Գաբրիելե Դ’Աննունցիո | ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՌԵԼԱՏԱՆԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ծնվել է 1863թ Պեսկարայում: Քարոզում էր նրբաճաշակ ու հեթանոսամետ էսթետիզմ, որն անտեսում է իրականությունը՝ հանուն վեհ ու բացառիկ հոգևոր աշխարհի (“Մարդն իր կյանքը պիտի ապրի որպես արվեստի ստեղծագործություն”):
Վարել է գրական ու քաղաքական սկանդալային կյանք:Նիցշեի ազդեցությամբ, ստեղծել է գերմարդու կերպարներ, պնդել ընտրախավի տիրապետության իրավունքը զանգվածների վրա (“Պլեբեյները միշտ ստրուկ են մնում, քանզի մշտապես կարիք ունեն ձեռքերը կապանքների պարզելու”):
Վախճանվել է 1938թ, Գարդոնե Ռիվիերայի իր ամառանոցում:
Հիմնական երկերն են. «Հաճույք» (1889թ), «Անմեղը» (1891թ), «Ջովաննի Էպի՛սկոպո» (1892թ), «Պեսկարյան նորավեպեր» (1902թ):

La veglia funebre
Գիշերային հսկողություն մեռելատանը

(Պեսկարյան նորավեպեր)

Քաղաքապետ Բիաջո Միլայի դիակը, ում շորերը հագցրել ու երեսը ծածկել էին քացախով ու ջրով թրջված թաշկինակով, մեկնված էր մահճակալին, սենյակի գրեթե մեջտեղում, չորս մոմերի միջև:
Հանգուցյալի մոտ հսկում էին նրա կինն ու եղբայրը:
Ռոզա Միլան քսանհինգ տարեկան կլիներ: Նա փարթամ կին էր, սպիտակ մաշկով, մի քիչ նեղ ճակատով, հոնքերի երկար կամարով, գորշագույն, մեծ, երկու ագաթների նման խայտաբղետ ծիածանաթաղանթներով աչքերով: Շքեղ մազեր ուներ, իսկ ծոծրակը, քունքերն ու աչքերը գրեթե միշտ, ծածկված էին չենթարկվող մազափնջերով: Նրանից առողջություն ու թարմություն էր ճառագում, իսկ թարմ մաշկը ընտիր մրգերի բուրմունք ուներ:
Սեմինարիստ Էմիդիո Միլան համարյա նույն տարիքին էր: Նիհար էր, դեմքի այն արևայրուքով, որ ստանում են գյուղում, արևի տակ երկար մնալուց: Մի կարմրավուն փափուկ աղվամազ ծածկում էր նրա այտերը.ամուր ու սպիտակ ատամները նրա ժպիտին տալիս էին առնական գեղեցկություն, իսկ աչքերը փայլում էին, ինչպես երկու նոր հատած մետաղադրամներ:
Երկուսն էլ լուռ էին.մեկը մատներով տերօղորմյա էր գցում, մյուսը նայում էր տերօղորմյայի հատիկներին:Երկուսի դեմքին էլ անտերբերություն կար, այն սովորական անտարբերությունը, որ մեր գյուղական մարդիկ տածում են մահվան առեղծվածի հանդեպ:
Էմիդիոն, խոր հառաչելով, ասաց.
-Շո՜գ է, այս գիշեր:
Ռոզան աչքերը բարձրացրեց՝ ի նշան համաձայնության:
Ցածրիկ սենյակում մոմերի լույսը թրթռում էր կրակի շարժումներից: Ստվերները հավաքվում էին մի անկյունում, մեկ էլ, միջնապատերից մեկի վրա` փոխելով ձևերն ու մուգությունը: Լուսամուտները բաց էին, բայց շերտավարագույրները իջեցված էին: Ժամանակ առ ժամանակ, ասես ինչ-որ մեկի շնչից, մուսլինե վարագույրները տարուբերվում էին:Մահճակալի գաղջության մեջ Բիաջոյի մարմինն ասես քնած լիներ:
Էմիդիոյի բառերը խլացան լռության մեջ:Կինը դարձյալ հակեց գլուխն ու ծուլորեն վերսկսեց տերօղորմյան գցել:Քրտինքի մի քանի շիթեր էին պսպղում նրա ճակատին, շնչառությունը ծանր էր:
Քիչ անց, Էմիդիոն հարցրեց.
-Վաղը ե՞րբ կգան վերցնելու:
Կինը պատասխանեց իր ձայնի բնական հնչերանգով.
-Ժամը տասին:
Ու նորից լռեցին: Գյուղից հասնում էր գորտերի չդադարող կռկռոցը, ժամանակ առ ժամանակ՝ խոտերի բուրմունքը:Քար լռության մեջ Ռոզան լսեց մի տեսակ խուլ ղլղլոց, որ արձակեց դիակը. սարսափով վեր թռավ աթոռից և ուզեց հեռանալ:.
-Մի՛ վախեցեք, Ռո՛զա:Մարմնի ջրերն են -, ասաց տագրը՝ ձեռքը պարզելով, նրան հանգստացնելու համար:
Կինը բնազդորեն բռնեց տագրոջ ձեռքը ու պահեց առժամանակ՝ շարունակելով կանգնած մնալ: Լարված ուշադրությամբ լսում էր, բայց հայացքն ուրիշ տեղ էր: Ղլղլոցները չէին դադարում մեռելի ներսում, ու թվում էր, բարձրանում էին մինչև բերանը:
-Բան չկա՛, Ռո՛զա:Հանգստացե՛ք -,ավելացրեց տագրը՝ նրան նշան անելով նստելու հարսանեկան մի սնդուկի վրա, ուր ծաղկազարդ մութաքա էր դրված:
Ռոզան նստեց Էմիդիոյի կողքին՝ նրա ձեռքը բաց չթողնելով, խռովքի մեջ: Քանի որ սնդուկը այնքան էլ մեծ չէր, նրանց արմունկերը իրար քսվեցին:
Դարձյալ լռություն տիրեց: Հեռվից լսվեց կալսորդների երգը:
-Գիշերվա կալսն են անում, լուսնի լույսի տակ-,ասաց կինը, ցանկանալով խոսել՝ վախն ու հոգնածությունը վանելու համար:
Էմիդիոն չպատասխանեց, ու Ռոզան հետ քաշեց ձեռքը, քանզի արմունկների այդ հպումը սկսում էր իրեն մի աղոտ անհանգստություն պատճառել:
Հիմա երկուսին էլ նույն միտքն էր զբաղեցնում, որ հանկարծակի ծագել էր նրանց գլխում.երկուսն էլ նույն հիշողությունների մեջ էին ընկել, գեղջկական սիրո մասին հիշողությունների մեջ:
Այն ժամանակ նրանք ապրում էին Կալդորեում, արևոտ բլրի լանջին, խաչմերուկի վրա: Հացահատիկի դաշտի եզրին, քարերից ու կավահողից շինած մի բարձր պատ կար:Հարավային մասում, ուր Ռոզայի ծնողների տունն էր, և ուր արևի ջերմությունն ավելի հաճելի էր ու մեղմ, մրգատու ծառեր էին աճում ու բազմանում: Գարնանը, մի համընդհանուր հրճվանքի մեջ, ծառերը ծաղկում էին, իսկ նրանց արծաթագույն, վարդագույն կամ մանիշակագույն կատարները կորանում էին երկնքի ներքո՝ թագադրելով պատը, և տարուբերվում էին, ասես օդի մեջ վեր խոյանալու համար, և բոլորից միաժամանակ, մեղրաճանճերի բզզոց էր լսվում:
Պատի ետևում, ծառերի միջև, Ռոզան երգում էր:
Նրա հստակ, զուլալ ձայնը խոխոջում էր աղբյուրի նման, ծաղկեպսակների ներքո:
Էմիդիոն լսում էր այդ երգը, երբ ապաքինման մի երկար շրջանի ընթացքում, դեռևս թույլ ու հյուծված էր զգում իրեն:
Սննդակարգից խուսափելու համար, գաղտագողի իջնում էր իրենց տնից, շորերի տակ թաքցնելով հացի մի մեծ կտոր, ու քայլում էր պատի երկայնքով, ցորենի վերջին անդաստանով, մինչև կհասներ երանության վայրը:
Այդժամ նստում էր՝թիկն տված արևից տաքացած քարերին, ու սկսում էր ուտել: Կծում էր հացից ու ընտրում մի գեղեցիկ հասկ.ամեն հատիկը իր մեջ ուներ մի փոքրիկ կաթիլ հյութ, որ կաթի համ ուներ:Համի ու լսողության հեշտանքը ապաքինվող պատանու մեջ միախառնվում էին ու դառնում մեկ անսահման բերկրալի զգացողություն: Այնպես որ, այդ թմրության, այդ տաքության, այդ բուրմունքների մեջ, որ օդին գրեթե գինու համ էին տալիս, նաև աղջկա ձայնն էր դառնում ապաքինման բնական սնունդ պատանու համար, ու ասես, ֆիզիկական կերակուր լիներ, որն հալչում էր նրա երակների մեջ:
Ռոզայի երգը ապաքինեց նրան: Ու առողջանալուց հետո էլ, այդ ձայնը դարձյալ նույն զգացական ազդեցությունն ունեցավ պատանու վրա:.
Այդ ժամանակվանից, քանի որ երկու ընտանիքների մտերմությունն ավելի սերտացավ, Էմիդիոյի մեջ ծագեց այն լուռ, երկչոտ ու մենակյաց սերերից մեկը, որ խժռում են պատանեկության ուժերը:
Սեպտեմբերին, նախքան Էմիդիոյի սեմինարիա մեկնելը, երկու ընտանիքները միասին գնացին անտառ, բացօթյա մի ճաշկերույթի, գետի եզերքին:
Գեղեցիկ օր էր, ու եզներով լծված երեք սայլերը առաջանում էին ծաղկած եղեգնուտների մոտով:
Անտառում ուտելիքը պատրաստեցին խոտերի վրա, շրջանաձև ու հսկա բարդիներով եզերված մի բացատում: Կարճ խոտերի մեջ լիքը մանիշակագույն ծաղիկներ կային, որ արբեցնող բուրմունք էին արձակում.այս ու այնտեղ, ծառերի սաղարթների միջով թափանցում էին արևի ճառագայթները, իսկ ներքևում, թվում էր, գետը կանգնեցրել է իր հոսքը լճային անշարժության մեջ, և նրա զուլալ մաքրություն մեջ ջրային բույսերը լուռ քնած էին:
Ճաշից հետո, մի քանիսն իջան գետափ, մյուսները մնացին մեջքի վրա պառկած:
Ռոզան ու Էմիդիոն մենակ մնալով, իրարու ձեռք բռնած սկսեցին քայլել մացառների մեջ բացված մի արահետով:
Ռոզան ամբողջ մարմնով հենվել էր նրան.ծիծաղում էր, քայլելիս պոկում էր ծառերի տերևները, կծոտում դառը ցողուները, գլուխը շրջում էր՝ նայելու համար փախչող ճայերին: Շարժման ընթացքում նրա եղջյուրե սանրը սահեց ընկավ մազերից, ու դրանք մի պահ թափվեցին իր մեջքի վրա` հիասքանչ պերճանքով:
Էմիդիոն կռացավ նրա հետ միասին, սանրը վերցնելու: Երբ ուղղվեցին, նրանց գլուխները կամացուկ բախվեցին: Ռոզան, ճակատը երկու ձեռքով պահած, ճչում էր` ծիծաղելով.
-Ախ՜, ա՜խ:
Երիտասարդը նայում էր նրան՝մինչև ուղն ու ծուծը սարսուռ զգալով ու գունատվելով, վախենալով, որ կմատնի ինքն իրեն: Եղունգներով աղջիկը բաղեղի մի գալար պոկեց, փաթաթեց իր հյուսքերին փութկոտ շարժումով ու անհնազանդ մազերը սանրի ատամներով ամրացրեց ծոծրակին:Կանաչ ու կարմրավուն տերևները, որ վատ էին ամրացվել, քանդվում էին անընդհատ: Նա հարցրեց.
-Այսպես ձեզ դուր գալի՞ս եմ:
Բայց Էմիդիոն բերանը չբացեց.չիմացավ ինչ պատասխանի:
-Ա՜, լավ չէ՛: Չլինի՞ համր եք:
Տղան ցանկություն ուներ ծնկի իջնելու:Ու քանի որ Ռոզան դժգոհ ծիծաղում էր, Էմիդիոն զգում էր, թե ինչպես են հեկեկանքից լցվում իր աչքերը, այն զայրույթի պատճառով, որն ուղղված էր ինքն իր դեմ, քանզի գոնե մի բառ չգտավ նրան պատասխանելու համար:
Շարունակեցին քայլել: Մի տեղ, ինչ-որ տապալված ծառ փակել էր ճանապարհը: Էմիդիոն երկու ձեռքերով վեր հանեց ծառի բունը, և Ռոզան անցավ դալար ճյուղերի տակով, ու մի պահ դրանք պսակեցին նրա գլուխը:
Քիչ անց տեսան մի ջրհոր, որի եզրերին երկու քառանկյուն քարե ավազաններ կային: Խիտ ծառերը ջրհորի վրա սաղարթե մի մենաստան էին կազմել: Այնտեղ ստվերը խորն էր, համարյա ՝թաց: Սաղարթե կամարը հստակորեն արտացոլվում էր ջրի մեջ, որն հասնում էր աղյուսե եզրապատերի կեսին:
Ռոզան, ձեռքերը տարածելով, ասաց.
-Ի՜նչ լավ է այստեղ:
Հետո մի նազելի շարժումով, ջուր վերցրեց իր կորացրած ափի մեջ ու կումերով սկսեց խմել: Ջուրը թափվում էր նրա մատների արանքից ու կաթիլներով ընկնում շրջազգեստի վրա:
Երբ ծարավը հագեցրեց, երկու ափերով դարձյալ ջուր վերցրեց ու տվեց Էմիդիոյին:
-Խմե՛ք:
-Ծարավ չեմ-շշնջաց Էմիդիոն, քարացած:
Աղջիկը ջուրը ցպնեց նրա երեսին՝ ներքևի շրթունքը գրեթե արհամարհանքով ծամածռելով: Հետո պառկեց անջուր ավազաններից մեկի մեջ, ասես օրորոցի մեջ էր պառկում՝ ոտքերը դուրս հանելով ավազանի եզրերից ու զվարթ տարուբերելով: Հետո միանգամից վեր ելավ, տարօրինակ հայացքով նայեց Էմիդիոյին:
-Դե՞, գնա՞նք;
Նորից գնացին արահետով, վերադարձան ճաշկերույթի տեղը, դարձյալ լուռ: Կեռնեխները ճռվողում էին նրանց գլխավերևում.արևի հորիզոնական ճառագայթները կտրում- անցնում էին նրանց առջևով, և անտառի բուրմունքը տարածվում էր նրանց չորս կողմը:
Մի քանի օր անց, Էմիդիոն մեկնեց սեմինարիա:
Իսկ դրանից մի քանի ամիս հետո, Էմիդիոյի եղբայրն ամուսնացավ Ռոզայի հետ:
Սեմինարիայի առաջին տարիներին նա հաճախ էր մտածել իր հարսի մասին: Դպրոցում, մինչ քահանաները բացատրում էին Epitomae historiae sacrae-ն, ինքը նրան էր տեսնում իր երևակայության մեջ: Ուսման ընթացքում, մինչ իր համադասարանցիները բաց դասասեղանների հետևում թաքուն տրվում էին սեռական արատին, նա փակում էր աչքերը իր մատների հետևում ու ընկնում էր մեղսալից երևակայությունների գիրկը: Եկեղեցում, մինչ հնչում էին Սուրբ Կույսին ուղղված աղոթքները, ինքը, Խորհրդավոր Ռոզայի ոգեկոչման մեջ, արդեն հեռու տեղերում էր:
Ու քանի որ իր համադասարանցիներից սովորել էր տրվել սեռական արատին, անտառի տեսարանն իրեն երևում էր արդեն մի նոր լույսի տակ: Ու կասկածն առ այն, որ ինքը գլխի չէր ընկել, որ չէր քաղել իրեն ընձեռված պտուղը, անդադար խռովում էր իր հոգին:
Այդպե՞ս ուրեմն: Ուրեմն, Ռոզան սիրե՞լ էր նրան: Ուրեմն, ինքն առանց գիտակցելու անցել էր այդ մեծ երանության կողքո՞վ:
Ու այդ միտքը, ամեն օր, ավելի սևեռուն, ավելի այրող, ավելի մտատանջող էր դառնում:
Եվ ամեն օր այդ միտքն իրեն ավելի խոր տառապանք էր պատճառում, մինչև որ հոգևորականի կյանքի միապաղաղության մեջ այն դարձավ իր համար մի տեսակ անմոռանալի ցավ, և փաստի անդառնալիության գիտակցումից ընկավ անսահման վհատության ու մելամաղձության մեջ:
Ուրեմն, ինքը գլխի չէ՜ր ընկել:
Սենյակում մոմերն արցունքոտվում էին: Փակ շերտավարագույրների արանքներից թափանցում էր քամու ուժգնացած շունչը:
Ռոզայի քունը տանում էր, ու մերթ ընդ մերթ, փակում էր կոպերը.բայց քանի որ գլուխն հակվում էր կրծքին, դրանք բացում էր ամիջապես:
-Հոգնա՞ծ եք,-հարցրեց Էմիդիոն քնքշորեն:
-Ե՞ս, ո՛չ,-պատասխանեց կինը՝ուշքի գալով ու ուղղվելով:
Բայց լռության մեջ քունը դարձյալ տիրեց նրան: Նա գլուխը հենել էր միջնապատին, մազերը ծածկել էին նրա ողջ պարանոցը, կիսաբաց բերանից դուրս էր ելնում դանդաղ ու կանոնավոր շնչառություն: Նա գեղեցիկ կին էր, ու ոչինչ նրա մեջ ավելի հեշտասիրական չէր, քան կրծքի ռիթմիկ բարձրանալն ու իջնելը և բաց ծնկների դիրքը թեթև կիսաշրջազգեստի տակ:
Քամու մի հանկարծակի պոռթկում տարուբերեց վարագույրները՝ հանգցնելով այն երկու մոմերը, որոնք պատուհանին ավելի մոտ էին դրված:
“Եթե նրան համբուրե՞մ”, — մտածեց Էմիդիոն՝ բռնված հանկարծակի մի ցանկասիրությամբ, նայելով քնած կնոջը:
Կալսորդների երգերը նորից լսվեցին հունիսյան գիշերվա մեջ, ժամերգական ռիթմերի հանդիսավորությամբ, ու հեռվից-հեռու, լսվում էին դրանց պատասխանները, զանազան հնչերանգներով, առանց գործիքային ուղեկցության: Մոմերի թույլ լույսերը չէին կարողանում չեզոքացնել լիալուսնի շողերը, որ առատորեն անձրևում էին շերտավարագույրի վրա՝ ներս հորդելով փայտե ճաղերի արանքներից:
Էմիդիոն նայեց մահվան մահճին: Նրա հայացքը դիակի չոր ու սև ուրվագծի վրայով սահելով՝ ակամա կանգ առավ մեռածի ձեռքի վրա, որն ուռած էր ու դեղնավուն, մի փոքր կեռ, որ արտաքին կողմում գունատ վնասվածքների հետքեր ուներ, ու անմիջապես հայացքը հեռացրեց: Քնի մեջ Ռոզայի գլուխը, որ միջնապատի վրա հետզհետե կիսաշրջան էր գծում, իջավ խռովք ապրող սեմինարիստի ուսին: Կանացի գեղեցիկ գլխի հակվելը շատ հաճելի էր.ու քանի որ այդ շարժումից նրա քունը քիչ խանգարվեց, հազիվ կիսաբաց կոպերում ծիածանաթաղանթի մի կտոր երևաց ու անմիջապես անհետացավ աչքի սպիտակուցի մեջ, հանց մանուշակի տերևը կաթի մեջ:
Էմիդիոն մնաց անշարժ՝ այդ ծանրությունը պահելով իր արմունկով: Նա պահել էր շնչառությունը՝ վախենալով, թե կարթնացնի քնածին, ու մի անսահման անձկություն ճնշում էր իրեն՝ ստիպելով տրոփել իր սիրտը, զարկերակն ու քունքերը, ու իրեն թվում էր, թե ողջ սենյակն էր այդ անձկությամբ լցվել:
Քամու մի նոր պոռթկում՝ համեմված գիշերվա բումունքով, թեքեց երրորդ մոմի կրակն ու հանգցրեց այն:
Այդժամ, առանց այլևս մտածելու, առանց վախենալու, լրիվ տրվելով գայթակղությանը, Էմիդիոն համբուրեց կնոջ բերանը:
Վերջինս այդ հպումից արթնացավ ու վեր թռավ. զարմացած բացեց աչքերն ու նայեց տագրոջ դեմքին, ավելի ու ավելի գունատվելով:
Հետո, դանդաղորեն մազերն հավաքեց ծոծրակի վրա.մնաց այդպես, դուրս ցցած կրծքավանդակով, լրիվ աչալուրջ, նայելով իր դիմացը, փոփոխական ստվերներին:
-Ո՞վ հանգցրց մոմերը:
-Քամին:
Էլ չասացին ոչ մի բառ:Երկուսով մնացել էին նստած հարսանեկան սնդուկի վրա, առաջվա պես, կողք-կողքի, արմունկներով իրար հպվելով, նեղվածություն պատճառող անվստահության մեջ, մի տեսակ խորամանկամտությամբ խուսափելով, որ իրենց գիտակցությունը հանկարծ չդատապարտեր կատարվող իրողությունը: Ինքնաբերաբար երկուսն էլ ուշադրությունը շեղեցին արտաքին բաների վրա, մտքի շինծու լարվածությամբ, դրանում իրար հետ մրցելով: Ու հետզհետե, մի տեսակ արբածության մեջ ընկան:
Երգերը գիշերվա մեջ շարունակվում էին՝ երկար ժամանակ մնալով օդի մեջ, ավելի ու ավելի քաղցրանալով՝ պատասխանից-պատասխան:Տղամարդկային ու կանացի ձայներից կազմվում էր մի սիրազեղ կոմպոզիցիա: Հիմա, ընդմիջումներին, ամեն երգի սկզբում լսվում էր կիթառի մետաղական թրթիռը, իսկ երկու դադարների միջև՝ կալսորդների կանոնավոր հարվածները հողի վրա:
Երկուսով լսում էին:
Գուցե քամու պատճառով, բուրմունքներն հիմա այլևս նույնը չէին: Օռլանդոյի բլրից գալիս էր ցիտրուսային բույսերի, գուցե Սկալիայի պարտեզներից՝ վարդերի ուժեղ բուրմունքը, այնքան զգլխիչ, որ օդը դրանից ստանում էր մուրաբայի համ, կամ գուցե, Ֆարնիայի հիրիկների խոնավ բուրմունքն էր, որը շնչելը բերկրանք է պատճառում, ինչպես ջրի կումը:
Նրանք լուռ էին դարձյալ.անշարժ նստած էին սնդուկի վրա, ճնշվելով լուսնյակ գիշերվա հեշտանքից: Նրանց առջևում վերջին մոմի կրակը արագ-արագ թրթռում էր ու թեքվելով՝ արցունքոտում սպառվող վերջին մոմը: Ամեն անգամ թվում էր, թե հանգչելու էր:
Նրանք չէին շարժվում:Մնացել էին այդպես, խռովահույզ, չռված ու անշարժ աչքերով նայելով թրթռացող ու մեռնող մոմի կրակին: Հանկարծ արբեցնող քամին հանգցրեց այն: Այդժամ, առանց մթից երկյուղելու, ագահորեն, երկուսն էլ միաժամանակ,տղամարդն ու կինը սեղմվեցին իրար, փաթաթվեցին, ինքնամոռաց փնտրեցին միմյանց շուրթերը, կուրորեն, առանց խոսելու, շնչակտուր լինելով փաղաքշանքներից:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի