ԲԱԲԱ ԹԱՀԵՐ ՕՐԵԱՆ | Ռուբայիներ

BTO11

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

 

***
Գերեզմանի կողքով անցա այգաբացին,
Ձայն լսեցի, ախ ու հառաչ ողբագին,
Ես լսեցի հողաթմբին գանգն ասաց`
Աշխարհն այս, չի արժենա մի հարդ չնչին:
***
Նա, ով ցավ չունի, շրջում է անհոգ, մեռած է վաղուց,
Նա, ով սեր չունի իր սառած սրտում, մեռած է վաղուց,
Դեռ այգալույսին ձայնում էր վարդին սոխակը փոքրիկ.
-Նա ով սեր չունի, չունի սրտակից, մեռած է վաղուց:
***
Մի սիրտ ունեմ թևակոտոր հավքի նման,
Ծովի ափին լքված-ընկած նավի նման,
Ինձ ասում են թառ նվագիր հե՜յ Թահեր,
Ո՞նց կհնչի ջարդված թառը սրտիս նման:
***
Հիշողության իմ մեծ ցանքսում թախծից բացի ուրիշ ոչինչ չի ծաղկում,
Իմ ճոխ այգում, հիմա միայն սգո ծաղիկ, ուրիշ ոչինչ չի ծաղկում,
Իմ տոչորված, սառն ու անշունչ, սրտիս դաշտի լայն տարածքում
Մահախորշակ, թույն ու թախիծ, անհուսության, բույսն անգամ չի ծաղկում:

***
Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր,
Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր,
Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը.
Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր:
***
Վա՜յ այն օրը, երբ մեր Աստված մեզ կդատի իր շեմին,
Ինչ արկածներ, որ չտեսանք արդարության կամրջին,
Հերթով եկան, հերթով կերթան` ահել — ջահել անխտիր,
Վա՜յ այն պահին, երբ մի օր էլ մեզ կկցեն այդ հերթին:

***
Սրտիս հառաչին տեր եղիր, իմ Տեր,
Անտերի տերը միայն դու ես, Տեր,
Բոլորն ասում են` Թահերն անտեր է.
Աստվածն է տերս, չունեմ ուրիշ տեր:
***
Սիրտ իմ, ո՞նց ես, սիրտ իմ, ո՞նց ես, սիրտ իմ` ա՜խ,
Արյան մեջ ես, արյան մեջ ես. արյան մեջ ես, ա՜խ,
Լեյլիի սիրուց դռնեդուռ ընկած հեգ տանջահար ես
Մեջնուն ես դարձել, Մեջնուն ես դարձել, Մեջնուն ես ա՜խ:
***
Դու ասացիր, որ նավաստի ես մնամ,
Աչքի ջրով նավս վարեմ ու գնամ
Վախենում եմ, որ նավակս խորտակվի,
Անծայրածիր այս ծովի մեջ ես մնամ:
***
Հմայված եմ քո վարսերի բույրից չքնաղ, ով իմ վարդ,
Քո պատկերի գույնով տարված` սիրտս արյուն է, ով վարդ
Անհամբեր եմ ես քո սիուց, ես սիրահար աննկուն,
Դու Լեյլու պես, ես խելագար Մեջնունի պես, ով իմ վարդ:

***
Առանց տունուտեղ, անտեր, անընկեր ինձ արարեցին,
Մտամոլոր եմ, ինձ մտամոլոր աշխարհ բերեցին,
Ննջում են հիմա հողաթմբի տակ մոլորյալները.
Իմ կավը նրանց հողից հունցեցին ու արարեցին:
***
Ինչու՞ ես տրտում, ասա, սիրտ իմ սիրտ,
Միշտ մտախոհ ես, տանջահար իմ սիրտ,
Նստիր մի անկյուն, աղոթիր Աստծուն,
Գուցե մուրազդ կատարվի, իմ սիրտ:
***
Գանգատ ունեմ այս գլխիվայր պտույտից,
Հազար ցավ ու հառաչ ունեմ իմ բախտից,
Սրտակիցս տատասկին է խոնարհվել
Ես իմ միտքը ինչպե՞ս դարձնեմ հրճվալից:
***
Ես չգիտեմ իմ գաղտնիքը ում բացեմ,
Սրտիս ցավը ու կսկիծը ում ասեմ,
Ինչը բացեմ, երբ կնայեն բացահայտ.
Էլ գաղտնիքս ու՞մ հետ ասա, ես կիսեմ:
***
Հոգիս տրտում ու թախծոտ է, ո՞նց դիմանամ,
Թևակոտոր, անփետուր եմ, ո՞նց դիմանամ,
Ինձ ասում են ամեն կողմից` քիչ հառաչիր.
Իմ մտքի մեջ դու ես գալիս, ո՞նց դիմանամ:

 

***

Երբ է ունկ դրել այս փուչ աշխարհը իմ դարդ ու ցավին,
Ամեն պտույտին կրակ է նետել վառված իմ սրտին,
Մի կյանք ապրեցի` ցավ ու տանջանքով, հոգսերով լեցուն.
Չեղավ գեթ մի օր, որ այս պտույտը իմ սրտով լինի:
***
Անհաշիվ է տրտմությունը իմ սրտում,
Սրտիս հավքը տապակված է իմ հոգում,
Փայեմ ձեռքդ, քո բազուկը իմ դահիճ,
Սպանիր ինձ, մեծ վարսկ կանես իմ կյանքում:

Թողնել պատասխան

Your email address will not be published.