Արմինե Պետրոսյան | ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ

Արմինե Պետրոսյան

Արմինե Պետրոսյան

Կապույտ հանրակացարանը տարբերվում էր դեղին, ամպագույն և բոլոր այլ հանրակացարաններից: Կապույտն ամենալեցունն էր, իրադարձությունաշատն ու ամենաակտիվը, հատկապես՝ գիշերը:
Նա իրեն լավ էր զգում, որ հենց կապույտ հանրակացարանի բնակիչ է, ի տարբերություն այլ բնակիչների՝ մյուս հանրակացարանններում սենյակներ չէր վերցրել:
Նա ոչ միայն “Ուշադիրը5” սենյակի բնակիչն էր , այլև անդամ էր մի շարք կորպուսների: Ամենաշատը լինում էր “Գրական խայթումներ” կորպուսում:
Նստում էին՝ ուր պատահեր, հետո ամեն մեկը ներկայացնում էր իր գրածը: Նստածները իրենց հետ ունեին խայթոցիկներ և երկու սրվակ: Երկուսի մեջ էլ դեղնագույն հեղուկ էր. մուգ դեղինը թույն էր, բաց դեղինը՝ հակաթույն: Խայթոցիկը մտցնում էին երկու սրվակների մեջ էլ՝ ով ինչ հարաբերությամբ կուզեր: Մոռացա ասել, որ կարդացողը մերկացած էր լինում: Հիմնականում ամեն մեկն իր հետ կորպուս էր բերում մի քանի ընկեր-բարեկամ, ովքեր, վերնահագուստները հանած ու ագրեսիվ տրամադրված, սպասում էին խայթոցիկների տեսքով արձագանքներին, որ փոխադարձեն: Հետո սկսվում էր իսկական խառնաշփոթը: Վայ նրանց, ովքեր իրենց հետ ընկեր-բարեկամ չէին բերում. արդյունքում հայտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:
Ուշադիրը5-ը սիրով էր մասնակցում գրական ընթերցումներին. նա միշտ քննադատողի դերում էր: Խայթոցիկը խնամքով թաթախում էր մուգ դեղին հեղուկի մեջ, ընկղմում, հետո արագ հանում, թեթև հպում բաց դեղին հեղուկի փայլող մակերեսին ու նետում կարդացողիվրա:
Ուշադիրը5-ը ու Մասնագետը89-ը ընկերներ էին: Հենց Մասնագետը89-նն էր նրան սովորեցրել ուժեղ քննադատ դառնալու հնարներն ու ձևերը: Բարդ բան չկար՝ ինչքան հնարավոր է խայթոցիկը շատ թաթախել մուգ դեղին հեղուկի մեջ ու դիպուկ նետումներ անել:
Չնայած հեշտ լինելուն՝ ինչպես սկզբում, այնպես էլ ամբողջ ընթացքում, Ուշադիրը5-ի համար նետելու պահը բարդ էր. ձեռքը դողում էր, չէր գնում, բայց մի բան նրան մղում էր գործողության արագ կատարմանը, հատկապես՝ երբ աչքն ընկնում էր Վարդինե Տոնոյանի՝ բաց դեղին հեղուկով շաղախված խայթոցիկին:
Քննարկումների ժամանակ Ուշադիրը5-ը մտքում միշտ համակարծիք էր Վարդինե Տոնոյանի հետ, բայց խոսում ու գործում էր նրան հակառակ: Ինչքան էլ աղջիկը ձգում էր իրեն, բայց, դե, ավելի կարևոր էր այն, որ ինքը կորպուսում հայտնի դեմք էր, կշիռ ունեցող անձ, ում խայթումների տակով քչերն էին անցնում ու ողջ մնում: Վարդինե Տոնոյանը աջուձախ բոլորին հակաթույն բաշխող, գրամոլներին ոգևորող մեկն էր: Նրա հետ ընկերություն անելը կարող էր ստվեր գցել Ուշադիրը5-ի հեղինակության վրա. նրանք տարբեր գագաթների ձյուներ էին:
Սկզբի ամիսների երկտոնությունը քիչ-քիչ վերածվեց դեղինի բազմատոնության: Գրական այդ կորպուսում նոր խմբավորումներ ստեղծվեցին: Նրանք էին, որ իրենց հետ բերում էին նոր սրվակներ՝ դեղինի տարբեր երանգներով: Ուշադիրը5-ի խոսքն արդեն՝ միայն մուգ դեղինով թաթախված խայթոցիկներով, ոչ օրիգինալ էր, ոչ էլ՝ ազդու: Բազմությանը գրավում էին նոր խմբերից մեկի՝ ամենաշատը աչքի ընկնող քննադատի՝ Ջոյս Մարգարյանի երևակայության թռիչքները՝ դեղներանգ խայթոցիկների ամպեր ստեղծելու ու ճարպիկ նետումների հեղեղի համար: Ջոյս Մարգարյանը սրվակների հարցում ևս նոր մոտեցում ուներ. դրանք յոթն էին, ու բոլորն էլ իր սիրելի գրաքննադատների գլուխների տեսքն ունեին:
Ուշադիրը5-ը փորձեց նոր բան մտածել, բայց ոնց-որ ոչինչ չստացվեց: Դրանից հետո փակվեց իր սենյակում, անգամ այլ կորպուսներ սկսեց չայցելել, հարևան սենյակներում էլ հազվադեպ էր լինում, միայն ընդհանուր լուսամուտից երբեմն բառեր էր փոխանակում դրկիցների հետ: Ուշադիրը5-ը դասականներին էր կարդում ու իր պատերին նշումներ անում, մեկնաբանություններ գրում:
Դասական մտքի արդյուքն էր, թե գրոտած պատերն էին այնքան ճզմել, որ երևակայությունը ստիպված սահմաններից դուրս էր եկել, պարզ չէր, բայց մի օր նա վերցրեց սրվակները, մի տոպրակ ու գնաց սիրելի կորպուս:
“Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա”:
Ուշադիրը5-ը գրերով լցված թղթանման ուղղանկյունները դիպուկ նետումներով ուղարկում էր ուղիղ դեպի հեղինակների գլուխները: Դրանք դաջվում էին նրանց մտքերում՝ չջնջվելու հավանականությամբ:
Նա քննադատական մտքի նոր դեմքն էր, նորից բոլորի կուռքը, ազդեցիկ խայթումցին, ում խայթող գիրը մնում էր խայթվողի մտքում մինչև մահ:

—-
Ուշադիրը5-ը սիրում էր ցերեկվա խաղաղ ժամերին թափառել հանրակացարանի միջանցքներով: Կիսադատարկ միջանցքները՝ իրենց գրոտած պատերով հաճախ ավելի խոսուն էին, հետաքրքրություններով ու թարմությամբ լիքը, քան իր սենյակն ու սիրելի կորպուսը միասին վերցրած:
Այդ օրը Ուշադիրը5-ը մտքերով տարված անցնում էր իր ու Ջոյս Մարգարյանի սենյակներն իրար կապող միջանցքով, երբ տեսավ աշխույժ շարժումներով միջանցքի պատին գրոտող մեկին, ում մինչ այդ երբեև չէր տեսել: Ձախ հոնքը դանդաղ վեր բարձրացրեց, մի քանի վայրկյան կանգնեց ու շարունակեց ընթացքը:
“Էս ջահելների արյունը եռում է, թողնես՝ մի քանի րոպեում հանրակացարանն էլ կքանդեն, աշխարհն էլ: Թե ասա՝ երիտասարդ, սիրուն տղա ես, աշխատանքդ հանգի՛ստ արա կամ էլ թե՝ սե՛ր արա ”:
Վերջին մտքի վրա Ուշադիրը5-ը քմծիծաղ տվեց: Օրվա ընթացքում մի քանի անգամ էլ մտապատկերով սահեցին անծանոթի շարժումները, դիմագծերը, բայց դրանք հեշտությամբ խառնվեցին գրական անցյալ ու ներկա խնդիրների պնակին՝ երազների ստեղծագործական վարպետությանը թողնելով մնացածը:
Երեք-չորս օր էր, ինչ Ուշադիրը5-ը միջանցքի այդ անկյունում հանդիպում էր տարօրինակ երիտասարդին. արդեն ամեն անգամ միջանցքի այդ հատվածն հասնելիս աչքերը պատրաստ սպասում էին:
Հինգերորդ օրը չդիմացավ ու հարցրեց:
Ուշադիրը5
Ի՞նչ ես անում, երիտասարդ:
Ինտերնետ++
Փորձում եմ բույնս հյուսել, ձյա՛ձ ջան:
“Ձյա՛ձ ջան”՝ առաջին անգամն էր, որ որևէ մեկը իրեն նման սովորական ձևով էր դիմում: Ուշադիրը5-ը ինքնաբերաբար գլուխը վեր բարձրացրեց:
Ուշադիրը5-ը
Բո՞ւյնդ: Հետաքրքիր տղա ես երևում: Ստեղծագործո՞ղ ես:
Ինտերնետ++
Չէ մի չէ, գրող: Չէ՛, ձյա՛ձ ջան, նման բաներից մեգաբայթերով հեռու եմ:
Ուշադիրը5-ը
Բա ի՞նչ գործ ունես այս հարկում: Այստեղ հիմնականում իմ ընկերներն են, ովքեր գրական մարդիկ են:
(Ուրիշ դեպքերում Ուշադիրը5-ը ավելի հանգիստ կարող էր արտաբերել “ընկերներ” բառը, բայց այս երիտասարդի պարզ հայացքը նրան շփոթեցնում էր):
Ինտերնետ++
Ի՞նչ ասեմ, երկար պատմություն է: Երևի ձեր ընկերների ընկերների օգնությամբ եմ հայտնվել այստեղ:
(Երիտասարդը ժպտաց ու գլուխը թեքեց մի կողմ):
Եկե՛ք իմ սենյակ, նստենք, մոտիկից ծանոթանանք:
Ուշադիրը5-ը
Ո՛չ, ի՞նչ եք ասում: Ես զբաղված եմ, չեմ կարող նման շռայլություն ինձ թույլ տալ:
Հաջողություն ձեզ:

Գլխով անելուց հետո Ուշադիրը5-ը արագ հեռացավ:

—-
Ինչքան էլ մեծն քննադատը փորձում էր իրեն հեռու պահել սովորական երիտասարդից, միևնույն է, տղայի պատկերը, խոսքերը կապել էին նրա մտքերը նոր ծանոթի կերպարի հետ:
“Գեղեցիկ վագր է ”,- Ինտերնետ++ին հիշելիս մտածում էր Ուշադիրը5-ը:
Գրական կորպուսը քիչ-քիչ կորցնում էր կենսական նշանակությունը: Ճիշտ է՝ էլի իր կենսատարածքն էր, բայց ամենօրյա բանավեճերը, գրամոլների ու քննամոլների մեծամտությունը հոգնեցնում էր իրեն:
Կյանքի թարմ հոսք էր խուժել Ուշադիրը5-ի սենյակ: Հիմա նրա գիշերները ոչ թե գրական էին, այլ՝ անեկդոտային, ավելի շուտ՝ ինտերնետ++ային:
Ինտերնետ++ը գրեթե ամբողջ օրը նրա սենյակում էր, իսկ եթե սենյակում չէր՝ մտքում էր, աչքերում, ձեռքերի մաշկին:
Անեկդոտային գիշերներից մի գիշեր Ուշադիրը5-ը ընկերոջն հարցրեց.
Ուշադիրը5-ը
Ի՛նտ, դու այստեղ շատ քիչ ընկերներ ունես: Կուզե՞ս մի քանի լավ մարդկանց հետ ծանոթացնեմ քեզ:
(Ըհ անելուց հետո ավելացրեց ).
Գեղեցիկ ծանոթուհիներ ունեմ, երևի կուզես շփվել: Մի ակնարկ արա, ու քո ամեն մի ցանկությունը իրականություն կդառնա:
(Ուշադիրը5-ը կեղծ հռհռաց):
Ինտերնետ++
Չէ՛, Ո՛ւշ ջան, հաստատ կարիք չկա: Սիրուն աղջիկների պակաս չունեմ, հավես չկա:
Ուշադիրը5-ը
Պահո՜:
Ինտերնետ++
Հա՜, երկու օր առաջ էր, մի աղջիկ ծանոթության առաջարկ արեց, մերժեցի: Կարծեմ Վարդինե էր անունը:
Ուշադիրը5-ը
Վարդինե՞: Գո՞ւցե Վարդինե Տոնոյանն է եղել: Ինչո՞ւ մերժեցիր, չհավանեցի՞ր:
Ինտերնետ++
Հա, Տոնոյան էր: Հավանել-չհավանելու խնդիր չկա: Արդեն ասացի՝ հավես չունեմ:
Ուշադիրը5-ը
Դե, լավ է: Մեր ամբողջ ազատ ժամանակը միասին կանցկացնենք:
Երկուսն էլ հոգոց հանեցին ու շարունակեցին կատակները:

—-
Քանի օր էր, ինչ Ինտերնետ++ը ժամերով կորչում էր: Ուշադիրը5-ը տեղը չէր գտնում, սպասում էր, սպասում, հետո սկսում պտտվել միջանցքներով: Նա իրեն դատարկ էր զգում, պատրաստվում էր նախատինքների հեղեղ տեղալ, բայց երբ Ինտը հայտնվում էր, մի քանի խռոված րոպեներ, ու ամեն ինչ նորմալ էր:
Ուշադիրը5-ը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում, ինչու է ինքը կտրուկ փոխում որոշումները, մտածում այլ կերպ, գործում ուրիշ ձևով: Իր մեջ տարբեր ես-երի առկայությունը նա միշտ էր զգացել, բայց վերջին օրերին այդ ամենն ավելի սուր էր արտահայտվում:
Ուշադիրը5-ը
Գասպարյա՛ն ջան, ոնց որ թե առավոտից սենյակում ես: Ինտերնետ++ին չե՞ս տեսել:
Դանիել Գասպարյան
Չեմ տեսել: Բայց մի բան ասեմ՝ մեր մեջ մնա: Զգույշ մնա: Վերջերս շատ ես կապվել դրա հետ: Դու այդ տղայի մասին ի՞նչ գիտես:
Ուշադիրը5-ը
Գասպարյան ջան, չեմ կարծում՝ զգուշանալու բան կա: Ջահել, հետաքրքիր տղա է: Շփվում ենք ուղղակի: Դեռ ինչքա՞ն ենք շփվել, որ մանրամասներ էլ իմանամ:
Դանիել Գասպարյան
Ինչ ասեմ, դու գիտես:

Ուշադիրը5-ը արդեն գիտեր, որ օրվա մի ժամի կհայտնվի սիրելի Ինտը ու այժմյան կասկածները միանագամից կցրվեն: Սակայն այդ օրը Ինտերնետ++ը անգամ չարդարացավ երկար բացակայության համար: Քիչ էր մնացել՝ Ուշը սիրահարված աղջնակի նման բացատրություն պահանջեր, բայց մյուս ես-ը նրան հիշեցրեց իր սեռն ու դիրքը:
Այդ օրը կարող էր անհետք անցնել, բայց դա վերջինը չեղավ: Ընդհակառակը՝ Ինտը մի ժամից ավելի չէր մնում հանրակացարանում, օրերով կորչում էր:
Ուշադիրը5-ը նորից կենտրոնացել էր գրական գործունեության վրա: Բայց հիմա երբ նա կորպուսում էր լինում, միայն նոր հայտնված ու բանից անտեղյակ ստեղծագործողներն էին հանդգնում հանդես գալ իրենց գործերով: Արդյունքում՝ մտաբուժարան:
Շատերն էին սկսել խոսել Ուշադիրը5-ին կորպուսից հեռացնելու մասին, բայց Ջոյս Մարգարյանը բազմանշանակ ժպտում ու ձեռքով էր անում՝ “սպասե՛ք”:
Այդ օրը սենյակ վերադառնալիս Ուշը շտապում էր: Ինտը երեք օր էր՝ չկար, այսօր գոնե կես ժամով կարող էր հայտնվել: Ինքը պիտի սենյակում լիներ:
“Երբ սպասումը ի դերև է լինում…”. փակեց գրքի չկարդացվող էջը, ուզում էր մի անգամ էլ կարդալ իր պատին՝ Ինտի գրած տողերը, տեսավ՝ նամակ է ստացել: Ինտից էր, շունչը մի վայրկյան պահեց, ժպտաց ու սկսեց կարդալ:
Ինտերնետ++
Ո՛ւշ, կարող էի այս նամակը քեզ չգրել, միևնույն է, վաղը քեզ հրապարակավ ամեն ինչ կասեին, բայց ինչքան էլ մեր շփումը ծրագրային էր, մեկ է, ես հասցրի կապվել քեզ հետ, քո երկու էությունների հետ:
Գիտեմ՝ քեզ մեծ ցավ պատճառեցի՝ քո տված ընկերության ու սիրո փոխարեն, բայց մտածում եմ՝ գուցե քեզ համար էլ բարին դա է:
Ինչքան էլ ինձ վստահում էիր, բայց էլի կյանքիցս հարցեր էիր տալիս ու խուսափող պատասխաններ ստանում: Հիմա կտամ բոլոր պատասխանները:
Ես Արթուր Օհանյանն եմ՝ համակարգչային մասնագետ: Այս հանրակացարանում էի Ջոյս Մարգարյանի պատվերով: Դու կանգնել էիր նրանց ճանապարհին, պետք էր ազատվել քեզնից: Ինչքան էլ շանսերը զրոյական էին՝ կապված քո մասնագիտական ու ստեղծագործական մտքի հետ, կար մի անցք, որը կարելի էր փորփրել. գո՞ւցե գանձեր դուրս գային: Դա քո կտրուկ փոփոխվող վարքն էր ու կապույտ հանրակացարանից դուրս չգոյությունը:
Ճիշտ է՝ դու արդեն բավական ինքնուրույն ես քո կերպարում, այնքան, որ ինքդ էլ հավատում ես գոյությանդ, բայց մյուսի ազդեցությունն էլ ուժեղ զգալի է՝ վկա մեր հարաբերությունները, սերդ…
Դու ֆեյք ես՝ Վարդինե Տոնոյանի ֆեյքը:
Վաղը քեզ համար կսկսվի դժոխքը: Անհետ հեռացիր կապույտ հանրակացարանից:
Մնա՛ս բարով, քեզ միշտ կհիշեմ:

6 մեկնաբանություն

Անցնել մեկնաբանելու դաշտին

  1. Էս մենք ենք?
    Լաւն է Արմինէ.
    Ամենաբաց դեղին սրւակից ,
    անփուշ-անխայթ
    ինտընկեր`
    շաքէ

    1. Ինչու.
      Վատ բան եմ գրել. Չեմ կարծում.
      Սրանով հաստատում եմ, մի քանի րոպէ առաջ գրածս.
      Ուղղակի բոլորս էլ ուշադրութեան եւ քաղցր խօսքի սպասում ենք, այսպէս թէ այնպէս. իսկ Արմինէի նոր գործը հետաքրքիր գաղափար է ու շատ ռէալ , ես կասէի նախանձի ու մրցակցութեան մոլուցքի գրական պատկերու,

  2. էլի?
    Քանի անգամ հաստատեմ

  3. Քանի անգամ?
    Ես առաջին քամենթում գրել եմ այն ինչ ուզում էի. մնացեալը անիմաստ հաստատումներ են.
    Ցաւում եմ, բայց կարծես այս բաժինը դեռ լաւ չի աշխատում, կամ ես ինչ որ բան սխալ եմ կատարում.
    Կը բացատրէք? Խնդրում եմ.

    1. Հարգելի Շաքե:
      Շնորհակալություն ուշադրության համար:
      Սփամից խուսափելու նպատակով նոր մեկնաբանությունները նշվում են որպես չհաստատված՝: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

  4. Հարգելի՛ Շաքե, շնորհակալություն ընթերցելու և կարծիքի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի