Սամվել Մարտիրոսյան | ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Ծաղկած քարերը «Ս. Սարգիս»-ի ոլորանին

Ինչու՞ եմ խանդում ես նրան,
Չէ՞ որ այդ աղջիկն էլ չկա,
Չէ՞ որ այդ տղան էլ չկա,
Չէ՞ որ այդ ես էի հնարել:

Ինչու՞ եմ սիրում ես նրան,
Սիրում, ու չեմ դառնում ծաղիկ.
-Եվ ինչու՞ չեն դառնում ծաղիկ,
-Եվ ինչու՞ են քարանում վախից:

————————————

 

Ինչու՞ եմ հիշում ես նրան,
Չէ՞ որ նա սիրել չգիտեր,
Պարզապես նա մի քար է գտել,
Ու խաղում է իր քարի վրա:

Անցնող գիշերը

Եթե նորից ինձ վերք մնա,
Թող քո ձեռքով նա չբուժվի,
Եթե նույնիսկ սպիանա՝
Սպիների մեջ չհիշվի:

Եթե անգամ մի կյանք մնա,
Որ դուրս պիտի մնա հաշվից,
Թող և մահը անժամանակ,
Կորուստների մեջ չհիշվի:

Եթե սե՛րն էլ սկիզբ ունի,
Եվ այնտեղ քար պիտի տաշվի,
Թող իմ տարած այս գիծը ծուռ,
Ուղիղների մեջ չհիշվի:

Գարունը և նրա անանուն լեռը

Ձյան կարծրացած կեղևի տակից զվարճանում են առաչին առվակները:
Իսկ դեռ երեկ,
Նրանք իմ մասին ամեն ինչ գիտեին…

Անանուն լեռը և Մայիս ամիսը

Խնձորենու ճյուղերին վաղուց արդեն ազատ տեղեր չկան,
Բայց ճնճղուկներն առաջվա պես կաթկթում են երկնքից:

Հավերժական, հավերժական ու անանուն

Վերջապես,
Լույսը ճեղքեց գիշերային խավարն ու հասավ տեղ:
Իսկ ինձ, չգիտեսինչու թվաց, թե՝ ամենադժվարը դեռ առջևում է…

Անցնող օրը

Ե՞րբ իմացար նրա մասին,
Գուցե՝ թռչնա՞կը քեզ կասի,
Գուցե՝ առվա՞կը քեզ կասի,
Ե՞րբ իմացար նրա մասին:

Իսկ նա՝ ինքը քեզ ի՞նչ կասի,
Եթե թռչնակը չսպասի,
Եթե առվակը չսպասի,
Տես՝ թե ինքը քեզ ի՞նչ կասի:

Անցնող տարին

Քեզնի՞ց՝ ոչինչ ես չեմ ուզում,
Քեզնից՝ ոչինչ ես չեմ ուզում,
Ես՝ ուրիշին էի սպասում,
Ես՝ ուրիշին էի սպասում:

Բայց ինչու՞ եմ հենց քե՛զ ասում,
Որ ուրիշին եմ սպասում,
Որ ուրիշին եմ երազում,
Ինչու՞ եմ ես հենց քե՛զ ասում:

Քեզնից՝ ոչինչ ես չեմ ուզում,
Քեզնից՝ ոչինչես չեմ ուզում,
Բայց թե՝ գիտեմ, քեզնից բացի,
Ուրիշ ոչ ոք ինձ չի լսում:

Թողնել պատասխան

Your email address will not be published.