Ուիլյամ Քլիֆ (Անդրե Իմբերեխտս) | ԿԱՐՍ

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

ԿԱՐՍ

1. “ոչինչ չկա Կարսում” սա է ինձ հետաքրքրում
դուք ասացիք “ոչի՞նչ”, “ոչնչի” մասի՞ն է խոսքը
(ես չեմ կարդացել Վարպետ Էկհարտի* երկերը բայց գիտեմ, որ նա ասել է թե դատարկության մեջ է Աստված)
ու այդ դատարկության համար պիտի տարուբերվե՞մ
ավելի քան երեսուն ժամ
Անատոլիայի լեռների միջև
մենք կհասնենք Կարս վաղը եթե ամեն ինչ լավ լինի իրիկունը ժամը տասին
և ի՞նչ պիտի գտնենք
Կարսում. ոչինչ ոչինչ չկա Կարսում Ոչինչ Դատարակություն
( թուրքական երկաթուղային վարչության հպարտությունն է, որ
կապ է ապահովել Անկարայի ու Կարսի միջև)
մի քանի ուղևորով գնում ենք այնտեղ…
երկաթուղի կա, մենք էլ գնում ենք…

2. այս գետի ծուռտիկ ոլորաններում
լցված տիղմով որ գետը բերել է իր հետ
կան պատառ-պատառ դաշտեր որ ցանված են ձեռքով
գառներ որ արածում են ինչ-որ հովվի ուշադիր աչքի տակ
ետևում վեր են խոյանում հսկա բաշերը
անատոլիական լեռների որոնց գագաթին
կառչել են տեղի չտվող ձյան նստվածքներ
և որոնք օգնում են որ գետը միշտ վարար հոսի
մեկ ուղղությամբ գնացող գնացքը առաջանում է դանդաղ
անցնելով թունելները եզերելով վիհերը
ու հետզհետե գետի ջուրը վարարում է
որը կգնա մեռնելու ինչ-որ լճի ստամոքսի մեջ
քանզի սարահարթի ջրերը ելք չունեն դեպի ծով
լինի Սև ծովը Էգեյանը կամ Միջերկրականը
նրանք թափվում են լճերը բացի Տիգրիսից ու Եփրատից
որոնց առավել հզոր հունը ջարդելով շղթաները բոլոր
ու անցնելով անապատներով ի վերջո իրար գրկախառնվելով
գնում են ավարտելու իրենց ընթացքը Հնդկական Օվկիանոսում
բայց մենք դեռ այդքան հեռու չենք
ու չենք գնա այդքան հեռու թե գնում ենք Կարս

3. գյուղում մի հովիվ տանում էր իր հոտը
գլուխն իր պատված էր շեկ գանգուրներով
կեցվածքն իր ուղիղ էր հայացքը հեռվում
հոտը հսկում էր մի շուն
այդ գեղեցիկ խոշոր շներից
խիտ մորթով կարմրավուն բաց գույնի
իր տնկած պոչով որպես հովանի
որն անընդհատ տարուբերվում էր քամուց
բազմությունը թուխ ոչխարների դունչը քսում էր խոտին
ու հովիվը շուլալված իր յափնջու մեջ գնում էր նրա հետ
նա չէր նվագում շվի
ոչ էլ երգում էր անուշիկ մի երգ
տեսքն իր դառնագին էր ու նա անիծում էր իր բախտը
ինչը շատ մարդիկ են անում ի վերջո
երկրիս երեսին

4. սպասել որ քամին հանդարտվի՞
բայց կհանդարտվի՞ այն երբևէ այս լեռներում
սպասել որ ջուրը արևից
ջրափոսերում ցամաքի՞
(բայց երբևէ կլինի՞ արև այս կողմերում)
(առանց թակելու
մի ծերունի է մտնում սենյակս
ես ինձ շատ շատ թույլ եմ զգում
հիվանդ եմ)

5. “Ասա ինձ երկրի զավակ,
ի՞նչ է քո կյանքը այն պահից ի վեր
ինչ քեզ դուրս քաշեցին աշխարհի ընկերքից”
“Դե ասեմ լսիր.
պատկերացրու մի նավ
որը տրվել է քամուն
ծովերը կտրել անցնելու համար:
Օդային ալիքները
գնում են ուր ուզեն
Արևմուտքից դեպի Արևելք
կամ Հյուսիսից դեպի Հարավ
կամ պտտվում են բոլոր ուղղություններով
հանդարտվելով բարձրանալով վեր
վնգալով ուժգին
կամ հազիվ փչելով
ինչպես թուլացած շունչը
մեռնող մանչուկի:
Այդ նավը կարող է իրոք
երկար ճամփաներ անցնել
ու հայտնաբերել նաև
գողտրիկ բնապատկերներ:
Բայց երբեմն այն կլինի անղեկ
երկար ժամանակ
կամ հալածվելով կատաղի քամու պոռթկումներիից
դես ու դեն կնկնի
ինչպես մի ծղոտ
իր փրկությունը անսալով բախտին
և կամ ինչի՞ն:
Այդպիսին է կյանքն իմ, բարեկամ, այն պահից ի վեր
ինչ լույս աշխարհ եկա
ու կլինի այդպիսին
մինչև այն օրը երբ հողը ինձ առնելով իր բազուկների մեջ
կփչի անվանս վրա աշխարհի երեսից ջնջելու համար”

6. իմ պատուհանից տեսնում եմ մեծ հանգած հրաբուխներ
որ այնքան վեհություն են հաղորդում այս սև բնապատկերին
քանզի ամեն ինչ սև է այստեղ հողը մեռած լավայից է կազմված
իսկ քարերը որոնցով կառուցել են պարիսպները
լքված եկեղեցին ուր քիչ առաջ
երեք մարդ կատաղի վիճում էին իրար հետ (ես անցա իմ ճանապարհը
ձևացելով թե ոչ մի արտառոց բան չկա որպեսզի վրաս չուղղորդեմ նրանց կատաղությունը քարի տակ թաքնված մի տղեկ նայում էր նրանց
շունչը պահած) ամրոցը ու բոլոր այս հին տները որոնց դիմացկուն ճակատը
հպարտորեն մարտահրավեր է նետում մշտապես փոփոխական եղանակին
այս բազալտից կտրած-հանած քարերը նույնպես սև են
(իսկ այս ագռավները այս վխտացող ագռավները որ կտցի հարվածով
ճյուղեր են կոտրում իրենց բների համար սև՞ են դարձյալ)
իմ պատուհանից նայում եմ այդ մեծ հանգած հրաբուխներին
որոնց լանջերին դեռ կառչած է ձյունը
ու հարցնում ինքս ինձ. “բայց ի՞նչ եմ եկել փնտրելու Կարսում”

7. ոչ դու տաք ջուր չես ունենա չնայած
Կարսի “լավագույն” հյուրանոցում ես
ու դու լավ գիտես ինչու
մրթմրթալով քեզ բերում են մի թեյ
դու գիտես ինչու ի հեճուկս ցրտին
սենյակը չի ջեռուցվում
ու կոտրված խողովակներն ինչու վերանորոգված չեն
դու գիտես ինչու է եկեղեցին հանձնվել ձեռքը վանդալների
ինչու այդքան տներ փլուզվում են չնայած իրենց գեղեցիկ տեսքին
ինչու է ցեխը տիրում փողոցներում այս քաղաքի
ու թե ինչու է փոշին աղտոտում օդը որը շնչում են
այո դու գիտես-եվ ի՞նչ. ի վերջո
պիտի թաքցնե՞ս քեզնից անեծքը որ պիտի
ծանրանա Կարսի ու իր բնակիչների վրա և որի պատճառով
Կարսն ապագայում պիտ ընդմիշտ նեխի
հայտնված ժամանակից դուրս

8. հյուրանոցի հինգերորդ հարկում
կա մի ծածկապատշգամբ որ բոլոր կողմերից
նայում է քաղաքին
ես մրսում էի իմ սենյակում
որը նայում է Արևելք
ծեր գեղջուկին
ես ասացի կարո՞ղ եմ բարձրանալ
նա ասաց այո գլխի շաժումով
ու եկա նստելու այստեղ
լսվում է քամու սուլոցը լուսամուտի
շրջանակի արանքներից
ես ինձ զգում եմ ասես դղյակում
մի նավի
չորս կողմը ծովն է տանիքներ
իսկ ավելի հեռու լեռները
ծերուկը բարձրացավ ինձ մոտ
տեսավ որ կարդում եմ
բայց ես ձևացրի թե չեմ տեսնում նրան
նա հոգնեցնում է ինձ
կուզենար որ խոսեինք ամողջ ժամանակ
իսկ ես ոչինչ չեմ հասկանում նրա ասածից
նա մնաց մի պահ ինձ նայելով
հետո հեռացավ ոտքերը քարշ տալով
ափսոսում եմ որ չհանեցի
նրա լուսանկարը
այս տաղտկալի քաղաքի հետնապաստառին
դա նրան հաճույք պիտի պատճառեր
բայց հիմա չափազանց ուշ է
այս բանաստեղծության պես բանը գրելիս
կծվությունս մեղմանում է
(էլ ինչի՞ց պիտի գանգատվեմ)

9. գնում գալիս եմ Կարսում
ինչպես որ գնում գալիս էի
Անտոֆագաստայում**
երբ թափառում էի ծովի եզերքով
կամ մագլցում լեռները
աշխարհն ինձ տարօրինակ էր թվում
բայց ես դեռ հավատ ունեի էի նրա հանդեպ
գնում էի Հուանչանկայի հանքերը
ինչպես որ այսօր կգնամ
այցելելու մեռած քաղաքը
երկաթե վարագույրի մոտ
պատեր եկեղեցիներ ինչ իմանամ էլ ինչ
իսկ մի քանի օր հետո
կլինեմ միայն չափից դուրս հայտնի
և պետք կլինի մտածել
իմ ներկայությամբ թեթևացնելու մասին
մի քաղաք որը լցված է
զինվորականներով որոնք ամենուր լոկ
լրտեսներ են տեսնում
ու քաղաքական այլախոհներ
ու այս ու այնտեղ
գրություններ էր են խզբզել
լեռների գագաթին
հայրենիքի մեծության մասին
այս ու այնտեղ
պտտվում եմ պտտվում փողոցներում
մշտապես միանման
որ լոկ կրկնվում են
միշտ նույն նշանները
բայց ես չեմ տարբերում դրանք
քաղաքներ շատ հեռավոր
կորած կամ չսիրված
որոնք կոտրվում են
դպրոցականների շարքեր կազմում
բավարարելու համար ցանկությունները
ոստիկանական մի պետության
բայց ուր ակնհայտ էր չափազանց
որ թքած ունեն դրանց վրա
բացարձակապես
քաղաքներ պատժելու
ծառայության մեջ գտնվող
միլիցիայի համար
առևտրական գործակալներին
բեռնատարների վարորդներին դասատուներին
բանկի ծառայողերին
ու պատանիներին նարկոքաղցի մեջ:

10. .ես մտա մի թեյարան
սպասելով որ հորդ անձրևը դադարի Կարսի վրա
նայեցի անցորդներին փողոցի որ փախչում էին անձրևից
ոմանք վազելով դեմքը ծամածռած մյուսները համակերպված
որ լրիվ թրջվել էին ու գնում էին
անտարբեր առատ ցնցուղի տակ
(ահա մի սայլ է անցնում ծերուկն
ամգամ նեղություն չի տալիս իրեն անասունին մտրակելու
նա դիմանում է անձրևին ստոիկորեն մինչդեռ իր կինը
կուչ եկած նստելատեղին
փաթաթվել է ծածկոցով անձրևից պաշտանվելու համար)
այդպես մնում եմ երկար խմելով թեյս
նայելով ամրոցին որ խեղդվել է ջրում
ու ստիպված եմ լսել կրկներգը որը դուրս է գալիս մի ձայնաժապավենից
թուրքական կրկներգ տխուր անհամ մի եղանակ
որ մեզ լսել են տալիս շարունակ
և մեկ և մյուս երեսը
ես երկար մնացի անշուք թեյարանում
ուր երեխաները
գալիս են մի քանի լիրայի դիմաց սերուցքով պաղպաղակ գնելու ու դուրս են ելնում անմիջապես այն լիզելով
ու մտածելով թե վաղը լքելու եմ Կարսը
չնայած ամենին ես կարոտ էի զգում
սակայն ոչինչ չկա Կարսում
դա դատարկ քաղաք է օ ոչ անշուշտ
ինչպես Անին ավերված քաղաքը որ կարող ես այցելել
պայմանով որ ունես անհրաժշետ փաստաթղթեր
և ուր մնացել են պարիսպներ
ավերված երկրաշարժի հարվածից
Անին լոկ քարերի մի դաշտ է միայն
մի քանի հայկական եկեղեցիների*** ավերակներով
որի որմնանկարներիը խազել են
և որտեղից երևում են ԽՍՀՄ-ի դիտակետերը
Անին մեռած է բայց Կարսն ապրում է բայց Կարսը դատարկ է
ոչինչ չկա Կարսում և սակայն ես
կարոտում եմ այն թեև այստեղ չկա
ոչ մի քնքշություն և անխնա կլիման
իր քամիներով անձրևնեով ցեխի ու փոշու կույտերով
իսկական վերք է ողջ մարդկային կյանքի համար
Ես կարոտում եմ Կարսը:
………………………………………………………
Ես կարծում էի թե կյանքը կանգ է առել
ու այլևս երբեք արև չենք տեսնի
ոչ էլ ծառերը կծաղկեն ու կաճեն ծաղիկներ
ոչ էլ երկինքը ցույց կտա, որ ինքը կարող է երբեմն կապույտ լինել
ես կարծում էի, որ մտել էինք մի նկուղ
ինչ-որ տեղ շատ հեռու մի հոգեվիճակով երբ
այլևս թքած ունես թե զգեստդ պատառոտված է թե չէ
որ պետք է փառահեղորեն չրմփացնես
սև ցեխի մեջ որ արդեն չորս օր է սափրված չես ոչ էլ լվացված և որ
մարմնիդ սպտակեղենից ամոթ ես զգում այնքան որ գարշահոտ է այն
հապա մտածեք որ կան մարդիկ որոնք իրենց կյանքն անցկացնում են այդ վիճակում
իրենց ողջ կյանքը ինչպես այս մարդը
իր վերնաշապիկը իր վերարկուն իր կոշիկները
ասես արդեն մեկ դար է ինչ նա քնած է
չռված աչքերով նա ցցվում է
փողոցի մեջտեղում ու ասես աղաչում է
որ իրեն ճզմեն
պայմանով սակայն որ մի ուրիշ կյանք
տրվի նրան և որ ինքը կարողանա վերսկսել խաղը
ձեռքում ունենալով այլ խաղաթղթեր
կամ որ իրեն վերջապես պառկեցնեն լեռան լանջին
նրանց հետ ովքեր քնած են արդեն և որոնց մարմինը
նեխած ոտնատակ է արվում երեխաների խաղով
այո արևը կարող է երբեմն ցույց տալ որ նա այստեղ է
ծովը ծիծաղկուն կարող է մեզ տալ ջերմ մի ողջյուն
ճյուղերն իրենց մատներով նազելի նշաններ անել և
աղունիկները ղունղունալ քայլելով կղմինդրների վրա:

William Cliff — Բելգիացի բանաստեղծ. ծնվել է 1940 թվի Դեկտեմբեր 27-ին: Գրում է ֆրանսերեն:
En Orient (Արևելքում) բանաստեղծությունների
ժողովածու

*Վարպետ (Մայստեր) Էկհարտ-Միջնադարի գերմանացի խորհրդապաշտ մտածող
** Քաղաք Չիլիում:
*** Բնագրում գրված է բյուզանդական եկեղեցիների, սակայն հեղինակի հետ զրուցելուց հետո, պարզվեց, որ դա պարզապես չիմացության արդյունք է: Ուստի, հեղինակի համաձայնությամբ, մենք բյուզանդական բառը փոխարինում ենք հայկական-ով (Ծ.Թ.)

Թողնել պատասխան

Your email address will not be published.