Զավեն (ԱՄՆ)
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
Առանց սառույցի Vodka
Ծիծաղը սրտի խորքից է և նրա համար միևնույն է այս կամ այն սեղանը: Ծիծաղում, մոտենում ու հարցնում է.
— Որևէ բան չե՞ք ցանկանում:
— Դեռևս ոչ,- ասում եմ:
— Ի՞նչ էիր պատմում,- ասաց:
— Պատմում էի, որ երեխա ժամանակ, խաղի ընթացքում Սաքոն թռավ ճաղի վրա, մատը լռվեց սայրին, կտրվեց, ընկավ գետնին. ես վերցրի, վազեցի նրանց տուն, պահեցի մոր առաջ, ասացի.
“Սաքոյի մատը”: Երբեմն մտածում եմ,- ասացի,- քաքի մեկն եմ:
— Դրանում կասկած չկա,- ասաց ու ծիծաղեց:
Լուսամուտի ետևից, վարագույրի ետևից, ամեն ինչի ետևից տեսել էի, որ ում հետ էլ որ լինում է, ինչպես հիմա, սրտի խորքից, հենց այնպես ծիծաղում է: Ինքն էլ գիտի, որ ավելի է հմայիչ դառնում: Սակայն ես, ասես լռվել եմ մի կտոր պարանի, չորս հախճասալի և մի ոտքը ջարդված քառոտանու միջև:
Ասացի.
— Երբեմն մարդ այնպիսի ցավ է ունենում, որ սիրուց չի: Սիրտը ուզում է վեր կենալ և ինչ որ ձեռքն է ընկնում` ջարդուփշուր անի…
Ասացի.
— Տեսե՞լ ես, երազում երբեմն մարդ ուզում է ինչ-որ բանից փախչի` չի կարողանում. ոնց որ մարդու ոտքերը գետնին սոսնձված լինեն:
Գալիս է, ծիծաղում է և ասում.
— Դեռևս ոչինչ չե՞ք ցանկանում:
Ուզում էի Ժան Լուի Թերնթինյանի նման ասել` ազատ սենյակ չունե՞ք:
Ասացի.
— Վոդկա առանց սառույցի:
— Մարգարիտա սառույցով:
Եվ ծիծաղեց, և ավելի կանացի դարձավ և ավելի հմայիչ:
Վոդկան սիրո ստվերի տակ` իսկն էր: Ուսերը մերկ էին, և հոգի էին տալիս համբույրի համար:
— Ինչի՞ մասին ես մտածում,- ասացի:
— Սաքոյի մոր,- ասաց:
Գուցե անձրև էլ գա
Պանդոկապանը խումար ու կարմիր աչքեր ուներ: Իր մտքերի մեջ էր: Քառոտանու վրա տեղաշարժվեցի ու ասացի.
— Դու՞ք էլ էիք ավերակում:
— Ի՞նչ եք ցանկանում,-ասաց:
— Գարեջուր,- ասացի:
Մարդ չկար: Աղը դատարկեցի գարեջրի մեջ և ասացի.
— Ասում ես օգուտ էլ ունի՞:
— Ի՞նչը,- ասաց:
— Աղն եմ ասում` գարեջրի հետ:
Հայացքը խումար ու կարմիր էր: Խղճացի: Շատ միայնակ էր:
— Զարմանալի է,- ասացի,- շարունակ մտածում եմ, որ դուք էլ եք ավերակում եղել:
Հեգնաժպտաց: Գարեջուրը դառն ու աղի էր:Գլխիվայր սայթաքեցի մինչև մայթ, դիպա ծառին, առվակին և դիակի սպիտակությամբ փրփուրի, և հայացքս ընկավ վրան ու մեխվեց: Շները և թափառաշրջիկները, և պոռնիկները, և ոստիկանները հավաքվել էին ավերակում և կրակ էին արել և օղի էին խմում և մեկ-մեկու քամակը մատ մտցնելով` հռհռալով ծիծաղում էին: Մեկը ավելի մոտեցավ, մի քանի անգամ ուժեղ ներքաշեց ծխախոտի ծուխը, կռացավ և ծխախոտի այրվող կրակը թափահարեց դիակի պատռված ակնախորշում: Ինչ-որ բան պղպջակի պես պայթեց խավարի ու լռության մեջ և քամին հայացքի մոխիրը ցրեց ավերակում: Ցուրտ էր: Վերադարձա տուն: Կինս քնած էր: Նստեցի մահճակալի եզրին, նրան շրջեցի ու ծխախոտ վառեցի: Զարմանալիորեն հմայիչ ու ցանկալի էր: Ծխեցի, կրակը շիկացավ:
— Նանարիդ մոտ էի՞ր,- ասաց:
— Մարմինդ էս ինչ ճերմակ է:
Երանի ինչ որ բան ասեր, երանի ճանկռոտեր, երանի ինչ որ բան աներ: Լռության մեջ ինչ որ բան պայթեց:
Քնելս չի գալիս: Լուռ ու սառն է: քամին սուրում է: Փողոցի խորքում կարմիր նեոնալույսը աչքով է անում: Երևի հիմա ինչքան շուն և պոռնիկ և թափառաշրջիկ ու ոստիկան կա հավաքվել են պանդոկում: Գուցե անձրև էլ գա: Վերադառնում եմ տուն և քնած կնոջս կողքին պառկում ու քնում եմ:
Budweiser
Դուրս որ նետվեցինք` մարդուն հենց նոր դրել էին շտապօգնության մեքենայի մեջ և կնոջը պանդոկի վերևի սենյակից իջեցնում էին, որ տանեն: Քամին սուրում էր: Վերադարձա բար: Բաբը ասաց.
— Լցնե՞մ:
Հեռուստացույցը գովազդում էր, և Ֆրանկը դաշնամուր էր նվագում, և մի ահագին կոկորդիլոս տասներկու հատանոց Budweiser-ի տուփը մեջքին դրած դուրս էր գալիս պանդոկից: Կինը վերադարձավ, եկավ նստեց քառոտանուն` ասաց.
— Մենա՞կ ես:
Ուզում էի ասել տխուր եմ, որովհետև, երբ նա մեկ ուրիշի հետ է լինում` ավելի միայնակ եմ: Չեղավ: Ասացի.
— Ի՞նչ կխմես:
Ձիթապտուղը դառն ու աղի էր, և հեռուստացույցը բեյսբոլ էր ցուցադրում:
— Սիգարեթ կպցրու,- ասաց:
Եվ մինչ վառում էի ծխախոտը նմանվեց Էմանուելլին, որին մարդը մի գիշեր տարավ բոքսի ռինգ և ասաց` ծնկի, որպեսզի էն թայլանդացի էր ինչ էր, ռինգի մեջտեղում բոլորի առաջ հետևից հեծնի նրան:
— Քեզ,- ասում եմ,- երեք հարյուր ձևով ուզում եմ, մեկը այս գիշերվա պես է:
— Դու,- ասաց,- ինձ միայն քո պատմվածքների համար ես ուզում:
Ո՞վ իմ ոտքը բացեց դեպի պատմվածք: Պատմվածքը սկսվեց Շահրզադ կինոթատրոնի այն տեսարանից, երբ էդ մի հոգավորը, ով էր, կիսաբաց դռան արանքից լիզում էր Լոքրես Բուրժիայի մերկ թևը:
— Ինչ որ գաղտագողի արվի` մեղք է,- ասացի,- բացի` սիրուց:
— Մխտրեցիր,- ասաց:
Ֆրանկը վերջին ուժերն էր գործադրում, և բեյսբոլը ավարտվել էր և կոկորդիլոսը վերադառնում էր պանդոկ:
— Վերջինը լցնե՞մ,- ասաց Բաբը:
Որտեղ է պատմվածքի վերջը:
Իգուանան վերջին գիշեր վզի պարանը այնքան էն ձգում, որ կամ այն պատռի կամ խեղդվի: Դուրսը անփոփոխ է: Քամին դեռևս սուրում է, և վառ է վերևի սենյակի լույսը:
Վերջին մեկնաբանություններ