***
Բզկտված
ոչ մի ապրումի
ոչ մի բառի մեջ
չես պարառի Սիրտը…
ամենայն ինչ սահմաններ ունի,
բայց շեղումի մեջ է ծաղկունքը,
հանց ժայռից գլորվող կածան…
բայց մենք,
որ Ամբողջությունը վերապրելու կարոտից
արտաշնչվում ենք հայելիներից,
ակնկալիքների շնչառության մեջ միայն
կհասնենք մերձեցյալին`
պապենական արահետներով քարկապված
մեր ինքնությունից ձերբազատյալ…
բանաստեղծները չեն սպասում,
այլ հանդիպում են…
***
Սրտի փակ եղանակի
խորքերից հառնող աչքեր…
բոլոր սպասումների հոգնածությունից անդին…
որ իրենց փրկության համար
միայն Ուրիշը ունեն,
որ անցողիկ են թեպետ,
բայց թիկունքում ԻՐԱԿԱՆՆ է…
մի՞թե ձախ ձեռքի մատնեմատով է անցնում
սիրտ տանող ուղին…
***
Անհամբերություն,
Անհնարինին միաձուլվելու
անզսպություն Սրտի`
պռնկեպռունկ լեցուն,
թափվող…
Մատնեմատին
ճակատագրի անիվն է շրջվում
բացակայության մեջ
մի ուրվապատկերի
հեռացող Աստծո…
քո դեմքի
բոլոր տասներկու ամիսների մեջ
դու Ավելյացն ունես…
***
Զգացմունքներ կան,
որ խուսափում են ամենայն Բառից…
կյանքդ կսուզվի սրբազան ջրավազանում
և համապատասխան Բառը չգտած զգացմունքներդ
կսահեն ԱՆՎԱՆ պատյանի միջով…
Հետքը,
որի մասին խորհում ես,
ՍԱՀՄՆԸ չէ…
***
Ուրբաթ, 30
Երբ ոչ միավորվելու
ոչ էլ հեռանալու տարբերակ չունես
համբույրը կկերպափոխվի
մեղքի զգացողության…
քեզ բաժանող սեղանի տարածությունը
այլևս սահման է,
զի անհնարինության մեջ ծավալվող ՍԵՐԸ
հրաժեշտի մեջ անկարող է այն տարրալուծել…
շուրթերը,
որ կրում են հիշողության դառնահամը,
էլ չեն կարողանա արտաբերել
ամենամերձի կորուստը…
մեկը քեզ կշշնջա, որ
սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ.-
դա այն հազվադեպ ակնթարթն է,
երբ Սիրտդ գերազանցում է քեզ…
***
Երբ անհնարին է ճակատագիրը տողադարձել…
ջարդել ներփակ պատուհանը բառի
վասն նոր մի կերպափոխության…
Անիմաստության մեջ է ծավալվում Սերը`
քո իսկ հայեցումի անդունդները չափագրող
սրտի թրթիռներից սկզբնավորված…
մերժումների ալիքներից գամող
ժամանակին ընդդեմ
վերընձյուղվել կրկին
անհայրենիքության մեջ արմատ գցելով…
***
Ծանր է փոշին
անճակատագիր ուղիների…
լռում են շուրթերը համբույրը ոսկի,
երբ անկարող են Գեղեցիկը կրել միայնակ,
զի Մահվանն ի մերձ
թափառումների մեջ է ամենայն գտանում…
հիրավի մարդ մեռնում է այնժամ,
երբ մենության մեջ ճամփեքը
և ճամփեքի մեջ մենությունն է մեռնում…
***
Ահա Նավը`
ուխտավորի չհոգնող հայացքով
խոնարհված սրտիդ վրա…
անթարգմանելի է լռությունը համբույրների`
սերմանված սրտիդ ի մերձ
և համբուրվելիս չես նկատի
ափերիդ միջից կճպվող Ճակատագիրդ…
քո Սերը մոռացությունից է,
բայց դեռ խոսում է վայրենու լեզվով…
***
Կրքոտ ու անսիրտ ու արվեստական…
վտանգավոր է բառերին չտրված ստվերդ,
որ ճոճվում է մարմնացումներից անդին.
ցավն այլևս արցունք չի դառնում,
որքան էլ տխուր է կանաչ հեռացումն հոգու…
օ՜, նավարկությունը ՀԱՐՍՆԱՑՈՒԻ`
մենակյացի սրտի մայրամուտին ընդդեմ…
Վերջին մեկնաբանություններ