Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրություն

Ինձ անկյուն է քշել աշնան պաղ քամին,
Նա դողում է, ե՛ս էլ եմ դողում,
Ես գիտեմ, նա ուրիշ տերևներ էլ ունի ,
Բայց ինձ հե՛տ է խաղում, ինձ հե՛տ է խաղում:
«Աշու՛ն» է խաղում, և «սե՛ր» է խաղում,
Իսկ ես ՝ ոսկուց եմ, մաքուր ոսկուց,
Խարանում է ինձ նրա կեղծիքն ու դաղում,
Իսկ նա քնած չի, ի՛նձ է հսկում:
Հսկում է, որ հանկարծ երկինք չփախչեմ,
Լույս չտամ ոչ ոքի վերևից,
Որ այսօրվանից էլ չտարբերվի
Իմ կյանքը՝ անկյանք ու չոր տերևից:
Բայց ես որոշել եմ, ես պատրաստ եմ արդեն,
Ոտքի տակ դառնալու աստղային փոշի,
Եւ թող անկյունում ոչինչ չմնա
Նրան, ով վաղը ապրե՛լ որոշի:

Առաքյալը
Բառեր էին, սիրո պես հանդուգն, անկոչ,
Ես նրանց հետ ինչ ասես չարեցի,
Բայց անմահ էին բառերն, իսկ աշխարհը՝ ո՛չ,
Մի բարի խոսք ասա Չարենցին…
Մարդիկ ալիքվել էին իրար դեմ՝ հոգով,
Ջուրը ծածկում էր փոքրին ու մեծին,
Ես մահվան աչքերին նայեցի կատակով,
Մի խելոք բան ասա Չարենցին…
Խիղճ ունես, թե մեկ էլ խոսքիդ հավատամ,
Ուրեմն խոսքն էր ճիշտ մեր երկուսի,
Ես քեզ և՛ ձայնս, և՛ կյանքս կտամ,
Զինվոր եմ, չմեռնե՛ս դու իմ երեսից…
Անմահ եմ, մի՛ արի դու իմ ետևից,
Ես ինձ հետ թշնամուս եմ տանում,
Սերը կյանքից էլ երկար կտևի,
Սերը, որ ի՛նձ էր միայն սպանում…
Իսկ բառերը շատ էին, հանդուգն էին, անկոչ,
Ես նրանց հետ ինչ ասես չարեցի,
Բայց անմահ էին բառերն, իսկ աշխարհը՝ ո՛չ,
Մի՛ լռիր, խո՛սք ասա Չարենցին…

Տերևաթափ ձյան վրա
Բազմաթիվ հերոսների մասնակցությամբ

Տերևների պես շփոթ մեր դիմակներն ընկան ցած,
Իրար երես նայեցին մարդիկ վախով գազանի,
Մի՞թե քամին կտանի տարիները մեր անցած,
Մի՞թե խոսքերը սիրված անձրևը կտանի…
Ու՞մ համար էինք մենք արդյոք պատրաստությունն այդ տեսել,
Եթե ձմեռը մեզնից ոչինչ էլ չի ուզելու,
Ոչ գույներս անհնար, ոչ մրմունջներս վսեմ,
Որ քանդում են ու քանդում կատուները մինչև լույս:
Թևատարած տանիքին թզուկնե՛ր են ուշացած,
Ու լճակներ են փայլում երեկվանից փողոցում,
Մի՞թե նրանք են հիմա մեր դիմակները փորձում,
Մի՞թե նրանք են տալիս մեզ անունները այս թաց…

Առավոտյան Պատարագը Յոթվերքում
Աղավնիներն իջան տանիքների վրա ,
Իսկ երկինքը մնացել է իր տեղում,
Ո՞վ է տեսնես նորից օդ հանելու նրանց,
Մտածելով, թե ամպերի հետ է խաղում:
Թե Աստծո հետ մի կտոր հաց է նա գտել,
Որի փշրանքները աղավնիներն են կտցում,
Ու թե ձեռքերով են սահմաններն այնտեղ,
Երկնքի ու երկրի միջև գծում:
Աղավնիներն իջան տանիքների վրա,
Ու վերևում ոչինչ էլ չմնաց անհայտ,
Կարծես ցած էին կանչել բոլոր նրանց,
Ում համար հաց ունեին գրպաններում պահած:

Արագածը բոցերի մեջ
Ով տեսել է ինձ գոնե մեկ անգամ,
Նա չի մոռանա լուսավոր Գյումրին,
Որտեղ քարերը պատերից ընկան,
Ու չեն պատկանում էլ այդ պատերին:
Ո՞վ ես դու, Մուկուչ, որ բան հասկանաս,
Ո՞ր անկյունից ես աչքդ թեքելու,
Ես թափառեցի այսօր մինչև լույս,
Որ քարերի տակ գիշեր չմնա:
Ո՞վ ես դու, որ ինձ խոսք ասես հիմա,
Աստծո տվածը երեսովս տաս,
Լույսը բառեր է հիշում ակամա,
Որ խուլը լսի, կույրը հավատա:
Մենակ, մոլոր էր, երբ մտավ Գյումրի,
Պատուհանները դուրս հանեց փողոց,
Տաք-տաք լուրերը հեռու աշխարհից,
Նորից խնամքով ծածկեց սև հողով:
Ո՞վ ես դու, Մուկուչ, որ հողը քանդես,
Որ զանգը քաշես ու աղոթք անես,
Ո՞վ ես դու, որ խենթ ուրվականի պես,
Ընկած քարերը պատերին հանես:
Ով տեսել է ինձ գոնե մի՛ անգամ,
Ու քեզ չի տեսել, չի տեսել Գյումրին,
Նշաններ է նա թողել մոգական,
Կռանների տակ փակվող դռներին:
Ո՞վ ես դու, ինչու՞, ի՞նչ մուրճ է ձեռքիդ,
Մի՞թե խփելով դու չհոգնեցիր,
Մի՞թե ուշացար, մի՞թե չօգնեցիր,
Ե՞րբ էր, որ քարը նմանվեց երգի:
…………………………………………………………….
Ով տեսել է ինձ, երկնքում է նա,
Այնտեղ է և նա, ով ինձ չի՛ տեսել,
Ու սև է Գյումրին, աչքերիդ պես սև,
Ո՛չ ոք չլսի… ո՛չ ոք չիմանա…

Մեր փողոցում
Թե ինչու՞ է դա այդպես, ոչ ոք չգիտի,
Ում սիրել եմ արդեն ես, երբեք չեմ ատի:
Գուցե, ե՞ս եմ միամիտ,
Գուցե, սե՞րն է շատ,
Բայց իմ կյանքում տե՛ղ կա միշտ,
Ու գի՛ծ կա քաշած:
Իսկ ինչու՞ է դա այդպես, բան չեմ հասկանում,
Սիրտս սիրում է, իսկ ես՝ ցավերն եմ տանում:
Գուցե, ե՛ս եմ միամիտ,
Գուցե, սե՛րն է շատ,
Բայց թե կյանքում տե՛ղ կա միշտ,
Ու գի՛ծ կա քաշած:

Բանաստեղծն ու Գյումրին
Ազատությունն ինձ վաղուց, վաղուց արդեն չի տանջում,
Ես ամեն ինչ արեցի, որ նա անուն ունենա,
Բայց ինչ որ մեկը ներսից ինձ բանտարկյալ է կոչում,
Ու ծիծաղում է իմ խենթ երազների վրա նա:
Եվ այդ մեկը միշտ ներսից հիշեցնում է իր մասին,
Եվ ասում է, թե իրեն պարտքեր ունեմ դեռ տալու,
Թե տարբերվում է բնիվ կյանքը ցնոր երազից,
Ու բաց դռան մոտ կանգնած, ես տեղ չունեմ գնալու:
Ինչու՞ նրան լսեցի, ինչու՞ եմ ես գլխիկոր,
Մի՞թե սիրտս ինձ նորից, նորից իր մոտ կկանչի,
Մի՞թե կյանքի համար մենք միշտ պարտական ենք կյանքով,
Մի՞թե ներել է նա իմ սխալները առաջին:
Ազատությունն ինձ արդեն գուցե երբեք չտանջի,
Ես ամեն ինչ արեցի, որ նա անուն ունենա,
Բայց ինչ որ մեկը ներսից ինձ բանտարկյալ կկոչի,
Ու կխնդա միշտ իմ խենթ երազների վրա նա…

Ձեռնափայտի վրա հենված մարդն ու Գյումրին
Կարծես թե ես կամ ու չկամ,
Դա պարզ է, ինչպես հին հանելուկ,
Եվ իմ չլինելն օրեցօր,
Նմանվում է իմ լինելուն:
Շատերը դեռ նստած իմ կողքին,
Շատերը հեռացել են վաղուց,
Եվ նրանց ստվերները արդեն,
Արևի հետ են խաղում:
Իսկ իմ ստվերը թաքնվել,
Մարդկանց անզիջում աչքերից,
Եվ ինձ իրավունք է տվել,
Աշխարհին նայելու վերից:
Աշխարհն էլ կարծես կա, ու չկա,
Եվ ոչ ոք մեղավոր չէ դրանում,
Ով այստեղ է ՝ նա դարձել է վկա,
Թե այնտեղ ինչեր են անում:
Արևն էլ կա, ու չկա,
Բայց Գյումրին իրիկուն է սիրում,
Ու թե նա սիրեց մի անգամ,
Բառեր էլ կգտնի ասելու:
Կասի, — ես էլ կամ, ու չկամ,
Եվ դա պարզ է, ինչպես հին հանելուկ,
Եվ չլինելն իմ ոչնչով,
Չի տարբերվում իմ լինելուց:
Աշնան իրիկունը և Գյումրին
Իրիկունը Աթարբեկյան փողոցի,
Տուն է գալիս թիկնեթեկին, քեֆը լավ,
Տուն է գալիս ինչպես վերջին գյումրեցին,
Իր խոհերին տրված հեռու, անհալած:
Լապտերները մոտենում են ու անցնում,
Լռությունն է նրանց լույսը պսակել,
Ու թվում է՝ բռանդ մեջ են լցնում,
Ինչ որ հատ-հատ հավաքել են, կուտակել:
Իսկ փողոցը դեռ ձգվում է, երկարում,
Կարծես մեկի՛ն էլ է նա դեռ սպասում,
Եվ այդ մեկին նա ավելի՛ է սիրում,
Որովհետև՝ նա դրսու՛մ է, միշտ՝ դրսում:
Իրիկունը Աթարբեկյան փողոցի,
Տերևների հետ կատակնե՛ր դեռ կանի,
Մեր տան շուրջը հազար պտույտ կգործի,
Ու ձեռքն այդպես էլ չի ՛ հանի գրպանից…

Թողնել պատասխան

Your email address will not be published.