***
Բոլոր գերագույն հրամանատարները,
գովերգում են, հպարտանում սեփական զինվորներով,
բոլորը սակայն պատերազմից վերադառնում են առանց զինվորների,
եթե մեկ կամ երկու տեղ հակառակը լիներ,
աշխարհում այլևս պատերազմ չեր լինի…
***
Հիմա երբ անհնար է ինչ-որ բան ետ բերել,
քեզ թողնում եմ այնտեղ որտեղից վերցրել էի,
մնա սրտիս մեջ,
և շարունակիր չսիրել ինձ…
***
Լույսը իրենցից դուրս փնտրող մարդիկ
այդպես էլ ոչինչ չգտան,
Աստծո ետևից երկինք բարձրացողները
ձեռնունայն վերադարձան երկիր,
ու սկսեցին քարոզել իրենց գտած ոչինչը…
Հեռանում եմ անսահմանը
սահմանափակ տարածքում տեղավորել ցանկացողներից,
Աստծուն գտնելու համար,
փորձում եմ պեղել նախ ինքս ինձ,
և Աստված ինքն է ցույց տալիս
իր մոտ տանող ամենից կարճ ճանապարհը…
***
Երբ դու տանն էիր,
ձմռանն անգամ սենյակում
բացվում էին լոտոսի ծաղիկներ,
որոնցից պոկված լռության մեջ
հնարավոր էր լինում տեսնել սիրո գույնը…
Հիմա երբ չկաս,
թվում է տան բոլոր պատուհաններից
հեռացել են լոտոսի ծաղիկները նաև,
բոլորիդ հեռանալուց հետո,
դատարկ պատերը չեն կարողանա պահել
տան ծանրությունը,
կգամ նաև ես…
***
Երբ գարունը վերադարձավ,
ու այլևս մեզ միասին չգտավ այնտեղ
որտեղ թողել էր,
ծառերն այլևս ծաղկել չկարողացան,
մեր բակում, առանց մեզ մեռավ
մի բուռ բնություն…
Անվերջ թվացող քայլերս ձգվում են երկար,
քեզ փորձում եմ շոշափել օդում,
անհնար է սակայն բռնել քամուն,
երեկոյան նստում եմ գետափին,
ջրում գտնում մի կտոր լուսնի արտացոլանք,
լեռներից գլորվող մութը անտարբեր քամու հետ
շրջանցում է ինձ, և սահում ջրի վրայով,
բնության խաղը այս անգամ տեսնում եմ հեռվում,
ինձանիձ դուրս,
գուցե՞ գարունը ինքն էլ չի կարողանում ընդունել մեզ արանց իրար…
Վերջին մեկնաբանություններ