Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՄԽՈՆ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Մխո՛, Հայաստան էրթացող կա,- ասաց լցակայանի վարիչը,- բա՞ն չունես ձերոնց ղրկելու:

Մխոն մի կողմ դրեց ձեռքի դույլն ու խոզանակը և ընկավ մտքերի մեջ: Ինչ ուներ, որ ինչ ուղարկեր: Բանտից դուրս գալուց և մի քանի ամիս պարապ-սարապ թրևելուց հետո հավաքարարի աշխատանք էր գտել բենզինի լցակայանում, որի վարիչը հայ էր: Հայաստանում նման գործի կողքով էլ չէր անցնի: Հարազատները գիտեին իր նստելու մասին, բայց աղոտ պատկերացում ունեին իր կյանքի մանրամասներից: Հեռախոսով կապվելիս՝ միշտ լավն էր ասել: Գուցե վերցներ գրե՞ր դառը ճշմարտությունը. գրելը ավելի հեշտ էր  խոսելուց… Բայց այդ ճշմարտությունը մեծ վիշտ կպատճառեր ծնողներին… Չէ, ճիշտը չի գրի, բարեկամները կտխրեն, չարակամները կուրախանան…  Բայց եթե ստի, ոմանք քաջալերված՝ կարող են այստեղ գալ… Է՛հ, իրեն ի՞նչ, ով ուզում է՝ թող գա, թող իր աչքով տեսնի, կսիրի՝ կմնա, չի սիրի՝ կվերադառնա…. «Սաղի հերն եմ անիծել»… Զզվել էր ամեն ինչից, կյանքից, մարդկանցից, հոգու խորքում բույն դրած վիրավորանքն ու չարությունը պատրաստ էին ամեն վայրկյան դուրս ժայթքել:

-Մխո՜, հաճախորդ է եկել, արի մեքենան մաքրի:

«Մի վայրկյան հանգիստ չունեմ»,- անցավ մտքով ու ալարկոտ մոտենալով հերթական մեքենային՝ մեխվեց տեղում: Սամոն էր ղեկի առջև… Արագ նայեց մեքենայի մեջ. Նարեն նստած էր՝ ծծկեր երեխային գրկած… Դժվարությամբ ճանաչեց  Նունեին… Ինչքա՜ն էր մեծացել… Փառք Աստծո՝ իրեն չնկատեցին, թեև այնպես թվաց, թե Սամոն տեսավ ու ճանաչեց իրեն: Մխոն արագ հետ շրջվեց ու անհետացավ լցակայանի սրահում:

-Մաքրել պետք չի,-լսեց Սամոյի ձայնը,- միայն լցրեք:

Քիչ անց շքեղ մեքենան անձայն պոկվեց տեղից ու հեռացավ:

Մխոն ակամա մոտեցավ իր հագուստի պահարանին, բացեց ու  գզրոցից հանեց վերջերս գնած ծալովի դանակը: Ուզել էր ատրճանակ գնել, բայց փողը չէր հերիքել: Դանակը շուռումուռ տվեց ձեռքի մեջ, եղունգով ստուգեց սրությունը և… հանկարծ ծիծաղեց, ծիծաղեց բարձր, անկաշկանդ. որոշել էր սպանե՜լ… սրանից լավ առիթ, իսկ ինքը փախավ վերջին վախկոտի պես, չէ՜ մի, սպանե՜լ… Փախավ, որ իրեն չնկատե՜ն, որ Նունեն չտեսնի հորը հավաքարարի շորերով… Ծիծաղը փոխվեց քրքիջի, հետո՝ հեկեկոցի: Բարեբախտաբար հանդերձարանում ոչ ոք չկար: Պահարանի դռան պատին ներսից փակցրել էր վաղուց խունացած ընտանեկան գունավոր մի լուսանկար. մեջտեղում փոքրիկ Նունեն էր, ինքը և Նարեն՝ Նունեի աջ ու ձախ կողմերում, ֆոնին երևում էր պատից կախված պապենական գորգը: Մտքով սլացավ տուն. մղձավանջային անցյալը նորից ցցվեց աչքերի առջև…

…Կնոջ և միակ դստեր հետ Ամերիկա գաղթելուց  յոթ ամիս անց նստեց: Մենակ չէր, Արսենն էլ կար: Ինքը չէր ճանաչում թվով յոթանասունից ավել մյուս հայերին և մի խումբ օտարազագիների, որոնք մեղադրվում էին նահանգի ապահովագրական հայտնի ընկերությունը կողոպտելու մեջ: Մեծ գործ էր, տեղեկատվական ցանցերն ու մամուլը ողողված էին սենսացիոն  լուրերով ու լուսանկարներով: Դատը երկար չտևեց, բազմաթիվ իրեղեն ապացույցներ կային: Մխոն հանդես էր եկել հիվանդի դերում, «բժիշկ» Արսենի տված կեղծ դոկումենտներով չարած բժշկական ծախսերը ներկայացրել էր ապահովագրական ընկերությանը, գանձել փոխհատուցումը և, մսխելով իրեն հասած բաժին գումարը, այժմ ի վիճակի չէր վերադարձնել այն և դատարանի կողմից սահմանված տուգանքը: Նստեցրին երկու տարով:

Նարեն եկավ տեսության:

-Երկա՞ր են տվել,- հարցրեց:

-Մեկ ամիս,- ստեց: — Արսենն ասաց, որ գործը կդզեն, անհոգ եղիր:

-Ո՞նց անհոգ լինեմ,-տրտնջաց կինը,- հեսա պտի տան վարձը մուծեմ, մոտս էդքան չկա:

-Սամոյից վերցրու, իրեն ասա՝ ստեղից ազատվեմ՝ կտամ:

-Սամոյի՞ց,- հարցեց Նարեն անթաքույց տարակուսանքով:

-Հա, էլի,- ասաց մեղավորի պես:

Նարեն իջեցրեց հայացքն ու լռեց:

-Ինձ չե՞ս կարոտել,- հարցրեց:

-Բա ո՜նց,- ասաց Նարեն,- Նունեն անդադար քո մասին ա հարցնում:

-Վայ, ցավդ տանեմ: Ասա գնացել ա Հայաստան, կգա:

Կինը հեռացավ գլխիկոր՝ սրբելով արցունքները:

Մենակ մնալով՝ Մխոյին պաշարեցին տխուր մտքերը. Նարեն իրենց բակի զարդն էր, մի ժամանակ Սամոն էր շուրջը պտտվում, բայց Նարեն սիրեց իրեն: Ծեծկռտուք եղավ, հետո հաշտվեցին, հարսանիքի օրը Սամոն գրկեց իրեն, յուղոտ շրթունքներով պաչեց այտն ու հարբած շշնջաց. «Մխո, ախպեր, ես գնում եմ, բախտավոր լինեք»: Ու գնաց Ամերիկա: Երկար ժամանակ նրանից լուր չուներ: Հետո գնացողներից իմացավ, որ ամուսնացել է իրենից տարիքով շատ մեծ մի հարուստ ամերիկուհու հետ, փողավորվել, սեփական բիզնես է դրել: Սամոն  դարձավ Մխոյի կուռքը, ինքն էլ որոշեց գաղթել Ամերիկա: Սամոն օգնեց, հասնելուց հետո էլ տեղավորեց, Նունեին դպրոց ուղարկեց: Մխոն կարգին լեզու չգիտեր, մասնագիտություն չուներ, Երևանում զբաղվում էր մեքենայի առք ու վաճառքով, վատ չէր վաստակում: Սամոն իրեն ծանոթացրեց Արսենի հետ: Հեշտ և շատ փող վաստակելու մարմաջը կուրացրեց բանականությունը. չտեսավ այն վիհը, որի մեջ գահավիժելու վտանգը մեծ էր: Դատարանում ասաց, որ իրեն խաբել են, ինքն իրոք հիվանդ է եղել, հարցրին, ինչով էր հիվանդ. նույնիսկ չգիտեր իր շինծու հիվանդության անունը, դրա հետ կապված բուժումների բարդ տերմինները. մարմնի մասերը ցույց տվեց, դատարանում ծիծաղեցին: «Տեսքդ էնպիսին է, որ քամակով պոպոք կջարդես,- դատից հետո ասաց հայ փաստաբանը, որին ահագին գումար էր տվել,- իմ ձեռքից ի՞նչ կգար»: Ինքը վստահ էր, որ Սամոն էլ էր իրենց խմբի մեջ, բայց չոր դուրս եկավ: Մխոն էդպես էլ չհասկացավ, թե որն էր Սամոյի դերը էդ «բիզնեսի» մեջ. ոչ բժիշկ էր, ոչ՝ հիվանդ:  «Ճարպիկ ա սրիկան,-մտածեց,- ինձ երկու տարի տվեցին, նա ազատ թրևում ա»:

Բանտի պայմանները տանելի էին, բանտապահների վերաբերմունքը՝ անտանելի. մարդկանց շան տեղ էին դնում, հատկապես նրանց, ովքեր կաղում էին լեզվից: Մխոն շատ դժվար տարավ առաջին շաբաթները, հետո կամաց-կամաց վարժվեց: Բանտի պարտադիր աշխատանքը թեև ծանր էր, բայց կրճատում էր օրը: Իր ամենամեծ ուրախությունը Նարեի այցելություններն էին, որոնք սակայն սկսեցին նվազել:

-Չեմ հասցնում, գործս շատ է, հազիվ եմ հասնում Նունեին,- արդարացավ նա այցերից մեկի ժամանակ: Ասաց, որ վաճառորդուհի է աշխատում Սամոյի «բրենդ» խանութում: Մխոն չէր հավատում կնոջ խոսքերին, աչքին Նարեն գնալով ավելի գեղեցկանում էր, փարթամանում:

Վերջին անգամ իրենց բաժանող հաստ ապակու հետևից Նարեի վզին ոսկե ապարանջան տեսավ:

-Էս որտեղի՞ց,- հարցրեց զարմացած:

-Երևանից են ուղարկել, ծննդիս,- ասաց Նարեն քմծիծաղով:            Մխոն ապուշ չէր, հասկացավ, որ ստում է: Ձեռքը հասներ՝ զոռով կխոսեցներ, դուրս կքաշեր ճշմարտությունը, բայց հիմա անզոր նայում էր կնոջն ապակու հետևից…

-Սամո՞ն է տվել,- հարցրեց ջղային :

-Հա, էլ ով,- հանգիստ խոստովանեց կինը:

Չկար նախկին հնազանդ Նարեն, ում համար ինքը միշտ էլ եղել էր հեղինակություն. իր առջև նստածը ուրիշ կին էր՝ ագրեսիվ,  արհամարհալից կեցվածքով:

-Կսպանեմ, երկուսիդ էլ շանսատակ կանեմ,-  ֆշշացրեց կատաղած:         Վիճեցին, Նարեն զայրացած վեր կացավ ու հեռացավ: Չհասցրեց նույնիսկ հարցնել Նունեի մասին: Վերադառնալով խուցը՝ Մխոն երկար ժամանակ չէր կարողանում հանդարտվել, տնքում էր վիրավոր գազանի պես, հառաչում:

-Կսպանեմ, անպայման կսպանեմ,- բարձրաձայն կրկնում էր բռունցքները սեղմած: Կնոջը և Սամոյին մեղադրում էր ստորության ու դավաճանության մեջ. սպառեց իմացած բոլոր հիշոցները, բայց դարձյալ չէր հանգստանում:

-Հը՞, Մխո, էդ ո՞ւմ ես պատրաստվում սպանել,- հարցրեց  իր համերկրացի Վարժապետը, որ մասամբ գիտեր Մխոյի՝ կնոջ հանդեպ ունեցած կասկածների մասին:

Մխոն հարգում էր Վարժապետին, կիսվում նրա հետ: Բանտակից ընկերների մեջ  նա ամենից կրթվածն էր, կարդացածը,  դրա համար էլ բանտում հայտնի էր այդ մականունով: Առաջին գաղթողներից էր, եկել էր, ընկել վատ շրջան ու ակամա մասնակից դառնալով մի ոճրագործության՝ հայտնվել ճաղերի հետևում:

-Կսպանեմ, դուրս գամ, կսպանեմ էդ վիժվածքներին, էդ տականքներին, էդ, էդ…

-Լավ, էլի, հլա հանդարտվիր,-ասաց Վարժապետը:

Մխոն լուռ փլվեց բանտային անկողնու վրա, նորից տնքաց հոգու ցավից ու անզորությունից: Գիշերը, քնելուց առաջ ասաց.

-Վարժապե՛տ, ո՜նց խաբեցին ինձ… էս ինչ օրի հասա…

-Ուզում էիր օդից փող բռնել, էլ ինչի ես տրտնջում:

-Ուրիշները հո բռնում են, ախպե՛ր, հարստանում, մեկն էլ չկա ասի, աչքիդ վերև հոնք կա:

-Հա, դրա համար պիտի լինես ճարպիկ, խորամանկ, խաբեբա, նենգ, դաժան, ստոր, խարդախ, օձաբարո…

Մխոն զարմացած նայեց Վարժապետին.

-Էլ բան չմնա՞ց:

-Դեռ ո՜ւր ես, էնքա՜ն բացասական հատկանիշներ են ստեղծվել մարդու հետ, մարդու համար… Ավելի շատ են, քան լավերը: Ուզո՞ւմ ես հարստանալ, զինվի՛ր էդ հատկանիշներով, գնա՛ օդից փող բռնիր, փողի հերն անիծած, կդառնաս մարդ, քեզ կհարգեն, կքծնեն, թեկուզ սիրուհի պահես՝ կինդ չտեսնելուն կտա, հիմա քեզ էշի տեղ էլ չեն դնում…

Նարեն մի անգամ էլ այցելեց՝ պարզապես հայտնելու, որ դիմել է դատարան ու բաժանվում է իրենից: Դատարանը միակողմանի վճիռ էր կայացրել: Մխոն հանկարծակիի եկավ, թեև ենթագիտակցորեն սպասում էր այդ օրվան ևս: «Վերջ, տունս քանդվեց»,-խորհեց դառնությամբ:

-Բա Նունե՞ն,- հարցրեց իր ճակատագրի հետ հաշտված մարդու տոնով, ասես կառչելով վերջին հույսից:

-Նունեն կմնա ինձ մոտ դատարանի որոշմամբ,- չոր և կտրուկ ասաց Նարեն՝ վերջակետ դնելով խոսակցությանը, — եթե կամենաս կարող ես բողոքարկել վճիռը դատարանում:  «Էս ե՞րբ հասցրեց լիրբը յուրացնել դատարանային գործը»: Պարզ էր, որ Նարեն կրկնում էր այն, ինչ թելադրել էին իրեն: Նա ավելի էր գեղեցկացել, քիչ լցվել, շպարվել, հագին շքեղ հագուստներ էին, մատերին՝ թանկարժեք մատանիներ: Հեռանալիս Մխոյի հայացքը մեխվեց նրա շարժվող զիստերին, բարձրակրունկ կոշիկներին, կիպ ջինսի մեջ ուրվագծված  բարեկազմ, ձիգ ոտքերին: Մխոն կարոտեց Նարեի մարմինը, կրքի տաք ալիքը հոսանքի պես անցավ նրա մարմնով, զայրույթից բռունցքված ձեռքը թուլացավ, բացվեց, ակամայից գնաց ներքև…

-Կսպանեմ, -խուցը վերադառնալուց հետո հազարերորդ անգամ կրկնեց իր միակ սպառնալիքը, բայց ցավով զգաց, որ նախկին վճռականությունը թուլանում էր, գիտակցում էր, որ այստեղ ամեն-ամեն բան, այս թվում՝ դատարանում բողոքարկելու հնարավորությունը, կապված է շատ փողի հետ: «Էն տականքն ունի, ինձ փող որտեղի՞ց»: Մյուս կողմից  էլ, Մխոյին հանգիստ չէր տալիս նորից բանտ վերադառնալու հեռանկարը, որով խախտվում էր հավատքն իր հետագա անելիքների նկատմամբ՝ տեղի տալով պարտվողի հուսահատության:

-Նրանց կսպանեմ,  հետո՝ ինքս ինձ,- արդարանալու նման ասաց Վարժապետին:

-Չես սպանի,- ասաց Վարժապետը,- էս երկրում օտարները խեղճանում են, կուչ  գալիս, կորցնում իրենց  անհատականությունը: Չէ, չես սպանի, էդ քո բնույթի մեջ էլ չի մտնում:

-Կսպանեմ,- իրենը պնդեց Մխոն,- տունս քանդեցին:

-Քո տունը ինքդ քանդեցիր, երբ հեռացար քո երկրից:

Մխոն շատ էր մտածել այդ հարցի շուրջ: «Վարժապետը  իրավունք ունի, ախր ինչի՞ եկա: Գոնե լեզու իմանայի, մի մասնագիտություն ունենայի»: Նարեն հենց սկզբից համաձայն չէր իրենց գալուն, ընդդիմանում էր, երկար համոզեց, Նունեի կարծիքն էլ հո չհարցրին: Սիրտն ուզում էր բարձր մոդելի մեքենա ունենալ, լավ ապրուստ: Ի՜նչ էր երազում, ի՜նչ դուրս եկավ… Ո՜նց էր կարոտել իրենց բակը, ընկերներին, հարազատներին…

Երկու տարին անցավ դանդաղ: Դրսից եկած լուրերը գլխին իջած մահակի հարվածների էին նման: Նարեն տղա զավակ էր պարգևել Սամոյին, ինքն էլ, Նունեն էլ ապրում էին լիության մեջ առանձին բնակարանում: Նունեն կապվել էր Սամոյին ու սիրում էր հարազատ հոր պես: Մխոն չզգաց ամենափոքրիկ խանդավառությունն անգամ, երբ բանտի դուռը փակվեց իր հետևից, ու հայտնվեց ազատության մեջ: Սրտառուչ եղավ բաժանումը բանտում իր միակ մտերիմ մարդու՝ Վարժապետի հետ: Վերջին օրը ճաշարանում, Արսենը մոտեցավ, ձեռքը խոթեց 20 դոլարանոցների մի փոքրիկ կապուկ. «Սամոյի կողմից», ասաց ու արագ հեռացավ: Արսենը Սամոյի հավատարիմ ընկերն էր, վաղուց սառնություն էր ընկել իր և նրա հարաբերություններում: Նա դեռ պիտի նստեր, բայց բնավ փույթը չէր, գիտեր, որ դուրս գալուց հետո շատ արագ ոտքի կկանգնի Սամոյի աջակցությամբ:  Մխոն մի պահ ուզեց դրամը շպրտել նրա երեսին, բայց ձեռքը չգնաց, սուսուփուս դրեց գրպանը…

Մխոն արագ զգեստափոխվեց. արտազգեստը պահարանում կախելիս՝ հոտոտեց. յուղի և քրտիքի թեթև հոտ էր գալիս: Այս հագուստն էր իր փախուստի բուն պատճառը… Բայց մի՞թե հագուստի մեջ իր մարմինը չէր, որին քանի՜-քանի անգամ հպվել էր մերկ Նարեն, որը կյանք էր պարգևել Նունեին… Ինչո՞ւ փախավ, ինչո՞ւ չուզեց Նունեն տեսնի իրեն այս հագուստով, մի՞թե հորից շատ Նունեին իր հագի շորն էր հետաքրքրում… Իսկ եթե վայելուչ հագնված լիներ, կմոտենա՞ր արդյոք մեքենային, կբարևե՞ր… Մխոն ցավով զգաց, որ ինքն իրեն նման չէ, անորոշ վախ կա սրտում, նախկին համարձակ, արիասիրտ տղամարդուց բան չի մնացել: Իսկ եթե այնուամենայնիվ մոտենար, գուցե Նունեն բացեր դուռը, վազեր ու կարոտած նետվեր իր գիրկը: Նարեի աչքերն անպայման կչռվեին Նունեին կորցնելու սարսափից: Սամոն կմոտենար, կուզեր խլել Նունեին, ինքը բռունցքով կհարվածեր Սամոյի ծնոտին, գետին կտապալեր էդ հրեշին, և Նունեի ձեռքը բռնած միասին կփախչեին… Բայց ախր ո՞ւր կփախչեին, Նունեին ո՞ւր պիտի տաներ, ինչպե՞ս պիտի պահեր, հազիվ իր գոյությունն է քարշ տալիս…Մխոն անհույս ձեռքը թափ տվեց, չէ՛, վայելուչ հագնված լինելու պարագային էլ կփախչեր:

Վերցրեց լուսանկարն ու դանակը, աննկատ դուրս եկավ լցակայանից: Քայլեց  դեպի ոչ հեռու պուրակը, նստեց առաջին իսկ պատահած նստարանին ու հանելով լուսանկարը երկար նայեց, նայեց, նայեց արցունքակալած աչքերով: Հետո թանկագին մասունքի պես նկարը դրեց բաճկոնի գրպանը, հանեց դանակն ու նորից ստուգեց շեղբը, նայեց շուրջը. ոչ ոք չկար, հեռվում մի քանի երեխաներ վազվզում էին ու աղմկում: Սոսկալի կարոտեց Նունեին, այրվում էր, մորմոքվում նրան գրկելու ու կրծքին սեղմելու տենչանքից: Նայեց դանակին զարմացած, ասես առաջին անգամն էր տեսնում: «էս ինչի՞ եմ ձեռքս բռնել»: Նորից ահ զգաց.  դանակը արագ ծալեց, շպրտեց նստարանից ոչ հեռու դրված աղբարկղի մեջ ու… ասես ուսերից մի ծանր բեռ ընկավ:

Հասնելով լցակայան, Մխոն մոտեցավ այնտեղ կայանած նորագույն մակնիշի մեքենային, բացեց վարորդի դուռը և ձեռքը դնելով դռանն ու հենվելով մեքենային՝ բջջայինը տվեց իր հայ աշխատակցին:

-Ախպե՛ր, կնկարե՞ս, պտի ուղարկեմ մերոնց:

Երբ նկարը պատրաստ էր, Մխոյին նորից պաշարեցին հակասական մտքերը: Գրե՞ր ճշմարտությունը, թե՞ էլի ստեր: Ուզեց պատռել նկարն ու ոչինչ չուղարկել Երևան: «Տենաս վարժապետը ո՞նց կվարվեր, եթե լիներ իմ տեղը… Չէր խաբի, Վարժապետը դուզ ա նայում ճակատագրի աչքերին»: Բայց այդ պահին չարությունն էր թագավորում Մխոյի սրտում, Նարեի ու Սամոյի փոխարեն ասես վրեժխնդիր էր լինում ողջ աշխարհից ու մարդկանցից, ասես նրանք էին մեղավոր իր կործանման համար: «Վարժապետի էլ, սաղի էլ հերն եմ անիծել» մտմտաց դառնությամբ ու նկարի հետևում մակագրեց.

«Էս նոր մեքենաս ա…

բարևներով՝ ձեր Մխո,

մայիս, 2010 թվական,

Գլենդել»…

 

Հունիս, 2013

Երևան

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.