Նաիրա Հարությունյան | ԲԱՌԵ ԽԱՂԱԼԻՔ

Նաիրա Հարությունյան

ՀԻՆ ՄԻ ՀԵՔԻԱԹ ԾՈՎԻ, ՆԱՎԻ ԵՎ ԱՆԱՌԱԿ ՔԱՄՈՒ ՄԱՍԻՆ

 

Փարվող ալիքները ճանապարհում են նավը վերջին հրաժեշտի ծփուն համբույրներով ու վերադառնում են մեղմաթավալ՝ հերթով մահանալու ափի ավազներում:
Նավը գիտե դա և հեռանում է առանց ետ նայելու. սրտի սեղմումը չափազանց վտանգավոր է ջրերի վրայով ընթանալիս…
Քամին հեքիաթներ է պատմում նավին, ու նավը փակում է իր աչքերը՝ երջանկության թաքուն երազներից շիկնած ամոթահար:
Իբրև վերջին նվեր մեռնող ալիքներին ու իրեն ընդունած շեկ ավազին ափի՝ նավն իր հեռանալը դարձնում է գեղեցիկ՝ խենթ քամուն հանձնելով առագաստները իր, որոնք երազներ են արթնացնում այդպես էլ չտեսած այլ ափերի մասին…
Հանդարտվում է ափը՝ երազներին տրված, և կորչում է նավը անհուն կապույտներում, քամին հեքիաթների կարիք չունի հիմա, ապտակում է նավին տիրոջ նման:
Առագաստը արդեն քող չէ նորահարսի, պարան է ու քաթան պատառոտված՝ տրված կոշտ ափերին կապուտաչ նավաստու. նա կռիվն է նավի՝ չսուզվելու համար:
Ու գիտե թել առ թել առագաստն այդ կապուտաչ ու կոպիտ նավաստին, նա փրկում է նավը ամեն անգամ ու հետո հարբում է անաստված՝ կոշտ ափերի ցավը քիչ մեղմելու համար:
Լուսաբաց է նորից՝ մութ գիշերից հետո. ահա, ահա ափը՝ դեռ հեռավոր. հեծկլտում է նավը՝ հոգնած ու հուսալից. այս անգամ էլ հասանք՝ նավի ղեկն է շոյում քնքշանքով նավաստին:
Ափը՝ վարդագույնում վառվող մանրաքանդակ, ծովը ուղեգորգ է հիմա կապույտ, կարոտել են նրանք դեղին ավազներին ու գույներին բոլոր այս աշխարհի:
Հետո… հետո կգա պահը հանդիպումի, ավազները նավի մեջքը կհամբուրեն, նավաստին պանդոկում մի աղջիկ կգտնի, բայց չի սիրահարվի նավաստու պես, քանի որ աղջկա աչուկները սիրուն այնքան էլ, կթվա, ծովավուն չեն…
Կանցնի մի քանի օր այդ ցամաքում, մի քանի օր՝ անճոճք ու անքամի, այդ հաստատուն գետնին երերուն քայլերով կթափառի տխուր իր ինչ անելն այդտեղ չիմացող նավաստին…
Ու անքուն մի գիշեր նրա ձեռքերը վարժ, ասես իրենք իրենց, այնպես, աննպատակ, կկարկատեն բոլոր առագաստները հին, կձգեն թուլացած ճոպանները բոլոր, տենդագին մի հայացք կջանա ժամ առաջ դուրս քաշելու ծովից արևը կարմրախայտ…
Ծովն ամեն ինչ իսկույն կհասկանա, ու պանդոկը մթնում կխեղճանա մի քիչ, քամին մեղմ կժպտա՝ դեռ նոր ծանոթացող պատանու պես, ալիքները կրկին նավի թուլությունը կարդարացնեն փութով՝ սիրասուն դայակի շոյանքներով փափուկ, ու դյուրահույզ նավը, նորից սիրահարված ու հիացիկ, նախ վախվորած, երկչոտ, քիչ-քիչ սիրտ առնելով, ապա խենթանալով ծագող արևի մեջ, հարբած ու օրորուն կհանձնվի նորից ծովի ալիքներին, կհանձնվի նորից այդ համբուրող քամուն, և ամեն, ամեն ինչ այդ նույն երկնքի տակ, այդ երկինքը վկա, կծավալվի նորից…

 

 

ԽԱԲԿԱՆՔԸ ԼՈՒՅՍԻ ՈՒ ԽԱՎԱՐԻ

 

Ահա ամենահին խաբկանքը բնության՝ խաբկանքը լույսի ու խավարի:
Լույսը՝ լույսի պես պարզ, կախարդական աչքը տիեզերքի, և խավարը ահա՝ մթությունից էլ մութ, ամենածեր կույրը՝ աշխարհամերժ, մռայլ, ահազդեցիկ…
Խավարը քողն է ծածկումի, իսկ լույսը ցայտումն է իրերի՝ գծի, գույնի, շարժման: Մութը կլանում է, իսկ լույսն՝ անդրադարձնում:
Մութը խաբում է մեզ, իսկ ամենապարզ բաներն ու ծայրագույն ճշմարտությունները պարզ ու ճշմարիտ են լույսի նման:
Ունի՞ մութը դռներ: Թերևս՝ այո: Փա՞կ են դրանք, թե՞ բաց: Բաց չեն, քանզի ծածկում են ամեն ինչ, բայց և փակ չեն, քանզի ծածկված են միայն. մնացածը Ձեր ձեռքն է որոշում: Երբ բացում եք դուռը, մութը չի գալիս Ձեզ ընդառաջ. նա մնում է ներսում և հրավիրում է Ձեզ դեպի խորքերը իր:
Ունի՞ լույսը դռներ: Գրեթե ոչ: Լույսը հորդուն է ու պայթուցիկ. նա ինքը կբացի փակ դռները բոլոր և նույնիսկ կկոտրի, եթե ներս են բացվում: Ու երբ բացվում է այն, լույսը վազում է Ձեզ ընդառաջ: Դեպի Ձե՞զ է գալիս: Ամենևին էլ ոչ: Նա բացարձակապես անտարբեր է Ձեր հանդեպ, ինչպես այն ամենի, ինչ հանդիպում է իր ճանապարհին: Ահա գաղտնիքը նրա թվացյալ անաչառության: Լույսը ճիշտ նույնքան չի նողկում, ասենք, դոդոշից, որքան որ սիրուց ու հիացմունքից չի՛ և սիրով ու հիացմունքով չի՛, որ փարվում է վարդին: Նա պարզապես ծավալվում է՝ իր էությանը համեմատ, ծավալվում կուրորեն, ոչինչ չտեսնելով բացարձակ ու անթաքույց իր անտարբերության մեջ:
Մութը հրապուրեց Ձեզ ու հրավիրեց, ու Դուք մտաք: Ո՞ւր է տանում նա Ձեզ: Հեռունե՞րը: Իր իսկ ջնջած սահմաններից անդի՞ն: Ամենևին էլ ոչ: Նա խտացնում է Ձեզ Ձեր մեջ: Ամեն մի իր նա խտացնում է ինքն իր մեջ: Երբ չկան սահմաններ, չկա նաև շարժում դեպի դրանք: Երբ դուրսը դադարում է մինչև սահմանակցում գալ դեպի Ձեզ, Դուք նույնպես դադարում եք սահմաններ ունենալ: Այլևս հարկ չկա Ձեր սահմանների պաշտպանը լինելու՝ լինելով ո՛չ նրանք: Դուք դառնում եք հենց Դուք ու դառնում անսահման:
Լույսը իրը (Դուք նույնպես իր եք նրա համար) դարձնում է այն, ինչ որ այն է՛ դիմացինի համար: Նա ցայտեցնում է իրերը օտար հայացքի դեմ, և իրերը ցնցվում են, սթափվում ու զգաստանում: Նրանք այլևս իրենք են այնքանով, որքանով Դուք եք Դուք՝ պաշտոնավայրում:
Լույսը իրերը դարձնում է տեսանելի, մութը դրանք դարձնում է տեսանող:
Մութն է տեսնում լույսի ցոլացրածը կուրորեն: Եվ նրա սահմանն է այն միակ հայելին, ուր լույսը վերջապես ինքն իրեն է տեսնում:
Եվ ի՞նչ է մութը Ձեզ ասում, ի՞նչ ունի նա Ձեզ ասելու՝ առանձին գաղտնիքնե՞ր, գուցե՝ գաղտնի երե՞սն ամեն ինչի: Նա չի ասում ոչինչ ու չի հրամցնում ոչ մի ճշմարտություն: Ձեզ չի տրվում ոչինչ՝ Ձեր կամքին հակառակ, Ձեզ չի տրվում ոչինչ՝ մինչևիսկ ակամա. պարզապես նայելուց Ձեզ զրկել են մի պահ, որ քիչ հետո… տեսնեք
Եվ Դուք, մթնում Ձեր մեջ բաց արձակված, այն հայացքով, որ նա է Ձեզ տվել, լույսը պիտի տեսնեք… տեսնեք
Ու խավարը այդժամ, միայն այդժամ, Ձեզ կնստեցնի ամենամութ տեղում իր տերության ու, հին ընկերոջ պես, Ձեզ մեղմ կվստահի իր դարավոր ու խոր գաղտնիքը մեծ. «Նայիր, նայի՜ր լույսին,- նա Ձեզ կասի,- թե նա իրեն տեսներ, ինչպես ե՜ս եմ տեսնում…»

 

 

ԼԵՌԸ

 

Հեռու-հեռվում, այնտեղ, ուր պետք է և լիներ, բարձրանում էր լեռը:
Փնտրո՞ւմ էր նա արդյոք ուրիշ մեկին կամ՝ սպասո՞ւմ. ով կարող է ասել:
Իր հեռու-հեռվից, սակայն, անդիմադրելիորեն դեպի իրեն էր նա ձգում մարդուն, քանզի դա է լեռան օրենքը:
Թողեց մարդը մի օր ինչ որ ուներ, կանգնեց լեռան դիմաց, կամրջվեց հայացքով մոգական պատրանքին ու քայլ առավ դեպի…
Գնում էր՝ ամեն քայլի հետ ճանապարհ բացելով ու նրան պատմելով լեռան մասին:
Այսպես զրուցելով գնում էին նրանք՝ ճամփորդն ու իր ճամփան, իրար հորինելով տանում էին իրար նույն երազի հեռու-հեռուն դեպի:
Այսպես երկար էին նրանք եկել, ու կարծես թե լեռը մոտեցել էր մի քիչ, անհունորեն հոգնած նստեց մի երեկո մարդը մի ծառի տակ ու, որքան էլ կանչեց ճանապարհը նրան առավոտյան, նա էլ ոչ մի կանչի չարձագանքեց…
Ու ոչ ոք չիմացավ՝ ինչ էր տեսել մարդը վերջին իր երազում. այդ վերջին հայացքի տարողությամբ, սակայն, թավալվում էր ճամփան՝ նրա դեռ չբացած:
Ճանապարհը մենակ շարունակեց ճամփան՝ մարդու երազանքին հավատարիմ, քիչ-քիչ բարակելով-գալարվելով եկավ, մի թավուտի հասավ ու մի գիշեր կորավ թփերի մեջ…
Ու ոչ ոք չիմացավ՝ ինչ էր տեսել ճամփան վերջին իր երազում. առավոտյան, սակայն, թփերի մեջ նրա կորսվելու վայրում այդ թփերին օտար, հպարտ ու երկնածին մի ծաղիկ էր բացվել՝ լեռան կատարի գույն:
Դեռ լրիվ չէր ցնդել մշուշն առավոտյան ծաղկի դեռ կիսաբաց կոպերի տակ, երբ հայտնվեց քամին՝ նոր ծաղիկ տեսածի սարսռուն թրթիռով թրթռացող:
Պտտվելով քնքուշ իրանի շուրջ ու թևին առնելով քողը մառախուղե՝ գգվեց խենթանալով, որ համբուրի նրան, բայց փշոտվեց իսկույն ու շուրթերը սեղմեց փակ կոկոնի դիրքում ծաղիկը երազի՝ զսպելով խենթ քամուն կապույտ մի սառնությամբ՝ նույնիսկ ավելի ցուրտ, քան շունչը նույն քամու, երբ նա պաղ է ու չար:
— Թո՛ւյլ տուր սերս քո շուրջ իր պարերը պարի, թո՛ւյլ տուր, որ մատներս փակ թերթերդ բանան, օ՜, թո՛ւյլ տուր թերթ առ թերթ համբուրե՛մ քեզ, ծաղի՛կ, թո՛ւյլ տուր բույրդ ըմպեմ ե՛ս՝ սիրահար քամիդ…
— Օ՜, ո՛չ, ես ինչ-որ մի ուրիշ, ուրի՜շ բան եմ ուզում…
— Ախ, հա՜, ես մոռացա, որ քամիներ չկան քո այս չքնաղ գլխում, և քեզ պայմանական շատ պայմաններ են պետք, որ ցանկությունդ քեզ խենթություն չթվա, և որ տրված չէ քե՛զ, նույն տեղում կանգնածի՛դ, ցանկության ետևից վազել կարողանալ:
Նույն տեղում կանգնածի՞ս, վազել չիմացողի՞ս… Օ՜, իհա՛րկե, անշո՛ւշտ, դու շատ ճի՛շտ ես, քամի՛… հիմա ես հիշեցի… Այնտեղ, հեռու-հեռվում բարձրանում է լեռը. այն երազում, որից դու ինձ արթնացրիր, ես դեպի լեռն էի գնում, ու թվում էր՝ ահա-ահա պիտի հասնեմ…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի