Տուն-տան ետևից վերջանում էր քաղաքը:
Երկաթգծերն այստեղ խառնվում էին, խճճվում, այս կողմ, այն կողմ վազում, ու անպայման ընկնում մեկնումեկի ոտքի տակ:
Ծաղիկներ կային հատուկենտ, մոլախոտեր, կոտրված, մի կողմ շպրտված աղյուսներ:
Ամեն ինչ այստեղ հիշեցնում էր բաժանման մասին:
Միայն խոսքեր չկային՝ ոչ քաղցր, ոչ էլ դառը: Կաղ ու անտուն շները մերթընդմերթ երկար-բարակ նայում էին աչքերիս մեջ, հետո դառնում ու շարունակում իրենց ճանապարհը:
-Երկաթգծերի մեջ ապրող շները միշտ կաղում են,- անցավ իմ մտքով:
Ես հեռանում էի քաղաքից:
Ուրիշ քաղաք էի ուզում գնալ: Եվ այդ բաժանման մեջ ոչ մի հետաքրքիր բան չկար: Ամեն ինչ շուրջը ձանձրալի էր ու փոշոտ, քրտնքոտ:
Երևում է՝ ինձանից առաջ շատերն են լքել նրան:
Եվ հիմա ամենուրեք թափթփված է այն ամենը, ինչը մարդիկ չեն տանում իրենց հետ,երբ լքում են իրար:
Մեղուները բզզոցով սուրում,անցնում էին կողքիցս ու չէին նստում ծաղիկներից ոչ մեկի վրա:
Ահա և կոտրված շշերը:
-Գնալուց առաջ են խմել,- մտածեցի ես:
-Ուրիշ քաղաքներն ավելի գեղեցիկ կլինեն,- ասել են երևի խմելուց:
Հետո դատարկ շիշն ամբողջ ուժով նետել են աղյուսների կողմը ու թքել նրա ուղղությամբ:
-Ուրիշ քաղաքներում հարբեցողներ էլ չեն լինի, գողեր, ծախու կանայք, ծախու տղամարդիկ … թու՛ ես ձեր …
Երեխաներին օղի ու ծխախոտ չեն վաճառի առևտրականները:
Քաղաքը վերջանում էր: Շուտով նա էլ կմնա հետևում, իսկ առջևում դեռ ոչինչ չկար: Միայն մի հեքիաթային, ոսկեգույն ու անծանոթ քաղաք էր շողում, փողփողում հորիզոնի վրա:
Մեկը չկար, որ իրար հետ նայեինք, իրար հետ ուրախանաինք:
Մեկը չկար, ում կարելի լիներ վստահել այդ հրաշք քաղաքը, որ չկորչի, չսևանա, չծակծկվի լապտերների չար լեզուների մեջ, չպատառոտվի մաշված հագուստների, հին ոտնամանների պես:
Մի՞թե բոլորն այստեղով են հեռանում:
Նույն երկաթգծերի, աղյուսների, խոտերի ու ծաղիկների միջով:
Հեռանում են, երբ դուռը շրխկոցով փակում են դիմացդ, երբ գրպաններդ այնպես դատարկ են, որ թվում է, թե՝ ամեն ինչի տեղ կանի այնտեղ:
Ես հիշում էի իմ բոլոր ծանոթներին, բոլոր անծանոթներին:
Լավ մարդիկ շատ կային նրանց մեջ, տարբեր մարդիկ կային: Ինչու՞ նրանք էլ չէին հեռանում: Չէ՞ որ հենց նրանց պատճառով է, որ ես գնում եմ:
Նրա՛նց պատճառով է, որ ես չեմ ուզում նայել, թե ինչպես են մուրացկանները փող խնդրում անցուղիներում:
Թե ինչպես են անցորդները զրնգոցով գցում մետաղդրամները գլխարկի մեջ, ինչպես են թեթևացած շունչ քաշում …
Ինչո՞ւ եմ միայն ե՛ս գնում :
Չէ՞որ սա բոլորի՛ս ճանապարհն է:
Այդ նրա՛նք ինձ, ձեռքիցս բռնած, կույրի պես բերեցին ու նստեցրեցին այստեղ:
Որը ծխելու բան տվեց, որը մի քիչ օղի լցրեց բաժակիս տակ, որն էլ բարեկամաբար խփեց ուսիս:
Դարձան, հետ գնացին:
Տաք օր էր: Ժողովուրդը լցվել էին փողոցներն ու անցուղիները: Պատերի վրա թարմ հայտարարություններ էին, ազատ տեղ չկար:
Ոչ մի անգամ չեմ կարդացել, թե ի՞նչ են գրում:
Գուցե կարդա՞լ էր հարկավոր, նախքան հեռանալը: Միգուցե ուշ չէ՞ դեռ:
Կարելի է հենց հիմա էլ ետ դառնալ ու կարդալ:
Անպայման մի բան կգտնեի ես այնտեղ, ինչի համար արժեր դեռ մի քիչ էլ մնալ, ինչի համար ինձանից բացի ոչ ոք չի գնում, բոլորն այստեղ են:
Բայց ո՞վ կթողնի ինձ: Իհարկե՝ ոչ ոք էլ թույլ չի տա:
Շներով, քարերով,փայտերով վրա կտան ու մոտ չեն թողնի:
Նրանք հո կու՞յր չէին, լա՛վ տեսան, թե ինչպես էի ես սիրում այն ուրիշ՝ իրենց քաղաքին բոլորովին չնմանվող քաղաքը:
Հորիզոնի վրա, արևի ոսկե գույների մեջ էի սիրում: Ձեռք չէի դիպցնում, որ չկեղտոտեմ: Չէի մոտենում, որ նա չշնչի իմ քրտինքի հոտը,չգունաթափվի, չփոքրանա:
Չէ, ոչ ոք ինձ չի ների այդ սերը:
Իսկ գուցե՝ գիշերո՞վ:
Սպասեմ այստեղ, մացառների մեջ, մինչև մութն ընկնի, ու գաղտագողի, ստվերի նման սահեմ նրանց կողքով:
Կմտածեն՝ իրենց ստվերն եմ, ձեռք չեն տա:
Իսկ եթե ձեռքերը երկարեն ու մատներով դիպչեն ինձ, ես կցնցվեմ, կդողամ, ու բարձր կկլանչեմ, իբր թե՝ վախից: Թող մտածեն՝ փողոցի շուն եմ, թող մի քար վերցնեն ու շպրտեն: Չէ, չարությունի՛ց չէ, պարզապես սովորոոություն է դա, մի հին սովորություն:
Հետո կդառնան, կգնան իրենց գործին:
Ամեն դեպքում՝ մարդիկ ինձ հանգիստ չեն թողնի:
Միշտ էլ հանգիստ չեն տվել նրանք ինձ: Լսվա՞ծ բան է՝ ուր ուզենաս, գնաս:
Ու՞ր ես գնում,- կհարցնեն,- փաստաթուղթ ունե՞ս, որ գնում ես:
Ես կլռեմ ու չեմ պատասխանի:
Միևնույն է, չեն հավատալու,եթե ասեմ՝ ձեզ համար էի գնում, ասեմ՝ Ոսկե Քաղաքի ետևից էի գնում:
-Ոսկի չկա , — կասեն նրանք, — դա կուրությունն է, չարությունն է,վախն է և ագահությունը միայն :
Իսկ մենք՝ հասարակ,մերկ ու անպաշտպան մարդիկ ենք: Ո՞վ պիտի մեզ այդ ամենից պաշտպանի, եթե ոսկու ետևից ես գնում: Ո՞վ պիտի հրդեհից պաշտպանի,եթե կրակի համար ես գնում: Ո՞վ է դուռը բռնելու, որ օտարները ներս չմտնեն:
Չեն հավատա,կտան,կծեծեն, շան օրը կգցեն, մի աման ջուր կդնեն դիմացս,կասեն՝ լակի:
Մի ծանր շղթա կանցնեն վզովս,որ չփախչեմ:
Կնստեմ շղթաների տակ,- ու՞մ համար են, տեսնես, պահում,- կմտածեմ:
Հաստատ, մի լավ օրվա համար:
Վախենում են, որ այդ օրը գա, ու ես չլինեմ:
Արևը սովորականից շատ բարձրանա, ու ես դարձյալ չլինեմ:
Ոչ ագահություն լինի, ոչ վախ, ոչ հիվանդություն: Շատ-շատ ոսկի լինի
հորիզոնին,շատ-շատ կրակ:
Երեկ ոստիկանները նորից կարգ էին պաշտպանում փողոցներում:
Առաջին օրը չկային: Իսկ երեկ ամեն տեղ նրանք էին:
Երևի ինչ որ տոն էր երեկվանը :
Ես էլ մնացած բոլորի պես առանց վախի քայլում էի փողոցով ու մտածում, որ այստեղ ամեն ինչն էլ հարկավոր է պահպանել, որ ձեռք չտան:
Հենց ձեռք տվեցին՝կդարձնեն ամենօրյա խմոցու, ծեծ ու ջարդի պես մի բան:
Երեկվանից երկու սպի է մնացել երեսիս:
Գիտե՞ս, ինչ-որ գեղեցկություն կա այն ամենի մեջ, ինչից սպիներ են մնում:
Ոսկե Քաղաքի նման գեղեցիկ ու թանկ:
Բայց դա բոլորովին հեռու չէ, բարձր չէ, ու նրա պես անհասկանալի էլ չէ:
Պարզապես երեկ մենք բոլորս ունեինք այդ ամենը, իսկ այսօր՝ չունենք:
1 մեկնաբանություն
Մի շնչով կարդացի: Ինձ մեղավոր զգացի, չգիտեմ ինչու… երկաթուղին ինձ շատ հարազատ է` կոտրված շշերով, աղբով ու մնացած ամեն ինչով, որովհետև կողքին եմ ապրել տարիներ շարունակ.. հիմա էլ, բայց հիմա ուրիշի երկաթուղու մոտ… դուրս եկավ))