Չորս տարվա բացակայությունից հետո տան շեմքից ներս անցնելիս Եվան չզգաց սովորական խանդավառությունը: Իր գալու առթիվ մայրն աշխատել էր կարգի բերել տունը, նույնիսկ ծաղիկներ էր դրել միջանցքի սեղանին, բայց տեղ-տեղ զգացվում էին մոր՝ կենցաղային մանրուքների հանդեպ անուշադրության ու անփութության հետքերը:
-Հանվի՛ր-,գրկից բաց թողնելով Եվային՝ ասաց մայրն ու մատի ծայրով մաքրեց շպարված աչքերի անկյունները:
Աղջիկը կռահում էր, որ մայրը հատուկ իր համար չի պատրաստվել ու սպասում է հյուրի. նրան վաղուց հայտնի էր, որ մայրը կապված է մի տղամարդու հետ: Այնուամենայնիվ չկարողանալով զսպել իրեն՝ հարցրեց սովորական տոնով, հենց այնպես.
-Մա՞րդ է գալու:
-Ինչի՞ց եզրակացրիր,-չարաճճի ժպտալով՝ հարցին հարցով պատախանեց նա:
-Քո գեղեցիկ արտաքինից, հագնվածքից. ասես նույնիսկ ամուսնացած չես եղել:
Եվան անթաքույց հիացմունքով նայում էր մոր կանացի, անթերի կազմվածքին ու գեղեցիկ դեմքին:
-Դու էլ շատ ես փոխվել, հրաշալի տեսք ունես:
-Հա՜, շա՜տ, մանավանդ էս վիճակով, ճանապարհից հոգնած…
-Ես դա նկատի չունեմ, իսկապես գեղեցկացել ես, լցվել:
Եվան մոր օգնությամբ պայուսակները տարավ իր սենյակը և կարոտով նայեց չորս կողմը: Գրասեղանի վրայից վերցրեց զոհված հոր շրջանակված նկարն ու շուրթերը հպեց սառն ապակուն: Աչքերից ցած գլորվեցին արցունքի տաք կաթիլներ:
-Սոված չե՞ս,-հարցրեց մայրը գորովանքով,-համեղ բաներ եմ պատրաստել:
-Չէ, ընթրել եմ օդանավի մեջ: Գուցե մի քիչ պառկեմ:
-Դե լավ, պառկիր, հանգստացիր:
Եվան ուրախության երանգ որսաց մոր ձայնի մեջ: «Երևի չի ուզում երկու անգամ ընթրիք գցել ու հավաքել,- անցավ մտքով:-Իսկ գուցե միջանցքի ծաղիկներն էլ նրա համար են…»:
-Լույսն անջատե՞մ,-հարցրեց մայրը դռան կիսաբացվածքից:
-Հա, անջատիր,-խնդրեց նա ու փռվեց մահճակալին: «Աշխարհի ամենահանգիստ անկողինը»,- մտածեց նա մթության մեջ ու փակեց կոպերը: Մարմինը նվում էր հոգնածությունից, բայց նրան ավելի շատ տանջում էր տղամարդու ներկայությունը մոր և… ուզեր-չուզեր իր կյանքում: Երբ օտարության մեջ հայրենիքից նոր ժամանած ընկերուհուց առաջին անգամ լսեց այդ մասին, ճիշտ է, հանկարծակիի եկավ, բայց այնքան էլ չանհանգստացավ, սրտի խորքում միշտ սպասել էր մոր կյանքում նման մի իրադարձության: Ասենք, դա շատ սովորական երևույթ էր համարվում Ամերիկայում, հենց իր գործատեղիում կային երկուսը՝ մեկը ամերիկուհի, մյուսը հայ, որ իրենց ամուսիններից բաժանվելուց հետո սիրեկաններ էին պահում ու շատ էլ երջանիկ էին… Մայրը ջահել է, գեղեցիկ, կանացի ու բնավորությամբ… այդպիսին: «Ինչպիսի՞ն». Եվան մի պահ խղճի խայթ զգաց: Ո՛չ, ինքը, հարկավ, դա վատ մտքով չի ասում. ավելի շուտ մայրը սիրում էր միշտ լինել ուշադրության կենտրոնում, լսել իր հասցեին շռայլված հաճոյախոսություններ. հոր մահից հետո երբեմն նույնիսկ իր ներկայությամբ սեթևեթում էր օտար տղամարդկանց առջև: Այո, մայրն «այդպիսին» էր, բայց պետական բարձր պաշտոնի բերումով միշտ մնում էր իր կոչման ու հասարակական դիրքի բարձրության վրա: Հիմա ինքն էլ չգիտեր, թե ինչու այդքան մեծ կարևորություն է տալիս մոր և իրեն անծանոթ այդ տղամարդու հարաբերությանը: Իհարկե, ինքը հավատացել էր ընկերուհու պատմածին, սակայն, ասես, ոչ ամբողջությամբ. իրականությունը չէր տեղավորվել ուղեղում, չէր ընկալել խնդրի ողջ լրջությունը: Գուցե հեռվում դա այնքան էլ առարկայական ու շոշափելի չէր, ինչքան այստեղ՝ հարազատ տանը, ուր յուրաքանչյուր իր կամ անկյուն իր մեջ պահած ուներ անցյալի անմոռանալի մի հուշ: Նա ակամա բարձրացրեց գլուխն ու փորձեց նայել հոր նկարին, սակայն պատուհանից ներս թափանցած ու ապակու մեջ արտացոլված լույսի բեկորը խանգարում էր տեսնել հոր դիմագծերը. մթության միջից հայրն իրեն էր նայում ասես լուսե շղարշի ետևից… Վերջին տարիների միայնակ կյանքը, տիրող օտար բարքերը Եվային մասամբ դարձրել էին անզգացմունքային. վաղուց չէր արտասվել: Իսկ հիմա տան մթնոլորտի ջերմությունը, կենարար ավիշի պես կաթիլ-կաթիլ լցվելով իր էության խորքը, հալեցնում էր քարացած զգացմունքները… Նա, դարձյալ հոր նկարի կողմը նայելով ու հիշելով նրան, զգաց, որ կոկորդը սեղմվում է:
Եվան արթնացավ դռան զանգի ձայնից ու լարվեց ողջ մարմնով: Լսեց դռան բացվելու և փակվելու ձայնը, ապա մոր շշուկը.
-Աղջիկս է եկել:
Եվան զսպանակի պես վեր թռավ անկողնուց ու ոտքերի թաթերի վրա մոտենալով դռանը՝ կիսաբաց փեղկի արանքից տեսավ մորը՝ երկու առնացի բազուկներ փաթաթված մեջքին… Մայրը շուռ եկավ ու նայեց իր սենյակի կողմը, բայց կասկածելի բան չնկատելով՝ շրջվեց ու համբուրվեց հաղթանդամ, բարձրահասակ տղամարդու հետ: Եվան ցնցվեց, այսպիսի տեսարան մեկ էլ տեսել էր կինոյում… Չէր ուզում հավատալ, որ համբուրվողը իր հարազատ մայրն է…
-Աչքդ լույս,-ասաց տղամարդը հաճելի բասով՝ գրկից բաց թողնելով նրան:
Մայրը ժպտաց:
-Գնամ, նայեմ, եթե Եվան քնած չէ, կանչեմ գա, ընթրենք:
Աղջիկն իրեն գցեց անկողնու վրա և աչքերը փակեց: Առայժմ իր մեջ ուժ և համարձակություն չէր գտնում անցանկալի հանդիպման ու ծանոթության համար: Նա սիրում էր մորը և վախենում էր իր ակամա աննրբանկատությամբ, ինչին հաճախ ընդունակ էր, վշտացնել նրան: Մայրն անձայն բացեց դուռը, նայեց աղջկան ու հեռացավ: Ինչո՞ւ այրի կամ բաժանված կանայք միշտ ձգտում են նոր կողակից գտնել. ամուսնական կենակցումի կորսված հաճո՞ւյքն է նրանց մղում այդ քայլին, արու մեկին նեցուկ ունենալու սովորության ո՞ւժը: Ինչքա՜ն միայնակ աղջիկներ կան, որ ապրում են առանձին կյանքով ու չեն կարևորում տղամարդու ընկերակցությունը: Գուցեև կարևորում են, բայց չեն հանդգնում գնալ… այն քայլին ու հաճախ սպասում են հույսով, որ մի օր կհայտնվի իրենց երազների արքայազնը: Այս երկրում տաբուները սահմանված են միայն աղջիկների համար, հասարակությունն անտարբերությամբ կամ մատների արանքով է նայում ամուրի կանանց ինտիմ խնդիրներին: Միայն հռչակի հասած աստղերն ու նշանավոր դեմքերն են հայտվում լրագրողների թիրախում՝ զարդարելով որոշ հանդեսների էջերը: Մարդիկ կարդում են՝ դրդված քաղքենիական հետաքրքրությունից, երբեմն նույնիսկ հաճույքով, կարդում են, պատմում սրան, նրան ու մոռանում: Գուցե մոր մասին էլ գրեն… Ո՛չ, դա ահավոր է… Չի դիմանա, թեև ինքը ո՛չ մեղադրում ու ո՛չ էլ արդարացնում է մորը: Սակայն ինչո՞ւ չի կարողանում ընդունել երրորդ անձի ներկայությունը իրենց տան մեջ:
Եվան նստեց անկողնում ու գրկեց ծնկները: Չկար հայրը, բայց կար հոր նկարը, որ նայում էր իրեն լուսե շղարշի ետևից: Հայրն ամենուրեք կար, անգամ տան օդի մեջ… Աշխատեց պատկերացնել հորը, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ մտապատկերում միայն հառնեցին նրա անկենդան, խաղաղ դեմքը, ծաղիկներով ու շքանշաններով զարդարված կուրծքը, սրճագույն, փայլուն դագաղը: Ի՜նչ շուքով թաղեցին հորը՝ հերոս հրամանատարին… Նա ձեռքի շարժումով ասես իրենից վանեց այդ տեսարանը: Հիմա կողքի սենյակում նստած է մի անծանոթ տղամարդ, որը… փոխարինում է հորը… Մայրն ինչպե՞ս է գնացել այդ քայլին… Եվան զգում էր, որ աստիճանաբար նսեմանում են մորն արդարացնող իր բոլոր վարկածները, թեև հոգու խորքում դարձյալ ճգնում էր արդարացուցիչ նոր տարբերակներ մոգոնել: Նա ցավով զգում էր, որ լարվում է մոր դեմ, և սրտի խորքում բռնկվում ու ահագնանում է չարության բոցը, որը նրան մղում էր ձեռնարկել դրությունը փրկող ինչ-որ բան…
Հանկարծ նա ցած իջավ անկողնուց ու ճամփորդական պայուսակի միջից մահճակալին թափեց հագուստները: Պայուսակի խորքում երևում էր կանացի ընտիր ձեռքի ժամացույցի մուգ կապույտ տուփը. Ժամացույցը մոր համար էր գնել, սակայն դեռ չէր հանձնել նրան: Եվան մի պահ կարկամեց. ի՜նչ սիրով ու ցանկությամբ էր գնել դա ու իր ձեռքով տուփը կապել խաչաձև՝ փայլուն ոսկեգույն ժապավենով ու կենտրոնում ամրացրել ոսկեգույն փոքրիկ վարդ: Չէ՞ որ այն ժամանակ էլ գիտեր մոր ու նրա կապի մասին… Ի՞նչն է փոխվել, այս ի՞նչ է պատրաստվում անել հիմա… Ինչո՞ւ…
Եվան վհատությամբ փլվեց մահճակալի եզրին ու գլուխն առնելով ափերի մեջ՝ նորից խորասուզվեց մտքերի հորձանուտը: Ճաշասենյակից լսվում էին գինու բաժակների՝ իրար զարկվելու, սպասքի, մոր և տղամարդու ծիծաղի խուլ ձայները: Ավելի քան կես ժամ նա մնաց նույն դիրքով. հետո ընդոստ վեր կացավ տեղից, նայեց մահճակալի վրա թափված հագուստների կույտին ու դրանց միջից ընտրեց սև գույնի սատինե շրջազգեստը՝ լանջաբաց ու կարճ՝ ծնկներից շատ վեր: Մթության մեջ հագնվեց ալարկոտ շարժումներով ու հետո միացրեց լույսը. անհետացել էր հոր նկարը պարուրած լուսե շղարշը: Հայրը հիմա նայում էր նրան իր բարի, խրախուսիչ ժպիտով… Եվան հավաքեց ուսերին թափված երկար սև մազերն ու ամրացրեց սև ականակուռ հերակալով՝ ի ցույց դնելով երկար պարանոցը, թեթև շպարվեց ու թանկագին օծանելիքով ցողեց պարանոցն ու դաստակները: Հանդարտ դուրս եկավ իր սենյակից ու միջանցքի հայելու մեջ գոհունակությամբ նայելով իրեն՝ բացեց ճաշասենյակի դուռը:
Թե՛ մայրը և թե՛ տղամարդը, ընդհատելով իրենց զրույցը, արագ շուռ եկան: Եվան մոր դեմքին նշմարեց զարմանքի արտահայտություն, որը, պարզ չէր, վերաբերում էր իր հանկարծակի ներխուժմա՞նը, թե՞ տեսքին:
-Բարև ձեզ,- սիրալիր ասաց նա ու ձեռքը նազանքով պարզեց հյուրին: Նա սիրալիր ու թեթև խոնարհումով սեղմեց աղջկա ձեռքը, որը Եվան տղամարդու ափի մեջ թողեց ընդունված պահից ավելի երկար…
-Նստի՛ր, նստի՛ր,-ասաց մայրը՝ դեռևս Եվայի շրջազգեստը տնտղելով,- ի՞նչ կկամենաս:
Եվան չհրաժարվեց քաղաքի լավագույն սրճարանից բերված ու մոր պատրաստած համեղ խորտիկներից: Տղամարդը բարձրացավ տեղից, սովոր շարժումով բացեց կոմոդի ապակեապատ դուռը և բերելով մի հախճապակե բաժակ՝ վարժ շարժումով կարմիր գինի լցրեց Եվայի գավաթը:
-Խմեք, հիանալի գինի է,- ասաց նա իր հաճելի բասով:
-Շնորհակալ եմ, սիրով,- ասաց Եվան ու նայելով տղամարդու աչքերի խորքը՝ ժպտաց կոկետորեն: Նա զգաց, որ իր ժպիտը չվրիպեց մոր հայացքից:
Խոսակցությունը պտտվում էր Եվայի կյանքի շուրջ: Եվան խոսում էր իր ապրած երկրի ազատ ու անկաշկանդ կենցաղի, հատկապես կանանց տրված ազատության և այլ առավելությունների մասին: Մայրը դա համարում էր արևմտյան սանձարձակություն: Գինու երկրորդ բաժակից հետո նա սկսեց պատմել իր՝ տղաների հետ ունեցած որոշ ծիծաղելի արկածների մասին… Մայրը երբեմն խոժոռում էր դեմքը և աշխատում փոխել խոսակցության թեման, բայց Եվան շարունակում էր՝ ասես ոգևորված տղամարդու քահ-քահ ծիծաղից…
Ընթրիքից հետո նրանք անցան հյուրասենյակ ու ընկողմանեցին բազկաթոռներին. անփութորեն նստած աղջկա կարճ շրջազգեստի տակից երևան եկան նրա բարեձև ծնկներն ու ազդրերը: Եվան զարմանքով նայում էր շուրջը: Մայրը սենյակը կահավորել էր նորագույն ոճով: Ընդարձակ հյուրասենյակը լուսավորվում էր միայն անկյուններում դրված լուսամփոփների դեղին լույսով: Պատերից կախված աբստրակտ գեղեցիկ կտավները, հատակին փռված բաց գույնի գորգերն ու նորագույն բեժ, թեթև կահույքն առինքնող էին և ախորժելի մթնոլորտ էին ստեղծում: Եվան ցուցադրաբար շրջվեց բազկաթոռի մեջ ու երկար դիտում էր խորհրդավոր, կիսամերկ մի կնոջ պատկերող ընտիր կտավը, որ կախված էր իր ետևի պատից: Տղամարդու հայացքը երբեմն հպանցիկ կանգ էր առնում Եվայի՝ շրջվելու հետևանքով ավելի բացված դիրքի վրա: Եվան մի պահ արագ շրջվեց ու նայեց մորը. նա այդ պահին ակնկալում էր տեսնել մոր նյարդայնացած, հանդիմանական դեմքը: Սակայն բացի զարմանքից, որը չէր իջնում մոր դեմքից իր հայտնվելու պահից ի վեր, նրա ոչինչ չասող հայացքն ու պրոֆեսիոնալ ինքնավստահությունը հունից հանում էին աղջկան:
Մայրը գնաց խոհանոց՝ սուրճ պատրաստելու: Եվան գնահատող հայացքով վերից վար չափեց տղամարդուն ու նորից ժպտաց՝ ինքն էլ զարմանալով իր անպատկառության վրա: «Ի՜նչ էլ բարետես է մեռածը, մայրս զուր տեղը չի ընտրել հենց սրան…»: Նա ամեն կերպ աշխատում էր տղամարդու ուշադրությունը հրավիրել իր մարմնական բարեմասնությունների վրա, և թվում էր, թե դա մասամբ իրեն հաջողվում է, բայց, այնուամենայնիվ, տեսնելով նրա բարակ շրթերի վրա գծագրված բարի ժպիտը՝ նյարդայնանում էր: Եվային հանգիստ չէր թողնում նաև այն միտքը, որ տղամարդը հասկացել է իր թաքուն մտադրությունն ու խուսանավում է: «Չգիտես, կարգի՞ն, լա՞վ մարդ է, թէ՞ փորձված արկածախնդիր…»:
-Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք,- հարցրեց Եվան:
-Ճարտարապետ եմ,- ալարկոտ պատասխանեց տղամարդը:
-Իսկ ինչպե՞ս հանդիպեցիք մորս:
Տղամարդը լուռ էր: Նա մի պահ ակնդետ նայեց Եվայի աչքերի մեջ, որից աղջիկը սարսուռ զգաց, և արտաբերեց.
-Դա ձեզ շա՞տ է հետաքրքում:
Եվան գլխով արեց:
-Մենք ուսանողության տարիներից ճանաչել ենք իրար: Նա սովորում էր երկրորդ, իսկ ես՝ վերջին կուրսում, երբ առաջին անգամ հանդիպեցինք,-կարճ դադարից հետո պատասխանեց տղամարդը:
— Ուրեմն վաղուց սիրահարված եք եղել…
Տղամարդը քմծիծաղեց. նա ակնհայտորեն նեղվում էր խոսակցության նման ընթացքից, բայց չէր կորցնում ինքնատիրապետումը: Աղջկա հարցը մնաց օդում կախված…
-Չե՞ք ամուսնացել:
-Ամուսնացել եմ,- ասաց նա ու չսպասելով աղջկա հաջորդ հարցին՝ ավելացրեց,- ու բաժանվել: Դա՞ էիր ուզում իմանալ,-միանգամից «դու»-ի անցնելով՝ հարցրեց նույն քմծիծաղով:
-Հա: Իսկ ինչո՞ւ բաժանվեցիք…
Տղամարդը ծիծաղեց:
-Չստացվեց,- կարճ ասաց նա,- ես սիրում եմ ձեր մորը…
Մարտահրավեր հիշեցնող, հատ-հատ ասված բառերը շամփրեցին Եվային ու կնիքի շրխկոցով դաջվեցին նրա գիտակցության պաստառին: Նա բացուխուփ արեց բերանը, ուզեց մի բան ասել, բայց ոչինչ դուրս չեկավ… Եվան զգում էր իր անզորությունն ու պարտության դառը համը, բայց չէր ցանկանում տեղի տալ…
Մայրը, սկուտեղը ձեռքին, ներս մտավ: Սենյակում տարածվեց սուրճի ու կոնյակի հաճելի բուրմունք: Եվան բարձրացավ տեղից ու օգնեց մորը, ընդ որում սուրճի գավաթը տղամարդու առջև դնելիս կռացավ՝ ցուցադրելով կրծքի բացվածքն ու իր արածի արդյունքն իմանալու աշակերտական հետաքրքրությամբ նայեց տղամարդու դեմքին. այնտեղ տեսավ միաժամանակ նախատինք ու ներողամտություն՝ թաքցված բարի կիսաժպիտի տակ: Մայրը լցնում էր կոնյակի բաժակները ու չնկատեց կամ չնկատելու տվեց աղջկա շարժումը:
Խոսակցությունը չէր ստացվում:
Հակառակ մոր ընդդիմությանը՝ Եվան իր համար լցրեց կոնյակի նաև երրորդ բաժակը:
-Չգիտե՞ս՝ ինչքան եմ կարոտել մեր գինիներին ու կոնյակին,-թեթև օրորվելով՝ ասաց նա.
-Կհարբես, գինի էլ շատ խմեցիր,- զգուշացրեց մայրը:
-Չեմ հարբի, չէ…,-ասաց, մի կում անելով կոնյակից՝ ծամածռելով երեսն ու զգաց, որ գլուխը սկսվեց պտտվել,- չոր.. չորս տարի ինձ չես ասել՝ էս արա, էն մի արա… Թող…
-Եվա՛…
Անուշադիր մոր սաստող կանչին՝ Եվան մի կերպ բարձրացավ տեղից ու միացրեց նոր ձայնարկիչը: Հնչեց «Կարապի լճից» մի հատված: Եվան, նախ դանդաղ, բայց հետո հազիվ ոտքերի վրա իրեն պահելով, սկսեց պարային շարժումներ անել: Հոգնածությունը, խմիչքի ազդեցությունն ու առաջին օրվա ապրումները իրենց դրոշմն էին դրել աղջկա շարժումների վրա: Մայրը մոտեցավ ու փորձեց նրան տանել իր սենյակը: Նա հրեց մոր ձեռքն ու շարունակեց պարել: Պարին համընթաց նա բացեց հերակալը. մազերի խիտ խուրձը թափվեց մերկ ուսերին: Ի զարմանս իրեն ու մոր՝ աստիճանաբար նրա շարժումները դառնում էին ավելի սահուն. Հետո սկսեց պտույտներ գործել ու այլևս չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ անսպասելիորեն իրեն գցեց տղամարդու գիրկը, ծնկները հավաքեց փորի մեջ, արմունկներով օղակեց տղամարդու առնական վիզը ու դեմքը հպեց նրա սափրված ողորկ այտին: Տղամարդուց գալիս էր օծանելիքի ու ծխախոտի հաճելի հոտ:
-Հայրի՜կ, իմ սիրելի՜, նո՜ր հայրիկ,- բացահայտ սարկազմով, հիստերիկ ձայնով կրկնում էր նա՝ ավելի ամուր սեղմվելով տղամարդուն:
Մայրը շշմած ու լուռ նայում էր. ասես չէր ճանաչում իր հարազատ դստերը…
Տղամարդը զգուշորեն հեռացրեց աղջկա ձեռքերն իր պարանոցից ու գրկից իջեցնելով՝ նստեցրեց բազկաթոռին:
-Հայրի՜կ…, իմ նո՜ր հայրիկ,-մրմնջում էր նա ջղագրգիռ…
-Ես գնամ, բարի գիշեր,-ասաց տղամարդը:
-Բարի գիշեր,-ասաց կինը և նրան ուղեկցեց մինչև դուռը:
Եվան մի պահ ցավով զգաց իր ներկայացման անհեթեթությունն ու ցինիզմը: Նա, այլևս չկարողանալով զսպել իրեն, սկսեց լացել: «Ես սիրում եմ քո մորը»,- սենյակում տարածված երաժշտության ռիթմի հետ անդադար կրկնում էր այս բառերը և շարունակում էր հեկեկալ…Արցունքի յուրաքանչյուր կաթիլի հետ մեղմանում էր լարվածությունը. Եվան սկսում էր հանդարտվել ու վերագտնել իրեն: Մայրը մոտեցավ ու նստելով բազկաթոռի թիկնակին՝ սկսեց գորովալից շոյել նրա երկար վարսերը:
-Եվա՜, սիրելի՛ս…
-Մա՛, ա՜խ, մա՛, ների՛ր ինձ…,-ասաց Եվան ու փաթաթվեց մորը:
Մորից առավ տղամարդու ծխախոտի ու օծանելիքի հաճելի բույրը…
Հոկտեմբեր, 2010
Էսլինգեն, Գերմանիա
2 մեկնաբանություն
շնորհակալություն, մեծ բավականություն ստացա
Որոշ նորաթուխ գրողներ թյուր կարծիք ունեն, թե վերամբարձ բառերի ճոխությունն ու առատությունն են նյութին գրական արժեք տալիս, իսկ տվյալ պատմվածքը ինքնին հետաքրքիր է իր պարզության մեջ, իսկ թեման արդիական է:Գնահատականս ԳԵՐԱԶԱՆՑ է: