Առաջ խաբում էին ինձ մանրունքի մեջ,
Հիմա՝ խոշոր հաշվի մեջ են խաբում:
Չէ, ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են միայն աղջիկները, որ կրակ էին կապում:
Ես չեմ կուրացել,
Ինձ պակասում են տղաները, որ արյուն էին թափում:
-Առաջ խմում էիր դու,- կասեին նրանք,
-Հիմա՝ խմում ես ու… հարբում:
Մի օր անց
Փշրվում են ստվերները՝ ծառաբնին,
Շշերի պես, որ հիշում են կարմիր գինին,
Փշրվում են ստվերները՝ ծառաբնին:
Իսկ առավոտը՝ մեկի՛նը թող լինի,
Անցորդները գլուխները տանեն,բերեն,
Թող ինձ ներեն, եթե գինին հերիք չանի,
Ու սրտերը շշերի պես թող չփշրեն,
Եվ ինձ ներեն, եթե գինին հերիք չանի:
Մարդիկ ուրիշ են, ուրիշ՝ երեկվանից,
Եվ ես բնավ ոչինչ չունեմ այդ մարդկանց դեմ,
Սիրո մասին նրանք ոչինչ դեռ չգիտեն,
Սիրո մասին ես էլ ոչինչ դեռ չգիտեմ:
Ու փշրվում են, շպրտված ծառաբնին,
Ստվերները՝ դատարկված շշերի պես,
Շշերի պես, որ չգիտեն՝ ի՞նչ է գինին,
Շշերի պես, որ չգիտեն՝ ի՞նչ է գինին:
Մրմունջներ մերժված կնոջ համար
Երեկվա նման էլ ոչ ոք չի սիրում քեզ:
Հասկացել են, որ քանդվելու, ավիրվելու հատկություն ունես:
Վախենում են:
Հետո, քո հետևից հիմա ինչեր ասես չեն ասում: Ո՞ր մեկի բերանը փակես:
Շատերը նույնիսկ չեն էլ լսել իմ գոյության մասին: Շատերը՝ չեն էլ տեսել: Իսկ մնացածի համար դու ոչ հարազատ ես, ոչ օտար:
Ասել է, թե՝ մի չեղած լեզվով են խոսում քեզ հետ:
Ինքները խոսում են, իսկ քեզ մեղադրում իրենց ավերիչ խոսքերի համար:
Երեկվա պես քեզ էլ ոչ ոք չի սիրում:
Նորովի են սիրում:
Փլատակների տակ չմնալու մի անվնաս ձև են գտել ու սիրում են, սիրում են, սիրում…
Գյումրվա խաչքարերը
Ես մի իրավունք ունեմ՝
Մնալ միայնակ:
Միայնակի մի պայման ունեմ՝
Լինել անտեսանելի:
Անտեսանելիի մի ճակատագիր ունեմ՝
Տեսնել:
Տեսնողի մի պարտք ունեմ՝
Չմնալ միայնակ:
Վերջին մեկնաբանություններ