Ժակ Ռուբո | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

jr22

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Շոգենավը

Շոգենավը ելավ հինգերորդ հարկ ու գոռաց.
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
Լուսինը չպատասխանեց
Շոգենավը ելավ վեցերորդ հարկ ու գոռաց.
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
Լուսինը չպատասխանեց
Շոգենավը ելավ իններորդ հարկ ու գոռաց.
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
Լուսինը չպատասխանեց
Շոեգնավերը չեն ելնում հարկերով
Շոգենավերը գնում են ծովերով ու օվկիանոսներով
Նրանք գնում են ծովերի վրայով ու գոռում
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ, տո՜ւո՜ւտ
Իսկ լուսինը նրանց չի պատասխանում:

ԻՆքնություն

Ո՞րը կլիներ ինքնությունը քո, քո մահվան:
Դու, կասեն ոմանք, գերեզմանն ես ու դրա միջինը,
ու գերեզմանաքարը` քո անվան հետ:
բայց դա այլ բան չէ, քան ասելը, թե.
ողջ ժամանակ դու այդ մարմինն էիր `հագնված կամ ոչ,
այդ մարմինը, որի մեջ միտքդ էր բնակվում (կամ հոգիդ)
ու այդ մարմինը ևս կրում էր այդ անունը` քոնը:
ինքնությունն աշխարհում լինում է միայն այդ հարանմանությամբ
դու, պիտի ասեն այլք, այնպիսին ես, ինչպիսին որ վերականգնվում ես
նրանց հիշողության մեջ, եթե նրանք հիշում են, նրանք, որ
մեզ ճանաչել են թեկուզ մի պահ

այդպիսին կլինեիր, բայց մասնատված, փոփոխուն, հակասական,
կախյալ, խավարումներով
ու երբ ամեն մեկը նրանցից մեռնի, դու էլ չես լինի:

և հավանաբար, այստեղ էլ, վերապրելու գաղափարը
փոխ է վերցնում քո կյանքի աշխարհի բնութագծերը:

բայց իմ դեպքում լրիվ տարբեր է.

ամեն անգամ, երբ մտածում եմ քեզ,
դու դադարում ես լինելուց:

Բանաստեղծական արվեստ

Թե ինչ էր ասում բանաստեղծությունը, ես մոռացել եմ
Ես գիտեի,թե ինչ ասում էր այդ բանաստեղծությունը, բայց դա, որ ասում էր բանստեղծությունը, ես մոռացել եմ

Որ բանաստեղծությունն ասում էր դա, արդյոք դա՞ էր ասում բանաստեղծությունը:
Եթե դա էր ասում բանաստեղծությունը, ես մոռացել եմ:
Գուցե, չիմանալով, թե ինչ էր ասում բանաստեղծությունը, մինչ ես ասում էի բանաստեղծությունը (այն ժամանակ, երբ ասում էի բանաստեղծությունը), մոռացել եմ արդեն:
Բայց եթե դա էր, ինչ ասում էր բանստեղծությունը, ես մոռացել եմ:
Հիմա, երբ ասում եմ այս բանաստեղծությունը, չգիտեմ, թե ասում եմ այս բանաստեղծությունը
Ահա ինչու, ինչ-որ ասում է այս բանաստեղծությունը, իսկապես այն չէ այլևս, ինչ
ասում էր բանստեղծությունը,
և որը ես մոռացել եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի