Ջալալ ալ Ահմադ | ՍԵԹԱՌ

Ջալալ ալ Ահմադ

Թարգմանությունը պարսկերենից՝ Օվսաննա Բաղումյանի

Նա գնում էր մի նոր ու անպատյան սեթառ[1] ձեռքին, օձիքը բաց ու անփույթ: «Շահ»-ի մզկիթի[2] աստիճաններից շտապով ցած իջնելով՝ դժվարությամբ     ճանապարհ  էր հարթում մանրավաճառների շարքերի ու  նրանց թարեքներին իրենց համար էլ անհայտ ինչ-որ բան փնտրող մարդկանց խմբերի միջով:

Սեթառը սեղմել էր փորին ու մյուս  ձեռքով  դրա լարերն էր պահում, որ մեկնումեկի զգեստի կոճակին կամ բեռնակրի բեռան ծայրին դեմ չառնեին ու չկտրվեին:

Այսօր վերջապես հասել էր իր երազանքին: Այլևս կարիք չուներ հանդիսության գնալիս ուրիշներից թառ վերցնել, նրանց հոր արյան գնի վարձ տալ և դեռ նրանց մուննաթն  էլ քաշել:

Խռիվ մազերը ցրիվ էին  եկել ճակատին ու աջ աչքի դիմացը փակել: Այտերը փոս էին ընկել և գունաթափ էր: Սակայն ոտքերին կապանք չկար․ ցնծությունից վազում էր: Երբ խանդավառված երգում ու թառ էր նվագում, իր թաքուն  բերկրանքն  ու ներքին ուրախությունները ամենքին զգացնել էր տալիս: Սակայն հիմա՝ այս մարդկանց մեջ, որ հայտնի չէ՝ շուրջբոլորն ինչ նպատակով էին վտվտում, կարող էր միայն վազել և ինքն իրեն շուտափույթ մի տեղ հասցնել։ Ուրախությունից վազում էր և մտածում սեթարի մասին, որ այժմ իրենն էր:

Մտածում էր, որ այսուհետ երբ ոգևորված լիներ և կնտնտոցն ակամայից ուժգին զարկեր թառի լարերին, սրտի խորքում այլևս  վախ չէր լինի, թե  աստված մի արասցե թառի լարերը կկտրվեն, և թառի տերն իր լույս օրը կխավարեցնի: Այդ սրտմաշուկ մտքից հոգին խաղաղվել էր: Մտածում էր, որ այսուհետ այնպիսի արվեստով կնվագի և այնպիսի  հույզեր  կկորզի թառից, որ ինքն էլ չի դիմանա ու ակամայից կարտասվի: Ներքուստ հավատացած էր, որ երբ սազի ձայնից արտասվում է, ուրեմն լավ է նվագել: Բայց մինչև այժմ չէր կարողացել  իր ուզածի պես նվագել: Միշտ այլոց համար էր թառ նվագել․ մարդկանց, որոնք իրենց կորուսյալ  ուրախությունները սազի ձայնի ու իր մորմոքուն երգի մեջ էին որոնում:

Այն բոլոր գիշերներին, երբ զվարթ ձևանալով՝ ուրիշների ուրախության և պերճանքի  հանդեսներում երգել ու սազ էր ածել, չէր կարողացել իր սազի ձայնից արտասվել:

Չէր կարողացել այնպես նվագել, որ ինքն իրեն լացացներ. կա՛մ տոնահանդեսը հարմար չէր եղել և իրեն փող վճարած ու հրավիրած հրավիրել մարդիկ չէին ցանկացել իր արցունքները տեսնել, կա՛մ էլ հենց ինքը լարերը կտրելու վախից կնտնտոցը իր կարեցածից շատ ավելի մեղմ ու հանդարտ էր վերուվար արել: Հավատացած էր նաև, որ մինչև այժմ իր կարեցածից շատ ավելի մեղմ ու զգուշորեն էր թառ նվագել ու երգել:

Ուզում էր այլևս արածի մեջ տաղտուկ չլիներ: Հիմա, երբ արդեն իր երազանքին հասել և կարողացել էր իր իսկ խոսքերով ասած անբարաքյաթ փողերով սազ գնել,  այլևս չէր ուզում զգուշանալ։ Հիմա սազն իրենն էր: Հիմա կարող էր այնպես թառ նվագել, որ ինքն էլ արտասվեր:

Երեք տարի էր, որ երգում էր: Դպրոցը հենց այդ պատճառով էր  թողել: Միշտ դասարանի վերջում նստում ու քթի տակ դնդնում էր:

Ուրիշները կարևորություն չէին տալիս և ուշադրություն չէին դարձնում: Բայց մաթեմատիկայի ուսուցիչը շատ պահանջկոտ էր և իր դնդնոցից  այնքան էր նեղվում, որ զայրանում էր ու դասարանից խռովում: Երեք-չորս անգամ կարգադրել էր, որ դասարանում ձայն չլսվի: Բայց մի՞թե հնարավոր էր: Միայն վերջին տարում էլ ոչ ոք նրա ձայնը չէր լսում դասարանի վերջից: Այնքան  էր հոգնում և գիշերներն արթուն լուսացնում, որ կամ մինչև կեսօր մնում էր անկողնում, կամ էլ  դասարանում էր քնում: Սակայն այդ էլ երկար չտևեց և շուտով դպրոցը թողեց:

 Առաջին տարին ինքն իրեն շատ էր հոգնացրել: Ամեն գիշեր երգել էր ու սազ  ածել և  օրը մինչև կեսօր քնել:

Սակայն հետզհետե իր գործին կարգուկանոն էր հաղորդել և շաբաթական երկու-երեք անգամից ավելի հրավեր չէր ընդունում: Կամաց-կամաց ինքն իր համար հեղինակություն էր դարձել և այլևս այս կամ այն երաժշտական խմբին խորհրդի համար դիմելու կարիք չուներ: Մարդիկ իրեն ճանաչում էին և իրենց խղճուկ տան շեմից իր մոր միջոցով ապսպրում էին, որ գա ու  լավ երեկո անցնացնեն:

Բայց և այնպես՝  դեռևս սպանիչ աշխատանք էր: Մայրը զգում էր, որ օրեցօր ավելի էր հյուծվում: Անձամբ ինքը այդ հարցին ուշադրություն չէր դարձնում: Միայն այն մտքին էր, որ թառ ունենա և կարողանա իր սեփական թառով իր սրտի ուզածի պես նվագել: Սակայն այդ էլ հեշտ չէր: Միայն վերջերս մի պատվական հարսանիքի ժամանակ ստացած թեյավճարներից կարողացել էր մի քիչ կողմ դնել և մի նոր սեթառ գնել: Եվ այժմ, երբ թառի տեր էր դարձել, չգիտեր, թե այլևս ինչ երազանք ունի:  Գուցե հնարավոր կլիներ  ավելի մեծ երազանքներ էլ ունենալ:  Դեռևս այդ մասին չէր մտածել: Հիմա միայն այն էր ուզում, որ արագ ինքն իրեն մի տեղ հասցնի, սեթարը ճիշտ լարի ու կարգավորի:   Մինչևիսկ այն շինծու զվարթ խրախճանքներին, երբ թառը ձեռքին մեղեդու նվագակցությամբ երգում էր, այնքան էր խորասուզվում անհուշության մեջ և աշխարհից վերանում, որ  սիրտը չէր ուզում  թառը գետին դնել: Բայց մի՞թե կարելի էր:  Ուրիշների տունն էր և ուրիշների ուրախությունը, և ինքը միայն պիտի ուրիշների հանդեսը ջերմացներ:

Այդ բոլոր հափշտակությունների ժամանակ սակայն դեռևս չէր կարողացել ինքն իրեն ու իր սիրտը ջերմացնել:

Ձմեռային երկար գիշերներին, երբ որ այդ տեսակ հանդեսներից հոգնած ու դադրած վերադառնում էր և մթության մեջ իր տան ճանապարհն էր որոնում, այդ ներքին ջերմության կարիքն այնքան կենդանի ու համապարփակ էր զգում, որ թվում  էր՝  դրա բացակայությամբ չի կարողանա ինքն իրեն մինչև տուն հասցնել: Քանի՜ անգամ այդօրինակ դեպքերում սարսափահար իր այդ կորուստն էր փնտրել, չհաշված այն գիշերները, որ  գինետների անկյուններում էր լուսացրել: 

 Շատ թույլ էր: Առաջին հայացքից ավելի շատ թմրամոլի տպավորություն էր թողնում: Բայց  այսօր, ինչ թառի տեր էր դարձել,  իր մեջ եղած հուզմունքն ու  ժամից ավելի տևած ջերմությունը կարմրացրել էր այտերն ու  այրում էր ճակատը։

Այս մտքերով  տարված՝ հասել էր Շահի մզկիթի դռան շեմին ու ոտք դրել նրա քարե նախաշեմին, երբ հանկարծ օծանելիք վաճառող մի տղեկ, որ մզկիթի կողքի քարե նստարանին կրպակ էր բացել ու մուշտարու սպասելով՝ թզբեհն էր պտտում, իր փռոցի հետևից ցած թռավ ու նրա թևը բռնեց․

-Անհավատ, այդ անիծյալ գործիքով ե՞ս մզկիթ՝ Աստծո տու՞ն եկել։

Նրա մտքերի թելը կտրվեց։ Դեպի սիրտը ճամփա հարթող ջերմությունը չքացավ։ Սկզբում մի փոքր շփոթվեց ու միայն հետո կամաց-կամաց ըմբռնեց, թե տղան ինչ է ասում։ Դեռ ոչ ոք չէր հավաքվել։ Անցուդարձը շատ չէր։ Բոլորը տարված էին մանրավաճառների փռոցներով։ Նա ոչինչ չասաց։ Ջանք թափեց թևն ազատելու և իր ճանապարհը շարունակելու։ Բայց օծանելիք վաճառող տղեկը պոկ չէր գալիս։ Ձեռքի դաստակը բռնել էր ու գոռգոռալով լուտանքներ էր շաղ տալիս։

-Այ անկրոն, Աստծուց  է՞լ ամոթ չունես։ Ախր ամոթ, աբուռ․․․

Նա նորից ջանք թափեց, որ թևն ազատի ու գնա իր գործին։ Բայց տղեկը  այդպես հեշտ չգոհացավ  և ասես ուզում էր իր գործի պակասը նրանով լրացնել։ Կամաց-կամաց մի քանի  հանդիսական էր հավաքվել նրանց շուրջը։ Բայց դեռ ոչ ոք չգիտեր՝ բանն  ինչում է։ Դեռ ոչ ոք չէր միջամտել։ Նա շատ էր ուշացել։ Պարզ էր, որ շուտով մի բան պիտի պատահեր։ Սակայն նրա սիրտը պատող սառնությունը նորից անհետացավ։ Սրտում և ապա ուղեղում տաքություն զգաց։ Բռնկվեց, ինքնազսպումը կորցրեց ու մյուս ձեռքով մի ամուր ապտակ հասցրեց տղեկի ականջին։ Տղեկի շունչը կտրվեց ու ինքն իր անեծքներն ու հիշոցները կուլ տվեց։ Մի ակնթարթ գլուխը պտտվեց։ Նրա թևը մոռացել էր ու երկու ձեռքով դեմքն էր շփում։ Բայց շատ չանցած ուշքի եկավ ու տեղից թռավ։

 Իր սեթառով մզկիթ էր մտնում, երբ տղեկը կոստյումի փեշը ճանկեց ու նորից թևը բռնեց։

Կռիվը սկսվել էր։ Շատերը միջամտեցին։ Տղեկը դեռ ճչում էր, հայհոյում, անհավատներին անիծում, Աստծո տունն անարգողների  պատճառով կատաղությունից եռում ու մուսուլմաններին օգնության կանչում։

Ոչ ոք չհասկացավ՝ ինչպես եղավ։ Ինքն էլ չզգաց։ Միայն երբ իր սեթառի փայտե իրանը գետին ընկավ, մի կարճ ու թնդուն ձայն արձակելով՝ ջարդվեց ու երեք կտոր եղավ,  լարերն իրար մեջ փաթաթված ու ոլորված մի կողմ թռան  ու  նա ապշահար կանգնեց ու նայեց բազմությանը, օծանելիք վաճառող տղան, համոզված, որ իր կրոնական պարտքը լավ է կատարել,  միամտվեց, սրտի խորքից շնորհակալություն հայտնեց ու նորից անցնելով իր թարեքի հետևը՝ իրեն կարգի բերեց ու թզբեհը ձեռքն առնելով՝ սկսեց Տիրոջը հիշատակել։

Նրա բոլոր մտքերը իր սեթառի լարերի պես խռնվել ու ոլորվել էին, կրկին իր սիրտն ու ուղեղը սողոսկած սառնության մեջ պաղել ու մի անկյունում կծկված ընկել։ Իր հույսերի ոսկեհյուս գավաթը իր նոր գտած սազի իրանի նման կտոր կտոր էր եղել, ու դրա կտորներն իր սիրտն էին ճեղքում։

Ծանոթագրություններ

[1] Չորս լար ունեցող իրանական ծագման լարային գործիք է, նման է թառին:

[2] Այդպես է կողչվում Սպահան քաղաում գտնվող Նաղշե Ջահան հրապարակի հարավային կողմում գտնվող մզկիթը:

2 pings

  1. […] գնում էր մի նոր ու անպատյան սեթառ[1] ձեռքին, օձիքը բաց ու անփույթ: «Շահ»-ի […]

  2. […] Ջալալ ալ Ահմադ — Սեթառ […]

Թողնել պատասխան

Your email address will not be published.