում՝
Արարման օրերի ներդաշնությունը երկնելու համար…
Կոնքերիդ տարփահեզ ամբարում
Պահպանիր իմ հղած արարման շաբաթը
Եվ քարացած արցունքներիդ միջից
Հանիր բյուրեղյա բառերը,
Ուզում եմ համտեսել
Աստծո և իմ միջև եղած
Բառերի ոգին…

***
Կոկիկ հագնված ու պինդ կոճկված
Բառերի մարմիններն եմ
Գծագրում իմ անշոշափ հիշողության մեջ…
Եվ մատներիս կրակը
Ուզում է իր բոցի մեջ առնել
Նրանց ստինքների կաթնաղբյուրը…
Շուրթեր, մի աղոթեք
Իմ համբյուրի հիշողությունը
Նրանց հղկված մահարձանի
Ստվերներում…
Իմ սիրո համար լիզեք բառերի մերկ պտուկները
Եվ դավաճանեք բոլոր սերերիս,
Որոնք մի օր հաստատ վերջին անգամ են ծննդաբերելու…

***
Երբ ԲԱՌը ձայն դարձավ,
Ես ու դու խլացանք
Եվ չլսեցինք այլևս տիեզերքի աղմուկը…
Սերը փրկելու համար
Ես բանաստեղծություններ գրեցի՝
Փորձելով ԲԱՌը վերծանել,
Եվ երբ բառս գիր դարձավ՝
Մենք կուրացանք…

***
Ինձ հարկավոր չեն քո խոսքերը,
Որոնց բառերը ես չեմ վերծանել,
Ինչպես չեմ կարող հասկանալ ձկան համրությունը…
Որքան ինձ ժամանակը առաջ է մղում,
Ես այնքան փոշոտվում եմ անցյալով,
Որտեղ անընտել են բառերը…
Իմ խոսքը վախճանին է հասնում,
Իսկ բառը քո կրծքի վրա
Բացվում է դեղձի ծաղկի պես
Եվ ընտանի բառերը խեղդում են հիշողությունը։

***
Բոլոր բառերը մոխարցնել է պետք,
Որպեսզի մերձենամ քեզ…
Կանգնել ու նւսյում եմ Աստծո աչքերին,
Որոնցում ծովն է փրփրում
Ու ցամաք նետում
Քո պիրկ մարմինը…
Բառերն այրվում են
Ու չեն մոխրանում…
Բառեր, ո՞վ կտրեց ձեր պորտալարը
Եվ նետեց ինձ…
Ձեռքերս ծովին պարզած՝
Նորից հեռանում եմ քեզանից…

***
Ծովից աստղ է բարձրանում՝
Մեգանուշ Աստղիկի երազը տանելով տիեզերք՝
Մեր անտերուդուրս բառերի մշուշից անդին…
Ծովի վրայով մակույկս է դանդաղ հեռանում՝
Մոխրացած սերերս փռելով
Ջրերի վրա…
Համր ձկները կուլ են տալիս
Իմ փշրված հոգին
Եվ անձայն աղոթում
Բառերի կորստի համար…

***
Աչքերիդ արտասուքը
Հրդեհված ծովեր է մարում…
Աչքերդ
Կաթիլ-կաթիլ լուսավորվում են
Ու ապաստան տալիս
Սիրո հրեշտակներին…
Թող քեզ զգամ
Իմ պարանոցի
Զարկերակի նման մերձ
Ու հեգ առ հեգ վանկեմ
Կորսված բառերի ոգին
Ու շնչառությանդ հնչյունները…
Խաղա՜ղ…
Խաղաղ է արարչությունը…

Share Button

1 կարծիք

  1. Narine

    Patahmamb mta ays kayq@, ev nuynqan patahakan baceci dzer ej@. Ankexc eq…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>