Ազատ Մաթյան | ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

Որմնանկար 1

Մի հրեշտակ է,
Պոկվել է վանքի որմնանկարից,
Թևերը ամպոտ,
Թափանցիկ, թեթև իջել է գավիթ:
Մերթ մարմրում է,
Որպես մոխրխցող խունկը բուրվառի,
Մերթ բոցավառվում,
Ասես, աշխարհը հիմա կվառի:
Ու մերթ տենչում եմ
Հալչել աչքերի խոնավ կապույտում,
Մերթ՝ ապաշխարել
Պագշոտ շուրթերի շոգ ավազուտում:
Մերթ երազում եմ,
Որ եթեր տանի ինձ իր թևերին,
Մերթ ձգտում նրան
Տեսնել տենչավառ թևերիս գերին:
Ոգեղե՞ն է սա,
Թէ՞ մեղսավարակ մարմին է հողե,
Ո՞վ է հին վանքում
Մեզ՝ ինձ ու նրան, միայնակ թողել:
Տե՜ր իմ,փորձության
Այս ի՞նչ թակարդ է իմ ճամփին նորից,
Ի՞նչ հրաշքով ես
Դիմավորում այս հեգ ուխտավորիս:

Հունիս, 07

Որմնանկար 2

Մի հրեշտակ է,
Պոկվել է վանքի որմնանկարից,
Ամպե թևերով,
Թափանցիկ, թեթև իջել է գավիթ:
Մերթ գունատ է նա,
Որպես Տիրամոր արձանիկ մոմե,
Մերթ ճառագում է,
Որպես տարփածու՝ խելառ Սալոմե:
Մերթ թվում է թե
Կտրած գլուխս ափերում իր նամ
Կիսամութ գավթում
Տարփոտ նազանքով ելել է պարի,
Մերթ տագնապում եմ,
Որպես խնձորով խաբված մի Ադամ,
Որին հենց հիմա
Նա իր դրախտից պիտի վտարի:
Ու կարոտավառ
Թևերս եմ բացում, որ գրկեմ նրան,
Բայց որմի խամրած
Փոշին է մնում մատներիս վրա:
Մի հրեշտակ է,
Նկարված վանքի որմին դարավոր,
Ու ես եմ միայն
Ավերակ վանքի շվար ուխտավոր:

Հունիս, 07

Բարձունքում

Բարձունքում մի վանք է ավերակ,
Ես բուն եմ ավերակ այդ վանքի,
Վայում եմ, գիշեր է ու լուսնյակ,
Որ սառն է որպես պաղ ապակի:
Վայում եմ ու լռում վախեցած,
Որ հանկարծ իմ տխուր վայոցից
Երկնքում՝ աստղերով ասեղված,
Լուսնի նուրբ սափորը չճաքի:

Հունիս, 07

* * *

Մոխրանում է սերը, մոխրանում է հույսը,
Հավատքն է մոխրանում: Մոխրաման է գոգիս.
Ծծված ու ճմռթված կոթուկներ են մնում,
Մոխրամանը լիքն է, բայց դատարկ է հոգիս:

Հունիս, 07

1 comment

    • Amdpl on 31 Հոկտեմբերի, 2016 at 6:12 ա.
    • Reply

    http://www.azadmatian.com

Թողնել պատասխան

Your email address will not be published.