«

»

Նոյ 17 2009

Տպել Գրառում

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՎԵՐՋԻՆ ԽԱՂԸ

ՄԻՆԱ 

Շահի գնդապետների կանայք երեք ընդհանուր առանձնահատկություն ունեին՝ տարիքով շատ փոքր էին իրենց ամուսիններից, գրավիչ էին և անհավատարիմ: Մինան մեկն էր նրանցից: Բանակում ծառայող հայրը պարսկական գեղեցկությամբ՝ փարթամ հասակով, կաթնագույն մաշկով, չքնաղ, սև աչքերով, դեռ տասնյոթը չբոլորած, Մինային ամուսնացրեց երեսունիննամյա մի հարուստ սպայի հետ, որի հայրը բանակի ընդհանուր սպայակույտի պետերից էր: Հետագայում, փեսայի հոր միջնորդությամբ Մինայի հայրը կապիտանի կոչումով գրասենյակային հանգիստ պաշտոն ձեռք բերեց բանակի կենտրոնական շտաբում: Մինային թույլ տվեցին ավարտել միջնակարգը, բայց դիպլոմն ստանալուց հետո նա համարյա կտրվեց իր ընկերուհիներից ու փակվեց տան չորս պատերի մեջ: Իսկ տուն կոչվածը երկհարկանի մի մեծ դղյակ էր` փառահեղ պատշգամբով, այգիով, լողավազանով ու ծառաներով:
Եղբայր չունենալով՝ Մինան շատ քիչ էր շփվել տղաների հետ, ուստի ժամանակից շուտ մայորի աստիճան ստացած ամուսինը՝ Մոջթաբան, չնայած իր կարճ հասակին, արժանացավ աղջկա հարգանքին ու համակրանքին: Մինայի աղջկական նուրբ մարմինը փշաքաղվում էր սեռական հարաբերություններում փորձված մայորի կրքոտ շոյանքներից ու հպումներից: Մինան արտառոց չէր համարում տարիքային տարբերությունը, որովհետև դա ընդունված երևույթ էր իր շրջապատում. զինվորականների աղջիկներից շատերին ևս նմանատիպ ամուսնական բախտ էր վիճակված: Շատ չանցած` Մինան լույս աշխարհ բերեց մի աղջիկ, որին Փունե անվանեցին: Մոր պես չքնաղ Փունեն դարձավ Մինայի ուշադրության առարկան և, քանի դեռ փոքր էր, Մինան երբեք չէր բողոքում իր մենությունից կամ ձանձրույթից: Կենսուրախ, չարաճճի և արկածախնդիր բնավորության տեր լինելով` Մինային գրավում էին նաև բանակի ակումբում ամեն շաբաթ տեղի ունեցող մայրաքաղաքային երկսեռ հավաքույթները, որոնք, սովորաբար, ավարտվում էին ազատ պարերով: Ճիշտ է, Մինան մեկ գլխաչափ բարձր էր իր ամուսնուց, բայց դա ամենևին չէր անհանգստացնում նրան, որովհետև ամենուրեք զգում էր երիտասարդ սպաների` իր վրա սևեռված հիացական հայացքները: Հաճախ, ամուսնուց թաքուն՝ իր հմայիչ աչքերի խաղով նա խելքահան էր անում իրենով տարված սիրատենչ երկրպագուներին՝ զգալով գերագույն հաճույք ու բավականություն: Մինային առինքնում էին նոր կյանքի ընձեռած վայելքները՝ տան նորագույն հարմարությունները, լողավազանը, ամերիկյան մակնիշի շքեղ մեքենան, իր տեսակ-տեսակ հագուստները և հաճոյակատար ծառաները, որոնք թույլ չէին տալիս նրան, մեղմ ասած, մատը մատին խփել: Մինան երջանիկ էր իրեն վիճակված կյանքով, Մոջթաբայի թեև կոպիտ, բայց հոգատար վերաբերմունքով ու իր կյանքը լցնող փոքրիկ Փունեով: Մոր, հոր և իրենից փոքր միակ քրոջ՝ Նիլուֆարի հաճախակի այցելությունները ևս լրացնում էին Մինայի երջանկությունը:
Նրա ուրախության աղբյուրներից մեկն էր նաև տան գլխավոր նաժիշտը՝ բարի Լաթիֆեն: Մինան այնպես ամուր էր կապվել այս միջին տարիքի կնոջ հետ, որ տան կահավորանքի, հագուստների, Փունեի և իրեն մտահոգող անձնական բոլոր հարցերով դիմում էր նրան: Լաթիֆեն հասարակ մեկը չէր, կրթված էր ու խելացի: Եկել էր սնանկացած մի գավառական վաճառականի ընտանիքից: Ծնողները մահացել էին: Եղբայրներն ամուսնացել էին ու առանձնացել: Չնայած գրավիչ արտաքինին` չէր ամուսնացել՝ տղամարդկանց նկատմամբ ունեցած հակակրանքի պատճառով: Ժամանակին Լաթիֆեն սիրային գաղտնի կապ էր ունեցել մի տղայի հետ ու հղիացել նրանից, սակայն հոր սնանկացումից հետո տղան լքել էր նրան այդ դրությամբ ու ամուսնացել ուրիշի հետ: Պատիվը փրկելու համար հուսալքված Լաթիֆեն մի տնային կին հեքիմի օգնությամբ, վտանգելով իր կյանքը, ազատվել էր երեխայից: Լաթիֆեն ապրում էր մայորի դղյակում, ուր մարգագետնին կից կողաշենքում մեկ սենյականոց բնակարան էին հատկացրել նրան` իր բոլոր հարմարություններով: Պարզ կահավորանքով այդ միշտ մաքուր ու կոկիկ սենյակը Մինայի ամենասիրելի անկյունն էր տան մեջ: Փունեի քնելուց հետո, երբ ամուսինը, փակվում էր գրասենյակում կամ ժամերով կլանված նստում Գերմանիայից վերջերս ներմուծված ու դեռևս շատերի համար անհասանելի գունավոր հեռուստացույցի առջև, Մինան վազում էր Լաթիֆեի մոտ ու նրա հետ կիսում իր առօրյա ուրախություններն ու տխրությունները:
Հազիվ մեկ շաբաթ էր անցել Փունեի հինգերորդ տարեդարձից, երբ Մոջթաբան դարձավ փոխգնդապետ ու ենթարկվելով բանակի ներքին կանոնադրությանը՝ երկու ամսով գործուղվեց գավառական մի քաղաք: Հակառակի պես այդ օրերին Լաթիֆեն, օգտվելով տարեկան արձակուրդից, մեկնել էր երկրի հյուսիս՝ եղբոր մոտ: Մինան մենակ մնաց Փունեի հետ: Առաջին մի քանի օրը կարոտում էր Մոջթաբային. քունը չէր տանում, շուռումուռ էր գալիս անկողնու մեջ կամ երբեմն ննջում՝ բազկաթոռին նստած: Թեև Մոջթաբան հաճախ էր հեռաձայնում ու հետաքրքրվում կնոջ և դստեր առողջությամբ, սակայն մի քանի օր չանցած՝ Մինան զարմանքով զգաց, որ իր հոգում ոչ միայն խամրում է Մոջթաբայի կերպարը, այլև սկսել է հաճույք զգալ ընձեռված ազատությունից: Գյուղից նոր եկած քսաներկուամյա Զահրայի օգնությամբ Փունեին քնեցնելուց ու նրան արձակելուց հետո, միացնում էր ձայնարկիչն ու թափանցիկ գիշերազգեստով ինքնամոռաց պարում էր հյուրասենյակի ոսկեզօծ շրջանակով հսկա հայելու առջև՝ դիտելով իր անթերի մարմնի բարեմասնությունները, որոնք չէին աղճատվել նույնիսկ մայրանալուց հետո: Այնուհետև, հոգնած փռվում էր ամուսնական փառահեղ անկողնում ու դեգերելով երազների աշխարհում՝ քնում այդ վիճակով: Մինան զգում էր, որ ավելի շատ կարոտում է Լաթիֆեին:
Մի օր, առավոտյան դուրս գալով պատշգամբ` ուշադրությունը կենտրոնացրեց ակամայից կենտրոնացավ մարգագետնում աշխատող զինվոր տղայի վրա: Համարյա ամեն օր տեսնում էր այդ տղային, որն օրը երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, ճիշտ նույն ժամին գալիս էր ու ջրում այգին, փորում հողը, էտում ծառերն ու խնամում մարգագետինը: Շոգ էր: Տղան միայն դարչնագույն զինվորական շալվարով էր: Մերկացել էր գոտուց վեր: Նրա քրտնած, մկանուտ մեջքը փայլում էր արևի տակ: Մի բան խլրտաց Մինայի խորքում. նա արագ փախցրեց հայացքն ու մտավ ներս: Սակայն ինչ անում էր, չէր կարողանում մոռանալ տղայի մեջքը. «Եղած – չեղածը մի հասարակ զինվոր է, ես՝ փոխգնդապետի կին, տանտիրուհի և…»,- մտմտում էր նա մի տեսակ նվաստացած ու զարմացած: Այնուամենայնիվ, չկարողանալով զսպել իրեն, քիչ անց նորից դուրս եկավ պատշգամբ: Տղան չկար: Նա, ավարտելով գործը, գնացել էր: Մինան երեկոյան Զահրայից պահանջեց թեյը մատուցել պատշգամբում: Տղան եկավ ճիշտ ժամանակին և հանելով վերնազգեստն ու մնալով կանաչ գույնի շապիկով, անուշադիր պատշգամբում նստած տիրուհու հանդեպ` սկսեց աշխատել: Տղայի պողպատե մկանները պրկվում էին ծանր ծաղկամանները գետնից կտրելիս ու տեղափոխելիս: Չնայած պատշգամբում վազվզող Փունեի չարաճճիություններին ու մորը դիմելու բազմաթիվ փորձերին` Մինան հայացքը չէր կարողանում կտրել տղայից, ու Փունեի չդադարող հարցերին պատասխանում էր ալարկոտ` ակամայից հարուցելով աղջկա զարմանքն ու զայրույթը:
Հաջորդ օրը Մինան արթնացավ շատ շուտ ու գիշերվա զգեստով վազեց պատշգամբ: Տղան այնտեղ էր ու գոտուց վեր մերկացած մեջքն արած դեպի Մինան` կենտրոնացած աշխատում էր: Նորից մի բան խլրտաց իր ներսում, ուզեց հեռանալ, բայց … Երբ տղան շրջվեց, նկատեց պատշգամբում կանգնած ու իրեն նայող տիրուհուն: Մի պահ նրանց հայացքները խաչաձևվեցին: Մինան չփախցրեց հայացքն ու անսովոր դող զգաց մարմնում: Տղան հարգանքով գլուխ տվեց ու շարունակեց աշխատանքը, բայց մղված հետաքրքությունից` մի անգամ ևս շրջվեց ու նայեց վեր. պատշգամբում կանգնած թափանցիկ գիշերանոցով տիրուհին նայում էր ուղիղ իրեն… Տղան շփոթված հագավ շապիկն ու վերնազգեստը և վերցնելով բահը` գլուխը կախ քայլեց դեպի մարգագետնի չերևացող մասը:
Իրիկնամուտին Մինան նայեց հայելու մեջ, թեթև շպարվեց ու Զահրային պատվիրեց հետևել Փունեին, անցավ խոհանոց և համոզվելով, որ տարեց խոհարարն ու գնումներ անող ծառան զբաղված են ընթրիքի պատրաստությամբ, վերցրեց Լաթիֆեի բնակարանի բանալին ու տնային խալաթով, որի բացվածքից երևում էր վարդագույն ներքնազգեստը, իջավ այգի: Նոր ջրած ծաղիկների արբեցնող բույրը խտղտացրեց նրա ռունգերը: Նա խորը շնչեց, ու ծանոթ դողը նորից բռնեց ողջ մարմինը: Հաճելի եղանակ էր: Այդ պահին նա չէր կարողանում հաշիվ տալ իրեն, թե ուր է գնում և ինչ է անում: Ներքին մի ձայն հուշում էր վերադառնալ, սակայն արկածախնդրության մարմաջով տարված՝ Մինան խորանում էր այգու մեջ: «Ի՞նչ է, իրավո՞ւնք չունեմ էստեղ զբոսնելու,- ասես արդարանում էր իր ներքին ձայնի առջև,- հո չե՞մ գնում…»: Բայց և այնպես, դեռ կողաշենքին չհասած` մի անորոշ ահ զգաց ու որոշեց վերադառնալ, երբ հանկարծ դիմացը դուրս եկավ կանաչ շապիկով զինվորը: Մինան մի պահ մեխվեց տեղում. տղան արևառ, բարետես դեմք ուներ, կարճ կտրած շեկ մազեր, սլացիկ ու առնական հասակ: Նրանց հայացքները նորից հատվեցին: Բայց Մինան արագ գտավ իրեն ու ընդունեց տիրուհու՝ իր գերակա կեցվածքը.
– Է՛յ, սարբազ1), անունդ ի՞նչ է:
– Աֆշի՛ն, Ձեր ծառան, խանո՛ւմ:
– Էս ի՞նչ հագնվելու ձև է, տանը կանայք կան,- բարկացած ու հրացայտ աչքերով նրան վերից վար չափելով` ասաց Մինան,- հագի՛ր վերնազգեստդ, շո՛ւտ, էլ չտեսնեմ…
– Աչքի՛ս վրա, խանու՛մ, շոգ է… գիտե՞ք` էսպես հանգիստ է,- զինվորի ծավի աչքերում վախի հետ խառնված հեգնանք էր զգացվում:
Տղայի մերկացնող հայացքը մի պահ նետի պես մխրճվեց տնային խալաթի բացվածքից ներս, ապա կանգ առավ ու մնաց Մինայի աչքերում: Տարիներ անց` ամեն անգամ այդ պահը հիշելիս, Մինայի մարմնով սարսուռ էր անցնում: Չէր կարռղանում բացատրել, թե ինչը դրդեց իրեն լուռ մոտենալ անծանոթ զինվորին, տիրաբար բռնել նրա ձեռքն ու վարժ շարժումով բացելով Լաթիֆեի բնակարանի դուռը՝ նրա հետ մտնել ներս: Հիշում էր նաև, որ դուռը փակելիս մի ակնթարթ իրեն տիրեց փախչելու և ազատվելու ցանկությունը, բայց արդեն ուշ էր. տղան աքցանի պես Մինային առավ իր երկաթե բազուկների մեջ ու սեղմեց կրծքին… Մինան թեթև դիմադրեց, բայց հետո նվաղեց հաճույքից ու ծնկելով զինվորի առջև` սկսեց դողացող մատերով բացել նրա զինվորական լայն գոտին…
* * *
Թեև ամեն բան մնացել էր անփոփոխ, սակայն Լաթիֆեն սենյակում զգաց անսովոր՝ օծանելիքի ու ծաղիկների բույր՝ խառնված ինչ-որ անսովոր հոտի հետ: Բացեց պատուհանն ու դուրս նայեց: Քիչ հեռու Աֆշինը կռացած աշխատում էր սովորականի պես: Նա քաղաքավարությամբ բարևեց Լաթիֆեին ու տարօրինակ ժպտաց:
– Սալամ, ո՞նց ես,- բարևին արձագանքելով ու չսպասելով պատասխանի՝ Լաթիֆեն շրջվեց ու սկսեց շորերը դասավորել: Զարդասեղանի վերին գզրոցում հանկարծ նրա ուշադրությունը գրավեց մի ոսկեգույն արկղիկ. կարդալով վրայի լատիներեն գրությունը՝ նա շանթահարված քարացավ տեղում: Արկղիկը կիսով չափ դատարկ էր… Ակամայից նայեց անկողնուն. ձեռք չէր դիպչել իր գնալու պահից: Բայց հատակի մարմնագույն գորգը տեղից շարժված էր և ուշադրությամբ դիտելիս շրթներկի կամ այլ կասկածելի հետքեր էին երևում վրան: Մի՞թե Զահրան… Բայց չէ՞ որ բնակարանի բանալին միայն Մինան ուներ… «Հատակի վրա՞… անհավատալի է, ան-հավատալի է…»,- մրմնջում էր խեղճ կինը:
Նա նստեց անկողնու եզրին ու գլուխն առավ ափերի մեջ: Լաթիֆեն չէր զարմանում: Քիչ չէին իրենց ամուսինների թիկնապահ, վարորդ կամ այլ կոչումով ծառայող զինվորների հետ գաղտնի սեռական հարաբերություններ ունեցող բարձրաստիճան սպաների կանայք: Բայց Մինա՞ն… ո՞ւմ հետ. ախր նրան աշխատել էր դաստիարակել հարազատ աղջկա պես: «Գուցե սխալվում եմ,- ասես լույսի մի շող պարուրեց նրա բարի դեմքը,- գուցե Զահրան այնքան էլ միամիտը չէ, ինչպես երևում է առաջին հայացքից, գտել է բանալին ու… Գնամ տեսնեմ ինչը ինչոց է»:
Ո՛չ, Մինայի` երջանկությունից շողացող դեմքն ու արտաքին տեսքը որևէ կասկած չէին թողնում: Թվում էր` անցնող մեկ ամսվա ընթացքում, նա մեծացել էր մի քանի տարով: Չկային ամուսնությունից հետո դեռևս պահպանած նրա աղջկական համեստության ու պարզության բեկորիկները: Նրա առջև կանգնած էր փոխգնդապետի տիկինը՝ տան ամենազոր տիրուհին:
Այնուամենայնիվ, Մինան ինքը մոտեցավ ու գրկախառնվելով Լաթիֆեի հետ՝ հուզված բացականչեց.
-Ա՜խ, ինչքա՜ն էի կարոտել քեզ, Լաթի՛ֆ ջան, շատ մենակ եմ, բոլորդ, խոսքերդ մեկ արած, մեկնել եք ամառանոց: Մերոնք էլ երկու շաբաթ առաջ գնացին ծովափ:
Ներս վազեց Փունեն: Լաթիֆեն գրկեց ու կարոտով համբուրեց աղջկան: Տարված խաղով՝ Փունեն անհետացավ նույնքան անսպասելի, որքան հայտնվել էր:
– Ոչ ոք չգիտի՞,- առանց նախաբանի հարցրեց Լաթիֆեն:
Մինան մի ակնթարթ նայեց Լաթիֆեի աչքերին ու որսաց հանդիմանանքի հետ միախառնված տագնապի արտահայտություն:
– Միամի՛տ կաց:- ասաց նա սարսռեցնող հանդարտությամբ,- Դու որտեղի՞ց իմացար…
Լաթիֆեն գրպանից հանեց արկղիկն ու լուռ պարզեց նրան:
Վերցնելով արկղիկն ու թաքցնելով խալաթի գրպանում, Մինան չարաճճի ծիծաղեց ու նորից գրկեց Լաթիֆեին:
– Ա՜խ, իմ բարի՛, իմ լա՛վ Լաթիֆե, ինչքա՜ն էի կարոտել քեզ, էնպես էի ուզում պատմել քեզ ամեն բան…
– Իսկ… ո՞վ է… ո՞ւմ հետ…
– Գաղտնիք է, չեմ ասի:
– Դրսի՞ց է:
– Չէ՛, չէ՜ մի, ողջ աշխարհը կիմանար…- Մինան նորից ծիծաղեց,- գուշակի՛ր:
Մի՞թե Աֆշինը: Չէ՞ որ բացի նրանից, ուրիշ երիտասարդ կամ խելքը գլխին մեկը չկար ծառաների մեջ: Աֆշինին գիտեր. մանր ավատատեր ընտանիքի տղա էր, ծանոթության շնորհիվ բանակի փոխարեն, աշխատում էր փոխգնդապետի տանը` որպես այգեպան: Լաթիֆեն շշմած նայում էր Մինային: Հիշեց Աֆշինի տարօրինակ ժպիտը:
– Չեմ հավատում,- ասաց նա,- դո՛ւ ո՜վ, նա՛ ո՜վ…
Մինան սկսեց պատմել մեկ առ մեկ, մանրամասնորեն: Բառերն ու նախադասությունները հորդում էին գլխահեղ արագությամբ: Առանց դույզն իսկ ազդվելու` նկարագրում էր այնպիսի ինտիմ մանրուքներ, որ Լաթիֆեն կարմրում էր ամոթից:
– Մտածե՞լ ես հետևանքների մասին,- հարցրեց նա, երբ վերջապես Մինան կանգ առավ:
– Գիտե՞ս ինչ, նոր եմ զգում, որ այս ամբողջ ժամանակ խաբված եմ եղել: Հայրս ինձ վերցրել է փալասի պես ու հանուն իր նպատակների` նետել այս դրախտային դժոխքը… Հասկանո՞ւմ ես: Թքած ունեմ ամեն բանի վրա… Ատում եմ նրան…
-Բա, Փունե՞ն:
Մինան գլուխը խոնարհեց. մի պահ լուռ մնաց. նրա սև, երկար թարթիչներից կախվեցին արցունքի կաթիլներ:
– Փունեի պատճառով ես ցմրուր կխմեմ այս դառնության բաժակը…
«Դեռ հույս կա,- անցավ Լաթիֆեի մտքով,- դեռ ամեն բան կորած չէ…»:
Գիշերն անկողնում առաջին անգամ Մինան վախ զգաց կատարվածից: Զղջման ու ամոթի զգացումը դանդաղ, բայց համառորեն մոտենում ու պարուրում էր նրան: «Ի՞նչ կպատահի, եթե հանկարծ գլխի ընկնի. երեկ հեռախոսով խոսելիս ասաց, որ ձայնս դողում է: Գուցե կռահե՞լ է: Կսպանի, անպատճառ կսպանի թե՛ ինձ, թե՛ նրան: Եթե Աֆշինին ասեմ հեռանա, դա ավելի կասկածի տեղիք կտա, պետք է մի կերպ փրկել դրությունը»: Մինան քնեց այն որոշմամբ, որ վաղը կխոսի Լաթիֆեի հետ: «Աննման կին է,- քնելուց առաջ մտորեց նա,- նրան սիրում եմ մորիցս ավելի: Մա՜յր, հա՜յր… Ինչպե՞ս հանդուրժեցիք խաղալ ձեր դստեր ճակատագրի հետ… Նիլուֆարը պակաս գեղեցիկ չէ ինձանից, գուցե նա էլ, ենթարկվելով հարազատ ծնողների քմահաճույքին, դժբախտանա ինձ պես: Ո՛չ, ես թույլ չեմ տա, կբացեմ նրա աչքերը»…
* * *
Վերջապես փոխգնդապետը, բեռնավորված նվերներով, ժամանեց գործուղումից: Նա հոգնած տեսք ուներ, նիհարել էր: Մինայի ու Փունեի հետ ողջագուրվելուց հետո, քաշվեց իր սենյակը և ինչպես միշտ խորասուզվեց գործերի մեջ: Այդ ընթացքում նախ կանչեց պահակին, որին արձակեց կես ժամ ցածրաձայն խոսելուց հետո, ապա կապի զինվորին, որին հանձնեց ինչ-որ թղթեր ու ծրարներ: Նրա մտախոհ ու մելամաղձոտ դեմքը լավ բան չէր գուշակում: Գիշերը, չնայած Մոջթաբայի հանդեպ տածած նողկանքին, Մինան ջանում էր ջերմ երևալ: Ընդհակառակը, Մոջթաբան սառն էր, ասես, երկու ամիս հեռու չէր եղել իր հուրի-փերի կնոջից: «Հաստատ էնտեղ կանայք եղել են»,- Մինան նույնիսկ խանդ զգաց, բայց հետո մտքում ծիծաղեց իր վրա:
– Ի՞նչ է պատահել, Մոջթա՛բա – երկչոտ հարցրեց Մինան, առավոտյան, երբ նախաճաշում էին երեքով,- աչքիս մի տեսակ ես երևում:
– Չէ՛, բան չկա:
– Բա չես հարցնում` ի՞նչ է անցել-դարձել տանը քո բացակայության ընթացքում…
– Տեսնում եմ ամեն բան կարգին է,- խուսափողական պատասխանեց Մոջթաբան:
– Իսկ ո՞նց անցավ գործուղումը:
– Վատ չէր:
– Ինձ չէի՞ր կարոտում…
– Ինչու՞ չէ:
Մինային անհանգստացնում էր ամուսնու լակոնիկ ոճը, սառնությունը: Տիրեց անհարմար լռություն, որը հանկարծ խզեց Մոջթաբան:
– Գիտե՞ս` սև ամպեր են կուտակվում մեր տան վրա,- ասաց նա:
Մինայի ողնաշարի երկարությամբ ասես որդեր խլրտացին: «Ամեն բան գիտի…»,- անցավ մտքով:
– Ինչե՞ր ես խոսում:
– Պահակին հարցուփորձ արեցի ու պատվիրեցի զգույշ լինել:
– Ինչի՞ց զգույշ լինել:
– Մի՞թե չես հետևում լուրերին: Երկիրը հանգիստ չէ: Ամենուրեք վխտում են այդ գրողի տարած հեղափոխականները:
– Հենց միայն դա՞,- ուրախությունը հազիվ զսպելով՝ բացականչեց Մինան:
Մոջթաբան զարմացած ու ակնդետ նայում էր նրան:
– Նրանց թիրախը մենք ենք, հասկանո՞ւմ ես, խանո՛ւմ…
Մինան զգաց իր սխալն ու փորձեց շտկել.
– Դե, շահը ուժեղ է, նրանց տեղը կդնի:
– Այդքան էլ վստահ մի՛ եղիր, միայն առերևույթ է այդպես թվում: Հեղափոխականները սողոսկել են նույնիսկ զորքի մեջ: Էդ Աֆշինը աչքիս նորմալ չի երևում, պիտի տեսնեիր` ո՞նց էր նայում ինձ, մի կարգին պատվի էլ չկանգնեց:
Մինան շուռ տվեց թեյի բաժակն ու կարմրեց մինչև ականջների ծայրը:
Փոխգնդապետը չռված աչքերով նայեց նրան.
– Քեզ ի՞նչ պատահեց…
«Ժամանակն է, ժամանակն է…- Մինայի միտքը գործում էր արագ,- Ների՛ր, Աֆշի՛ն, սիրելի՛ս…»:
– Ես էլ էդ էի ուզում ասել,- անձեռոցիկով սփռոցն ու փեշը մաքրելով` ասաց բազմիցս մտքում կրկնած ու անգիր արած տարբերակը, որը Մինայի կարծիքով չարիքների փոքրագույնն էր,- նա միայն քեզ էդպես չի նայում, բոլորին խեթում է իր հայացքով… Ես էլ էի նեղվում նրա…
– Ի՞նչ,- մռնչաց կատաղած Մոջթաբան ու աթոռը գետնին գցելով` բարձրացավ տեղից:
Մինայի կարծիքով իր բողոքը ընդամենը Աֆշինի վտարման պատճառ կդառնար, որով երկուսն էլ կփրկվեին վերահաս վտանգից: Նա չէր սխալվել իր հաշիվներում, բայց երբեք չէր պատկերացրել այն, ինչը տեղի ունեցավ այնքան արագ, որ այլևս հնարավոր չէր կանխել: Մոջթաբան համարյա վազելով իջավ այգի ու կանչեց Աֆշինին: Թողնելով գործը` նա անմիջապես մոտեցավ ու զգաստ կանգնեց:
– Հրամայե՛ք, ղո՛րբան2):
Բռունցքի առաջին հարվածը դիպավ Աֆշինի բերանին: Նա ընկրկեց ավելի շատ անսպասելիությունից, քան` ցավից: Պատշգամբից փոխգնդապետը մարդուկ էր թվում թիկնեղ Աֆշինի համեմատությամբ: Սակայն պատանին երկար չդիմացավ բռունցքների տարափին ու գլորվեց գետին: Հիմա էլ փոխգնդապետը քացիով հարվածում էր նրա փորին, ոտքերին, մեջքին:
– Ջենաբ-սարհանգ3), կսպանե՜ք նրան,- որտեղից-որտեղ ծղրտալով մեջ ընկավ Լաթիֆեն, և նրա միջամտությա՞ն, թե՞ հոգնելու պատճառով փոխգնդապետը շնչասպառ հետ քաշվեց:
– Քո՛ մերը… շո՛ւն, շունշանորդի՛, իժի՛ ծնունդ,- ատամների արանքից հևիհև հայհոյում էր նա:
Աֆշինը դժվարությամբ ոտքի կանգնեց ու արյուն թքեց: Ապա վերցրեց ծառից կախված շապիկն ու վերնազգեստը, հագավ դանդաղ և ատելությամբ ու քամահրանքով նայեց փոխգնդապետին: Հետո հայացքը դարձրեց դեպի պատշգամբ, ուր կիսամեռ ու արձանացած կանգնած էին Մինան, ծառաները, նույնիսկ լացակումած Փունեն:
Դառնությամբ լի այդ պղտոր հայացքը ընդմիշտ դրոշմվեց ու մնաց Մինայի հոգում:
– Կարծում եմ մի բան կռահել էր,- ասաց Լաթիֆեն, երբ քիչ անց մենակ մնացին դեռևս սփրթնած ու շշմած Մինայի հետ,- բայց անտեղյակ է ձևանում, կարգն էդպես է… Է՜հ, բարքե՜ր, բարքե՜ր…
Մինան համոզված չէր, բայց բան չասաց…
Մինային չէր հուզում Աֆշինի բացակայությունը, թեև իր առանձնության մեջ հաճախ վերհիշում էր նրա հետ ապրած արգելված վայելքի անմոռանալի պահերն ու ընկնում երանության մեջ… Մոջթաբան, այդ անզգա գազանը, ծեծով չբավարարվելով՝ հրամայել էր Աֆշինին մայրաքաղաքի զորանոցներից տեղափոխել երկրի հարավ-արևելյան շրջանները, ուր խմբերով վխտում էին թմրադեղի զինված մաքսանենգներ: «Տղան կկորչի իմ պատճառով»,- խորհում էր Մինան ու կծկվում խղճի խայթից, ամոթից ու նրան որևէ կերպ օգնելու իր անզորությունից:
Այդ չարաբաստիկ օրվանից Մինան ատելով ատեց ամուսնուն, իսկ ամուսնական առագաստը դարձավ գեհեն… Մոջթաբայի կրքոտ սերը Մինայի հանդեպ փոխվել էր վրեժխնդրության: Զիվորականներին հատուկ կոպտությունն ու Մինային ամեն կերպ նվաստացնելու կիրքը հասել էր իր գագաթնակետին: Մինան տառապում էր մարմնապես, բայց լռությամբ տանում էր ամուսնու բոլոր քմահաճույքները` զգալով հոգեկան արտառոց բավականություն… Ի հեճուկս ամուսնու վերաբերմունքի` նա առիթը բաց չէր թողնում թաքուն կենակցելու իր երիտասարդ երկրպագուների հետ մինչև այն պահը, երբ ամուսնու, արդեն ութ տարեկան Փունեի ու Լաթիֆեի հետ եկան մեր փոքրիկ քաղաքը: Դա գնդապետի աստիճանով Մոջթաբայի վերջին գործուղումն էր:
Լուրեր էին տարածվել, որ Աֆշինը փախել է ճանապարհին և անցնելով ընդհատակ՝ միացել հեղափոխականներին:
ԷԴՎԻՆ
Ուշ երեկոյան բոլորս վեր թռանք փողոցի դռան թակոցից: Խառն օրեր էին: Ինչպես երկրի բոլոր քաղաքներում, այնպես էլ մեր քաղաքում մոլեգնում էին հեղափոխության ահագնացող ալիքները: Գիշերները չէին դադարում կրակոցները: Ո՞վ էր այս անձրևային եղանակին հանդգնել խախտել պարետային ժամը: Լուռ նայում էինք իրար երեսի:
– Գնամ, տեսնեմ` ով է,- ասաց հայրս ու անձրևանոցը վերցնելով` իջավ բակ: Քիչ անց նա վերադարձավ` ձեռքին մի փոքրիկ ծրար:
– Մի կին էր, եկել էր զինվորական ջիպով ու թիկնապահով, ասաց` անունը Լաթիֆե է, տվեց քո անունը և խնդրեց այս նամակը հանձնել քեզ:
Արագ բացեցի նամակը: Վատ կանխազգացումս ինձ չէր խաբում. նամակում Մինան նախ ներողություն էր խնդրում ինձ «անհանգստացնելու» համար, որովհետև «Էդվինենց տունը և հեռախոսը գուցե հսկողության տակ է»: Ապա աղաչում էր մի կերպ հայտնել ու համոզել Էդվինին, որ անմիջապես հեռանա քաղաքից. Մոջթաբան հասկացել է ամեն ինչ ու անպայման այս գիշեր` դեռ լույսը չբացված, կձերբակալի ու հեղափոխականի պիտակ կպցնելով` կսպանի նրան: Նամակը գրված էր շտապ, ծուռումուռ, ասես ճիգով և ծածկված էր ինչ-որ բծերով:
Մնացել էի շվար: Էդվինենց տունը երկու տուն այն կողմ էր: Բայց տվյալ պահին վտանգավոր էր նույնիսկ այդ կարճ տարածությունն անցնելը:
– Ես գնում եմ Էդվինի մոտ,- ասացի վճռական:
– Խենթացե՞լ ես, ա՛յ տղա,- սաստեց մայրս,- սպասի՛ր, վաղը առավոտյան:
– Կյանքի ու մահվան հարց է,- ասացի հուզված,- հետո կպատմեմ:
Տեղատարափը չէր դադարում: Մութ գիշեր էր: Զգուշությամբ բացեցի փողոցի դուռն ու նայեցի Էդվինենց տան ուղղությամբ: Ճիշտ նրանց տան դիմաց՝ մուգ գույնի «Վոլվո» մակնիշի մի մեքենա էր կանգնած: Մինան չէր սխալվել: Փակեցի դուռն ու ներս մտա: Մտքովս անցավ գնալ տանիքով. երբ փոքր էինք, հաճախ էինք հանդիպում տանիքի վրա: Ջուրն առվակներով հոսում էր ու ցած թափվում ջրհորդաններից: Աշխատելով աղմուկ չհանել՝ կռացած անցա հարևանների կտուրի վրայով ու համարյա չորեքթաթ՝ հասա Էդվինենց տանիքի դռանը: Դուռը ներսից փակ էր: Այստեղից փողոցի լապտերի աղոտ լույսի տակ պարզ երևում էր «Վոլվոն» ու նրա մեջ նստած քաղացիական հագուստով երեք տղամարդ, որոնցից երկուսի ձեռքին նշմարվում էր առկայծող գլանիկների կարմրագույն լույսը: Ինչի՞ էին սպասում, չէ՞ որ կարող էին սպասելու փոխարեն մտնել տուն ու ձերբակալել Էդվինին: Մնացել էի շվար, երբ վերջապես շան հաչոցի՞, թե՞ կտրան վրա քայլերիս թմփթմփոցից անհանգստացած՝ Էդվինի մայրը, ծածկված շալով, դուրս եկավ բակ ու նկատեց ինձ…
Կարդալով նամակը՝ Էդվինն այլայլվեց, բայց ակներև էր, որ բովանդակությունից ավելի նրան հուզել էր նամակի տեսքը, որովհետև մի քանի անգամ նամակը պահեց լույսի տակ, նայեց բծերին, շոշափեց թուղթը:
– Շո՛ւն, տես ինչ օրն է գցել խեղճ աղջկան,- մռլտաց չարացած:
– Դու քո գլխի ճարը տես, հիմա՛ր, գիտե՞ս, թե ինչ ահավոր վտանգ է կախվել գլխիդ:
Նա զարմացած նայեց ինձ: Կարծես նոր էր ընկալում պահի լրջությունը:
– Ասում ես, ի՞նչ անեմ,- ուսերը վեր քաշեց նա:
– Գնանք մեր տուն ու մեր բակի ետևի դռնից` հայդե՜…
Զարմացած ու անհանգստացած մոր աչքի առջև նա ալարկոտ հավաքեց իրերն ու զետեղեց մարզական պայուսակի մեջ: Համբուրեց մորն ու ականջին փսփսաց.
-Մի՛ վախեցիր, ա՛յ մեր, բան չկա, ինձ հետևում են, մի քանի օրից հետ կգամ:
Բացի մեր երկուսից` ոչ ոք չգիտեր Էդվինի ու Մինայի փոխադարձ սիրո մասին: Ես երդվել էի այս գաղտնիքը երբեք չբացահայտել: Բայց ահա տարիներ անց, երբ վաղուց չկա Էդվինի մայրը, որոշեցի գրի առնել այս տարօրինակ սիրո պատմությունը:
* * *
Էդվինին շատերը նմանեցնում էին հոլիվուդյան մի հռչակավոր դերասանի: Մեկ մետր իննսուն սմ հասակով, մարզիկի կազմվածքով՝ մեր քաղաքի վոլեյբոլի հավաքական թիմի լավագույն անդամներից մեկն էր ու կանոնավոր մարզումների շնորհիվ միշտ պատրաստ մարզավիճակում էր: Մի օր, հերթական մրցումներից մեկի ավարտին, երբ միասին տուն էինք վերադառնում, հին ծանոթի պես նրան մոտեցավ մի զինվոր ու ձեռքով ցույց տվեց հեռվում կանգնած սև ապակիներով շքեղ «Կադիլակը»:
– Դու գնա տուն, ես կգամ քիչ հետո,- շփոթված ինձ նայելով` ասաց Էդվինը և զինվորի հետ քայլեց դեպի մեքենան:
Հետաքրքությունից մղված` թաքնվեցի կողքի փողոցում ու նայեցի նրանց կողմը: Էդվինը սովոր շարժումով բացեց մեքենայի հետևի դուռը և արագ ներս մտավ: Զինվոր տղան անհանգստությամբ սկսեց նայել այս ու այն կողմ: Անցավ բավականին ժամանակ: Արդեն հոգնել էի սպասելուց, երբ Էդվինը հայտնվեց ու քայլեց դեպի տուն:
– Էս ի՞նչ ներկայացում էր,- հարցրի` արագ դուրս թռչելով թաքստոցից՝ նրան հանկարծակիի բերելու նպատակով:
Իսկ նա ինձ նույնիսկ չնկատեց: Դեմքը շողում էր երջանկությունից: Երբեք Էդվինին չէի տեսել այդչափ ուրախ ու վերացած: Քայլում էր արագ, ինքնամոռաց: Հազիվ հասա հետևից ու քաշեցի թևը.
– Է՛յ, քեզ հետ եմ, գրո՛ղը տանի:
– Դե՛, դու էլ ժամանակ գտար…- կոպտեց նա ու տուն մտնելով՝ դուռը ծածկեց իմ երեսին:
Նման արարքը հարիր չէր Էդվինի բնույթին: Ավելի շատ զարմացած էի, քան` վրդովված: Գլխիկոր վերադարձա տուն: Գոնե պարզվեց անցնող օրերին Էդվինի անժամանակ բացակայությունների գաղտնիքը: Ինչեր ասես, որ չանցավ իմ մտքով, բացի այն, ինչն ինձ պատմեց հենց ինքը` Էդվինը միանգամայն հեռու էր նույնիսկ իմ պատկերացումներից:
Մինայի հետ Էդվինի ծանոթությունը սկսվել էր վոլեյբոլի մրցություններից մեկի ընթացքում: Խաղի ամենատաք պահին Էդվինը հանկարծ նկատել էր առջևի շարքերում նստած մի կնոջ, որը, խաղը թողած, անվերջ նայելիս էր եղել իրեն: Դա կրկնվել էր մի քանի անգամ, և ինքն էլ հետաքրքրությունից դրդված՝առիթը բաց չէր թողել կնոջ կողմը նայելու: Նույնիսկ նկատողություն էր ստացել գլխավոր մարզչից իր «ցրվածության» պատճառով: Սկզբում կարևորություն չէր տվել, թեև հմայվել էր կնոջ անսովոր գեղեցկությամբ: Սակայն կինը ներկա էր եղել դրան հաջորդող մի քանի խաղերին ևս:
– Երբ չէր գալիս,- պատմում էր Էդվինը` տարված ու պատկերավոր,- սկսում էի կարոտել նրան, սառում էր ոգևորությունս, ուղղակի խաղալ չէի կարողանում: Վերջապես մի օր, մի չադորի4) կին մոտեցավ ու ասաց, որ տիրուհին ցանկանում է խոսել ինձ հետ ու ինձ հանձնեց քաղաքից դուրս գտնվող մի այգու հասցե: Վարանում էի` գնա՞լ, թե՞ չգնալ…
Այսպիսով, Մինայի ու Էդվինի առաջին գաղտնի հանդիպումը կայացել էր Լաթիֆեի ու Մինային հավատարիմ վարորդի՝ Մաջիդի օգնությամբ՝ Մաջիդի հոր խնձորի այգու հյուղակում, և շատ չանցած՝ գնդապետի հաճախակի բացակայության օրերին, հենց Մինայի տանը՝ ուշ երեկոյան, Փունեի քնելուց հետո: Այդ ժամերին, բացի Լաթիֆեից, տանը ոչ ոք չէր մնում: Խոհարարն ու ծառան գնում էին մութն ընկնելուն պես: Էդվինը խուսափում էր մանրամասնություններից, բայց պարզ երևում էր, թե ինչքան ուժեղ է սիրահարված Մինային: Դա ինձ վրդովում ու շփոթեցնում էր.
– Կրակի հետ ես խաղում, եղբա՛յր,- ասացի նրան,- գնդապետի կի՜ն, պարսկուհի, ախր բա ու՞ր մնաց քո ազգությունը, հավատքը, քո…
– Իմանում էի, որ գլխիս քարոզներ ես կարդալու,- խոսքս ընդհատեց բարկացած,- դրա համար էլ չէի ուզում պատմել քեզ: Նախ` ես ամուսնացած չեմ և ամուսնանալու նպատակ չունեմ: Երկրորդ՝ դժվար թե գնդապետը գլխի ընկնի մեր կապի մասին, որովհետև մինչև ուղն ու ծուծը թաղված է վերջին իրադարձությունների թոհուբոհում: Շահը ներգրավել է բանակը հեղափոխականների դեմ մղվող պայքարի մեջ: Ոստիկանությունը և Սավաքը5) մենակ գլուխ չէին հանի: Վստա՛հ եղիր, էդ գնդապետների վերջն էլ կգա:
– Հետո ի՞նչ: Ասենք` քո ասածի պես լինի: Ի՞նչ է, ուզում ես դառնալ մի երեխայատեր անբարոյական կնոջ գերի՞ն…
Մտքովս չէր անցնում, որ ասածս հունից կհանի Էդվինին: Նա գունատվեց ու կանգնեց ողջ հասակով: Մի պահ ձեռքը երկարեց, ասես ուզում էր բռնել օձիքս: Հետո նստեց ու ատամների արանքից, հազիվ լսելի ֆշշոցով, նետեց.
– Թքած ունեմ ամեն բանի վրա, պաշտում եմ նրան… էդ բոզի՜ն…
Ի՞նչ ասեի: Ապշած ու ափսոսանքով նայում էի զայրույթից ավելի գեղեցկացած նրա առնական դեմքին: Էդվինը բացի լավ մարզիկ լինելուց, նաև կրթված տղա էր: Կարդացել էր Նիցշե, Հեգել, Կանտ, Ֆրոյդ, Մարքս և… շփվել մեր քաղաքի զարգացած երիտասարդության հետ: Ատելով ատում էր շահի գահակալությունն ու բանակի այրունախում սպայակույտին: Իր ուրույն հայացքներն ուներ կյանքի, աշխատանքի ու հասարակական ցավոտ խնդիրների մասին: Հիշում եմ` մի անգամ սոսկալի վրդովվել էր գործազուրկ դարձած իր բարեկամներից մեկի պատճառով:
– Ճորտատիրությունը եղել է ի սկզբանե՝ Ադամ-Եվայի ժամանակներից ու հասել մեր օրերը,- ասում էր նա:- Մեր դարի ճորտատիրությունն էլ, յուրաքանչյուր նորագույն երևույթի պես, միայն գույնն է փոխել և իր անարդարություններով, իր բռնություններով ու խտրականությամբ պահպանել է նախկին խորքն ու էությունը: Ուժեղներն ու ճարպիկները իշխում են թույլերի ու պարզունակ հոգիների վրա: Դիմանալ է պետք, որովհետև հակառակ պարագային սոված կմնաս: Իսկ դա մի քայլ է մինչև անբարոյականություն… Բոզն էլ է դիմանում հանուն գոյատևման…
Բազմիցս կրկնված ու մաշված այս խոսքերը, չգիտես ինչու, այլ իմաստ էին ստանում նրա բերանում:
– Հենց վերցնենք այս գնդապետներին. էնպես են վերաբերվում շարքային զինվորների հետ, կարծես նրանք իրենց ճորտերն ու ստրուկները լինեն. շահագործում են անձնական քմահաճույքների համար և դեռ ծեծում են անխնա, անարգում են ու մեկն էլ չկա՝ ասի, թե՝ շունշանորդինե՛ր, ախր զինվորներն էլ ձեզ պես ծառայում են հայրենիքին ու ժողովրդին…
Նա այնպիսի խոր ատելությամբ էր լցված հատկապես զինվորականների նկատմամբ, որ երբեմն ինձ թվում էր, թե Մինայի հետ հարաբերությունները կրում են ավելի շատ վրեժխնդրության, քան սիրային բնույթ, որ նա գնացել է այդ վտանգավոր քայլին՝ պարզապես սևացնելու, գետնին հավասարեցնելու թե գնդապետին, թե նրա չքնաղ կնոջը: Բայց սխալվում էի: Էդվինը խենթանում էր Մինայի, Մինան՝ Էդվինի համար: Էդվինը Մինայի առաջին ու վերջին սերն էր: Այդ մասին իմացա շատ ուշ…
– Վե՞րջը: Ի՞նչ է լինելու այս բոլորի վերջը,- նորից հարցրի, երբ մի քիչ խաղաղվեց,- ամուսնանալո՞ւ ես նրա հետ: Կյանքը խաղ չէ… երեխա կա մեջտեղում:
– Կյանքը խաղ է, բայց առանց օրենքների ու իրավարարի, ինչ խոսք, ուժեղ մրցակից է. կխաղամ այնքան, ինչքան ուժերս ներեն:
-Իսկ դրանից հետո՞:
– Ես ի՞նչ գիտեմ, դու էլ, զահլա տարար: Իմանո՞ւմ ես, երբևէ չես հասկանա այն վայելքն ու երջանկությունը, որ զգում եմ նրա հետ եղածս ժամանակ:
– Էդվին, դու անգիտակից մեկը չես: Լա՛վ կշռադատիր, թե ինչ ես անում. ինքդ չես զգում, կուրացել ես մի կնոջ հմայքից, կանգնած ես վիհի եզրին… Խղճա՛ մորդ. բացի քեզնից խեղճ կինն էլ ո՞վ ունի էս աշխարհում…
– Ինձ ոչինչ էլ չի պատահի, Մինան շատ զգույշ է:
– Ինքդ գիտես, տե՛ս` հետո չզղջաս…
– Մեռնելուց հետո ի՞նչ զղջալ,- քմծիծաղեց նա…
* * *
Էդվինի փախուստից հետո, սիրտս մի քիչ խաղաղվեց: Առաջին գործս եղավ այցելել մորը, թեև «Վոլվո» մակնիշի մեքենան քսանչորս ժամ էնտեղ էր ու երևի սպասում էր Էդվինի վերադարձին:
Լացից կարմրած մոր աչքերում լողում էր անհանգստությունը:
– Ախր ի՞նչ մեղք է գործել, ինչի՞ են ընկել հետևից,- անվերջ կրկնում էր նա:
Այդ օրերին համոզիչ տարբերակներ հորինելը դժվար գործ չէր: Բարեբախտաբար, նրան չէին նեղել: Նայել էին ամեն ծակուծուկ ու համոզվելով, որ տանը ուրիշ մարդ չկա, հեռացել էին: Մեզ մոտ էլ եկան, տարան ու հարցաքննեցին ինձ: Հասկանում էին, որ ստում եմ, բայց բաց թողեցին: Այդ հանգամանքն էլ զարմանք պատճառեց ինձ: Էնտեղ մտնողները շատ դժվար էին դուրս գալիս…
Մի քանի օր անց, փողոցում քայլելիս, մի զինվորական ջիպ արգելակեց ինձնից քիչ հեռու: Մաջիդն էր, արդեն ճանաչում էի նրան: Խնդրեց ընկերակցել իրեն` ասելով, թե Մինա խանումը ցանկանում է տեսնել ինձ: Հարցաքննության տանելիս այսքան վախեցած չէի: Մաջիդը սրտապնդեց ինձ՝ ասելով, որ ջենաբ-սարհանգը տանը չէ:
– Իսկ եթե վերադառնա՞,- հարցրի միամիտ:
– Հանգի՛ստ եղեք, այս պահին մղոններով հեռու է էստեղից,- Մաջիդը ծիծաղեց ու հետո լրջանալով` ասաց, – թող ալլահը դժոխքի փայ դարձնի նրան…
Մինան գիտեր ինձ. երևի Էդվինն էր պատմել: Առանց շպարի էր: Աջ քունքից ցած ու բերանի անկյունում նշմարվում էին կապտուկներ, սակայն այդ վիճակով էլ գեղեցիկ ու հմայիչ էր: Նրա մրահոն աչքերին նայելիս դող էի զգում ծնկներումս: Կատարյալ ու անթերի կնոջ տիպար էր. այդչափ գեղեցիկ ու հմայիչ արտաքինով կին դեռ չի հանդիպել ինձ իմ կյանքի ընթացքում: Ինձ ընդունեց քաղաքավարությամբ ու ջերմորեն և առանց նախաբանի` հետաքրքրվեց Էդվինի մասին: Ասացի, որ նրանից ոչ մի տեղեկություն չունեմ իր փախուստի օրվանից: Հավատաց:
– Ուրեմն կարողացաք օգնել նրան, անչափ շնորհակալ եմ ձեզնից:
– Խնդրեմ, տիկի՛ն, բայց նա նաև ի՛մ ընկերն է. ինչպե՞ս կարող էի լքել նրան վտանգի պահին…
– Խնդրում եմ լուր ունենալու դեպքում հայտնեք ինձ,- թախանձագին, բայց ձայնի մեջ տիրական երանգներով՝ ասաց նա ու նայեց Մաջիդին,- դուք արդեն ճանաչում եք մեր տան ճամփան, սա էլ հեռախոսի համարը:
Խոսակցությունը սպառված էր: Ոտքս կախ գցեցի և ուզում էի հարցեր տալ, բայց նա կանխեց ինձ ասելով.
– Հետո, հետո, այդ մասին հետո…
Անցավ ևս մեկ ամիս:
Էդվինից լուր չունեի: Նրան մայրաքաղաքում տեսնողներ եղել էին: Բայց շատ չանցած` անհետացել էր այնտեղից: Իսկ իր պարսիկ ընկերներից մեկը մի օր պատմեց, որ նրան տեսել է մեր քաղաքի ավտոբուսների կայարանում՝ նիհարած, բեղ-մորուքով ու սև ակնոցներով: Այնքան փոխված է եղել, որ չէր կարողացել ճանաչել: Ինքն էր մոտեցել ու բարևել: Ասել էր, որ մեկնում է մայրաքաղաք կարճ ժամանակով: Անհավատալի էր: Ախր ինչպե՞ս էր հանդգնել երևալ այստեղ: Ուրեմն, գալիս ու գնում է, բայց չի հայտնվում մեր կողմերում, մոռացել է մորը, ինձ…
Վերջապես երկար օրերի քաղաքական քաշքշուկներից, փողոցային արյունալի ցույցերից ու բախումներից հետո շշուկներ տարածվեցին, որ մայրաքաղաքն անցել է հեղափոխականների ձեռքը:
Տագնապալի օր էր: Քաղաքում դեռևս թրևում էին զինվորական շարասյուները: Տնից դուրս չէինք գալիս՝ նեղվում էի պարապությունից ու անհամբերությունից: Երեկոյան ժամը յոթին զնգաց հեռախոսը:
Անծանոթ մեկն էր ու խոսում էր տեղական բարբառով: Ասաց, որ հեռաձայնում է քրեական բժշկության կենտրոնից. քիչ առաջ այլանդակված դեմքով, ահավոր խոշտանգված մի բարձրահասակ երիտասարդի դիակ են բերել, որի բաճկոնի գրպանում գտել են մի փոքրիկ ծրար` իմ անունով ու մեր տան հեռախոսի համարով… Խնդրում էին հարազատներին՝ վաղը ներկայանալ…
Մոջթաբան հասցրել էր վրեժ լուծել իմ պաշտելի ընկերոջից՝ Էդվինից…
Էդվինի նամակը հակիրճ էր՝ «Եթե ինձ մի բան պատահի, խնդրում եմ տիրություն արա մորս»…
Մոջթաբային, բանակի մյուս գնդապետների ու բարձրաստիճան սպաների հետ ձերբակալեցին Էդվինի մահվանից մեկ շաբաթ անց և գնդակահարեցին մայրաքաղաքում: Հետագայում Մաջիդից իմացա, որ քաղաքացիական շորերով փախուստի ժամանակ նրան ճանաչել, հետապնդել ու բռնել էր հեղափոխականների պարագլուխ դարձած Աֆշինը:
ՎԵՐՋԱԲԱՆ
Մեր քաղաքում, բացի ինձնից, ոչ ոք տեղյակ չէր Էդվինի եղերական մահվան բուն դրդապատճառի մասին: Տասնյակ հնարովի տարբերակներ էին պտտվում, որոնց գլխավոր առանցքը նրա՝ հեղափոխական ուժերի հետ ունեցած գաղտնի կապն էր. նա ընկել էր հերոսի մահով: Չնայած քաղաքում տիրող դեռևս անկայուն վիճակին` նրան թաղեցին մեծ շուքով:
Մինային չտեսա հուղարկավորների մեջ: «Գուցե հեռացե՞լ է քաղաքից»,- խորհում էի ափսոսանքով, որովհետև հույս ունեի հանդիպել նրան գերեզմանոցում և պարզել Էդվինի բռնվելու ու մահվան հանգամանքները: Համոզված էի, որ Մինան տեղյակ է ամեն ինչից:
Վշտի մրմուռը աչքերիս մեջ՝ գերեզմանոցից վերադառնալուց հետո տեղս չէի գտնում: Հետ ու առաջ էի քայլում սենյակում ու նայում հեռախոսին: Բավական էր հավաքել համարն ու կապվել Մինայի հետ: Սակայն քաջությունս չէր բավականացնում: Վախենում էի` Մինան մեկնած լինի կամ էլ, տանը լինելու դեպքում մերժի ընդունել ինձ. չէ՞ որ դրանով ընդմիշտ կիջներ վարագույրը, ու ես կմնայի անհայտի սահմանագծում: Որոճում էի Մինայի տուն թափանցելու, տեղում ստուգելու կամ նրան հանկարծակիի բերելու զանազան ծրագրեր, երբ հանկարծ հեռախոսը զանգեց: Մինան էր, ցանկանում էր տեսնել ինձ իր տանը: Անմիջապես հագա վերարկուս ու սլացա դուրս: Ամենուրեք գետնին թափված էին շահի նկարները, որոշները` կոտրված ապակիով շրջանակի մեջ: Հատուկենտ պատահում էին զինված մարդիկ, որոնք կասկածանքով խեթում էին անցորդներին: Որոշ խաչմերուկներում ստուգում էին մեքենաների թափքերը: Տաքսի չկար: Ստիպված քայլեցի երկար:
Ինձ տեսնելով` Մինան փղձկաց, մոտեցավ դանդաղ ու մեղմորեն մի կողմ հրելով պարզած ձեռքս` հին ծանոթի պես փարվեց ինձ ու սկսեց հեկեկալ: Պոկ չէր գալիս, մարմինն անդադար ցնցվում էր բազուկներիս մեջ: Մնացել էի անելանելի դրության մեջ: Վերջապես հանդարտվեց ու մաքրելով արցունքները` փլվեց սենյակում մնացած միակ բազկաթոռի մեջ: Ոտից գլուխ սև էր հագել, որը ավելի էր ընդգծում նրա կաթնագույն մաշկի հմայքը: Ոտքը ոտքին գցած, սև երկար թարթիչները ցած խոնարհած, առանց շպարի` իր վշտի մեջ նա, իրոք, սքանչելի էր: Նայեցի շուրջս: Պատերի ոսկեզօծ փորագրությունները, առաստաղից կախված հսկա ջահն ու դեռևս կանգուն մնացած թավշե ծանր վարագույրները վկայում էին տան երբեմնի շքեղության մասին: Այս ու այն կողմ դրված էին փակված արկղեր ու ճամփորդական պայուսակներ: Հոգնած էի, նստեցի արկղերից մեկի վրա:
– Կներես, տեսնո՞ւմ ես վիճակս, չեմ կարող նույնիսկ հյուրասիրել, ոչինչ չեն թողել, ամեն ինչ տարել են, եղածն էլ կապկպել եմ, – գլխի շարժումով ցույց տվեց արկղերը:
– Կարևոր չէ, հանգստացի՛ր,- անցնելով մտերմիկ տոնի՝ ասացի նրան,- իսկ ո՞ւր է աղջիկդ:
– Լաթիֆեի հետ ուղարկեցի ծնողներիս մոտ: Մաջիդը չլիներ, կխենթանայի մենակությունից: Բոլորը, բոլորը, նույնիսկ մտերիմ ընկերուհիներս լքել են ինձ: Ո՞նց չլքեն գնդակահարված գնդապետի կնոջը… Հիմա մարդիկ վախենում են իրենց ստվերից անգամ… Շնորհակալ եմ, որ եկար… Ես էլ պատրաստվում եմ մեկնել մայրաքաղաք: Սպասում եմ հորս ու Նիլուֆարին: Պիտի գան մի քանի օրից, ինձ տանեն. սպասում են` դրությունը մի քիչ խաղաղվի:
Մինան խոսում էր թավշային հաճելի ձայնով: Զգում էի, որ ցանկանում է սիրտը բացել մեկի առաջ: Ձմեռային կարճ օրեր էին. շուտով մթնեց, սակայն Մինան խուսափում էր միացնել լույսը: Երկու մոմ վառեց ու փակեց վարագույրները: Ապա նորից տեղավորվեց բազկաթոռի մեջ ու սկսեց պատմել իր կյանքի պատմությունը՝ անվարագույր ու անմիջական:
– Կարող ե՞ս պատկերացնել` մեր դարում դեռևս տիրում են նահապետական ավանդույթները: Աղջիկ են պսակում` առանց նկատի առնելու նրա կամքը…
Իր «դժբախտ» ճակատագրի համար նա մեղադրում էր ծնողներին: Պատմեց իր առաջին գայթակղության` Աֆշինի մասին, եկավ հասավ մինչև մեր օրերը: Չկարողանալով համբերել` ընդհատեցի նրան.
– Իսկ գնդապետը ո՞նց գլխի ընկավ, ո՞վ մատնեց Էդվինին…
Մինան լուռ էր: Նստած էր գլուխը կախ, արձանացած: Ասես ափսոսանքի ու վշտի մարմնացում լիներ: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը, նայեց աչքերիս մեջ ու ցածր ձայնով ասաց.
– Ես…
Քիչ էր մնում խեղդեի այդ կնոջը:
– Հը՞, երևի չդիմացա՞ր ծեծին,- նետեցի չարությամբ:
– Չէ՛, չէ՛…, նա ծեծեց ինձ իմ խոստովանությունից հետո,- շարունակեց Մինան` առանց ուշադրություն դարձնելու իմ հեգնական արտահայտությանն ու զայրույթին:- Վերջին օրերին սկսել էր ավելի շուտ-շուտ տուն գալ: Միշտ անտրամադիր էր. դարձել էր ջղային, սակավախոս ու կասկածամիտ: Ես այդ բոլորը վերագրում էի իմ ու Էդվինի հարաբերություններին ու սարսափում այն մտքից, որ մի օր մեզ կբռնացնի… Մենությանս պահերին պատկերացնում էի այդ պահն ու ցնցվում: Նրա ատրճանակը միշտ լիքն էր. վախենում էի` կսպանի Էդվինին: Այնպիսի օրեր էին, որ նա, անտարակույս, կգնար այդ քայլին: Ո՞վ կմեղադրեր նրան, ամեն կողմ մահ էր… Աստիճանաբար ես էլ դարձա կասկածամիտ. կասկածում էի Մաջիդին, մեր տնից ոչ հեռու գտնվող մթերավաճառին, մինչև անգամ Լաթիֆեին: Գաղտնի հետևում էի նրանց խոսակցություններին, իսկ երբ Մոջթաբան տանն էր լինում, նյարդայնանում էի, երբ կանչում էր Մաջիդին ու կարգադրություններ անում: Էդվինի գնալուց հետո միշտ մի քանի անգամ զննում էի ննջարանի բոլոր անկյունները, նայում էի մահճակալի տակ, որպեսզի մի բան մնացած չլիներ, բացում էի պատուհանը, որպեսզի նույնիսկ նրա բույրը չմնար… Բայց բավական էր հեռանայի ննջարանից, նորից սիրտս կասկած էր ընկնում. Կարող է որևէ տեղ թերի եմ ստուգել կամ մոռացել եմ ստուգել: Կրկին վերադառնում էի ննջասենյակ ու ամեն բան սկսում նորից… Երբեմն գրկում էի Փունեին ու տարված արտառոց մտքերով՝ հոնգուր-հոնգուր լաց էի լինում: Պատկերացնում էի նրան որբացած… առանց խնամող ձեռքի…
Մինան մի պահ կանգ առավ ու թաշկինակը տարավ աչքերին:
Ես լուռ էի ու չարացած, այնուամենայնիվ, չէի կարողանում ինձնից վանել նրա դյութանքը, որն ասես մոռացնել էր տալիս նրա ով և ինչ լինելը: Իր սև հագուստի ու վշտի մեջ նա այնքան վեհ ու ծանրաբարո էր, որ առաքինի կնոջ տպավորություն էր թողնում:
– Կամաց-կամաց իմ հարաբերությունները Էդվինի հետ կորցնում էր իր առաջին օրերի համն ու բույրը: Գնալով աճում էր իմ հոգեկան տանջանքը: Դա ստվերում էր իմ՝ Էդվինի հանդեպ տածած բուռն սերը: Չէ՜, էդպես մի՜ նայիր, ես իսկապես սիրում էի Էդվինին: Դա, խնդրում եմ, մի համեմատի՛ր,- նա գլուխը կախ գցեց,- Աֆշինի կամ մյուսների հետ ունեցած իմ` լոկ մարմնական հարաբերությունների հետ… Ես պաշտում էի Էդվինին: Հավատա՛, նրա մահով ամեն բան վերջացավ իմ կյանքում… Մի քանի անգամ աղաչեցի, որ էլ չգա: Պատմեցի նրան իմ տվայտանքների մասին, իսկ նա միայն ծիծաղեց` ասելով. «Ի՜նչ վախկոտն ես»:
Գիտե՞ս` Էդվինը սովորական մեկը չէր: Կյանքից ձեռք քաշած մարդ էր: Շատ եմ մտածել այն մասին, որ բացի իմ սիրուց, նրան գրավում էր նաև… խաղի մոլուցքը, որովհետև, երբ մի անգամ նրան ասացի, որ Մոջթաբան զինված է, աչքերը փայլեցին: «Թող գա՛, տեսնեմ ինչի՞ է ընդունակ»,- ասաց նա: Կյանքի յուրաքանչյուր երևույթի նայում էր մրցակցի աչքերով: Նրան հրապուրում էր դեմառդեմ պայքարելու հաճույքը: Չէր վախենում պարտությունից, բայց միշտ ձգտում էր հաղթողի դերում լինել… Էդ չարաբաստիկ երեկոյան Մոջթաբան անսպսելիորեն տուն եկավ Էդվինի գնալուց հազիվ տաս րոպե անց: Իսկ, ըստ իր տված լուրի, նա պիտի գտնվեր մեր քաղաքից ոչ շատ հեռու մի ավանում, որը հեղափոխականների որջ էր համարվում: Էդվինը հետո ինձ պատմեց, որ փողոցում Մոջթաբայի մեքենան անցել էր իր կողքով: Էնպես էի վախեցել, որ դողում էի: Լավ էր, որ ըստ սովորականի, նա ուղիղ գնաց իր սենյակն ու դուռը ծածկեց: Վազեցի ննջասենյակ ու սկսեցի իմ տանջալի ստուգումները: Ցուրտ էր, բայց բացեցի պատուհանը: Եվ հենց էդ պահին հանկարծ ներս մտավ Մոջթաբան` երևի հողաթափերը վերցնելու: «Գժվե՞լ ես, ա՛յ կին, էս ցրտին ինչո՞ւ ես պատուհանը բացել»: «Օդը ծանր էր,- ստեցի,- բացեցի` նախքան քնելը մի քիչ օդը թարմանա»:
Հեղափոխական շարժումը սկսվելուց հետո Մոջթաբան, բացի իր պարտկանություններից, ստանձնել էր նաև քննիչի պաշտոն: Լավ հոգեբան էր ու կարողանում էր տարբերել ճիշտն ու սուտը: Պատմում էին, որ շատերին է հարցաքննել ու հաջողել խոստովանություն կորզել: Ես երբեք բացատրություն չէի տալիս նրան իմ արարքների համար, սա երևի առաջին անգամն էր: Նա քննախույզ նայեց աչքերիս ու առանց մի բան ասելու` սկսեց հոտոտել օդը: Համոզված եմ, որ ոչ մի անսովոր հոտ չկար սենյակում: Ես աշխատեցի կատակել, չեմ հիշում` ինչ ասացի, բայց զգացի, որ ամեն բան բռնազբոսիկ է ստացվում. դեմքս աղավաղվեց կեղծ ժպիտից: Իսկ նա ակնդետ նայում էր ինձ` առանց մի բան ասելու: «Գիտի՛, ամեն բան գիտի, պետք է ընտրել չարիքների փոքրագույնը…»: Եվ… ինքս էլ չհասկացա, ոնց արտաբերեցի էս սոսկալի բառերը. «Մոջթա՛բա, ների՛ր ինձ, եթե էսքան չբացակայեիր, ոչինչ էլ չէր պատահի…»: Ասացի, բայց անմիջապես զղջացի` նրա զարմանքը տեսնելով: Մոջթաբան սփրթնեց, հետո դանդաղ մոտեցավ ինձ ու ուժով նստեցրեց մահճակալին: Հասկացա, որ ոչինչ էլ չգիտի: Բայց արդեն ուշ էր: «Պատմի՛ր, ո՞վ է, ինչացու՞ է»,- ասաց նա՝ արտաբերելով բառերը հատիկ-հատիկ: Պողպատե սառնություն էր զգացվում նրանից… Որոշեցի անկեղծ լինել: Առանց ընդհատելու՝ լսեց ինձ մինչև վերջ, արտաքուստ հանգիստ ու ոչ մի բան չասաց: Աչքերն անորոշ հառել էր մի կետի ու մտորում էր: Հետո վերցրեց հեռախոսն ու ցածրաձայն ինչ-որ կարգադրություն արեց: Ինձ թվաց՝ նա հրամայեց հսկողության տակ առնել Էդվինենց բնակարանը: Հետո մոտեցավ ինձ ու ամուր ապտակեց: Առաջին ապտակին հաջորդեց երկրորդը, երրորդը… Ընկա հատակին… նա հարվածում էր անխնա…
Մինան նորից ընդհատեց ու հայացքն ուղղեց միջանցքից բացվող՝ երևի ննջասենյակի դռանը:
– Գիտե՞ս,- ասաց նա՝ տարօրինակ ժպտալով,- ամենևին ցավ չէի զգում: Ցավ զգացի ավելի ուշ, բայց ազատվել էի հոգիս կաշկանդող կապանքներից, կասկածի որդը վերջնականապես դուրս էր մղվել իմ էության խորքից: Յուրաքանչյուր հարվածից հետո ավելի էի թեթևանում և դա… հաճույք էր պատճառում ինձ… Երբ նա դուրս եկավ սենյակից` անտեսելով ջարդված մարմինս, մի կերպ ինձ գցեցի խոհանոց: Լաթիֆեն էնտեղ էր ու ընթրիք էր պատրաստում: Շշմած նայեց ինձ: Չնայած մարմնական ցավիս` միտքս գործում էր տարերայնորեն արագ ու հստակ: Վերցրի թղթի մի կտոր ու հենց խոհանոցի յուղոտ սեղանի վրա մի երկտող գրեցի քեզ: Գրելու պահին արցունքներս սկսեցին հոսե՜լ, հոսե՜լ… Հետագայում էլ միշտ զարմանքով եմ ընկալել, որ ծեծ ուտելիս չլացեցի ու միայն տնքում էի հարվածների տարափի տակ: Լաթիֆեն, հատկապես Մաջիդը, զերծ չմնացին Մոջթաբայի վրեժխնդրությունից, բայց իմ խնդրանքով մնացին ու շարունակեցին ծառայել մեր տանը:
– Էդ հաշվով Էդվինին ձերբակալելու մասին գրածդ սուտ էր:
– Այո՛, դիտմամբ էդպես գրեցի, որ թողնի գնա: Վախենում էի` համառությունը բռնի: Թեև մինչև էսօր չեմ հասկանում` ի՞նչը Մոջթաբային հետ պահեց Էդվինին անմիջապես սպանելու մտքից: Գուցե ցանկանում էր կատվի նման խաղա՞լ իր զոհի հետ… Ուզում էր մեզ բռնացնե՞լ… Վստահ եմ, որ իր սենյակում փակվելուց հետո էլ նա տեղյակ էր եղել Լաթիֆեի ու Մաջիդի կարճատև բացակայության մասին, բայց անտեղյակ էր ձևացել… Ինչ որ է, նույնիսկ առանց ընթրելու նա մինչև լույս դուրս չեկավ իր սենյակից ու առաջին անգամ մեր ամուսնությունից հետո տանը լինելով՝ չքնեց կողքիս: Ցավերս մոռացած` ես մեռնում էի անհանգստությունից, որովհետև ոչ մի կերպ չէր հաջողվում տեղեկություն ստանալ Էդվինի մասին, մինչև այն պահը, երբ Մաջիդը քեզ բերեց մեր տուն: Գոնե սիրտս հանգստացավ՝ իմանալով, որ նա փախել է: Կարոտը տանջում էր ինձ. իմ ողջ էությամբ տենչում էի Էդվինին, հատկապես հիմա, երբ այլևս չէի վախենում Մոջթաբայից ու նախկին հոգեկան տառապանքս իր տեղը զիջել էր Էդվինի նկատմամբ տածածս բուռն սիրուն:
– Ի՞նչ ընթացք ընդունեց ամուսնուդ վերաբերմունքը քո հանդեպ,- հարցրի ես:
– Բնական է՝ շատ սառը. համարյա չէր խոսում ինձ հետ: Գլուխն էլ շատ խառն էր: Սկսել էր տնից բացակայել օրերով: Եվ ահա մի օր` մի քանի րոպե մնացած պարետային ժամին, անսպասելիորեն հայտնվեց Էդվինը՝ փոխված արտաքինով… Բեղ-մորուքով նա ավելի էր գեղեցկացել… Գիշերն անցկացրեց մեր տանն ու առավոտյան անհետացավ էնպես, ինչպես եկել էր… Ողջ գիշեր աչք չփակեցինք… երկուսս էլ խենթացել էինք… Դա կրկնվեց նաև մի քանի անգամ: Չգիտեմ` ո՞վ էր նրան լուր տալիս Մոջթաբայի` տանը չգտնվելու մասին: Սակայն բացի նրանից, ոչ ոք չէր հանդգնի նույնիսկ անցնել մեր տան մոտով: Թախանձեցի, աղերսեցի, որ զգույշ լինի, որ էլ չգա, որ երևի լրտեսում են ներս ու դուրս անողներին: Բայց նա հաղթություն էր համարում իր՝ ինձ մոտ անպատիժ գալու ու գնալու փաստը: Իսկապես հանելուկ էր՝ ո՞նց էր նրան հաջողվում աննկատ ներս մտնել: Ամեն անգամ իմ սենյակում հայտնվելիս աչքերը փայլում էին հրճվանքից: Էդպես էլ ասում էր. «Էս խաղակեսն էլ մեր օգտին վերջացավ»…
Գուցե զարմանաս, եթե ասեմ, որ նույնիսկ նրա էդ հոգեվիճակը խանդ էր առաջացնում մեջս, որովհետև զգում էի` բացի իմ սիրուց՝ Էդվինին մղում է նաև խաղալու սերը, վտանգին ընդառաջ գնալու, տանել-տարվելու տարերքը…
Կտրվել էի իրականությունից: Մթության մեջ, մոմի լույսի տակ, արկղի վրա նստած այդ կնոջ առջև՝ մտաբերում էի գեղեցիկ շուրթերի անկյունում ծվարած Էդվինի հարատև ժպիտը, որի խորքում զգացվում էր կյանքի, մահվան ու ճակատագրի նկատմամբ տածած նրա արհամարհանքը…
– Բայց մենք եզրափակիչը տանուլ տվեցինք… – Ասես երազի մեջ լսեցի Մինայի ձայնը:- Հակառակ իմ զգուշացումներին` նա նորից հայտնվեց հեղափոխության հաղթանակից մեկ օր առաջ: Մենք անտեղյակ էինք դրսում կատարվող իրադարձություններին ու իրար գրկի մեջ չտեսնված վայելքի պահեր էինք ապրում… Իսկ Մոջթաբան, տեղեկանալով բանակի օդուժի անձնատուր լինելու փաստին, դասալիք դարձած՝ գլխապատառ լքել էր դիրքերը, և դեռևս հավատարիմ երկու թիկնապահների ու վարորդի ուղեկցությամբ եկել էր տուն, որպեսզի հագնի քաղաքացիական հագուստներն ու փախչելով գլուխն ազատի: Գուցե նա ավելի անակնկալի եկավ, քան մենք, երբ դուռը բացելով` տեսավ մեզ իրար գրկում: Երբ սիրում ես,- Մինան հառաչեց,- մոռանում ես աշխարհը, ամեն բան վարդագույն ես տեսնում… Համոզված եմ` իմ դավաճանությունից ավելի Մոջթաբային շշմեցրել էր Էդվինի ներթափանցումը մեր ամրոցանման տան մեջ… Ձմեռվա այդ ցրտին նրան տարան հենց էդպես մերկ, ոտաբոբիկ, ճերմակ սավանը պատանի պես փաթաթած փորի շուրջը… Թույլ տվեցին միայն բաճկոնը հագնել` երևի այդ վիճակում ուշադրություն չգրավելու համար: Իսկ նա ժպտում էր, ժպտում էր արհամարհական ու անտարբեր…

1) Զինվոր
2) Հնազանդություն կամ նվիրվածություն արտահայտող բառ:
3) Գնդապետ՝ հարգական մակդիրով
4) Ծածկոցով կին
5) Շահի օրոք օպերատիվ հետախուզական կենտրոն

Հունիս, 2008 Թ.
Թեհրան

Share Button

5 կարծիք

Skip to comment form

  1. Anonymous

    Գերազանց՝ ինչպես միշտ:

  2. Armine

    Mi qani shabat araj kardaci Cer “Verjin xaxy” minchev “Edvin” hatvacy.Hetaqrqir er, syujen gravum er yntercoxin, bayc inc hamar beletristikayi sahmanic aynqan el chancnox gorc er tvum.Ayjm kardacel em patmvacqn amboxjutyamb u hiacac em: Duq shat mot eq kangnac chshmarit grakanutyan akunqnerin.Cer patmvacqy dasakan grakanutyan hmayqn uni.Shat kuzei kardal Cer myus gwrcery evs.

  3. Grakam

    Հարգելի Արմինե, շնորհակալություն Ձեր դրական կարծիքի համար: Իմ պատմվածքների ժողովածուն «Պղպջակ» ընդհանուր անունով լույս է տեսել 2009- ի նոյեմբերին, Երևանում, որի մեջ ընդգրկված է նաև՝ «Վերջին խաղը»: Դուք այն, ինչպես նաև իմ «Ինեսսա» խորագրով վիպակը, կարող եք ձեռք բերել Նոյան Տապան գրախանութից:
    Ինչևէ, եթե կապվեք ինձ հետ koliaderh@gmail.com հասցեով, ես ձեզ կօգնեմ դրանք ստանալ անվճար:

  4. Armine

    Shnorhakalutyun arajarkutyan hamar, bayc es erek xoseci ynkeruhus` Miribyan Liliti het, ev na xostacav yntercelu hamar inc tal cer grqeric.

  5. Armine

    Հարգելի’ Կ.Տեր-Հովհաննիսյան, շատ շնորհակալություն “Պղպջակի” համար:Ձեր գիրքը իր առանձնահատուկ տեղը կունենա իմ գրապահոցում: Պատմվածքներից ինձ հատկապես դուր եկան “Ինքնահաղթահարում”, “Արթնություն”, “Հորձանուտ”,”Մազե կամուրջ” գործերը:Դուք փորձել եք վերլուծել ժամանակակից մարդու արարքները՝ կապված արտաքին ու ներքին՝ հոգեկան աշխարհների բախումների հետ:Ինչպես նաև առկա է սփյուռքահայության իրավիճակի ու հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի դրսևորումների թեման: Գեղեցիկ,մի շնչով ընթերցվող գործեր են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>