«

»

Ապր 10 2011

Տպել Գրառում

Վիկտոր Հովսեփյան | «ՀԻՐՈՍԻՄԱ» ՇԱՐՔԻՑ

ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ

Նկարեցեք իմ աչքերը՝ տրված սոսկումի թոնին,
Նկարեցեք իմ աչքերը դարիս սարսափի ֆոնին,
Նկարեցեք իմ աչքերը, իմ աչքերը՝ խոնջամար,
Սահմռկելի տեսիլների խառնաշփոթ մի աշխարհ:
Ցույցի ելած տկլոր կանայք ու մանուկներ խեղանդամ,
Մարդու կառափ-թմբուկների ու գեհենի մահու ձայն,
Նկարեցեք իմ աչքերի միգում մառախուղ ու մահ,
Պլակատներ ամեն լեզվով, մի բառ լոկ՝ «Հիրոսիմա»:
Նկարեցեք իմ աչքերը, աչքերը իմ մութ դեղին,
Նկարեցեք իմ աչքերը դարիս տագնապի ֆոնին,
Իմ աչքերում նկարեցեք քրքջացող կմախք-կին,
Ուսին առած գաբրիելական դժոխային գերանդին:
Նկարեցեք իմ աչքերը, բիբերի մեջ՝ ցնցված,
Խոզանի պես մարդկանց ոտքեր, մարդկանց լասեր հնձված,
Նկարեցեք իմ աչքերում քամին մահերգ է բերում,
Կմախք-կինը գաբրիելական իր գերանդին է սրում:
Նկարեցեք իմ աչքերում մի ողջ ամբոխ, ողջը՝ ես,
Բոլորը իմ դեմքով, հենց իմ, նկարեցեք հենց այդպես,
Նկարեցեք ցավոտ դեմքով, դժոխային, մահադեմ
Բողոք ու ցույցի եմ գնում, ցույց-բողոքի ես՝ իմ դեմ:
Ու թե բառեր, իմ աչքերում գրեք բառերը այսպես.
ՎԱԽԵՑՈՂԸ ԵՍ ԵՄ ԱՅՍՕՐ, ՎԱԽԵՑՆՈՂԸ՝ ՆՈՐԻՑ ԵՍ,
Նկարեցեք իմ աչքերի մեջ իմ դիակը ընկած,
Իմ աչքերում իմ դիակի վրա ինքս եմ ջայլ ու լաց:

ՀԻՐՈՍԻՄԱ

1.
Առնեմ Դանտեից լավայոտ բառեր,
Թաթախեմ լերդած արյան գույնի մեջ,
Թաթախեմ դարիս ցավի թույնի մեջ
Ու ականջների լայնքի մեջ շարեմ,
Ու կատուներից՝ դեղին մլավյուն,
Շներից առնեմ ոռնոց միգամառ
Եվ ուղեղների զառանցանքից մառ
Վերծանեմ մահու մեղեդի և թույն:
– Իսկ դու ինչո՞վ ես գալու, թմբկահար:
– Ես սրունքոսկրներով մարդկային
Կխփեմ մարդկային կառափ-գանգին:
– Իսկ դու ինչո՞վ ես, թավջութակահար:
– Իսկ ես մարդկային կմախք կողերին
Նվագելու եմ աշխարհե-աշխարհ:
– Դե, սկսեցինք:
2.
Մանուկները չեն քնում, ճչում են,
Թռչունները չեն թռչում, իջնում են,
Ծաղիկները չեն վառվում, մարում են,
Մեռյալները չեն պառկում, պարում են:
Արյունը կարմիր չէ, ճերմակ է,
Ճերմակը աչքը չէ, այլ բիբը,
Իսկ աչքի ճերմակը դեղին է,
Դեղինը դա ինքն է, երկինքը:
Ծնվողը մանկիկ չէ, հրեշ է,
Հրեշը ահռելի ու գեշ է…
– Հրեշը ու գեշը այդ ես չեմ,
Ինձ այսպես դարձնողն է հրեշը ու գեշը:
Ծառերը չեն աճում, վառվում են,
Աչքերը չեն նայում, ճչում են,
Կանգնածը կին չէ, կմախք է,
Կմախքն էլ չի փտում, աճո՜ւմ է:
* * *
Ծիծեռնակներ, ծիծեռնակներ,
Ծիծեռնակներ, արդյոք գիտե՞ք,
Որ թռչելիս մկրատում եք
Ալֆա, բետա ու գամմաներ:
Ծիծեռնակներ, ծիծեռնակներ,
Ծիծեռնակներ, արդյոք գիտե՞ք…
Երանի ձեզ, որ չգիտեք:
* * *
Ես գուշակ ու ձեռքիս՝ բաժակ,
սրճի մի բաժակ է, հոգի,
Գուշակեմ քո բախտը դաժան.
ճամփա կա առ դուռ մորմոքի,
Սա ձին է, սա՝ փերին ու սա
սնկաձև հրեշը հառնեց,
Ինչ դաժան, մութ բաժակ է սա,
սունկ-հրեշն աստղերը խառնեց:

ԿԼՈԴ ԻԶԵՐԼԻԻՆ
Դու պիտի պատասխան տաս
Նակասակիի հեղձ հևքերի համար,
Դու պիտի պատասխան տաս
Հիրոսիմայի մեծ վերքերի համար…
Դու պիտի պատասխան տաս
Սահմռկումով լցված,
Մելանխոլիկ իմ երգերի համար:

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>